Մեր թանկարժեք ժառանգությունը. ինչպե՞ս ես գնահատում այն
«Եկէ՛ք, իմ Հօր օրհնեալնե՛ր, ժառանգեցէ՛ք աշխարհի սկզբից ձեզ համար պատրաստուած արքայութիւնը» (Մատթէոս 25։34)։
1. Մարդիկ ինչե՞ր են ժառանգում։
ԲՈԼՈՐ մարդիկ էլ ինչ–որ բան ունեն ժառանգած։ Մեկն անկարոտ կյանք է ժառանգություն ստացել, մյուսին էլ չքավորությունն է բաժին ընկել։ Պատահում է նաև, որ մի սերունդ կյանքի ընթացքում իր տեսածի կամ լսածի պատճառով իր զավակներին ատելություն է փոխանցում այս կամ այն էթնիկական խմբի հանդեպ։ Սակայն մենք բոլորս մեկ ընդհանուր բան ունենք ժառանգած. առաջին մարդ Ադամից յուրաքանչյուրս մեղք ենք ժառանգել, որը, վերջին հաշվով, մահվան է առաջնորդում (Ժողովող 9։2, 10; Հռովմայեցիս 5։12)։
2, 3. Ինչպիսի՞ ժառանգություն էր Եհովան պատրաստել Ադամի ու Եվայի զավակների համար, սակայն ինչո՞ւ նրանք դա չստացան։
2 Եհովան, լինելով երկնային սիրալիր Հայր, մարդկանց բոլորովին այլ ժառանգություն էր տվել՝ հավիտենական կյանք Դրախտում։ Մեր առաջին ծնողներին՝ Ադամին ու Եվային, նա ստեղծել էր կատարյալ, առանց մեղքի։ Եհովա Աստված Երկիր մոլորակը նվիրել էր մարդկանց (Սաղմոս 115։16)։ Եդեմի պարտեզը Եհովան տվել էր որպես օրինակ և մեր առաջին ծնողներին հանձնարարել ամբողջ երկրագունդը այդ պարտեզի նման վայրի վերածել. ի՜նչ հիանալի, գոհացուցիչ աշխատանք։ Նրանք պետք է երեխաներ ծնեին, երկիրը խնամեին՝ իր բազմազան բույսերով ու կենդանական աշխարհով հանդերձ, և Դրախտի սահմանները տարածեին երկրագնդով մեկ (Ծննդոց 1։28; 2։8, 9, 15)։ Նրանց սերունդները նույնպես պետք է մասնակցեին այդ գործին։ Ի՜նչ ժառանգություն էր նրանց բաժին հասնելու։
3 Սակայն, այս ամենը վայելելու համար, Ադամն ու Եվան իրենց զավակների հետ միասին պետք է Աստծո հետ լավ փոխհարաբերություն ունենային. նրանք պետք է սիրեին ու հնազանդվեին Եհովային։ Բայց Ադամն ու Եվան չգնահատեցին Աստծո տված բարիքները և չհնազանդվեցին նրա պատվերին։ Արդյունքում նրանք կորցրեցին իրենց Դրախտ բնակավայրը և այն չքնաղ հեռանկարը, որ Աստված դրել էր նրանց առջև։ Պարզ է, որ նրանք չկարողացան այդ ամենը փոխանցել իրենց զավակներին (Ծննդոց 2։16, 17; 3։1–24)։
4. Ինչպե՞ս կարող ենք ստանալ Ադամի կորցրած ժառանգությունը։
4 Ողորմածորեն՝ Եհովան հոգ տարավ, որ Ադամի ու Եվայի սերունդը հնարավորություն ունենա ստանալու Ադամի կորցրած ժառանգությունը։ Ինչպե՞ս։ Աստծո սահմանած ժամանակին նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, իր կատարյալ մարդկային կյանքը զոհաբերեց հանուն Ադամի սերնդի։ Դրա շնորհիվ Քրիստոսը գնեց բոլորին։ Սակայն այդ ժառանգությունը սերնդին մեխանիկորեն չի փոխանցվում։ Դա ստանալու համար անհրաժեշտ է Աստծո հավանությունն ունենալ, ինչը հնարավոր է Հիսուսի քավիչ զոհաբերության արժեքին հավատ ընծայելով, որն էլ, իր հերթին, պետք է դրսևորվի հնազանդությամբ (Յովհաննէս 3։16, 36; Ա Տիմոթէոս 2։5, 6; Եբրայեցիս 2։9; 5։9)։ Արդյոք քո ապրելակերպը ցույց տալի՞ս է, որ գնահատում ես Աստծո տված այդ ընծան։
Աբրահամի միջոցով փոխանցված ժառանգությունը
5. Ինչպե՞ս Աբրահամը ցույց տվեց, որ գնահատում է Եհովայի հետ ունեցած իր փոխհարաբերությունը։
5 Երկրի նկատմամբ իր նպատակն իրագործելիս՝ Եհովան Աբրահամի հետ առանձնահատուկ ձևով վարվեց։ Նա պատվիրեց այդ հավատարիմ մարդուն թողնել իր բնակավայրը ու գնալ այն երկիրը, ուր Եհովան կառաջնորդեր նրան։ Աբրահամը պատրաստակամորեն հնազանդվեց։ Երբ տեղ հասավ, Եհովան նրան ասաց, որ ոչ թե նա, այլ նրա սերունդն է ժառանգելու այդ երկիրը (Ծննդոց 12։1, 2, 7)։ Ինչպե՞ս արձագանքեց դրան Աբրահամը։ Որպեսզի իր սերունդը կարողանար ստանալ այդ ժառանգությունը, Աբրահամը պատրաստ էր ծառայել Եհովային այնտեղ, որտեղ նա իրեն կպատվիրեր, և այնպես, ինչպես Աստված կասեր։ Աբրահամը հարյուր տարի՝ մինչև իր կյանքի վերջը Եհովային ծառայեց մի երկրում, որ իրենը չէր (Ծննդոց 12։4; 25։8–10)։ Իսկ դու կկարողանայի՞ր այդպես վարվել։ Եհովան Աբրահամին իր «բարեկամը» կոչեց (Եսայիա 41։8, ՆԱ)։
6. ա) Ի՞նչ ցույց տվեց Աբրահամը որդուն զոհաբերելու իր պատրաստակամությամբ։ բ) Ի՞նչ թանկարժեք ժառանգություն կարողացավ Աբրահամը փոխանցել իր սերնդին։
6 Աբրահամը երկար տարիներ էր սպասել, որ որդի ունենար՝ Իսահակին, ում նա անչափ սիրում էր։ Երբ տղան, ըստ ամենայնի, արդեն չափահաս դարձավ, Եհովան պատվիրեց Աբրահամին զոհաբերել նրան։ Աբրահամը չիմանալով, որ իր արարքով մարգարեաբար ցույց է տալու, թե ինչպես է Աստված իր Որդուն որպես փրկանք տալու՝ այնուամենայնիվ հնազանդվեց և Իսահակին արդեն զոհաբերելու վրա էր, երբ Եհովայի հրեշտակը կանգնեցրեց նրան (Ծննդոց 22։9–14)։ Եհովան նախօրոք արդեն ասել էր, որ Աբրահամին տված իր խոստումներն իրագործվելու էին Իսահակի միջոցով։ Ուստի, Աբրահամը հավատում էր, որ անհրաժեշտության դեպքում Աստված կարող է Իսահակին կրկին կյանքի կոչել, թեև նման բան նախկինում երբեք տեղի չէր ունեցել (Ծննդոց 17։15–18; Եբրայեցիս 11։17–19)։ Քանի որ Աբրահամը նույնիսկ հարազատ որդուն չխնայեց, Եհովան հայտարարեց. «Երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին» (Ծննդոց 22։15–18)։ Սա նշանակում էր, որ Ծննդոց 3։15–ում հիշատակված Սերունդը՝ Մեսիական փրկիչը, Աբրահամի տոհմից պետք է գար։ Ի՜նչ թանկարժեք ժառանգություն։
7. Ինչպե՞ս Աբրահամը, Իսահակն ու Հակոբը գնահատեցին իրենց ժառանգությունը։
7 Աբրահամը չէր հասկանում այն բանի նշանակությունը, ինչը որ արեց Եհովան այդ ժամանակ։ Չեն հասկացել նաև իր որդի Իսահակը և թոռ Հակոբը, որոնք իր հետ «ժառանգակից էին նոյն խոստման»։ Բայց բոլորն էլ վստահեցին Եհովային։ Նրանք այդ երկրի քաղաք–թագավորություններից ոչ մեկում բնակություն չհաստատեցին, քանի որ սպասում էին լավագույնին՝ «հիմքերով հաստատուած քաղաքին, որի ճարտարապետը եւ արարիչը Աստուած է» (Եբրայեցիս 11։8–10, 13–16)։ Սակայն Աբրահամի սերնդից ոչ բոլորը հասկացան, թե որքան թանկ է այն ժառանգությունը, որը հնարավոր էր ստանալ Աբրահամի միջոցով։
Ժառանգությունն արհամարհողները
8. Եսավն ինչպե՞ս ցույց տվեց, որ չէր գնահատում իր ժառանգությունը։
8 Իսահակի ավագ որդի Եսավի համար իր անդրանիկությունը ոչ մի արժեք չուներ։ Նա չէր գնահատում հոգևորը։ Ուստի մի օր, երբ նա սոված էր, իր անդրանիկությունը վաճառեց իր եղբայր Հակոբին։ Ինչի՞ դիմաց. մի կտոր հացի և ոսպի ապուրի (Ծննդոց 25։29–34; Եբրայեցիս 12։14–17, ՆԿ–ի ՆԱԹ)։ Հետևաբար՝ այն ազգը, որի միջոցով պետք է իրագործվեին Աբրահամին տված Աստծո խոստումները, առաջ եկավ Հակոբից, ում Աստված հետագայում Իսրայել անունը տվեց։ Ինչպիսի՞ հնարավորությունների դռներ բացեց նրանց առջև այդ բացառիկ ժառանգությունը։
9. Իրենց հոգևոր ժառանգության շնորհիվ Հակոբի կամ Իսրայելի սերունդն ի՞նչ փրկություն ստացավ։
9 Սովի տարիներ եղան, և Հակոբն իր ընտանիքով տեղափոխվեց Եգիպտոս։ Այնտեղ նրանք բազմացան ու թվով մեծ ազգ դարձան, բայց ժամանակի ընթացքում նրանց նաև ստրկացրին։ Սակայն Եհովան չմոռացավ Աբրահամի հետ կապած իր ուխտը։ Իր սահմանած ժամանակին Աստված ազատեց Իսրայելի որդիներին ստրկությունից և հայտնեց, որ նրանց տանելու է Աբրահամին խոստացած «կաթ ու մեղր բղխող երկիրը» (Ելից 3։7, 8; Ծննդոց 15։18–21)։
10. Իսրայելի որդիների ժառանգության հետ կապված ի՞նչ արտակարգ իրադարձություն տեղի ունեցավ Սինայ լեռան մոտ։
10 Երբ Իսրայելի որդիները Ավետյաց երկրի ճանապարհին էին, Եհովան հավաքեց նրանց Սինայ լեռան մոտ։ Այնտեղ նա ասաց նրանց. «Եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կ’լինիք ամեն ազգերիցը, որովհետեւ իմն է բոլոր երկիրը։ Եւ դուք ինձ համար քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ կ’լինիք» (Ելից 19։5, 6)։ Երբ բոլորը միասին հոժարակամորեն համաձայնվեցին, Եհովան իր Օրենքը տվեց նրանց, մի բան, որ մինչ այդ չէր արել ուրիշ որևէ ազգի (Սաղմոս 147։19, 20)։
11. Իսրայելի որդիների ժառանգության մեջ ի՞նչ արժեքավոր բաներ էին մտնում։
11 Հոգևոր ի՜նչ ժառանգություն ուներ այդ նոր ազգը։ Նրանք երկրպագում էին միակ ճշմարիտ Աստծուն։ Նրանք ազատագրվել էին Եգիպտոսից Աստծո օգնությամբ և ազդեցիկ դեպքերի ականատես էին եղել՝ Սինայ լեռան մոտ Օրենքը ստանալիս։ Հետագայում, երբ մարգարեների միջոցով Աստծո լրացուցիչ «պատգամները» ստացան, նրանց ժառանգությունը ավելացավ (Հռովմայեցիս 3։1, 2)։ Եհովան նրանց որպես իր վկաներն ընտրեց (Եսայիա 43։10–12)։ Մեսիական Սերունդն այդ ազգից էր դուրս գալու։ Այդ Սերնդի մասին նախօրոք վկայված էր Օրենքում, որը հաստատում էր նրա ինքնությունը և օգնում իսրայելացիներին գիտակցելու Սերնդի խիստ անհրաժեշտությունը (Գաղատացիս 3։19, 24, Արևմտ. Աստ.)։ Բացի այդ, նրանց էր տրվելու մեսիական Սերնդի հետ համատեղ ծառայելու հնարավորությունը՝ որպես քահանաների թագավորություն և սուրբ ազգ (Հռովմայեցիս 9։4, 5)։
12. Թեև իսրայելացիներն Ավետյաց երկիր մտան, սակայն նրանք ի՞նչ բանի չհասան և ինչու։
12 Հավատարիմ մնալով իր խոստմանը՝ Եհովան իսրայելացիներին առաջնորդեց Ավետյաց երկիր։ Բայց, ինչպես հետագայում Պողոս առաքյալը բացատրեց, նրանց անհավատության պատճառով այդ երկիրը ճշմարիտ «հանգստի» վայր չդարձավ։ Որպես ժողովուրդ նրանք չմտան «[Աստծո] հանգստի» մեջ, քանի որ չըմբռնեցին, թե որն էր Ադամի ու Եվայի ստեղծվելուց հետո սկսված Աստծո հանգստի օրվա նպատակը, և չգործեցին այդ նպատակին ներդաշնակ (Եբրայեցիս 4։3–10)։
13. Չգնահատելով իր հոգևոր ժառանգությունը, ինչի՞ց զրկվեց Իսրայելը որպես ժողովուրդը։
13 Մարմնավոր Իսրայելից էլ միանգամայն հնարավոր էր ընտրել պետք եղած չափով անհատների, ովքեր, որպես քահանաների թագավորություն և սուրբ ազգ, Մեսիայի հետ կթագավորեին իր երկնային Թագավորության մեջ։ Բայց նրանք չգնահատեցին իրենց թանկարժեք ժառանգությունը։ Երբ Մեսիան եկավ, մարմնավոր Իսրայելի միայն մնացորդն ընդունեց նրան։ Արդյունքում, միայն փոքր թվով իսրայելացիներ մտան նախագուշակված քահանաների թագավորության մեջ։ Թագավորությունը վերցվել էր մարմնավոր Իսրայելից և ‘տրվել այն ազգին, որ պտղաբեր կդարձներ նրան’ (Մատթէոս 21։43)։ Ո՞րն էր այդ ազգը։
Ժառանգություն երկնքում
14, 15. ա) Հիսուսի մահից հետո բոլոր ազգերի ժողովուրդներն ինչպե՞ս սկսեցին օրհնվել Աբրահամի «սերնդով»։ բ) «Աստծու Իսրայէլի» ներկայացուցիչները որպես ժառանգություն ի՞նչ են ստանում։
14 Այն ազգը, որին տրվեց Թագավորությունը, «Աստծու Իսրայէլն» է՝ հոգևոր Իսրայելը՝ բաղկացած Քրիստոսի 144 000 սուրբ ոգուց ծնված հետևորդներից (Գաղատացիս 6։16; Յայտնութիւն 5։9, 10; 14։1–3)։ Այս 144 000–ի մեջ ծնունդով հրեաներ կային, սակայն մեծամասնությունը հեթանոս ժողովուրդներից էին լինելու։ Այսպիսով, սկսվեց կատարվել Աբրահամին տված Եհովայի խոստումը, որ բոլոր ազգերը նրա «սերնդով» պետք է օրհնվեն (Գործք 3։25, 26; Գաղատացիս 3։8, 9)։ Այդ սկզբնական կատարման ընթացքում հեթանոս ժողովուրդներից ոմանք օծվեցին սուրբ ոգով և որդեգրվեցին Եհովա Աստծո կողմից որպես հոգևոր որդիներ՝ Հիսուս Քրիստոսի եղբայրներ։ Դրանով նրանք նույնպես այդ «սերնդի» երկրորդական մասը կազմեցին (Գաղատացիս 3։28, 29)։
15 Իր մահից առաջ, Հիսուսը այդ նոր ազգի ապագա ներկայացուցիչների՝ որոշ հրեաների հետ նոր ուխտ կապեց, որը հաստատվելու էր իր արյամբ։ Այդ զոհաբերության հանդեպ հավատի հիման վրա ուխտի մեջ մտածները ‘մշտնջենապես կատարյալ’ էին դառնալու (Եբրայեցիս 10։14–18)։ Նրանք կարող էին «արդարացվել» և մեղքերի թողություն ստանալ (Ա Կորնթացիս 6։11)։ Այդ առումով, նրանք այնպիսին են, ինչպիսին որ Ադամն էր մինչև մեղք գործելը։ Սակայն նրանք երկրային դրախտում չեն ապրելու։ Հիսուսն ասաց, որ երկնքում տեղ էր պատրաստելու նրանց համար (Յովհաննէս 14։2, 3)։ Այս անհատները հրաժարվում են երկրի հետ կապված իրենց հեռանկարներից, որպեսզի ‘երկնքում իրենց համար պահված ժառանգությունը’ ստանան (Ա Պետրոս 1։4)։ Ի՞նչ էին նրանք անելու երկնքում։ Հիսուսը բացատրեց. «Ես խոստանում եմ ձեզ... արքայութիւնը» (Ղուկաս 22։29)։
16. Ի՞նչ հրաշալի ծառայություն է սպասում օծյալ քրիստոնյաներին։
16 Նրանք, ովքեր Քրիստոսի հետ միասին թագավորելու են երկնքում, իրենց այլ անելիքներից բացի, օգնելու են Հիսուսին երկրի վրայից մաքրել Եհովայի գերիշխանության դեմ կատարված ապստամբության բոլոր հետքերը (Յայտնութիւն 2։26, 27)։ Որպես Աբրահամի հոգևոր սերնդի երկրորդական մաս, նրանք կմասնակցեն բոլոր ազգերի ժողովուրդներին կատարյալ կյանքի օրհնությունները բերելու գործին (Հռովմայեցիս 8։17–21)։ Ի՜նչ արժեքավոր ժառանգություն ունեն նրանք (Եփեսացիս 1։16–18)։
17. Օծյալ քրիստոնյաներն իրենց ժառանգությունն ինչպե՞ս են վայելում՝ գտնվելով երկրի վրա։
17 Բայց Հիսուսի օծյալ հետևորդներն այսօր էլ վայելում են իրենց ժառանգությունը։ Հիսուսն օգնել է նրանց ճանաչել Եհովային՝ միակ ճշմարիտ Աստծուն, օգնել է այնպես, ինչպես ոչ ոք չէր կարող դա անել (Մատթէոս 11։27; Յովհաննէս 17։3, 26)։ Խոսքով և իր օրինակով նա սովորեցրել է նրանց, թե ինչ է նշանակում ‘հույս դնել Եհովայի վրա’, և թե ինչ է իր մեջ բովանդակում Եհովային հնազանդվելը (Եբրայեցիս 2։13; 5։7–9)։ Հիսուսը Աստծո նպատակների մասին ճշմարտության գիտությունն է հանձնել նրանց և վստահեցրել, որ սուրբ ոգին կօգնի ավելին հասկանալու (Յովհաննէս 14։24–26)։ Նա օգնել է նրանց սրտով ու մտքով հասկանալ Աստծո Թագավորության կարևորությունը (Մատթէոս 6։10, 33)։ Հիսուսը նաև հանձնարարել է նրանց քարոզել ու աշակերտել Երուսաղեմի, Հրեաստանի, Սամարիայի և աշխարհի ամենահեռավոր երկրների ժողովուրդներին (Մատթէոս 24։14; 28։19, 20; Գործք 1։8)։
Մեծ բազմության թանկարժեք ժառանգությունը
18. Ինչպե՞ս է այսօր կատարվում Եհովայի այն խոստումը, թե Աբրահամի «սերնդի» միջոցով օրհնվելու են բոլոր ազգերը։
18 Ամենայն հավանականությամբ Թագավորության ժառանգակիցների «փոքրիկ հօտի»՝ հոգևոր Իսրայելի անդամների թիվն ամբողջացել է (Ղուկաս 12։32)։ Արդեն տասնամյակներ է, ինչ Եհովան իր ուշադրությունն ուղղել է բոլոր ժողովուրդներից մեծ բազմություն հավաքելու վրա։ Աբրահամին տված Եհովայի խոստումը, թե նրա «սերնդի» միջոցով օրհնվելու են բոլոր ազգերը, այսօր կատարվում է լայն մասշտաբով։ Ուրախալի է, որ այս օրհնվածները նույնպես սուրբ ծառայություն են մատուցում Եհովային և գիտակցում, որ իրենց փրկությունը կախված է Աստծո Գառան՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատից (Յայտնութիւն 7։9, 10)։ Ընդունե՞լ ես արդյոք Եհովայի ողորմությունից բխող հրավերը՝ միանալու այդ երջանիկ մարդկանց խմբին։
19. Ի՞նչ ժառանգության հույս ունեն տարբեր ազգերի մարդիկ։
19 Իսկ ի՞նչ հիանալի ժառանգություն է Եհովան առաջարկում նրանց, ովքեր չեն մտնում փոքր հոտի մեջ։ Իհարկե, դա երկնային ժառանգություն չէ։ Դա այն ժառանգությունն է, որն Ադամը կարող էր փոխանցել իր սերնդին՝ հավիտենական, կատարյալ կյանքի հեռանկարը դրախտում, որն աստիճանաբար կընդգրկի ամբողջ Երկիր մոլորակը։ Դա կլինի մի աշխարհ, ուր այլևս չի լինի «մահ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ» (Յայտնութիւն 21։4)։ Ուստի կարելի է ասել, որ Աստծո ներշնչված Խոսքում գտնվող հետևյալ տողերը ուղղված են հենց քեզ. «Տիրոջը յուսա եւ բարի արա. բնակուիր երկրումը եւ հետեւիր ճշմարտութեանը։ Ցնծացիր Տէրով, եւ նա կ’տայ քեզ քո սրտի ուզածները։ Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ.... Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը։ Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։3, 4, 10, 11, 29)։
20. Ինչո՞ւ կարելի է ասել, որ օծյալ քրիստոնյաների ստացած հոգևոր ժառանգությունից շատ բաներ բաժին է ընկնում «այլ ոչխարներին»։
20 Հիսուսի «այլ ոչխարների» ժառանգությունը երկնային Թագավորության իշխանության տակ գտնվող երկիրն է (Յովհաննէս 10։16ա)։ Թեև նրանք երկնքում չեն ապրելու, սակայն օծյալ քրիստոնյաների հոգևոր ժառանգությունից շատ բաներ բաժին է ընկնում նաև իրենց։ Օծյալներից բաղկացած խմբի՝ «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» դասակարգի միջոցով է, որ «այլ ոչխարները» Աստծո Խոսքում պարունակվող թանկարժեք խոստումների վերաբերյալ հասկացողություն են ստանում (Մատթէոս 24։45–47; 25։34)։ Ե՛վ օծյալները, և՛ «այլ ոչխարները» ճանաչում ու միասին երկրպագում են միակ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային (Յովհաննէս 17։20, 21)։ Նրանք միասին իրենց երախտագիտությունն են հայտնում Աստծուն Հիսուսի քավիչ զոհաբերության արժեքի համար և, որպես մի հոտ, ծառայում մեկ Հովվի՝ Հիսուս Քրիստոսի առաջնորդության ներքո (Յովհաննէս 10։16բ)։ Նրանք բոլորն էլ պատկանում են սիրո կապով հաստատված համաշխարհային մեկ եղբայրությանը։ Եվ բոլորն էլ Եհովայի ու նրա Թագավորության Վկաները լինելու առանձնաշնորհումն ունեն։ Այո, եթե Եհովային նվիրված և մկրտված ծառա ես, ապա այս ամենը քո հոգևոր ժառանգության մասն է կազմում։
21, 22. Ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը ցույց տալ, որ բարձր է գնահատում իր հոգևոր ժառանգությունը։
21 Որքանո՞վ է քեզ համար արժեքավոր այս հոգևոր ժառանգությունը։ Գնահատո՞ւմ ես այն բավականաչափ՝ Աստծո կամքը կատարելը կյանքում կարևորագույնը դարձնելով։ Եթե այդպես է, ուշադրության արժանացնո՞ւմ ես նրա Խոսքի և կազմակերպության խորհուրդը՝ կապված քրիստոնեական ժողովի բոլոր հանդիպումներին կանոնավոր հաճախելու հետ (Եբրայեցիս 10։24, 25)։ Թա՞նկ է քեզ համար այդ ժառանգությունն այնքան, որ չնայած դժվարություններին շարունակես ծառայել Աստծուն։ Բավականին մե՞ծ է գնահատանքդ, որ օգնի քեզ խուսափելու այնպիսի ճանապարհ ոտք դնելու գայթակղությունից, որը կհանգեցնի ժառանգությունդ կորցնելուն։
22 Թո՛ղ որ մեզանից յուրաքանչյուրը բարձր գնահատի Աստծո կողմից մեզ տրված հոգևոր ժառանգությունը։ Մինչ աչքներս հառել ենք ապագայում հաստատվելիք Դրախտին, եկեք լիովին օգտվենք այն ամենից, ինչ որ Եհովան շնորհում է մեզ այսօր։ Մեր կյանքի գլխավոր նպատակը դարձնելով Եհովայի հետ սերտ փոխհարաբերություններ զարգացնելը՝ համոզիչ վկայություն կտանք, թե որքա՛ն թանկ արժե մեզ համար աստվածաշնորհ ժառանգությունը։ Թո՛ղ որ մենք էլ լինենք նրանց մեջ, որ հայտարարում են. «Բարձր կ’անեմ քեզ, ով իմ Աստուած, ով Թագաւոր. եւ կ’օրհնեմ քո անունը յաւիտեանս յաւիտենից» (Սաղմոս 145։1)։
Ինչպե՞ս կբացատրեք
• Եթե Ադամը հավատարիմ մնար Աստծուն, ի՞նչ ժառանգություն կփոխանցեր մեզ։
• Ինչպե՞ս վարվեց Աբրահամի սերունդը իրենց հասանելիք ժառանգության հետ։
• Ի՞նչ է իր մեջ ընդգրկում Քրիստոսի օծյալ հետևորդների ժառանգությունը։
• Ի՞նչ ժառանգություն ունի մեծ բազմությունը, և ինչպե՞ս կարող են նրա անդամները ցույց տալ, որ իսկապես գնահատում են այն։
[նկարներ 20–րդ էջի վրա]
Աբրահամի սերունդը թանկարժեք ժառանգության խոստում ստացավ։
[նկարներ 23–րդ էջի վրա]
Գնահատո՞ւմ ես արդյոք քո հոգևոր ժառանգությունը։