Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 12/15 էջ 4–7
  • Ինչպես պետք է հիշել Հիսուս Քրիստոսին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպես պետք է հիշել Հիսուս Քրիստոսին
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Իդեալական տոն խրախճանքի և առևտրի համար
  • Մեզ համար մի մանուկ ծնվեց
2004 Դիտարան
w04 12/15 էջ 4–7

Ինչպես պետք է հիշել Հիսուս Քրիստոսին

Հիսուս Քրիստոսը «անշուշտ, երբևիցե ապրած ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է» («The World Book Encyclopedia»)։

ՄԵԾ մարդկանց սովորաբար հիշում են նրանց գործերի համար։ Այդ դեպքում ինչո՞ւ է շատերի մտքում տպավորվել Հիսուսի ծնունդը և ոչ թե նրա կատարած գործը։ Քրիստոնեական աշխարհին պատկանող մարդիկ մեծամասամբ կարող են պատմել Հիսուսի ծննդյան հետ կապված դեպքերը։ Սակայն քանի՞սն են հիշում Լեռան քարոզում նրա սովորեցրած վեհ ճշմարտությունները և ջանք թափում կիրառել դրանք։

Ինչ խոսք, Հիսուսի ծնունդը նշանակալից իրադարձություն էր։ Բայց առաջին աշակերտների համար շատ ավելի կարևոր էին նրա գործերը և ուսուցումները։ Աստված, անշուշտ, երբեք նպատակ չի ունեցել, որ Քրիստոսի ծննդին ավելի մեծ նշանակություն տրվի, քան հասուն տարիքում նրա ապրած կյանքին։ Մինչդեռ Սուրբ Ծնունդը ստվեր է գցել Քրիստոսի անձնավորության վրա և պատել Ծննդյան առասպելների տիղմով։

Անհանգստություն է. պատճառում նաև այն, թե ինչ ոգի է տիրում Սուրբ Ծննդի ժամանակ։ Եթե Հիսուսն այսօր երկիր վերադառնար, ձեր կարծիքով՝ ի՞նչ կմտածեր Ծննդյան տոների առևտրական մթնոլորտի մասին։ Երկու հազար տարի առաջ, այցելելով Երուսաղեմի տաճարը, Հիսուսը խիստ զայրացավ՝ տեսնելով, որ դրամափոխներն ու առևտրականները շահ են ստանում հրեաների կրոնական տոնից։ «Դորանց վեր առէք այստեղից,— ասաց նա,— իմ Հօր տունը մի շինէք առուտուրի տուն» (Յովհաննէս 2։13–16)։ Պարզ է, որ Հիսուսը չէր ողջունում առևտուրը կրոնին միախառնելու միտքը։

Իսպանիայում բազմաթիվ կաթոլիկներ իրենց մտահոգությունն են արտահայտում այն կապակցությամբ, որ Ծննդյան տոնը գնալով ավելի ու ավելի կոմերցիոն բնույթ է ստանում։ Բայց այդ բանն անխուսափելի է թվում, երբ հաշվի ենք առնում, թե ինչ արմատներ ունեն Սուրբ Ծննդի հետ կապված շատ սովորույթներ։ Լրագրող Խուան Արիասը նշում է. «Այն քրիստոնյաները, ովքեր քննադատում են Սուրբ Ծննդի «հեթանոսացվելը» և այդ տոնը զվարճությանն ու առևտրին նվիրելը, սովորաբար տեղյակ չեն, որ իր ծագման օրվանից անգամ այն.... արդեն բազմաթիվ բաներ էր որդեգրել Հռոմում նշվող [արևի] հեթանոսական տոնից» («El País», 24 դեկտեմբերի, 2001)։

Վերջին տարիներին բազմաթիվ հանրագիտարաններում, ինչպես նաև հոդվածներում խոսվում է Սուրբ Ծննդի ավանդական տոնի հեթանոսական ծագման և այդ ժամանակ տիրող առևտրական մթնոլորտի մասին։ Իսկ տոնի ամսաթվի վերաբերյալ մի հանրագիտարանում բացահայտորեն ասվում է. «Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշեց այդ օրը նշանակել որպես [Սուրբ Ծննդի] ամսաթիվ ըստ երևույթին այն պատճառով, որ հակված էր հեթանոսական տոները ներկայացնել իբրև քրիստոնեական։ .... Հայտնի է, որ այն ժամանակ Հռոմում հեթանոսները սրբացնում էին դեկտեմբերի 25–ը՝ որպես «անպարտելի արևի» («natalis invicti») ծննդյան տոն» («Enciclopedia de la Religión Católica»)։

Նմանապես, մեկ ուրիշ հանրագիտարանում ասվում է. «Այն, որ Ծննդյան տոնը նշվում է դեկտեմբերի 25–ին, ոչ թե ճշգրիտ ժամանակագրական հաշվարկների արդյունք է, այլ ձմեռային արևադարձին նվիրված հռոմեական տոների քրիստոնեացման» («Enciclopedia Hispánica»)։ Իսկ ինչպե՞ս էին հռոմեացիները տոնում արևի ծայգը ձմեռային երկնքում։ Խնջույքներով, խրախճանքով և նվերներ փոխանակելով։ Քանի որ եկեղեցու գլուխները չցանկացան վերացնել նման սիրված տոնակատարությունը, նրանք «քրիստոնեացրին» այն և արևի ծննդյան օրվա փոխարեն՝ անվանեցին Հիսուսի ծննդյան օր։

Սկզբնական շրջանում՝ չորրորդ և հինգերորդ դարերում, մարդիկ դժվարությամբ էին հրաժարվում արևի երկրպագությանը նվիրված տոներից ու ավանդույթներից։ Ուստի կաթոլիկության «սրբերից» մեկը՝ Օգոստինոսը (մ.թ. 354–430 թթ.), իրեն պարտավորված էր զգում քաջալերել հավատացյալներին դեկտեմբերի 25–ը չտոնել այնպես, ինչպես արևին մեծարող հեթանոսները։ Հին հռոմեական այդ տոնի ազդեցությունը զգալի է նույնիսկ մեր օրերում։

Իդեալական տոն խրախճանքի և առևտրի համար

Դարերի ընթացքում մի քանի վճռորոշ գործոնների ազդեցությամբ Սուրբ Ծնունդը դարձավ ամենահայտնի միջազգային տոնը՝ խրախճական և շահութաբեր։ Այլ երկրներում, հատկապես Եվրոպայի հյուսիսում նշվող ձմեռային տոնակատարությունները աստիճանաբար նմանեցվեցին հռոմեական տոնին։a Իսկ 20–րդ դարում առևտրականներն ու շուկայավարման ոլորտի մասնագետները եռանդուն կերպով քաջալերում էին ցանկացած այնպիսի սովորություն, որը կարող էր մեծ շահույթ բերել։

Ի՞նչ հետևանքներ ունեցավ այս ամենը։ Քրիստոսի ծնունդը տոնելու ձևը ավելի կարևոր դարձավ, քան այդ ծննդի նշանակությունը։ Շատ դեպքերում Սուրբ Ծննդի ավանդական տոնակատարությունների ժամանակ Քրիստոսն անգամ չի հիշատակվում։ «[Սուրբ Ծնունդը] ընտանեկան բնույթ կրող համաշխարհային տոն է, և յուրաքանչյուր ոք նշում է այն, ինչպես որ հարմար է գտնում»,— ասվում է իսպանական մի թերթում («El País»)։

Այս մեկնաբանությունը արտացոլանքն է այն երևույթի, որը գնալով ավելի ու ավելի նկատելի է դառնում ինչպես Իսպանիայում, այնպես էլ բազմաթիվ ուրիշ երկրներում։ Մինչ Ծննդյան տոնակատարությունը ավելի ճոխ տեսք է ստանում, Քրիստոսի մասին գիտությունը նվազում է։ Մեծամասամբ, Սուրբ Ծնունդը վերստին ձեռք է բերել հռոմեական տոնին բնորոշ գծերը՝ խնջույքները, խրախճանքը և նվերների փոխանակումը։

Մեզ համար մի մանուկ ծնվեց

Եթե Սուրբ Ծննդի ավանդական տոնը քիչ ընդհանրություն ունի Քրիստոսի հետ, ուրեմն ինչպե՞ս պետք է ճշմարիտ քրիստոնյաները հիշեն նրա ծնունդն ու կյանքը։ Քրիստոսի ծնվելուց յոթ դար առաջ Եսայիա մարգարեն նրա մասին կանխագուշակել էր. «Մեզ համար մի մանուկ ծնուեցաւ, մեզ մի որդի տրուեցաւ, եւ իշխանութիւնը կ’լինի նորա ուսի վերայ» (Եսայիա 9։6)։ Ինչո՞ւ էր Եսայիան ասում, որ Հիսուսի ծնունդը, ինչպես նաև հետագայում նրա խաղացած դերը մեծ կարևորություն կունենան։ Որովհետև Հիսուսը հզոր ղեկավար էր դառնալու։ Նա կոչվելու էր Խաղաղության իշխան։ Ո՛չ նրա իշխանությունը, ո՛չ էլ նրա օրերում տիրող խաղաղությունը վերջ չէին ունենալու։ Ավելին, Հիսուսի կառավարումը ամրապնդվելու էր «իրաւունքով եւ արդարութիւնով» (Եսայիա 9։7)։

Եսայիայի այս խոսքերին ներդաշնակ միտք էր արտահայտել Գաբրիել հրեշտակը, երբ Մարիամին հայտնել էր Հիսուսի ծննդյան մասին։ «Նա մեծ կ’լինի, եւ Բարձրեալի Որդի կ’կոչուի. եւ Տէր Աստուածը նորա Դաւիթ հօր աթոռը կ’տայ նորան. եւ նա յաւիտեան կը թագաւորէ Յակոբի տան վերայ. եւ նորա թագաւորութեանը վերջ չի լինիլ»,— կանխագուշակել էր հրեշտակը (Ղուկաս 1։32, 33)։ Ուրեմն՝ Հիսուսի ծնունդը գլխավորապես կարևոր էր այն բանի համար, թե ինչ գործ էր նա իրականացնելու՝ որպես Աստծո Թագավորության Թագավոր։ Քրիստոսի իշխանությունը կարող է օգուտ բերել բոլորին, այդ թվում նաև ձեզ և ձեր հարազատներին։ Նրա ծննդի վերաբերյալ հրեշտակները ասել էին, որ այն «խաղաղութիւն [կբերի] երկրի վրայ մարդկանց մեջ, որոնց [Աստված] սիրեց» (Ղուկաս 2։14, ԷԹ, տող. ծան.)։

Ո՞վ չի փափագում ապրել մի աշխարհում, որտեղ խաղաղություն և արդարություն է տիրելու։ Որպեսզի կարողանանք վայելել այն խաղաղությունը, որ Քրիստոսի իշխանությունը կբերի երկրին, պետք է ուրախացնենք Աստծուն և լավ փոխհարաբերություններ ունենանք նրա հետ։ Հիսուսն ասել է, որ նման հարաբերություններ հաստատելու համար նախևառաջ հարկավոր է սովորել Աստծո, ինչպես նաև իր մասին. «Սա է յաւիտենական կեանքը, որ ճանաչեն քեզ միայն ճշմարիտ Աստուած. եւ նորան, որ ուղարկեցիր՝ Յիսուսին Քրիստոսին» (Յովհաննէս 17։3)։

Հիսուսի մասին ճշգրիտ գիտելիքներ ստանալուց հետո մեր մեջ այլևս հարց չի մնա, թե ինչպես նա կուզենար, որ հիշեինք իրեն։ Մի՞թե նա կցանկանար, որ իրեն հիշեին ուտելով, խմելով, նվերներ փոխանակելով, ընդ որում՝ հին հեթանոսական ինչ–որ տոնակատարության օրը։ Դա տրամաբանական չէ։ Իր մահվանը նախորդող գիշերը Հիսուսն ասաց իր աշակերտներին, թե ինչը կնախընտրեր. «Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը. եւ ինձ սիրողն իմ Հօրիցը կ’սիրուի. եւ ես կ’սիրեմ նորան, եւ ինձ կ’յայտնեմ նորան» (Յովհաննէս 14։21)։

Եհովայի վկաները ձեռնամուխ են եղել Սուրբ Գրությունների մանրազնին ուսումնասիրությանը, ինչի արդյունքում նրանց հաջողվել է ըմբռնել Աստծո և Հիսուսի պատվիրանները։ Նրանք մեծ հաճույքով կօգնեն ձեզ հասկանալ չափազանց կարևոր այդ պատվիրանները, որպեսզի դուք կարողանաք հիշել Հիսուսին այնպես, ինչպես որ հարկավոր է հիշել։

[ծանոթագրություն]

a Տոնածառը և Ձմեռ պապը (կամ Սանտա Կլաուսը) այս բանի երկու վառ օրինակներն են։

[շրջանակ/նկարներ 6–րդ և 7–րդ էջերի վրա]

Աստվածաշունչը դե՞մ է խնջույքներին ու նվերներ տալուն

Նվերներ

Աստվածաշունչը դրականորեն է արտահայտվում նվերներ տալու մասին։ Անձամբ Եհովայի վերաբերյալ ասվում է, որ նա է «ամեն բարի տուրք, եւ ամեն կատարեալ պարգեւ» Տվողը (Յակոբոս 1։17)։ Հիսուսը նշել է, որ լավ ծնողները նվերներ են տալիս իրենց երեխաներին (Ղուկաս 11։11–13)։ Հոբի ընկերներն ու ընտանիքի անդամները ևս նվերներ տվեցին նրան, երբ նա կազդուրվեց (Յոբ 42։11)։ Այդ նվերները պարգևելու համար տոնական որևէ հատուկ օրվա կարիք չկար։ Դրանք սրտանց էին տրվում (Բ Կորնթացիս 9։7)։

Ընտանեկան հավաքույթներ

Ընտանեկան հավաքույթները կարող են մեծապես նպաստել ընտանիքի անդամների միասնությանը, հատկապես եթե նրանք այլևս չեն ապրում նույն տանիքի տակ։ Հիսուսն ու իր աշակերտները մասնակցել են հարսանեկան մի տոնախմբության, որը տեղի է ունեցել Կանայում։ Անկասկած, դա բավականին մեծ հավաքույթ էր, որին ներկա էին ամուսնացող զույգի հարազատները և նրանց ընկերները (Յովհաննէս 2։1–10)։ Իսկ անառակ որդու մասին Հիսուսի առակում հայրն իր տանը հավաքույթ կազմակերպեց ու երաժշտությամբ և պարերով տոնեց իր որդու վերադարձը (Ղուկաս 15։21–25)։

Համեղ կերակուրներ

Աստվածաշնչում հաճախ է նշվում, որ Աստծո ծառաները համեղ կերակուրներ են վայելել իրենց ընտանիքի անդամների, ընկերների և հավատակիցների հետ։ Օրինակ՝ Աբրահամը, ի պատիվ իրեն այցի եկած երեք հրեշտակների, խնջույք կազմակերպեց, որի ընթացքում մատուցեց հորթի միս, կաթ, կարագ և բոլորակ հացեր (Ծննդոց 18։6–8)։ Իսկ Սողոմոնը ‘ուտելը, խմելը և ուրախանալը’ Աստծո կողմից տրված պարգև անվանեց (Ժողովող 3։13; 8։15)։

Ինչպես տեսնում ենք, Աստված ցանկանում է, որ համեղ կերակուրներ վայելենք մեր հարազատների ու ընկերների հետ, ինչպես նաև հավանություն է տալիս նվերներ պարգևելուն։ Եվ մենք մեծ հնարավորություն ունենք դա անելու ցանկացած ժամանակ՝ ամբողջ տարվա ընթացքում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը