Ի՞նչ է ձեզ համար հաջողությունը
ՄԻ ԲԱՌԱՐԱՆՈՒՄ «հաջողություն» բառը սահմանված է որպես «հարստություն ունենալ, հավանության արժանանալ, ճանաչում ձեռք բերել»։ Արդյո՞ք սա այդ բառի ամբողջական սահմանումն է։ Արդյո՞ք հաջողությունը բնորոշվում է լոկ հարստությամբ, հավանության արժանանալով կամ ճանաչում ձեռք բերելով։ Նախքան այս հարցին պատասխանելը նկատի ունեցեք հետևյալը. Հիսուս Քրիստոսն իր կյանքի ընթացքում ձեռք չբերեց որևէ նյութական հարստություն։ Մարդկանց մեծ մասը նրան չէր հավանում։ Նա բարձր համարում չուներ իր օրերի ակնառու դեմքերի կողմից։ Եվ չնայած այդ ամենին՝ Հիսուսը հաջողություն ուներ։ Ինչո՞ւ։
Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսն ‘Աստծով էր հարուստ’ (Ղուկաս 12։21)։ Հարություն տալուց հետո Աստված պարգևատրեց նրան՝ պսակելով «փառքով եւ պատուով»։ Եհովան «առաւել բարձրացրեց եւ նրան շնորհեց մի անուն, որ վեր է, քան ամէն անուն» (Եբրայեցիս 2։9; Փիլիպպեցիս 2։9)։ Հիսուսն իր ապրելակերպով ուրախություն էր պատճառում Եհովային (Առակաց 27։11)։ Նրա երկրային կյանքը հաջողությամբ ընթացավ՝ հասնելով իր նպատակին։ Հիսուսը կատարեց Աստծո կամքը ու պատիվ բերեց Նրա անվանը։ Աստված էլ իր հերթին պատվեց Հիսուսին՝ տալով նրան այնպիսի հարստություն, հավանություն և ճանաչում, որի մասին երբեք չի կարող երազել ոչ մի գիտնական, քաղաքական գործիչ կամ սպորտի աստղ։ Իսկապես, մարդկության պատմության մեջ ամենամեծ հաջողությանը Հիսուսն է հասել։
Քրիստոնյա ծնողները հասկանում են, որ եթե իրենց զավակները Քրիստոսի հետքերով գնան, այսինքն՝ հարստանան Աստծով, ինչպես Հիսուսը, ապա այսօր իսկ առատ օրհնություններ կունենան և չտեսնված բարիքներ կվայելեն գալիք իրերի համակարգում։ Երիտասարդ անձնավորության համար Քրիստոսի հետքերով գնալու ամենալավ միջոցն է՝ զբաղված լինել այն գործով, որ Հիսուսն էր անում, այսինքն՝ հնարավորության դեպքում լիաժամ ծառայության մեջ գտնվել։
Որոշ վայրերում, այնուամենայնիվ, ընդունված չէ, որ երիտասարդները լիաժամ ծառայեն։ Դպրոցն ավարտած երիտասարդից առաջին հերթին ակնկալվում է ձեռք բերել հիմնական աշխատանք, ամուսնանալ և ապրել կայուն ընտանեկան առօրյայով։ Երբեմն այդպիսի միջավայրում մեծացած երիտասարդները, ցավոք, ետ են կանգնում լիաժամ ծառայությունից (Առակաց 3։27)։ Ինչո՞ւ։ Միջավայրի ճնշման պատճառով նրանք իրենց կյանքը հարմարեցնում են ընդունված նորմերին։ Ահա թե ինչ տեղի ունեցավ Ռոբերտ անունով երիտասարդի հետ։a
Երբ իրար են բախվում ընդունված հայացքներն ու խիղճը
Ռոբերտը մեծացել էր որպես Եհովայի վկա։ Պատանեկան տարիներին նրա վարքագիծն ու ընկերական շրջապատը այնքան էլ խրախուսելի չէին։ Նրա մայրը սկսել էր անհանգստանալ ու խնդրել էր մի ռահվիրայի (Եհովայի վկաների լիաժամ ծառայողի) խոսել նրա հետ։ Ռոբերտը բացատրում է, թե ինչ տեղի ունեցավ հետո։
«Իմ վրա մեծ տպավորություն թողեց այն հետաքրքրությունը, որը ռահվիրա եղբայրը ցույց տվեց իմ հանդեպ։ Նրա լավ օրինակից մղված՝ որոշեցի դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ռահվիրայություն սկսել՝ դարձնելով այն իմ կյանքի ուղին։ Բայց մայրս կրկին սկսեց անհանգստանալ, այս անգամ՝ մեկ այլ պատճառով։ Մեր միջավայրում աղջկա համար սովորական է դպրոցից անմիջապես հետո ծառայել որպես ռահվիրա, իսկ ինչ վերաբերում է տղային, նրանից սպասում են, որ, նախևառաջ, նյութապես իրեն ապահովի, իսկ հետո կարող է մտածել ռահվիրայության մասին։
Ես մի որոշ ժամանակ արհեստ սովորեցի և ձեռնարկեցի իմ սեփական գործը։ Շուտով ամբողջությամբ տարվեցի գործով, իսկ ժողովի հանդիպումներին ու ծառայությանը սկսեցի հենց այնպես մասնակցել։ Խիղճս հանգիստ չէր. գիտեի, որ կարող եմ ավելի շատ ծառայել Եհովային։ Դրանով հանդերձ, մեծ ճիգեր պահանջվեցին ինձանից, որպեսզի կարողանայի վարվել ոչ այնպես, ինչպես ուրիշներն էին ակնկալում։ Այժմ ամուսնացած եմ, և ես ու կինս արդեն երկու տարի է ինչ ռահվիրա ենք ծառայում։ Իսկ վերջերս ժողովում ծառայողական օգնականի նշանակում ստացա։ Անկեղծ ասած՝ հիմա մեծ բավարարվածություն եմ զգում, որ ամբողջ սրտով ու հնարավորություններիս չափով ծառայում եմ Եհովային»։
Այս պարբերագիրը հաճախակի է քաջալերում երիտասարդներին՝ հնարավորության դեպքում դեռ դպրոցական տարիներից որևէ մասնագիտություն կամ որակավորում ձեռք բերել։ Բայց ի՞նչ նպատակով։ Հարստանալո՞ւ։ Ո՛չ։ Հիմնական նպատակն այն է, որ չափահաս տարիքում նրանք կարողանան իրենք իրենց ապահովել, որպեսզի անմնացորդ նվիրումով ծառայեն Եհովային, հատկապես՝ լիաժամ։ Սակայն հաճախ երիտասարդ տղաներն ու աղջիկներն այնքան են տարվում աշխատանքով, որ ծառայությունը նրանց համար դադարում է առաջվա պես կարևոր լինել։ Ոմանց մտքով անգամ չի անցնում լիաժամ ծառայություն սկսել։ Ինչո՞ւ։
Ռոբերտի վերոհիշյալ խոսքերը որոշակի լույս են սփռում խնդրո առարկայի վրա։ Նա տիրապետեց իր արհեստին, շահավետ գործ ձեռնարկեց։ Սակայն շուտով հայտնվեց մի ճանապարհի վրա, որը նրան ոչ մի տեղ չէր առաջնորդում։ Միակ նպատակը նյութական ապահովվածությունն էր։ Բայց մի՞թե որևէ մեկը, լինի՝ քրիստոնեական ժողովի ներսում կամ նրանից դուրս, երբևէ լիովին հասել է այդ նպատակին։ Իհարկե, քրիստոնյաները պետք է պատասխանատվությամբ և ջանասիրաբար կատարեն իրենց ֆինանսական պարտավորությունները, բայց, մյուս կողմից, հարկավոր է գիտակցել, որ այս անորոշ ժամանակներում շատ քչերն են հասնում այն բանին, որ իրոք կարող են իրենց համարել ֆինանսապես ապահովված։ Ահա թե ինչու է Մատթէոս 6։33–ում արձանագրված Հիսուսի խոստումը մխիթարում քրիստոնյաներին։
Ռոբերտն ուրախ է, որ շրջապատում ընդունված սովորույթներին հետևելու փոխարեն՝ վարվել է խղճի թելադրանքով։ Այսօր լիաժամ ծառայությունը նրա կյանքում ամենագլխավոր գործունեությունն է։ Այո՛, լիաժամ ծառայությունը մի պատվաբեր գործունեություն է։ Ռոբերտի հոգում անդորր է տիրում, քանի որ ծառայում է Եհովային, ինչպես ինքն է ասում, ‘հնարավորությունների չափով’։
Գործի դիր բոլոր ընդունակություններդ
Եհովայի վկաների շրջանում բազմաթիվ շնորհալի անձնավորություններ կան։ Ոմանք աչքի են ընկնում իրենց մտավոր կարողություններով, մյուսները հմուտ ձեռքեր ունեն։ Նրանց այս բոլոր կարողությունները սկիզբ են առնում Եհովայից, քանի որ «նա՛ է տալիս ամէն բանի կեանք եւ շունչ եւ ամէն ինչ» (Գործք 17։25)։ Եվ մի՞թե որևէ արժեք կարող են իրենցից ներկայացնել այդ ընդունակություններն առանց կյանքի։
Ուստի տեղին է, որ նվիրվենք ու ծառայենք Եհովային։ Հենց այդպես վճռեց վարվել մի շնորհալի երիտասարդ։ Նա ապրում էր մ.թ. առաջին դարում։ Հայտնի ընտանիքից սերված այդ անձնավորությունն իր պատանեկությունն անցկացրեց Կիլիկիայի հանրահայտ Տարսոն քաղաքում։ Չնայած ազգությամբ հրեա էր, նա իր հորից հռոմեական քաղաքացիություն էր ժառանգել։ Դա իրեն մեծ իրավունքներ ու արտոնություններ էր տալիս։ Չափահաս տարիքում Օրենքի դասեր առավ իր ժամանակի ականավոր «պրոֆեսոր» Գամաղիելի մոտ։ Թվում էր, թե մոտ ապագայում նրան սպասում էր ‘հարստություն, հավանություն և ճանաչում’ (Գործք 21։39; 22։3, 27, 28)։
Ո՞վ էր այս երիտասարդը։ Նրա անունը Սողոս էր։ Հետագայում նա դարձավ քրիստոնյա առաքյալ՝ Պողոս անունով։ Նա մի կողմ դրեց իր բոլոր սկզբնական ձգտումները և՝ որպես քրիստոնյա, հետագա ողջ կյանքը նվիրաբերեց Եհովային։ Պողոսը հայտնի եղավ ոչ թե որպես ականավոր օրենսգետ, այլ՝ որպես բարի լուրի նախանձախնդիր քարոզիչ։ Երեսուն տարի միսիոներ ծառայելուց հետո Փիլիպպեի իր ընկերներին գրած նամակում նա պատմում էր նախքան քրիստոնյա դառնալը իր կատարած որոշ գործերի մասին՝ ավելացնելով. «Նրա [Հիսուս Քրիստոսի] համար ամէն ինչից զրկուեցի, – եւ այդ բոլորը աղբ եմ համարում, – որպէսզի շահեմ Քրիստոսին» (Փիլիպպեցիս 3։8)։ Ո՛չ, Պողոսը չափսոսաց կյանքի իր ընտրած ուղու համար։
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն կրթության մասին, որ նա ստացավ Գամաղիելից։ Արդյո՞ք դա օգուտ բերեց Պողոսին։ Իհարկե։ Առանձին դեպքերում այդ կրթությունն օգնեց նրան ներդրում ունենալ «աւետարանի պաշտպանութեան ու հաստատման մէջ»։ Սակայն Պողոսի հիմնական գործը բարի լուրի քարոզչությունն էր. մի բան, որը երբեք չէր կարող տալ իր նախկին կրթությունը (Փիլիպպեցիս 1։7; Գործք 26։24, 25)։
Այսօր էլ ոմանք օգտագործում են իրենց ձիրքն ու շնորհքը, նույնիսկ կրթությունը՝ հանուն Թագավորության շահերի։ Օրինակ՝ Էմին առևտրի ու իրավաբանության գծով համալսարանական դիպլոմներ ունի։ Մի ժամանակ նա աշխատում էր իրավաբանական ծառայություններ մատուցող ֆիրմայում ու բարձր աշխատավարձ էր ստանում։ Սակայն այսօր նա՝ որպես կամավոր, անվճար ծառայում է «Դիտարան» ընկերության մասնաճյուղերից մեկում։ Ահա թե ինչպես է Էմին արտահայտվում իր այժմյան կյանքի մասին. «Կարծում եմ, որ լավագույն ընտրությունն եմ արել իմ կյանքում.... Երբեք չէի ցանկանա տեղս փոխարինել իմ նախկին համակուրսեցիներից որևէ մեկի աշխատանքով։ Ես հպարտանում եմ իմ ընտրած ընթացքով։ Ունեմ այն ամենը, ինչի կարիք որ զգում եմ և ինչ որ ցանկանում եմ. բավականություն պատճառող ուրախ կյանք և այնպիսի գործունեություն, որտեղ կարող եմ դրսևորել ընդունակություններս։
Էմին կյանքի այնպիսի ընթացք է ընտրել, որը նրան բերել է հոգեկան անդորր, բավարարվածության զգացում և բազում օրհնություններ Եհովայից։ Անկասկած, սրանք հենց այն բարիքներից են, որ յուրաքանչյուր քրիստոնյա ծնող կցանկանար իր զավակին։
Հաջողություն՝ քրիստոնեական ծառայության մեջ
Իհարկե, քրիստոնեական ծառայության մեջ շատ կարևոր է ճիշտ տեսակետ ունենալ «հաջողություն» հասկացության վերաբերյալ։ Դժվար չէ հաջողության զգացում ունենալ, երբ ծառայությունը լավ է ընթանում, մեզանից գրականություն են վերցնում կամ տնետուն ծառայության ժամանակ հաճույքով են լսում։ Սակայն համատարած անտարբերության բախվելիս մեզ կարող է թվալ, թե զուր տեղը ժամանակ ենք վատնում։ Բայց եկեք հիշենք, որ «հաջողության» բնորոշումներից մեկն էլ «հավանության արժանանալ»–ն է։ Ո՞ւմ հավանությունն ենք ուզում արժանանալ։ Իհարկե, Եհո՛վայի։ Նրա հավանությանը կարող ենք արժանանալ անկախ այն բանից՝ լսում են մեզ մարդիկ, թե՝ ոչ։ Այս առումով Հիսուսը կարևոր դաս տվեց իր աշակերտներին։
Հավանաբար հիշում եք, որ Հիսուսը Թագավորության 70 քարոզիչների «երկու–երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր» (Ղուկաս 10։1)։ Այս անգամ նրանք առանց Հիսուսի ուղեկցության էին գնալու՝ քաղաքներում և գյուղերում քարոզելու։ Սա բոլորովին նոր բան էր նրանց համար, ուստի Հիսուսը մանրամասն հրահանգներ տվեց նախքան ուղարկելը։ Եթե նրանք հանդիպեին «խաղաղասէր մարդու», ապա պետք է հիմնավոր վկայություն տային Թագավորության վերաբերյալ։ Սակայն եթե նրանց մերժեին, առանց անհանգստանալու պետք է շարունակեին իրենց ճանապարհը։ Հիսուսը բացատրեց, որ, ովքեր կմերժեն լսել, նրանք, փաստորեն, կմերժեն հենց Եհովային (Ղուկաս 10։4–7, 16)։
Երբ յոթանասունն ավարտեցին իրենց առաջադրանքը, «ուրախութիւնով ետ դառան եւ ասեցին, Տէր, դեւերն էլ հնազանդւում են մեզ քո անունովը» (Ղուկաս 10։17, ԱԹ)։ Նրանց համար պետք է որ շատ տպավորիչ լիներ այն հանգամանքը, որ, անկատար մարդիկ լինելով հանդերձ, կարողացել էին մարդու միջից հանել զորեղ ոգեղեն արարածների։ Բայցևայնպես, Հիսուսն իր խանդավառված աշակերտների ուշադրությունը հրավիրեց մեկ այլ բանի վրա. «Մի՛ ուրախացէք այն բանի համար, որ դեւերը ձեզ հնազանդւում են, այլ ուրախացէ՛ք, որ ձեր անունները գրուած են երկնքում» (Ղուկաս 10։20)։ Այդ յոթանասուն աշակերտները միշտ չէ, որ կարողանալու էին դևեր հանել, ոչ էլ ամեն ժամանակ ծառայության մեջ հաջողության էին հասնելու։ Սակայն հավատարիմ մնալու դեպքում, միշտ ունենալու էին Եհովայի հավանությունը։
Գնահատո՞ւմ ես արդյոք լիաժամ ծառայողներին
Մի անգամ մի երիտասարդ ասաց ժողովի երեցին. «Դպրոցն ավարտելուց հետո փորձելու եմ աշխատանք գտնել։ Եթե չգտնեմ՝ կմտածեմ որևէ լիաժամ ծառայության մասին»։ Սակայն ռահվիրայական ծառայություն սկսած անհատներին նման մտածելակերպը չէ, որ մղել է այդ քայլին։ Ռահվիրա ծառայելու նպատակով ոմանք մեծ եկամուտներ խոստացող գործունեություն են թողել։ Մյուսները հրաժարվել են լրացուցիչ կրթություն ստանալու գայթակղիչ հեռանկարից։ Պողոս առաքյալի պես նրանք զոհողությունների են գնացել, բայց նույն Պողոսի, ինչպես նաև Ռոբերտի ու Էմիի նման, չեն ափսոսում իրենց կատարած ընտրության համար։ Նրանք հասկանում են, թե ինչ մեծ առանձնաշնորհում է սեփական ընդունակությունները ի սպաս դնել Եհովայի փառաբանմանը՝ նրա, ով արժանի է այդ ամենին։
Բազմաթիվ հավատարիմ Եհովայի վկաներ տարբեր պատճառներով հնարավորություն չունեն ծառայել որպես ռահվիրա։ Գուցե նրանք ունեն այնպիսի պարտականություններ, որոնց իրականացումը թելադրվում է Սուրբ գրություններով։ Բայցևայնպես, եթե նրանք ծառայում են Եհովային իրենց ամբողջ «սրտով.... հոգով ու.... մտքով», դա արդեն հաճելի է նրան (Մատթէոս 22։37)։ Ու թեև չեն կարող ռահվիրա ծառայել, հասկանում են, որ ռահվիրայություն անողները կյանքում հրաշալի ուղի են բռնել։
Պողոս առաքյալը գրեց. «Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք» (Հռովմայեցիս 12։2)։ Պողոսի խորհրդի հետ ներդաշնակ՝ մենք չպետք է թույլ տանք, որ շրջապատի կամ աշխարհի չափանիշները ձևավորեն մեր մտածելակերպը։ Անկախ այն բանից՝ կարող ես ծառայել որպես ռահվիրա, թե՝ ոչ, Եհովայի ծառայությունը դարձրու քո կյանքի ուղին և հաջողություն կունենաս այնքան ժամանակ, քանի դեռ ունես Եհովայի հավանությունը։
[ծանոթագրություն]
a Անունները փոխված են։
[նկար 19–րդ էջի վրա]
Տեղում վազելով՝ ոչ մի տեղ չես հասնի։