Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 12/15 էջ 3–4
  • Ծնունդ, որի մասին պետք է հիշել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծնունդ, որի մասին պետք է հիշել
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սուրբ Ծնունդը Իսպանիայում
  • «Տարվա ամենաուրախ և ամենաեռուն» շրջանը
  • Սուրբ Ծննդյան սովորույթները որտեղի՞ց են
    2000 Դիտարան
  • Ինչպես պետք է հիշել Հիսուս Քրիստոսին
    2004 Դիտարան
  • Գիտեի՞ք արդյոք
    2010 Դիտարան
  • Ինչո՞ւ ոմանք չեն նշում Սուրբ ծնունդը
    2012 Դիտարան
Ավելին
2004 Դիտարան
w04 12/15 էջ 3–4

Ծնունդ, որի մասին պետք է հիշել

«Այսօր ձեզ Փրկիչ ծնուեցաւ Դաւիթի քաղաքումը. որ է Քրիստոս Տէրը» (Ղուկաս 2։11)։

ՄՈՏ երկու հազար տարի առաջ Բեթլեհեմ քաղաքում մի կին լույս աշխարհ բերեց արու մի զավակ։ Տեղի բնակիչներից քչերն էին պատկերացնում, թե որքան նշանակալից ծնունդ էր դա։ Սակայն մի քանի հովիվներ, որ գիշերը իրենց հոտերի հետ դաշտում էին, տեսան բյուրավոր հրեշտակների և լսեցին նրանց երգեցողությունը. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, եւ երկրի վրա խաղաղութի՜ւն.... մարդկանց մէջ [«որոնց նա սիրեց», տող. ծան.]» (Ղուկաս 2։8–13, 14 ԷԹ)։

Այնուհետև հովիվները գտան Մարիամին ու նրա ամուսին Հովսեփին մի ախոռում, ճիշտ ինչպես հրեշտակներն էին ասել։ Իր նորածին որդուն Մարիամն անվանել էր Հիսուս։ Նա մանուկին դրել էր ախոռում գտնվող մսուրի՝ կերատաշտի մեջ (Ղուկաս 1։31; 2։12)։ Մեր օրերում՝ այս դեպքերից երկու հազար տարի անց, մարդկության գրեթե մեկ երրորդը պնդում է, թե Հիսուս Քրիստոսի հետևորդն է։ Նրա ծննդի հետ կապված դեպքերով սկիզբ է առնում մի պատմություն, որը դարերի ընթացքում շատ ավելի հաճախ է պատմվել, քան ուրիշ որևէ բան։

Իսպանիայում, որը հայտնի է խորապես արմատավորված կաթոլիկական սովորույթներով և ավանդական տոներով, մարդիկ բազմաթիվ ձևերով են հիշում բեթլեհեմյան այդ նշանավոր գիշերը։

Սուրբ Ծնունդը Իսպանիայում

Սկսած 13–րդ դարից՝ Իսպանիայում Հիսուսի ծնունդը ներկայացնող պատկերներն ու քանդակները Ծննդյան տոների անբաժանելի մասն են կազմում։ Շատ ընտանիքներում պատրաստում են Հիսուսի մսուրի փոքրիկ նմուշը։ Այնտեղ տեղադրում են հովիվների, մոգերի («երեք թագավորների»), ինչպես նաև Հովսեփի, Մարիամի ու Հիսուսի կավե արձանիկները։ Իսկ քաղաքապետարանների շենքերի մոտ տոների ընթացքում հաճախ կանգնեցնում են մեծ արձաններ, որոնք գրեթե մարդու չափեր ունեն։ Ամենայն հավանականությամբ, այս սովորությունը սկիզբ է առել Իտալիայում Ֆրանցիսկ Ասսիզցու նախաձեռնությամբ, որը դրանով ցանկանում էր մարդկանց ուշադրությունը հրավիրել Հիսուսի ծննդի ավետարանական նկարագրության վրա։ Հետագայում ֆրանցիսկյան վանականների միջոցով այն տարածվեց նաև Իսպանիայում ու շատ ուրիշ երկրներում։

Ծննդյան տոների ժամանակ Իսպանիայում մեծ տեղ են հատկացնում երեք մոգերին, ինչպես որ Ձմեռ պապին կամ Սանտա Կլաուսին ուրիշ երկրներում։ Իսպանացիների հավատալիքների համաձայն՝ հունվարի 6–ին՝ Թագավորների օրը («Día de Reyes»), մոգերը նվերներ են տալիս երեխաներին, ճիշտ ինչպես, ըստ ավանդության, նվերներ են բերել նորածին Հիսուսին։ Սակայն քչերը գիտեն, որ Ավետարաններում չի նշվում, թե քանի մոգ է այցի եկել Հիսուսին։ Բացի այդ, նրանք թագավորներ չեն եղել, և ավելի ստույգ է նրանց աստղագուշակներ անվանել։a Ավելին, մոգերի այցից հետո Հերովդես թագավորը, ձգտելով սպանել Հիսուսին, հրաման տվեց կոտորել Բեթլեհեմի բոլոր արու երեխաներին՝ «երկու տարեկաններին եւ նորանցից ցածերին»։ Սա նշանակում է, որ մոգերը Հիսուսին այցելել էին նրա ծննդից բավական ժամանակ անց (Մատթէոս 2։11, 16)։

12–րդ դարից ի վեր Իսպանիայի որոշ քաղաքներում մարդիկ բեմականացնում են Հիսուսի ծննդյան հետ կապված դեպքերը՝ ներկայացնելով հովիվների, ինչպես նաև մոգերի այցը Բեթլեհեմ։ Այսօր իսպանական շատ քաղաքներում հունվարի 5–ին անցկացվում են շքերթներ («cabalgata»), որոնց ժամանակ «երեք թագավորները» գեղեցիկ զարդարված, շարժական հարթակների վրա անցնում են քաղաքի կենտրոնով՝ ճանապարհին կոնֆետներ բաժանելով։ Սուրբ Ծննդի ավանդական զարդերն ու երգերը («villancicos») ուրախ տրամադրություն են հաղորդում տոնակատարությանը։

Իսպանական ընտանիքները մեծամասամբ հատուկ ընթրիք են պատրաստում Սուրբ Ծննդի նախօրեին (դեկտեմբերի 24)։ Ավանդական կերակուրներից են՝ տուռոնը (նշով և մեղրով պատրաստվող քաղցրավենիք), մարցիպանը, չիրը, խորոված գառը և ծովային մթերքները։ Ընտանիքի անդամները, նույնիսկ եթե ապրում են հեռավոր վայրերում, սովորաբար հատուկ ջանքեր են գործադրում այդ տոնը միասին անցկացնելու։ Հունվարի 6–ին մեկ ուրիշ ավանդական ճաշ են պատրաստում։ Այդ ժամանակ ուտում են «Թագավորների» օղակաձև թխվածքը («ռոսքոն դե ռեյես»), որի մեջ, որպես անակնկալ («սորփրեզա»), թաքցնում են մի փոքրիկ արձանիկ։ Նմանատիպ սովորույթ գոյություն է ունեցել նաև հռոմեական ժամանակաշրջանում. այն ստրուկը, որի բաժին թխվածքի մեջ գտնվեր արձանիկը, դառնում էր օրվա «թագավորը»։

«Տարվա ամենաուրախ և ամենաեռուն» շրջանը

Անկախ այն բանից, թե Սուրբ Ծննդի հետ կապված ինչ ավանդույթների են հետևում մարդիկ այս կամ այն վայրում՝ այսօր Հիսուսի ծնունդը դարձել է աշխարհի ամենագլխավոր տոնակատարությունը։ «Ուորլդ բուք» հանրագիտարանում (անգլ.) նշվում է, որ Ծննդյան տոնը «տարվա ամենաուրախ և ամենաեռուն շրջանն է միլիոնավոր քրիստոնյաների և որոշ ոչ քրիստոնյաների համար ամբողջ աշխարհում»։ Մի՞թե դա լա՞վ է։

Ինչ խոսք, Քրիստոսի ծնունդը պատմական իրադարձություն էր։ Ինչպես հայտարարել էին հրեշտակները, դա նախապատկերն էր այն բանի, որ ‘խաղաղություն’ կլինի «մարդկանց մէջ, որոնց նա սիրեց». մի հանգամանք, որն ակնհայտորեն ցույց է տալիս, թե որքան նշանակալից ծնունդ էր դա։

Այնուհանդերձ, «քրիստոնեության սկզբնական շրջանում Սուրբ Ծնունդը չէր նշվում իբրև տոն»,— ասում է իսպանացի լրագրող Խուան Արիասը։ Եթե այդպես է, ապա որտեղի՞ց է ծագել Ծննդյան տոնը։ Եվ ո՞րն է Հիսուսի ծնունդն ու կյանքը հիշելու լավագույն ձևը։ Այս հարցերի պատասխանը կգտնեք հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություն]

a Ինչպես նշվում է մի աշխատության մեջ, «պարսիկների, մարերի և քաղդեացիների շրջանում մոգերը քահանայական դաս են կազմել, որը զարկ է տվել ոգեհարցության հետ կապված գիտություններին, աստղագուշակությանն ու բժշկությանը» («La Sagrada Escritura—Texto y comentario por profesores de la Compañía de Jesús»)։ Այնուամենայնիվ, փոքրիկ Հիսուսին այցելած մոգերին միջին դարերում դասեցին սրբերի շարքը և անուններ տվեցին՝ Մելքիոր, Գասպար ու Բաղդասար։ Ասում են, թե այդ մոգերի աճյունները պահվում են Քյոլնի մայր տաճարում (Գերմանիա)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը