Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 12/15 էջ 3–7
  • Սուրբ Ծննդյան սովորույթները որտեղի՞ց են

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սուրբ Ծննդյան սովորույթները որտեղի՞ց են
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Պոսադաս»–ը, «երեք մոգ–թագավորը» և «նասիմիենտո»–ն
  • Ինչպես են ծագել Սուրբ Ծննդյան սովորույթները
  • Ինչ է ասում Աստվածաշունչը Հիսուսի ծննդյան վերաբերյալ
  • Աստղագուշակները
  • Ի՞նչ ենք իմանում աստվածաշնչյան այս պատմությունից
  • Ինչպես պետք է հիշել Հիսուս Քրիստոսին
    2004 Դիտարան
  • Ինչո՞ւ Եհովայի վկաները չեն տոնում Սուրբ Ծնունդը
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
2000 Դիտարան
w00 12/15 էջ 3–7

Սուրբ Ծննդյան սովորույթները որտեղի՞ց են

ՄՈՏԵՆՈՒՄ Է ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ։ Ի՞նչ է այն նշանակում անձամբ ձեզ համար, կամ ձեր ընտանիքի ու ընկերների. կրոնական տո՞ն, թե՞ ընդամենը խրախճանքի, ուրախ ժամանցի առիթ։ Ձեր կարծիքով դա մի ժամանակ է, որ հարկավոր է մտածել Հիսուս Քրիստոսի ծննդյան շո՞ւրջ, թե՞ իրականում չարժե հոգալ քրիստոնեական սկզբունքների մասին։

Խորհելով վերոհիշյալ հարցերի շուրջ՝ չմոռանանք նաև, որ Սուրբ Ծննդյան տոնի հետ կապված սովորույթները նույնը չեն տարբեր երկրներում։ Օրինակ՝ Մեքսիկայում և Լատինական Ամերիկայի այլ երկրներում այդ տոնի անվանման նույնիսկ նշանակությունն է ուրիշ։ Մի հանրագիտարան նշում է, որ անգլերեն «Քրիսթմաս» («Christmas») անվանումը առաջ է եկել միջնադարյան՝ «Christes Masse» (Քրիստոսի մեսսա՝ պատարագ) արտահայտությունից։ Իսկ «Լա Նավիդադ»–ը («La Navidad»), ինչպես այն կոչվում է լատինաամերիկյան այդ երկրներում, վերաբերում է Քրիստոսի ծննդին (ինչպես և հայերենում Սուրբ Ծնունդը)։ Եկեք փոքր–​ինչ ժամանակ տրամադրենք՝ քննելու Սուրբ Ծննդյան որոշ սովորույթներ, որոնք ընդունված են Մեքսիկայում։ Դա կօգնի ձեզ այս տոնի վերաբերյալ կազմելու հիմնավոր սեփական կարծիք։

«Պոսադաս»–ը, «երեք մոգ–թագավորը» և «նասիմիենտո»–ն

Տոնակատարությունը սկսվում է դեկտեմբերի 16–ին՝ «պոսադաս»–ով («posadas»)։ «Տոները Մեքսիկայի կյանքում» գիրքն ասում է. ««Պոսադաս»–ը՝ Քրիստոսի ծննդյան տոնի ճրագալույցին նախորդող ինը մոգական օրերն են, որոնք խորհրդանշում են Հովսեփի ու Մարիամի միայնակ թափառելը Բեթլեհեմ քաղաքում, մինչև այն պահը, երբ վերջապես շնորհ ու ապաստան գտան։ Մարդիկ ընտանիքներով ու ընկերներով ամեն երեկո հավաքվում են՝ բեմականացնելու Քրիստոսի ծննդյանը նախորդած օրերին տեղի ունեցած դեպքերը» («Mexico’s Feasts of Life»)։

Ըստ ավանդույթի՝ մի խումբ մարդիկ Մարիամի ու Հովսեփի կերպարանքով մոտենում են որևէ տան ու, երգելով, ապաստան կամ «պոսադա» խնդրում։ Տանտերերը երգով պատասխանում են այցելուներին և ի վերջո նրանց ներս թողնում։ Ապա սկսում են զվարճանալ. մի քանի հոգի՝ աչքերը կապած, հերթով փորձում են կոտրել «piñata»–ն՝ պարանից կախված զարդարված մեծ կավե անոթը։ Ամանի կոտրվելուն պես՝ միջի պարունակությունը (կոնֆետ, միրգ և այլն) թափվում է գետնին ու բոլորն արագ այն հավաքում են։ Այնուհետև սկսվում է հյուրասիրությունը, առաջարկում են խմիչք, և բոլորը երգում ու պարում են։ «Պոսադա»–ի ութ խնջույքներ են անցկացվում դեկտեմբերի 16–ից մինչև 23–ը։ Իններորդ գիշերը՝ դեկտեմբերի 24–ին, տոնվում է «նոչեբուենա»–ն (Nochebuena՝ ճրագալույցը). այդ օրն ընտանիքներն աշխատում են միասին լինել տոնական ընթրիքի սեղանի շուրջ։

Շուտով արդեն Նոր տարին է, որը տոնվում է աղմկոտ խրախճանքներով։ Հունվարի 5–ի երեկոյան երեխաները սպասում են, որ «Tres Reyes Magos»–ը (երեք մոգ–թագավորները) նվերներ, խաղալիքներ կբերեն իրենց։ Գլխավոր խնջույքը հունվարի 6–ին է, երբ սեղանին «rosca de Reyes» (օղակաձև թխվածք) են մատուցում։ Ուտելիս՝ մեկնումեկը թխվածքի իրեն բաժին ընկած կտորի մեջ փոքրիկ տիկնիկ է գտնում, որը ներկայացնում է նորածին Հիսուսին։ Գտնողը պարտավոր է կազմակերպել փետրվարի 2–ի խնջույքը։ (Որոշ վայրերում թխվածքի մեջ երեք փոքր տիկնիկներ են դնում, որոնք ներկայացնում են երեք մոգ–​թագավորներին)։ Ինչպես տեսնում ենք, Սուրբ Ծնունդը անվերջանալի տոնակատարությունների շարան է։

Այս ողջ ընթացքում տոնակատարության անբաժան մասն է կազմում «nacimiento»–ն (նասիմիենտո՝ Սուրբ Ծննդյան պատկերները)։ Ի՞նչ է մտնում դրա մեջ։ Հասարակական վայրերում, եկեղեցիներում և տներում խեցյա, փայտե կամ կավե (մեծ ու փոքր) քանդակներով տեսարաններ են պատկերված։ Այդ պատկերաքանդակները ներկայացնում են նորածին երեխայի մսուրի մոտ ծնկի եկած Հովսեփին ու Մարիամին։ Հաճախ կարելի է տեսնել նաև հովիվների ու երեք մոգ–​թագավորների քանդակները։ Քանի որ գործողությունը կատարվում է կենդանիների փարախում, ուստի մի քանի կենդանիների քանդակներ էլ կարող են լրացնել տեսարանը։ Պատկերաքանդակի կենտրոնում, սակայն, նորածինն է, որին իսպաներեն կոչում են «el Niño Dios»՝ Երեխա Աստված։ Նորածին երեխայի այս գլխավոր քանդակը տեղադրվում է Ճրագալույցին։

Ինչպես են ծագել Սուրբ Ծննդյան սովորույթները

Աշխարհում հայտնի Սուրբ Ծննդյան տոների վերաբերյալ «Ամերիկյան հանրագիտարանը» գրում է. «Ս. Ծննդի հետ կապված սովորույթների մեծամասնությունը ի սկզբանե չեն եղել Սուրբ Ծննդյան, այլ ծագել են ավելի շուտ՝ որպես նախաքրիստոնեական և ոչ քրիստոնեական սովորույթներ, որոնք հետագայում ընդունվել են Քրիստոնեական եկեղեցու կողմից։ Դեկտեմբերի կեսերին տոնվող հռոմեական Սատուրնալիան որպես օրինակ է ծառայել Սուրբ Ծննդյան զվարճալի սովորույթների համար։ Այս տոնից է առաջ եկել, օրինակ, ուրախ խրախճանքը, իրար նվերներ տալը և մոմեր վառելը» («Encyclopedia Americana»)։

Լատինական Ամերիկայում Սուրբ Ծննդի հետ կապված հիմնական սովորույթներից բացի գոյություն ունեն նաև լրացուցիչ այլ սովորույթներ։ Որտեղի՞ց են դրանք սկիզբ առել, թերևս, հարցնեք։ Շատերը, ովքեր ցանկանում են հարազատ մնալ Աստվածաշնչին, ընդունում են, որ սովորույթների մի մասը պարզապես ացտեկական ծեսեր են։ Մեխիկոյի «Ունիվերսալ» լրագրի համարներից մեկում հետևյալ մեկնաբանությունն էր տրվել. «Տարբեր կարգի կուսակրոնականներ նկատել են, որ հնդկացիների ծիսական տոնացույցը համընկնում է կաթոլիկական պատարագների տոնացույցին, ուստի նրանք օգտագործել են այն, իրենց ավետարանչական ու միսիոներական աշխատանքն առաջ տանելու համար։ Նախաիսպանական ժամանակներից ի վեր երկրպագության արժանացած աստվածությունների հիշատակաց տոները նրանք փոխարինեցին քրիստոնեական սրբությունների տոնակատարություններով, ներմուծեցին եվրոպական տոներ ու սովորույթներ՝ ընդգրկելով նաև հնդկացիների տոնակատարություններ։ Դա հանգեցրեց մշակութային սինկրետիզմի, ինչով էլ բացատրվում է բուն մեքսիկական արտահայտությունների ծագումը» («El Universal»)։

«Ամերիկյան հանրագիտարանը» բացատրում է. «Սուրբ Ծննդյան ներկայացումները սկզբնական շրջանում դարձան դրա տոնակատարության մի մասը.... Ենթադրվում է, որ եկեղեցում մսուրի բեմականացման արարողությունների հիմքը դրել է սբ. Ֆրանցիսկոն։ Քրիստոսի ծննդի մասին պատմող այդ ներկայացումները եկեղեցիներում սկսել էին կազմակերպվել Մեքսիկայի գաղութացման սկզբներին ֆրանցիսկյան վանականների կողմից՝ հնդկացիներին Սուրբ Ծննդի մասին ուսուցանելու նպատակով։ Ավելի ուշ «պոսադաս»–ը ավելի հանրահայտ դարձավ։ Ինչ իմաստ էլ որ փորձած լինեն դնել «պոսադաս»–ի մեջ, այն անցկացնելու ձևն արդեն իսկ վկայում է նրա մասին։ Եթե այդ տոներին Մեքսիկայում լինեք, կարող եք տեսնել և զգալ այն, ինչի մասին «Ունիվերսալ»–ի թղթակիցներից մեկը գրել է. ««Պոսադաս»–ը, որը մեզ մի ժամանակ հիշեցնում էր այն մասին, թե ինչպես էին Հիսուսի ծնողները ճամփորդել ու Երեխա Աստծո ծնվելու համար մի ծածկ փնտրել, այսօր ընդամենը հարբեցողության, շատակերության, դատարկաբանությունների, անկարգությունների և ավելի ու ավելի շատ հանցագործությունների առիթ է»։

«Նասիմիենտո»–ի գաղափարը երևան եկավ Մեքսիկայի գաղութացման շրջանում եկեղեցիներում կազմակերպվող ներկայացումներից։ Ու թեև ոմանք հափշտակությամբ են դիտում այդ ներկայացումները, արդյո՞ք դրանք ճշգրտորեն են ներկայացնում Աստվածաշնչի պարունակած տեղեկությունները։ Սա շատ կարևոր հարց է։ Երբ այսպես կոչված երեք մոգ–​թագավորները, որոնք իրականում աստղագուշակներ էին (մոգեր՝ ըստ ԷԹ–ի), այցելեցին, Հիսուսն ու նրա ծնողներն այլևս կենդանիների փարախում չէին։ Նրա ծնվելուց հետո արդեն որոշ ժամանակ էր անցել, և նրանք ապրում էին տան մեջ։ Այս հետաքրքիր մանրամասնության մասին կարող եք կարդալ Մատթէոսի ավետարանի 2–րդ գլխի 1 և 11 համարներում։ Նաև ուշադրություն դարձրեք, որ Աստվածաշնչում չի ասվում, թե աստղագուշակները քանի՛ հոգի էին։a

Լատինական Ամերիկայում երեք մոգ–​թագավորներով փոխարինված է Սանտա Կլաուսը (Ձմեռ պապը)։ Եվ ինչպես այլ երկրներում, այստեղ էլ ծնողները սովորաբար տանը խաղալիքներ են թաքցնում։ Հունվարի 6–ի առավոտյան երեխաները փնտրում են այդ նվերները՝ կարծելով, թե դրանք երեք մոգ–​թագավորներն են բերել։ Սա շատ շահավետ ժամանակ է խաղալիքների վաճառքով զբաղվողների համար, և ոմանք կարողություններ են դիզել շնորհիվ դրա՝ մի բանի, ինչը շատերը բացահայտորեն համարում են երևակայության արգասիք։ Երեք մոգ–​թագավորների մասին առասպելը գնալով կորցնում է վստահությունը բավականին մեծ թվով մարդկանց, և նույնիսկ փոքր երեխաների մոտ։ Ու թեև ոմանք դժգոհում են, որ այդ առասպելը կորցնում է իր երկրպագուներին, սակայն ի՞նչ կարելի է ակնկալել երևակայությունից, որը ծնունդ է առնում զուտ ավանդույթները պահպանելու մղումից և առևտրական շահերից։

Առաջին քրիստոնյաները չեն տոնել Սուրբ Ծնունդ կոչվող տոնը։ Մի հանրագիտարանում դրա մասին հետևյալն է ասվում. «Քրիստոնեական եկեղեցին առաջին մի քանի դարերի ընթացքում չի տոնել այս տոնը, քանի որ քրիստոնեության մեջ հիմնականում նշվում էր հանրահայտ մարդկանց մահը, ոչ թե՝ ծնունդը»։ Աստվածաշունչը ծննդյան օրերը տոնելը կապում է հեթանոսների հետ, ոչ թե Աստծո ճշմարիտ երկրպագուների (Մատթէոս 14։6–10)։

Սա, իհարկե, չի նշանակում, որ չարժե իմանալ և հիշել Աստծո Որդու ծննդյան հետ կապված իրական դեպքերը։ Աստվածաշնչի փաստացի տեղեկությունները կարևոր հասկացողություն և դաս են տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կատարել Աստծո կամքը։

Ինչ է ասում Աստվածաշունչը Հիսուսի ծննդյան վերաբերյալ

Հիսուսի ծննդյան մասին հուսալի տեղեկություն կարելի է գտնել Մատթեոսի և Ղուկասի ավետարաններում։ Այս գրավոր հաղորդագրություններից իմանում ենք, որ Գաբրիել հրեշտակը Գալիլեայի Նազարեթ քաղաքում հայտնվում է Մարիամ անունով մի չամուսնացած օրիորդի։ Ինչ լուրո՞վ։ «Ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես,— ասում է նրան։— Նա մեծ կը լինի եւ Բարձրեալի որդի կը կոչուի։ Եւ Տէր Աստուած նրան կը տայ նրա հօր՝ Դաւթի աթոռը, եւ նա յաւիտեան կը թագաւորի Յակոբի տան վրայ, ու նրա թագաւորութիւնը վախճան չի ունենայ» (Ղուկաս 1։31–33)

Մարիամին այդ լուրը մեծ զարմանք է պատճառում. չէ՞ որ նա ամուսին դեռ չուներ. «Ինչպէ՞ս այդ կը պատահի ինձ,— ասում է նա,— քանի որ ես տղամարդ չեմ ճանաչում»։ Հրեշտակը պատասխանում է նրան. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի»։ Հասկանալով, որ դա Աստծո կամքն է՝ Մարիամը պատասխանում է. «Ահաւասի՛կ ես մնում եմ Տիրոջ աղախինը, թող քո խօսքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1։34–38)։

Հրեշտակը Մարիամի հրաշքով հղիանալու մասին տեղեկացնում է նաև Հովսեփին, որպեսզի նա չհրաժարվի Մարիամից (ինչն, ի դեպ, մտադիր էր անելու, երբ իմացել էր նրա հղիության մասին)։ Այդ տեղեկությունը ստանալուց հետո Հովսեփը կամեցավ իր վրա վերցնել Աստծո Որդու խնամքը (Մատթէոս 1։18–25)։

Օգոստոս կայսեր կողմից հետագայում հրաման է դուրս գալիս, որ բոլորը մարդահամար անցնեն, այսինքն գրանցվեն՝ յուրաքանչյուրն իր նախահայրերի քաղաքում, ուստի Հովսեփն ու Մարիամը ստիպված են լինում Գալիլեայի Նազարեթ քաղաքից ուղևորվել դեպի Հուդայի Բեթլեհեմ։ «Երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մէջ, որովհետեւ իջեւանում նրանց համար տեղ չկար» (Ղուկաս 2։1–7)։

Ղուկաս 2։8–14-ում նկարագրվում է, թե ինչ է տեղի ունենում հետո։ «Այդ շրջանում բացօթեայ բնակուող հովիւներ կային, որոնք իրենց հօտերի գիշերային պահպանութիւնն էին անում։ Եւ Տիրոջ հրեշտակը երեւաց նրանց, Տիրոջ փառքը ծագեց նրանց շուրջը, ու նրանք սաստիկ վախեցան։ Եւ հրեշտակը ասաց նրանց. «Մի՛ վախեցէ՛ք, որովհետեւ ահա ձեզ մեծ ուրախութիւն եմ աւետում, որը ամբողջ ժողովրդինը կը լինի. որովհետեւ այսօր Դաւթի քաղաքում ձեզ համար ծնուեց մի Փրկիչ, որ օծեալ Տէրն է։ Եւ սա՛ ձեզ համար նշան կը լինի. խանձարուրով փաթաթած եւ մսուրի մէջ դրուած մի մանուկ կը գտնէք»։ Եւ յանկարծակի այդ հրեշտակի հետ երեւաց երկնային զօրքերի մի բազմութիւն, որ օրհնում էր Աստծուն ու ասում. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ»»։

Աստղագուշակները

Մատթեոսի ավետարանը տեղեկացնում է, որ արևելքից մոգեր («աստղագուշակներ», ՆԱ) են գալիս Երուսաղեմ, փնտրելով այն վայրը, որտեղ ծնվել էր հրեաների Թագավորը։ Այս հարցով խիստ հետաքրքրվում է նաև Հերովդես թագավորը, սակայն՝ ոչ բարի միտումներով։ Եվ նա, «նրանց Բեթլեհէմ ուղարկելով՝ [ասում է]. «Գնացէ՛ք ստոյգ իմացէք մանկան մասին եւ երբ գտնէք, տեղեկացրէ՛ք ինձ, որպէսզի ես էլ գնամ երկրպագեմ նրան»»։ Աստղագուշակները գտնում են մանկանը և «բանալով իրենց գանձատուփերը՝ նրան նուէրներ են մատուցում՝ ոսկի, կնդրուկ եւ զմուռս»։ Սակայն այլևս Հերովդեսի մոտ չեն վերադառնում։ Մատթեոսը գրում է, որ աստղագուշակները «երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հէրովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը»։ Աստված հրեշտակի միջոցով Հովսեփին զգուշացնում է Հերովդեսի մտադրության մասին։ Ուստի, Հովսեփն ու Մարիամը իրենց որդու հետ միասին փախչում են Եգիպտոս։ Իսկ դաժան Հերովդեսը, նոր Թագավորին վերացնելու նպատակով, հրամայում է կոտորել Բեթլեհեմի տարածքի բոլոր տղա երեխաներին։ Ո՞ր երեխաներին։ Որոնք երկու տարեկան էին և դրանից ցածր (Մատթէոս 2։1–16)։

Ի՞նչ ենք իմանում աստվածաշնչյան այս պատմությունից

Քանի հոգի էլ որ եղած լինեին Հիսուսին տեսնելու եկած աստղագուշակները, նրանք ճշմարիտ Աստծո երկրպագուները չէին։ Աստվածաշնչի «La Nueva Biblia Latinoamérica» (1989–ի հրատարակչություն) իսպաներեն թարգմանության մեջ տողատակի ծանոթագրությունում նշվում է. «Մոգերը թագավորներ չէին, այլ բախտագուշակներ ու հեթանոսաց կրոնի քրմեր»։ Նրանք այդ ողջ ճանապարհն անցել էին, կողմնորոշվելով աստղերով, որոնց նրանք երկրպագում էին։ Եթե Աստված կամեցած լիներ նրանց առաջնորդել մանկան մոտ, ապա անմիջապես կբերեր երեխայի գտնվելու ճիշտ վայրը, ու կարիք չէր լինի սկզբում Երուսաղեմ և Հերովդեսի պալատը գնալու։ Սակայն հետագայում Աստված իսկապես միջամտեց և երեխային պաշտպանելու համար փոխեց նրանց բռնած ճանապարհը։

Աստվածաշնչի այս տեղեկությունները Սուրբ Ծննդյան տոների ընթացքում ներկայացվում են խորհրդավոր ու երևակայությամբ հարուստ երանգներով, որով ստվեր է նետվում ամենակարևոր իրողության վրա. այդ մանուկը, ինչպես հայտարարվել էր Մարիամին ու հետագայում սարերում գտնվող հովիվներին, ծնվել էր հզոր Թագավոր լինելու համար։ Այնպես որ, Հիսուս Քրիստոսն այսօր այլևս նորածին մանուկ կամ փոքր երեխա չէ։ Նա այսօր արդեն իշխող Թագավորն է Աստծո Թագավորության, որը շուտով վերացնելու է Աստծո կամքին հակառակվող բոլոր կառավարությունները և լուծելու է մարդկության բոլոր խնդիրները։ Դա հենց այն Թագավորությունն է, որի համար մենք խնդրում ենք Տերունական աղոթքում (Դանիէլ 2։44; Մատթէոս 6։9, 10)։

Հրեշտակների կողմից հովիվներին ուղղված խոսքերից իմանում ենք, որ փրկության հնարավորությունը բաց է բոլոր նրանց համար, ովքեր կամենում են լսել բարի լուրը։ «Հաճութի՜ւն՝ մարդկանց մէջ» խոսքերը վերաբերում են նրանց, ովքեր Աստծո հաճությանն են արժանանում։ Հիսուս Քրիստոսի իշխանության ներքո ողջ աշխարհում խաղաղություն հաստատելու չքնաղ հեռանկարը կա, սակայն մարդիկ նախ պետք է ցանկանան կատարել Աստծո կամքը։ Արդյո՞ք Սուրբ Ծննդյան տոները նպաստում են դրան և արդյո՞ք արտացոլում են մարդկանց այդ ցանկությունը։ Շատ անկեղծ մարդկանց համար, ովքեր ցանկանում են հետևել Աստվածաշնչի սկզբունքներին, պատասխանն ակներև է (Ղուկաս 2։10, 11, 14)։

[ծանոթագրություններ]

a Չի կարելի անտեսել մեկ այլ մանրամասնություն ևս։ Մեքսիկական «նասիմիենտո»–ում մանուկը կոչվում է «Երեխա Աստված», նկատի ունենալով այն, որ ինքն Աստված է երեխայի տեսքով եկել աշխարհ։ Սակայն Աստվածաշունչը Հիսուսին կոչում է Աստծո Որդի, որը ծնվել էր երկրի վրա։ Նա Աստված չէր և հավասար չէր Եհովային՝ Ամենակալ Աստծուն։ Այս ճշմարտացի փաստերը կարող եք գտնել Ղուկասի ավետարանի 1։35 և Հովհաննեսի ավետարանի 3։16; 5։37; 14։1, 6, 9, 28; 17։1, 3; 20։17 համարներում։

[4–րդ էջի վրայի շրջանակը]

Ոմանք կզարմանան

Իր՝ «Սուրբ Ծննդյան խնդիրը» գրքում Թոմ Ֆլինը գրում է, թե ինչ եզրակացության է հանգել տարիներ շարունակ իր կատարած հետազոտություններից հետո.

«Ներկայիս Սուրբ Ծննդին ուղեկցող անթիվ–​անհամար սովորույթների արմատները գալիս են նախաքրիստոնեական, հեթանոսական ավանդույթներից։ Դրանց որոշ մասը հասարակական, սեռային կամ տիեզերաբանական երանգներ ունեն, ինչը կրթված ու մշակութային առումով հասուն մեր ժամանակակիցներին մղում է մերժել այդ սովորույթները, երբ հասկանում են, թե ինչ աղբյուրներից են սկիզբ առնում դրանք» («The Trouble With Christmas», էջ 19)։

Բազմաթիվ ապացույցներ բերելուց հետո Ֆլինը վերադառնում է բուն թեմային. «Այսպիսով կանգնում ենք մի մեծ պարադոքսի առջև՝ Քրիստոսի Ս. Ծնունդը միայն չնչին չափով առնչություն ունի Քրիստոսի հետ։ Եթե մի կողմ դնենք այս տոնի նախաքրիստոնեական տարրերը, ապա մնացածի մեծ մասը իրենց ծագումով ոչ թե քրիստոնեական են, այլ՝ ետ քրիստոնեական» (էջ 155)։

[նկար 7–րդ էջի վրա]

Հիսուսի ծննդյան լուրն օգնում է հասկանալ նրա ապագա դերը՝ որպես Աստծո կողմից ընտրված Թագավորի։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը