Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 12/1 էջ 24–28
  • «Ոչինչ չգիտէք վաղուա մասին»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ոչինչ չգիտէք վաղուա մասին»
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Առաջ եմ ընթանում հավատակիցներիս հետ միասին
  • Գաղաադ դպրոցն ու Ոսկե ափը
  • «Վաղը», որին չէինք սպասում
  • Եհովան օգնություն է հայթայթում իր ժողովրդի միջոցով
  • Սովորում եմ հաղթահարել
  • «Վաղը», որն ավելի լավն է լինելու
  • Եհովան միշտ վարձատրում է իրեն հավատարիմ մարդկանց
    2000 Դիտարան
  • Եհովային ծառայելով՝ վարձահատույց կյանքով եմ ապրել
    2024 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ուրախություն, որ ստացել եմ Աստծու կամքը կատարելուց
    2008 Դիտարան
  • Անձնվիրաբար ծառայողների կյանքից. Գանա
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2000 Դիտարան
w00 12/1 էջ 24–28

Կենսագրություն

«Ոչինչ չգիտէք վաղուա մասին»

Պատմում է Հերբերտ Ջենինգսը

«Այդ օրը Գանայի ծովափնյա Տեմա քաղաքից մեքենայով վերադառնում էի Ընկերության մասնաճյուղ։ Ճանապարհին կանգ առա՝ վերցնելու մի երիտասարդի, որը խնդրեց իրեն քաղաք հասցնել։ Առիթից օգտվելով՝ քարոզեցի նրան։ Թվում էր՝ ամեն ինչ շատ լավ է։ Սակայն, տեղ հասնելուն պես, այդ երիտասարդը դուրս ցատկեց ավտոմեքենայից ու փախավ»։

ՎԵՐՈՀԻՇՅԱԼ դեպքն այդ օրն ինձ մտածելու առիթ տվեց, որ ինչ–​որ տարօրինակ բան է կատարվում հետս։ Բայց նախքան այդ մասին խոսելը, կուզեի պատմել, թե ինչպես էի հայտնվել Գանայում։

1949 թ. դեկտեմբերի կեսերն էր։ Այդ ժամանակ աշխատում էի Կանադայի Տորոնտո քաղաքի հյուսիսային մասի արվարձանում։ Նոր էինք վերջացրել նորակառույց մի տան ջրամատակարարման համար մոտ մեկ մետր խորությամբ սառցակալած գետինը փորելը։ Հոգնած ու սառած՝ աշխատողներով խմբվել էինք մի քանի կտոր փայտից վառած խարույկի շուրջ ու սպասում էինք, թե երբ բեռնատարը կգա մեր ետևից։ Այդ ժամանակ աշխատողներից մեկը՝ Առնոլդ Լորթոնը, սկսեց խոսել «պատերազմների ու պատերազմի լուրերի», «աշխարհի վերջի» մասին. իր խոսքի մեջ օգտագործեց նաև ինձ համար անծանոթ ուրիշ արտահայտություններ։ Բոլորը լռեցին, շփոթվեցին, իսկ ոմանք նույնիսկ բարկացան նրա վրա։ Հիշում եմ, թե ինչպես այդ պահին մտածեցի, որ այդ տղան բավականին համարձակ է երևում. ոչ ոք չի ուզում լսել նրան, իսկ նա շարունակում է խոսել։ Բայց նրա ասածներն անարձագանք չմնացին իմ սրտում։ Ընդամենը մի քանի տարի էր անցել Երկրորդ համաշխարհայինից, իսկ մինչ այդ նման մտքեր երբեք չէի լսել քրիստադելֆիան կրոնից, որին պատկանում էր իմ ընտանիքը արդեն մի քանի սերունդ։ Ես ուշադրությամբ լսեցի նրան, և նրա տված մեկնաբանություններն իրոք զարմացրին ինձ։

Այդ օրից շատ ժամանակ չէր անցել, երբ մոտեցա Առնոլդին. ուզում էի լրացուցիչ տեղեկություններ ստանալ։ Հետադարձ հայացք գցելով այդ օրերին՝ հասկանում եմ, թե որքա՜ն համբերատար ու բարի էին իմ՝ տասնիննամյա անփորձ պատանուս նկատմամբ ինքն ու իր կինը՝ Ջինը։ Հաճախ ես, առանց նախապես զգուշացնելու, անկոչ հյուրի պես հայտնվում էի նրանց տանը՝ զրուցելու։ Նրանք օգնեցին շտկել մտածելակերպս և բարոյական նորմերի ու ընդհանրապես աշխարհի չափանիշների վերաբերյալ գլխումս տիրող խառնաշփոթն ու հակասությունները կարգի բերել։ Ճանապարհի մոտ՝ խարույկի շուրջ այն զրույցից տասը ամիս անց՝ 1950 թ. հոկտեմբերի 22–ին, մկրտվեցի՝ դառնալով Եհովայի վկա, և միացա Նյու Յորքի (այժմ Տորոնտոյի) Վիլոդեյլ ժողովին։

Առաջ եմ ընթանում հավատակիցներիս հետ միասին

Կյանքս ընտանեկան մթնոլորտում հետզհետե ավելի էր լարվում հատկապես այն բանից հետո, երբ հայրս իմացավ իմ նոր հավատի մասին և հասկացավ, որ մտադիր չեմ նրանից ետ կանգնել։ Հայրս ավտովթարի էր ենթարկվել մի հարբած վարորդի պատճառով, ու այդ օրվանից սկսած նրա հետ խոսելը շատ դժվար էր։ Մորս, երկու եղբայրներիս ու երկու քույրերիս համար նրա հետ ապրելն այնքան էլ հեշտ չէր։ Իսկ ճնշումն Աստվածաշնչի ճշմարտության հանդեպ գնալով սաստկանում էր։ Ուստի, որպեսզի ծնողներիս հետ կարողանամ խաղաղ փոխհարաբերություններ պահպանել, խելամիտ համարեցի հեռանալ տնից և իմ տեղը գտնել «ճշմարտութեան ճանապարհին» (Բ Պետրոս 2։2)։

1951 թ. ուշ ամռանը փոխադրվեցի Ալբերտայի փոքրիկ Կոուլման ժողովը։ Այնտեղ ծանոթացա երիտասարդ Ռոսս Հանթի ու Քեյթ Ռոբինսի հետ, որոնք այդ ժողովում ծառայում էին որպես լիաժամ քարոզիչներ կամ, ինչպես այսօր ենք կոչում, որպես ընդհանուր ռահվիրաներ։ Նրանք օգնեցին ինձ էլ ընտրել այդ կամավոր ծառայությունը։ Եվ այսպես՝ 1952 թ. մարտի 1–ին միացա ընդհանուր ռահվիրաների շարքին։

Սիրով եմ հիշում, թե ինչ քաջալերանք էի ստանում։ Շատ բան ունեի սովորելու։ Եվ իրոք, այդ ընթացքում շատ բաներ իմացա։ Ավելի ուշ, Ալբերտայի Լեթբրիջ ժողովում շուրջ մեկ տարի ռահվիրայություն անելուց հետո շատ անսպասելիորեն շրջանային վերակացու ծառայելու հրավեր ստացա։ Հարկավոր էր հոգ տանել Եհովայի վկաների՝ Կանադայի արևելյան ափով մեկ տարածված ժողովների մասին՝ Մոնկտոնից (Նյու Բրանսուիկ) մինչև Գասպե (Քվեբեկ)։

Ընդամենը քսանչորս տարեկան հասակում և ճշմարտության մեջ գրեթե նոր լինելով՝ ես ինձ բոլորովին անհամապատասխան էի համարում այդ նշանակմանը, հատկապես այն հասուն Վկաների հետ համեմատած, որոնց պետք է ծառայեի։ Անկեղծ ասած, հաջորդ մի քանի ամիսների ընթացքում մեծ ջանքեր էի թափում ինձ հանձնարարված գործը կատարելու համար։ Ապա հաջորդեց մեկ ուրիշ անակնկալ։

Գաղաադ դպրոցն ու Ոսկե ափը

1955 թ. սեպտեմբերին ինձ՝ թվով հարյուր ուրիշ ուսանողների հետ միասին, հրավիրեցին «Դիտարանի աստվածաշնչյան Գաղաադ դպրոցի» 26–րդ դասարան՝ Հարավային Լանսինգում (Նյու Յորք)։ Հնգամսյա ինտենսիվ պարապմունքները հենց այն էին, ինչը որ ինձ հարկավոր էր։ Ոգևորությունս բազմապատկվել էր խանդավառությունից շողացող մնացած ուսանողների ներկայությունից։ Այդ ամիսների ընթացքում մի բան էլ տեղի ունեցավ, ինչը հարստացրեց կյանքս մինչև օրս։

Մեզ հետ միասին միսիոներական գործունեության էր պատրաստվում մի երիտասարդ քույր, որին կոչում էին Այլին Սթաբզ։ Այլինի մեջ նկատում էի հաստատակամություն, լրջություն, զգում էի, որ գործնական անձնավորություն է։ Նա նաև համեստ էր և ուրախ բնավորություն ուներ։ Կարծում եմ՝ լավ վախեցրի նրան, երբ հայտնեցի նրա հետ ամուսնանալու մտադրությունս։ Բայց Այլինը չփախավ։ Փոխադարձ համաձայնության գալով՝ Այլինը մեկնեց իր նշանակման վայրը՝ Կոստա Ռիկա, իսկ ես իմը՝ Ոսկե ափ (այժմ Գանա, Արևմտյան Աֆրիկա)։

1956 թ.–ին՝ մայիսյան մի առավոտ, կանգնած էի Բրուքլինում (Նյու Յորք)՝ եղբայր Նաթան Նորի տասերորդ հարկում գտնվող աշխատասենյակում։ Այն ժամանակ նա «Դիտարան» ընկերության նախագահն էր։ Ես մասնաճյուղի ծառայողի նշանակում էի ստացել և պետք է վերահսկեի Ոսկե ափի, Տոգոլենդի (այժմ՝ Տոգո), Փղոսկրի ափի (այժմ՝ Կոտ դ’Իվուար), Վերին Վոլտայի (այժմ՝ Բուրկինա Ֆասո) և Գամբիայի տարածքներում ընթացող քարոզչական գործունեությունը։

Երեկվա նման հիշում եմ եղբայր Նորի խոսքերը. «Պարտադիր չէ միանգամից գործի անցնել։ Շտապելու կարիք չկա։ Ձգտիր սովորել տեղի փորձառու եղբայրներից և հենց որ զգաս՝ պատրաստ ես, սկսիր մասնաճյուղի ծառայողի աշխատանքդ... Ահա քո նշանակման նամակը։ Տեղ հասնելուցդ յոթ օր հետո կարող ես գործի անցնել»։

«Ընդամենը յոթ օ՞ր,— մտածեցի ես։— Իսկ ինչպե՞ս հասկանալ «շտապելու կարիք չկա»–ն»։ Այդ զրույցն ինձ շատ զարմացրեց։

Հաջորդ մի քանի օրերը շատ արագ անցան։ Շուտով արդեն կանգնած էի Ոսկե ափ տանող բեռնատար նավի բազրիքի մոտ։ Քսանմեկ օր տևող ճանապարհորդությանը պատրաստված նավն անցնում էր Ընկերության Բրուքլինի մասնաճյուղի մոտով հոսող Իսթ Ռիվերի վրայով։

Ես ու Այլինը ծովից ծով նամակագրական աշխույժ կապ էինք պահպանում։ 1958 թ.–ին մենք կրկին հանդիպեցինք և նույն տարվա օգոստոսի 23–ին ամուսնացանք։ Ես երբեք չեմ զլացել երախտագիտությունս հայտնելու Եհովային կյանքիս այս չքնաղ ընկերոջ համար։

Տասնինը տարի Ընկերության Գանայի մասնաճյուղում պատիվ եմ ունեցել կողք կողքի ծառայելու այլ միսիոներների և աֆրիկացի մեր եղբայրների ու քույրերի հետ։ Բեթելի ընտանիքում աշխատողների թիվը կարճ ժամանակահատվածում մի քանի հոգուց հասել էր 25–ի։ Այդ օրերը դժվար, իրադարձություններով հարուստ ու արդյունավետ ժամանակներ էին բոլորիս համար։ Սակայն, անկեղծ ասած, անձամբ ինձ համար այնտեղի շոգ ու խոնավ կլիման իսկական փորձություն էր։ Թվում էր, թե անընդհատ քրտնած եմ, միշտ թաց ու երբեմն էլ՝ բորբոքված։ Այնուամենայնիվ, իսկական երջանկություն էր այնտեղ ծառայելը, հատկապես երբ Գանայում 1956 թ.–ից 1975 թ. ընկած ժամանակահատվածում 6 000 ակտիվ քարոզիչների թիվը հասավ 21 000–ի։ Իսկ այսօր որքա՜ն գոհացուցիչ է տեսնելը, որ Գանայում քարոզչության մեջ զբաղված Վկաների թիվը հասել է 60 000–ի։

«Վաղը», որին չէինք սպասում

1970–ականներին սկսեցի զգալ, որ առողջական ինչ–​որ խնդիր ունեմ, որը և հետագայում շատ դժվարությամբ ախտորոշեցին։ Մինչ այն բացահայտելը մի շարք բժշկական հետազոտություններ կատարեցին, և ամեն անգամ նույն պատասխանն էի լսում՝ բացարձակ առողջ ես։ Այդ դեպքում ինչո՞ւ էի ինձ այդքան վատ, շարունակ հոգնած ու անհանգիստ զգում։ Երկու դեպք օգնեցին պատասխանը ջրի երես դուրս բերել. կարծես երկինքը գլխներիս փուլ եկավ։ Ինչպես գրել է Հակոբոսը, «ոչինչ չգիտէք վաղուայ մասին» (Յակոբոս 4։14)։

Առաջինը՝ այն երիտասարդի հետ կապված դեպքն էր, երբ նրան մեքենայով քաղաք տանելիս քարոզել էի։ Այդ ժամանակ չէի զգացել, որ անդադար, գնալով ավելի արագ ու բարձր, առանց մեկ րոպե անգամ շունչ քաշելու խոսել ու խոսել էի։ Իսկ երբ հասել էինք այդ երիտասարդի խնդրած վայրը, նրա տարօրինակ վարքագիծը զարմացրել էր ինձ, երբ դուրս էր ցատկել մեքենայից ու փախչել։ Գանացիների մեծամասնությունը բնավորությամբ հանգիստ են, և այնքան էլ հեշտ չէ նրանց շփոթեցնելը։ Նրա արձագանքն ինձ տարօրինակ թվաց։ Ես սկսեցի մտածել ու հանկարծ գլխի ընկա, որ ինչ–​որ խնդիր ունեմ։ Թե ի՛նչ խնդիր՝ պարզ չէր, բայց, անկասկած, ինչ–​որ բան այն չէր։

Երկրորդ՝ մի առիթով Այլինի հետ զրույցից հետո նա հետևյալ միտքն արտահայտեց. «Եթե այդ խնդիրը ֆիզիկական չէ, ուրեմն, պետք է որ մտային լինի»։ Եվ այսպես, սկսեցի զգուշորեն գրի առնել բոլոր նշանները, ապա դիմեցի հոգեբույժի։ Ախտանիշների ցուցակին ծանոթանալուց հետո նա ասաց. «Սա տիպիկ երևույթ է։ Հիվանդությունը կոչվում է հոգեկան մոլագարության–​ճնշվածության պսիխոզ»։

Ես ապշած էի մնացել։ Հաջորդ երկու տարվա ընթացքում հիվանդությունս ավելի սրվեց, թեև ամեն կերպ աշխատում էի պայքարել դրա դեմ։ Շարունակում էի ելք փնտրել, սակայն ոչ ոք կոնկրետ չէր հասկանում, թե ինչ կարելի է անել։ Բոլոր ջանքերն ապարդյուն էին անցնում։

Այլինի հետ միշտ ձգտել ենք պահել լիաժամ ծառայության առանձնաշնորհումը որպես մեր կյանքի կոչում, քանզի այնքա՜ն աշխատանք կար դեռ անելու։ Բազում անգամներ ջերմորեն ու անկեղծ սրտով աղոթում էի Եհովային, որ եթե կամենա՝ կապրեմ ու կշարունակեմ իմ գործը (Յակոբոս 4։15)։ Սակայն այդպես չէր լինելու։ Հասկանալով, թե ինչ իրականության առջև ենք կանգնած՝ 1975 թ. հունիսին թողեցինք Գանան ու մեր մտերիմ ընկերներին և տեղափոխվեցինք Կանադա։

Եհովան օգնություն է հայթայթում իր ժողովրդի միջոցով

Շուտով հասկացա, որ նախ՝ ես անփոխարինելի չէի, և երկրորդ՝ նման հիվանդությամբ ոչ առաջինն էի, ոչ էլ վերջինը։ Այդ օրերին էր, որ Պետրոս առաքյալի առաջին նամակի 5։9 խոսքերը նոր իմաստ ստացան ինձ համար. «Իմացէ՛ք, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նոյն չարչարանքները»։ Այդ ամենը գիտակցելով՝ սկսեցի նկատել, թե ինչպես է Եհովան հոգ տանում երկուսիս մասին՝ չնայած այդ աստիճանի անախորժ փոփոխությանը։ Ու այդ բոլոր տարիների ընթացքում ի՜նչ տարբեր մոտեցումներով եղբայրները մեզ օգնության հասան...

Թեպետ մենք նյութապես հարուստ չէինք, սակայն Եհովայի կողմից երբեք մեզ լքված չենք զգացել։ Նրա օգնությամբ՝ Գանայի մեր ընկերներն օժանդակում էին մեզ թե՛ նյութապես, թե՛ այլ կերպերով։ Խորը և խառը էմոցիաներով լի՝ մենք ստիպված էինք բաժանվել նրանցից, ում հետ տարիների ընթացքում դարձել էինք հարազատներ, և այժմ պետք է պայքարեինք այդ անսպասելի «վաղվա» օրվա դեմ։

Մեզ սիրով ընդունեցին և մի քանի ամիս շարունակ մեծահոգաբար հոգ տարան Այլինի քույրը՝ Լենորան ու նրա ամուսինը՝ Ալվին Ֆրիզենը։ Մի ճանաչված հոգեբույժ վստահությամբ հայտարարեց՝ վեց ամիս հետո ոտքի կկանգնես։ Թերևս այդ խոսքերն իմ մեջ վստահություն ներշնչելու համար ասվեցին, քանի որ այդ «կանխագուշակությունը» չիրականացավ նույնիսկ վեց տարի անց։ Մինչև օրս տառապում եմ մի հիվանդությամբ, որը, մեղմ ասած, կոչվում է տրամադրության երկբևեռ խանգարում։ Ինչ խոսք, նուրբ է ասված, սակայն նրանք, ովքեր տառապում են դրանով, շատ լավ գիտեն, որ անվան մեղմ հնչողությունը ոչ մի կերպ չի թուլացնում հիվանդության պատճառած ներգործությունը։

Այդ ժամանակ եղբայր Նորն արդեն հիվանդ էր, և այդ հանգամանքն էլ 1977 թ. հունիսին նրա մահվան պատճառը դարձավ։ Չնայած իր վատ առողջությանը՝ նա ժամանակ էր գտնում ինձ երկար ու ոգևորիչ նամակներ գրելու՝ մխիթարական խոսքերով ու խորհուրդներով լի։ Առ այսօր պահում եմ այդ նամակները։ Նրա խոսքերն անսահման օգնում էին՝ խաղաղեցնելու ձախորդության անմիտ զգացումները, որոնք ժամանակ առ ժամանակ ջրի երես էին դուրս գալիս։

1975 թ.–ին ստիպված եղանք դադարեցնել մեզ համար այնքան թանկագին լիաժամ ծառայությունն ու կենտրոնանալ առողջությունս վերականգնելու վրա։ Ցերեկվա լույսը մեծամասամբ ցավեցնում էր աչքերս։ Անսպասելի սուր ձայները ականջներիս մեջ բարձր կրակոցների նման արձագանք էին տալիս։ Մարդաշատ վայրերը խիստ ճնշող էին դարձել։ Նույնիսկ ժողովի հանդիպումներին հաճախելու համար լրացուցիչ ջանքեր էի գործադրում։ Այնուհանդերձ, բարձր էի գնահատում հոգևոր ընկերակցությունը։ Փորձելով հարմարվել պայմաններին՝ սովորաբար Թագավորության սրահ էի մտնում, երբ մեծամասնությունն արդեն նստած էր լինում, և հեռանում էի ծրագրի ավարտից անմիջապես հետո՝ նախքան սրահում կսկսեր աշխուժություն տիրել։

Ծառայությանը մասնակցելը մեկ այլ դժվարության առջև էր կանգնեցրել ինձ։ Երբեմն, նույնիսկ դռանը արդեն մոտենալուց հետո, քաջություն չէի ունենում՝ ձեռքս զանգի կոճակին տանելու։ Սակայն չէի դադարեցնում ծառայությունս, քանի որ գիտակցում էի, որ մեր ծառայությունը փրկություն է թե՛ մեզ համար, թե՛ մեր բերած լուրին դրականորեն արձագանքողների (Ա Տիմոթէոս 4։16)։ Ամեն անգամ կարողանում էի ինձ բուռս հավաքել և մոտենալ հաջորդ դռանը։ Չթողնելով ծառայությունս՝ կարողացել եմ ուժերիս ներածին չափով հոգևոր եռանդս պահպանել և, միաժամանակ, ամրապնդել դիմանալու կարողությունս։

Քանի որ հիվանդությունս խրոնիկական բնույթ է կրում, հասկացա, որ այն իրերի ներկա համակարգում կյանքիս անբաժան մասն է կազմելու։ 1981 թ.–ին «Արթնացե՛ք»–ում այդ հիվանդության մասին մի շարք օգտակար հոդվածներ լույս տեսան։a Դրանց օգնությամբ՝ սկսեցի ավելի պարզ պատկերացնել այս հիվանդության բնույթն ու սովորեցի նրա դեմ պայքարելու համար ավելի արդյունավետ միջոցներ ձեռնարկել։

Սովորում եմ հաղթահարել

Այս ամենը կնոջս համար չանցավ առանց զոհողությունների ու առանց հարմարվելու շարունակ կատարվող փոփոխություններին։ Եթե նման հիվանդ ունեք և խնամում եք, թերևս ձեզ համար օգտակար լինեն կնոջս կողմից կատարված զննման հետևյալ արդյունքները.

«Տրամադրության խանգարումը հանկարծակի փոփոխություններ է առաջ բերում։ Կենսուրախ, ուրիշներին ոգևորող, բազում ծրագրերով ու մտքերով լեցուն անձնավորությունը հանկարծ, մի քանի ժամվա մեջ, հոգնատանջ տեսք է ստանում, բացասական մտքեր և նույնիսկ զայրույթ արտահայտում։ Եթե տեղյակ չեք նրա հիվանդությունից, այդ վարքագծից կարող եք սրտնեղել ու շփոթվել։ Ինչ խոսք, նրա ծրագրերն անմիջապես փոխվում են, և հիվանդը սկսում է պայքար մղել հուսահատության կամ բացասական զգացումների դեմ»։

Ինչ վերաբերում է ինձ, երբ չափազանց բարձր տրամադրություն են ունենում, վախով եմ լցվում. արդեն գիտեմ, որ «բարձր վիճակը» ինձ նետելու է մռայլ ու դժգույն «ցածրի» մեջ։ Իմ դեպքում «ցածրը» գերադասելի է «բարձրից», քանի որ «ցածրը» սովորաբար մի քանի օր ինձ հանդարտ վիճակում է պահում, և նվազում է տհաճ հանգամանքներում հայտնվելու հավանականությունը։ Այլինն աննկարագրելի օգնություն է ցույց տալիս՝ ամեն անգամ զգուշացնելով, երբ չափից դուրս ոգևորված եմ լինում, և մխիթարելով ու աջակցելով ինձ, երբ գլխավերևումս կրկին մռայլ ամպեր են կուտակվում։

Երբ հիվանդությունն իր ամենաակտիվ վիճակում է, սեփական անձի վրա կենտրոնանալու մեծ վտանգ է սպառնում։ Երբ մարդը ընկճված տրամադրության մեջ է գտնվում, բոլորովին մեկուսանում է և անտարբեր դառնում ուրիշների զգացումների հանդեպ. կամ երբ հիստերիկ վիճակում է, հոգը չէ, թե ինչ ազդեցություն կարող է թողնել իր պահելաձևն ուրիշների վրա։ Նախկինում շատ դժվար էր ինձ համար ընդունել, որ հոգեկան ու էմոցիոնալ խնդիր ունեմ։ Վստահ էի, որ պատճառը արտաքին է, և դրանում մեղավոր է ինչ–​որ մեկը կամ պատճառը որևէ անհաջողություն է։ Ժամանակ առ ժամանակ հարկ էր լինում ինքս ինձ հիշեցնելու, որ շրջապատումս ոչինչ չի փոխվել, և պատճառը ո՛չ թե արտաքին է, այլ՝ ներքին»։ Աստիճանաբար՝ մտածելակերպս փոխելու հարցում դրական տեղաշարժեր ունեցա։

Այս բոլոր տարիների ընթացքում ես և կինս սովորել ենք անկեղծ լինել թե՛ ինքներս մեր, թե՛ ուրիշների հանդեպ՝ կապված իմ վիճակի հետ։ Ջանում ենք լավատես լինել և թույլ չտալ, որ հիվանդությունն իշխի մեր կյանքի վրա։

«Վաղը», որն ավելի լավն է լինելու

Ջերմեռանդ աղոթքների ու բազում պայքարների շնորհիվ՝ մենք շարունակ Եհովայից օրհնություն ու աջակցություն ենք ստացել։ Երկուսս էլ արդեն տարիքով ենք։ Ես մշտական բժշկական հսկողության տակ եմ գտնվում՝ կանոնավորաբար ընդունելով քիչ քանակությամբ դեղամիջոցներ, ինչն օգնում է առողջական վիճակս կայուն պահել։ Երկուսս էլ գնահատում ենք ծառայության մեջ մեր ունեցած բոլոր առանձնաշնորհումները։ Ժողովում շարունակում եմ որպես երեց ծառայել։ Միշտ աշխատում ենք թիկունք կանգնել մեր հավատակիցներին։

Որքա՜ն ճշմարիտ են Հակոբոսի խոսքերը. «Ոչինչ չգիտէք վաղուայ մասին» (4։14)։ Եվ դա այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ իրերի ներկա համակարգը գոյություն ունի։ Սակայն ճիշտ են նաև Հակոբոսի նամակի 1։12–ում արձանագրված այս խոսքերը. «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձութեան. որովհետեւ, եթէ փորձութեան մէջ հաստատ լինի, կը ստանայ կեանքի պսակը, որը Տէրը խոստացաւ իրեն սիրողներին»։ Թող որ բոլորս կանգուն լինենք այսօր և երբեք չմոռանանք, թե ի՜նչ օրհնություններ է Եհովան պահել վաղվա օրվա համար։

[ծանոթագրություն]

a Տե՛ս «Արթնացե՛ք» պարբերագրի 1981 թ. օգոստոսի 8–ի, սեպտեմբերի 8–ի և հոկտեմբերի 22–ի համարներում «Կյանքը շարունակվում է», «Ինչպե՞ս պայքարել հոգեկան ծանր ճգնաժամի դեմ» և «Հարձակում հոգեկան ամենաուժեղ ճգնաժամի վրա» հոդվածները (անգլ.)։

[նկար 26–րդ էջի վրա]

Վերևում՝ առանձնացած՝ իմ արվեստանոցում

[նկար 26–րդ էջի վրա]

Կնոջս՝ Այլինի հետ

[նկար 28–րդ էջի վրա]

1963 թ.–ին Գանայի Տեմա քաղաքում կայացած «Հավիտենական ավետիս» խորագրով համաժողովում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը