Ուրախություն, որ ստացել եմ Աստծու կամքը կատարելուց
Պատմում է Բիլ Յարեմչուկը
1947 թ. մարտին՝ «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի ութերորդ դասարանն ավարտելուց ընդամենը մի քանի շաբաթ հետո (այդ ժամանակ դպրոցն անցկացվում էր Սաութ Լանսինգում, Նյու Յորք, ԱՄՆ), ճանապարհ ընկա դեպի իմ օտարերկրյա նշանակման վայր՝ հեռավոր Սինգապուր։
ԿԱՆԱԴԱՑԻ Դեյվ Ֆարմերը, որն ավարտել էր «Գաղաադ» դպրոցի յոթերորդ դասարանը, համագործակցելու էր ինձ հետ։ Մենք նստեցինք «Մարին Ադդեր» նավը, որը նախկինում ռազմական նավ էր եղել, և մեկնեցինք Սան Ֆրանցիսկոյից (Կալիֆոռնիա)։
Առաջին վայրը, որ Արևելքում կանգ առանք, Հոնկոնգն էր։ Այն, ինչ տեսանք այնտեղ, մեզ ցնցեց։ Երկրորդ համաշխարհային պատերազմի կործանարար հետևանքները կարելի էր տեսնել ամենուրեք. մարդիկ սովամահ ընկած էին մայթերին, թվում էր՝ ուր որ է մահանալու էին։ Մենք արագ վերադարձանք նավ և ուղևորվեցինք դեպի Մանիլա՝ Ֆիլիպինների մայրաքաղաքը։
Պատերազմը այնտեղ նույնպես սարսափելի հետևանքներ էր թողել։ Նավահանգիստը լիքն էր խորտակված նավերով, որոնց միայն կայմերն էին երևում։ Այդ նավերը ռմբակոծվել էին զինակից երկրների ռազմական ինքնաթիռների կողմից։ Ամենուրեք չքավորություն էր։ Մենք մի քանի Եհովայի վկաների հանդիպեցինք, որոնք մեզ տարան իրենց Թագավորության սրահ։ Նրանք ուրախ էին՝ չնայած իրենց կրած դժվարություններին։
Հաջորդ նավահանգիստը Բատավիան էր (այժմ՝ Ջակարտա, Ինդոնեզիա)։ Այնտեղ քաղաքացիական պատերազմ էր։ Մոտակա քաղաքներում նույնպես պատերազմ էր, այդ պատճառով մեզ թույլ չտվեցին նավից իջնել։ Սինգապուր ուղևորվելիս ես սկսեցի մտածել, թե ինչ է մեզ այնտեղ սպասում։ Մի՞թե դա հենց այն էկզոտիկ Արևելքն էր, որի մասին կարդացել էինք տուրիստական ուղեցույցներում։
Մի քանի օր անց անհանգստություններս վերացան։ Շուտով ես ու Դեյվը հասկանալու էինք, որ Աստծուց տրված առաքելություն ունենք։
Ինչպես թույլտվություն ստացանք այնտեղ մնալու
Սան Ֆրանցիսկոյից մեկնելուց մեկ ամիս հետո մեր նավը վերջապես կանգ առավ սուրբ Հովհաննես կղզում. այստեղ սովորաբար նավերը կանգ են առնում, մինչև նավահանգիստ մտնելու թույլտվություն ստանան։ Ուղևորներին ստուգելու համար ներգաղթյալների հարցով զբաղվող պաշտոնյաները նավ բարձրացան և մեր անձնագրերում երկիր մտնելու թույլտվության կնիք դրեցին։ Հաջորդ առավոտյան նավը մտավ նավակայան։ Երբ նավի վրա ստուգեցին մեր փաստաթղթերը, մենք ափ իջանք։
Հաջորդ օրը վերադարձանք նավակայան, որպեսզի հաջողություն մաղթենք այն միսիոներներին, որոնց հետ ճանապարհորդում էինք։ Նրանք շարունակելու էին իրենց ճանապարհը դեպի իրենց նշանակման վայր՝ Հնդկաստան և Ցեյլոն (այժմ՝ Շրի Լանկա)։ Երբ նավապետը տեսավ մեզ, իջավ նավից ու մեզ մոտեցավ։ Նա բարկացած բղավեց մեզ վրա՝ ասելով, որ մենք չպետք է իջնեինք նավից։ Ավելի շուտ, երբ դեռ ծովում էինք, ներգաղթյալների հարցով զբաղվող մի պաշտոնյա՝ Հաքսվորթ անունով, ասել էր նրան, որ մեզ թույլ չտա նավից իջնել, երբ նավահանգիստ հասնենք։ Մենք և այն պաշտոնյան, որը թույլ էր տվել մեզ իջնել նավից, ոչինչ չգիտեինք այդ մասին։
Երբ մեզ բերեցին Հաքսվորթի մոտ, նա շատ բարկացած էր։ Նա բղավեց մեզ վրա՝ ասելով, որ մեզ արգելված է Սինգապուր մտնել։ Եվ քանի որ այս մասին ոչ մի բան չգիտեինք, ցույց տվեցինք մեր անձնագրերը, որոնցում դրված էր թույլտվության պաշտոնական կնիքը։ Նա բարկացած խլեց մեր ձեռքից անձնագրերը և ջնջեց այդ կնիքը։ Սակայն, ավա՜ղ, նավն արդեն մեկնել էր։ Հաքսվորթը ամբողջ տարի մեր անձնագրերը իր մոտ պահեց։ Ի վերջո դրանք վերադարձրեց՝ թույլտվության նոր կնիքով։
Արդյունավետ ծառայություն Սինգապուրում
Երբ 1947 թ. ապրիլին ժամանեցինք Սինգապուր, այնտեղ ընդամենը մեկ Վկա էր ապրում, որի անունը Ջոշուա էր։ Նա ծառայեց որպես լիաժամ ծառայող, կամ՝ ռահվիրա, մինչև իր մահը՝ 1970–ականների սկիզբը։ Շուտով նրանք, ովքեր լսել էին Աստվածաշնչի ճշմարտությունները, սկսեցին պատմել դրանց մասին ուրիշներին։ Հոգևոր հնձի համար ավելի շատ աշխատողներ ունենալու մասին մեր աղոթքներին պատասխան տրվեց (Մատթեոս 9։37, 38)։
1949–ին, մինչ Հաքսվորթը մեկնել էր Անգլիա՝ հանգստանալու, վեց միսիոներներ, որոնք ավարտել էին «Գաղաադի» տասնմեկերորդ դասարանը, ժամանեցին Սինգապուր։ Այդ ընթացքում Դեյվը, որը մի քանի տարի իմ ծառայակիցն է եղել, որոշեց հեռանալ Սինգապուրից վատառողջ լինելու պատճառով։ Նա մեկնեց Ավստրալիա, որտեղ հավատարմորեն ծառայեց մինչև իր մահը (1973 թ.)։ Սինգապուր ժամանած վեց նոր միսիոներների թվում էր Այլին Ֆրանկսը, որի հետ 1956–ին ես ամուսնացա։
Տարիների ընթացքում մենք շատերի հետ ենք Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրանք իրենց երեխաների հետ միասին դարձել են Վկա։ Այսօր նրանցից ոմանք լիաժամ ծառայում են օտարախոս դաշտում։ Մի հետաքրքիր դեպք տեղի ունեցավ ամերիկացի Լեսթըր և Ջոնի Հեյնսների հետ, որոնք ապրում էին Սինգապուրում։ 1950–ականներին նրանց հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցինք։ Նրանք արագ հոգևոր առաջադիմություններ կատարեցին և Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո մկրտվեցին։ Լեսթըրն ու Ջոնին արդյունավետ ծառայություն են ունեցել։ Նրանք շատերին են օգնել դառնալու Վկա, այդ թվում նաև իրենց երեք երեխաներին։
Ջոնին գրում է. «Երբ մտածում եմ Սինգապուրում ապրած այն տարվա մասին, հասկանում եմ, որ հենց այդ ժամանակ մեր կյանքը փոխվեց։ Եթե դուք «չորդեգրեիք» մեզ, ապա մենք հավանաբար մինչև օրս մի երկրից մյուսը կտեղափոխվեինք։ Ուրախ եմ, որ դու ես ճշմարտությունը սովորեցրել Լեսթըրին, որովհետև հենց սկզբից նա ունեցել է այնպիսի ուսուցիչ, որը նրա մեջ սեր է զարգացրել Եհովայի ու մեր քրիստոնյա եղբայրների հանդեպ։ Նա երբեք չի կորցնում այդ սերը»։
Ընտանիքով ծառայում ենք Սինգապուրում
1962 թ.–ին անսպասելի բան տեղի ունեցավ մեր կյանքում։ Մեր ընտանեկան բժիշկը Այլինին ասաց, որ նա հղի է։ Մենք ցանկանում էինք շարունակել մեր միսիոներական ծառայությունը։ Սակայն ինչպե՞ս կարող էինք ծառայել որպես միսիոներ և միևնույն ժամանակ երեխա մեծացնել։ Նաթան Նորը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Եհովայի վկաների համաշխարհային գործունեությունը, նամակ գրեց մեզ և հորդորեց ինձ աշխատանք փնտրել, որ կարողանանք մնալ Սինգապուրում։ Դա շատ դժվար էր։
Օտարերկրացիներից շատերը աշխատում էին որպես օտարերկրյա ընկերությունների տնօրեններ։ Ես առևտրի բնագավառում փորձ չունեի, որովհետև 23 տարի առաջ դպրոցն ավարտելուց հետո սկսել էի ծառայել որպես լիաժամ քարոզիչ։ Ուստի Լոնդոնի աշխատանքային բյուրոյին գումար վճարեցի, որ մի բնութագիր պատրաստեն այն մասին, որ ես օտար երկրում աշխատել եմ որպես կրոնական ծառայող։ Այդ բնութագիրը նրանք ուղարկեցին Սինգապուրում գործող բազմաթիվ միջազգային ընկերություններ։
Ես անընդհատ ստանում էի հետևյալ պատասխանը. «Ցավոք, մենք չենք կարող ձեր որակավորումներին համապատասխան աշխատանք գտնել»։ Նրանք կարծում էին, որ ես չափազանց մեծ փորձ ունեմ աշխատելու համար... Ամիսներ անցան, և մեր երեխան՝ Ջուդին, ծնվեց։ Այդ ժամանակ եղբայր Նորը եկել էր Սինգապուր։ Նա այցելեց նաև հիվանդանոց՝ տեսնելու Ջուդիին և կնոջս։ Նա քաջալերեց մեզ՝ ասելով. «Դուք կարող եք ապրել միսիոներական տանը այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, մինչև որ Բիլը աշխատանք գտնի»։
Մի քանի ամիս անց ես ընդունվեցի աշխատանքի որպես վաճառող միջազգային ավիաընկերություններից մեկում։ Իմ աշխատավարձով հազիվ էինք բավարարում մեր կարիքները։ Երկու տարի անց ամերիկյան մի ավիաընկերություն ընդունեց ինձ աշխատանքի, որտեղ երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ էի ստանում։ Վերջապես ես այդ բնագավառում հմտացա և հնարավորություն ունեցա ավելի շատ ժամանակ տրամադրել իմ ընտանիքին և ծառայությանը։
Մեր կյանքը պտտվում էր Եհովայի ծառայության շուրջ, քանի որ հոգևորը մեր կյանքում առաջին տեղում էր։ Դրա շնորհիվ ես կազմակերպության մեջ շատ առանձնաշնորհումներ ունեցա։ Այլինը նորից սկսեց լիաժամ ծառայությունը։ Այդ ժամանակ Թագավորության գործունեությունը ծաղկում էր Սինգապուրում։ 1960–ականների կեսերին մենք քաղաքի կենտրոնում մի գեղեցիկ երկու հարկանի շինություն գնեցինք, որը ծառայում էր որպես Թագավորության սրահ։ Այդ սրահից օգտվում էր չորս ժողով։
Մեր գործունեության վրա արգելք է դրվում
Ժամանակի ընթացքում մեծ հալածանք սկսվեց։ 1972 թ. հունվարի 14–ին, մեր սովորության համաձայն, գնացինք Թագավորության սրահ՝ ժողովի հանդիպմանը ներկա գտնվելու համար, սակայն դարպասները կողպեքով ու շղթայով փակված էին։ Այնտեղ մի ցուցանակ էր փակցված, որի վրա գրված էր, որ Սինգապուրի Եհովայի վկաների գրանցումը չեղյալ է համարվել։ Մեր գործունեությունն արգելքի տակ դրվեցa։
Թագավորության սրահը փակելը հետ չպահեց մեզ Եհովային երկրպագելուց, սակայն իմ մտքում մի հարց էր պտտվում. «Ո՞րն է Աստծու կամքը իմ ընտանիքի առնչությամբ»։ Ես մտածում էի, որ եթե մեզ արտաքսեն երկրից, մենք այլևս չենք կարողանա վերադառնալ Սինգապուր և տեսնել մեր ընկերներին։ Ուստի հարցրի իմ գործատիրոջը, թե կարող եմ արդյոք աշխատել Կուալա Լումպուրում (Մալայզիա)։ Այդ դեպքում մենք կկարողանայինք առանց դժվարության երկիր մտնել ու դուրս գալ։ Զարմանալի էր, սակայն նա առաջարկեց ինձ աշխատել Կուալա Լումպուրի ընկերությունում որպես տնօրեն։ Ես նաև երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ էի ստանալու և ուրիշ օգուտներ էլ էի ունենալու։
Այդ ժամանակ ես մտածեցի, թե արդյոք Աստված կամենում է, որ մենք տեղափոխվենք Սինգապուրից և բաժանվենք մեր եղբայրներից։ Ընտանիքով աղոթեցինք Եհովային այս խնդրի մասին։ Մենք հասկացանք, որ Եհովան է մեզ բերել այստեղ։ Ուստի վերջնական որոշում կայացրի. մնում ենք Սինգապուրում։ Գործատերս զարմացավ, որ ես հրաժարվեցի այդ շահութաբեր առաջարկից։
Արգելքի տակ ապրելը և աշխատելը շատ դժվար էր, քանի որ անընդհատ ձերբակալման և ազատազրկման վտանգ էր սպառնում մեզ։ Եղել են դեպքեր, երբ մենք ավելի շատ ենք գնահատել Սաղմոս 34։7 համարի խոսքերը. «Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց»։
Նոր նշանակում
Վերջապես 1993–ին՝ ավելի քան 46 տարի Սինգապուրում ծառայելուց հետո, մեզ խնդրեցին տեղափոխվել Նոր Զելանդիա, որտեղ մենք ավելի քիչ դժվարություններ և մտահոգություններ կունենայինք։ Կարիք չկա նշելու, թե որքան տխրեցինք Սինգապուրի մեր ընկերներից բաժանվելու համար, որոնց շատ էինք սիրում։ Այդուհանդերձ, մենք քաջալերվեցինք՝ իմանալով, որ նրանց հավատը ճիշտ հիմքի վրա էր դրվել և կառուցվել էր հրադիմացկուն նյութերով։ Դա օգնեց նրանց կանգուն մնալ և տոկալ հետագա փորձությունների ժամանակ (1 Կորնթացիներ 3։12–14)։
Նոր Զելանդիայում ավելի քան 14 տարի ապրելուց հետո այսօր ես ու Այլինը դեռևս ուրախությամբ ծառայում ենք որպես հատուկ ռահվիրա՝ չնայած մեր տարիքին։ Իմ եղբայրներից երկուսը՝ Մայքը, որը 94 տարեկան է, և Պիտերը, որը 90 տարեկան է, հավատարմորեն շարունակում են ծառայել Եհովային Կանադայում։
1998–ին մեր դուստրը՝ Ջուդին, վերադարձավ Արևելք և մի քանի տարի ծառայեց այնտեղ։ Մեզ գրած նամակներից մեկում նա գրում է. «Որքան երախտապարտ եմ Եհովային յուրաքանչյուր օրվա համար, որ ծառայում եմ այստեղ։ Շնորհակալ եմ ձեզ երկուսիդ նաև լավ դաստիարակության և այն զոհողությունների համար, որ արել եք և շարունակում եք անել, որ ես կարողանամ ծառայել»։ 2003–ին նա վերադարձավ Նոր Զելանդիա՝ ինձ ու Այլինին օգնելու նպատակովb։
Մենք երախտապարտ ենք Եհովային, որ մեր հանգամանքները թույլ են տվել մեզ արձագանքելու Տիրոջ այն հրավերին, որ հնձի համար ավելի շատ աշխատողներ են պետք։ Դա մեզ անչափ մեծ ուրախություն է պարգևել։ Եվ երբ «աշխարհն անցնի», ինչպես ասում է Աստվածաշունչը, մենք կտեսնենք Աստծու այս հրաշալի խոստման կատարումը. «Նա, ով կատարում է Աստծու կամքը, մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։17)։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Դիտարանի» 1972 թ. հունիսի 1–ի համարը, էջ 341–349, անգլ.։
b Սիրելի Այլինը կյանքից հեռացավ 2008 թ. հունվարի 24–ին, մինչ այս հոդվածը իր ավարտին կհասցվեր։
[նկար 29–րդ էջի վրա]
Ջոշուան միակ Վկան էր, երբ 1947–ին ժամանեցինք Սինգապուր
[նկար 29–րդ էջի վրա]
Դեյվ Ֆարմերի հետ Հոնկոնգում՝ Սինգապուր գնալու ճանապարհին, 1947
[նկար 29–րդ էջի վրա]
Այլինի հետ, 1958
[նկար 31–րդ էջի վրա]
Մեր դստեր՝ Ջուդիի հետ
[թույլտվությամբ]
Kimroy Photography
[նկար 28–րդ էջի վրա թույլտվությամբ]
Kimroy Photography