Կառավարիչ մարմինը իրավաբանական ա՞նձ է
Փենսիլվանիայի «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերությունը» տարեկան հանդիպումներ է անցկացնում սկսած 1885 թ. հունվարից։ 19–րդ դարի վերջին, երբ օծյալ քրիստոնյաների համախմբումն իր ընթացքի մեջ էր, այս կորպորացիայի տնօրեններն ու պաշտոնյաները երկնային հույս ունեցող քրիստոնյաներ էին։ Եվ այդպես է եղել գրեթե միշտ։
Եղել է ընդամենը մեկ բացառություն։ 1940 թ.–ին Ընկերության տնօրեն ընտրվեց երկրային հույս ունեցող «այլ ոչխարներից» Հեյդեն Քովինգթոնը՝ Ընկերության այն ժամանակվա իրավաբան–խորհրդատուն (Յովհաննէս 10։16)։ Նա 1942 թ.–ից մինչև 1945–ը ծառայեց որպես Ընկերության փոխնախագահ։ Այդ ժամանակ եղբայր Քովինգթոնը դադարեց տնօրենի պարտականությունները կատարելուց, քանզի ենթադրվում էր, որ Փենսիլվանիայի կորպորացիայի բոլոր տնօրենների ու պաշտոնյաների օծյալ քրիստոնյաներ լինելը Եհովայի կամքն է։ Տնօրենների խորհրդում Հեյդեն Քովինգթոնին փոխարինեց Լայման Սուինգըլը, իսկ փոխնախագահ ընտրվեց Ֆրեդերիկ Ֆրանցը։
Ինչո՞ւ էին Եհովայի ծառաները ընդունում, որ Փենսիլվանիայի «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» տնօրեններն ու պաշտոնյաները պետք է օծյալ քրիստոնյաներ լինեին։ Որովհետև այդ ժամանակներում Փենսիլվանիայի կորպորացիայի տնօրենների խորհուրդը և պաշտոնյաները գրեթե նույնացված էին Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի հետ, իսկ այն միշտ բաղկացած է եղել միայն օծյալներից։
Պատմական նշանակություն ունեցող տարեկան հանդիպում
1944 թ.–ին Պիտսբուրգ քաղաքում կայացած տարեկան հանդիպմանը Փենսիլվանիայի կորպորացիայի անդամները վեց ուղղում մտցրեցին կորպորացիայի կանոնադրության մեջ։ Նախկինում քվեարկու բաժնետոմս էր ուղարկվում նրանց, ովքեր Ընկերության գործունեության ֆոնդին գումար էին նվիրաբերում, բայց երրորդ ուղղմամբ դա չեղյալ համարվեց։ Այդ տարեկան հանդիպման մի զեկուցման մեջ նշվում էր. «Ընկերության անդամների թիվը պետք է սահմանափակվի 500–ով... Ընտրվածներից յուրաքանչյուրը պետք է լինի Ընկերության լիաժամ, կամ՝ Եհովայի վկաների ժողովի ոչ լիաժամ ծառայողներից, և նրանում պետք է Տիրոջ ոգին արտացոլվի»։
Դրանից հետո Ընկերության տնօրենների ընտրությանը մասնակցում էին այն անձինք, ովքեր լիովին նվիրված էին Եհովային, անկախ նրանից, թե որքան գումար էին նրանք զոհաբերում Թագավորության շահերին։ Սա համապատասխանում էր աստիճանական այն բարելավումներին, որոնց մասին նախապես հայտնված էր Եսայիա 60։17–րդ (Արևմտ. Աստ.) խոսքում. «Պղինձի տեղ ոսկի պիտի բերեմ, երկաթի տեղ՝ արծաթ, փայտերու տեղ՝ պղինձ, քարերու տեղ՝ երկաթ պիտի բերեմ։ Քու վերակացուներդ խաղաղութիւն պիտի սիրեն, քու իշխաններդ արդարութիւն պիտի ընեն»։ Վկայակոչելով «վերակացուներին» և «իշխաններին»՝ մարգարեությունը մատնացույց էր անում Եհովայի ժողովրդի մեջ կատարվող կազմակերպչական բարելավումներին։
Կազմակերպությունը աստվածապետական կարգի բերելու այս կարևոր քայլն արվեց Դանիէլ 8։14–ում նշված «երկու հազար երեք հարիւր իրիկուն–առաւօտի» ավարտին։ Այդ ժամանակ ‘սրբարանը մաքրվեց’ (Արևմտ. Աստ.)։
Սակայն, 1944 թ. պատմական տարեկան հանդիպումից հետո մի կարևոր հարց անպատասխան մնաց։ Այդ ժամանակ Կառավարիչ մարմինը գրեթե նույնացված էր Փենսիլվանիայի կորպորացիայի յոթ անդամներից բաղկացած տնօրենների խորհրդի հետ։ Արդյոք նշանակո՞ւմ էր դա, որ Կառավարիչ մարմինը չէր կարող յոթ հոգուց ավել օծյալ քրիստոնյաներ ընդգրկել։ Եվ բացի այդ, քանի որ տնօրեններին ընտրում են կորպորացիայի անդամները, նշանակո՞ւմ էր դա, որ վերջիններս ընտրում էին Կառավարիչ մարմնի անդամներին տարեկան հանդիպման ժամանակ։ Փենսիլվանիայի «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» տնօրեններն ու պաշտոնյաները և Կառավարիչ մարմնի անդամները միևնո՞ւյն մարդիկ են, թե՝ տարբեր։
Եվս մեկ անմոռանալի տարեկան հանդիպում
Այս հարցերն իրենց պատասխանը գտան 1971 թ. հոկտեմբերի 1–ին կայացած տարեկան հանդիպմանը։ Այդ առիթով հռետորներից մեկը նշեց, որ «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» կառավարիչ մարմինը գոյություն է ունեցել Փենսիլվանիայի «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերությունից» դեռևս հարյուրավոր տարիներ առաջ (Մատթէոս 24։45–47)։ Կառավարիչ մարմինը կազմավորվել է մ.թ. 33–ի Պենտեկոստեին, Փենսիլվանիայի կորպորացիայի գոյություն ունենալուց ավելի քան 18 դար առաջ։ Սկզբում կառավարիչ մարմինը բաղկացած էր ոչ թե յոթ, այլ տասներկու առաքյալներից։ Եվ ինչպես երևում է, այդ թիվը հետագայում աճեց, քանի որ առաջնորդությունն իրենց վրա էին վերցնում «առաքեալները եւ երէցները» (Գործք 15։2)։
1971 թ.–ին նույն հռետորը բացատրեց, որ «Դիտարան» ընկերության անդամները չեն կարող Կառավարիչ մարմնի օծյալ անդամներին քվեարկության միջոցով ընտրել։ Ինչո՞ւ։ «Որովհետև,— պատասխանեց նա,— «ծառա» դասակարգի կառավարիչ մարմինը չի նշանակվում որևէ մարդու կողմից։ Այն կարգվում է.... ճշմարիտ քրիստոնեական ժողովի գլուխ ու «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» դասակարգի Տեր Հիսուս Քրիստոսի կողմից»։ Ուստի պարզ է դառնում, որ Կառավարիչ մարմնի անդամներին չեն կարող ընտրել որևէ կորպորացիայի անդամներ։
Շարունակելով՝ հռետորը հետևյալ կարևոր հայտարարությունն արեց. «Կառավարիչ մարմինը պաշտոնյաներ չունի, ինչպես Ընկերության տնօրենների խորհուրդը, այսինքն՝ այնտեղ չկա նախագահ, փոխնախագահ, քարտուղար–գանձապահ և նրա օգնականը։ Այն ընդամենը նախագահող ունի»։ Երկար տարիներ Փենսիլվանիայի կորպորացիայի նախագահը միևնույն ժամանակ եղել էր Կառավարիչ մարմնի ղեկավար անդամ։ Բայց այդ ժամանակվանից ամեն ինչ փոխվեց։ Կառավարիչ մարմնի անդամներին հանձնվեցին հավասար պարտականություններ, որքան էլ որ նրանք միմյանցից տարբեր էին իրենց ունեցած փորձով ու ընդունակություններով։ Ելույթ ունեցողն ավելացրեց. «Կառավարիչ մարմնի ցանկացած անդամ կարող է լինել նրա նախագահողը՝ չլինելով միևնույն ժամանակ Ընկերության... նախագահը...։ Նախագահողը նշանակվում է Կառավարիչ մարմնի անդամներից՝ հերթական կարգով»։
1971 թ. այդ անմոռանալի տարեկան հանդիպման ժամանակ պարզ դարձավ Կառավարիչ մարմնի՝ ոգով օծված անդամների, և Փենսիլվանիայի կորպորացիայի տնօրենների միջև տարբերությունը։ Այնուամենայնիվ, Կառավարիչ մարմնի անդամները շարունակեցին ծառայել որպես Ընկերության տնօրեններ և պաշտոնյաներ։ Սակայն այսօր մեկ այլ հարց է ծագում. Գոյություն ունի՞ սուրբգրային հիմք, ըստ որի Փենսիլվանիայի «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» տնօրենները պիտի անպայման լինեն Կառավարիչ մարմնի անդամներ։
Ոչ, նման հիմք չկա։ Փենսիլվանիայի կորպորացիան միակ իրավաբանական մարմինը չէ, որից օգտվում են Եհովայի վկաները։ Ուրիշներն էլ կան։ Դրանցից մեկը «Նյու Յորքի Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերությունն» է։ Այն օգնում է Միացյալ Նահանգներում տարվող մեր գործունեությանը։ Անկասկած, այս կորպորացիան ունի Եհովայի օրհնությունները, թեև նրա տնօրեններն ու պաշտոնյաները հիմնականում «այլ ոչխարներից» են։ Բրիտանիայում գործում է «Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միությունը»։ Ուրիշ երկրներում էլ ուրիշ իրավաբանական մարմիններ են գործում՝ աջակցելու Թագավորության շահերին։ Նրանք բոլորը համագործակցում են և իրենց հատուկ դերն ունեն աշխարհով մեկ բարի լուրի հռչակման գործում։ Անկախ նրանից, թե որտեղ են դրանք գտնվում կամ ովքեր են նրանց տնօրեններն ու պաշտոնյաները, կարևորն այն է, որ այդ իրավաբանական մարմինները Կառավարիչ մարմնի հետ համագործակցում են աստվածապետական կարգով։ Հետևաբար, իրավաբանական այդպիսի մարմինները հանձնարարություններ են ստանում՝ ի նպաստ Թագավորության շահերի։
Իրավաբանական մարմիններ ունենալը շատ օգտակար է։ Դրա շնորհիվ մենք գործում ենք տեղի և պետական օրենքներին համաձայն, ինչպես որ Աստծո Խոսքում է պահանջվում (Երեմիա 32։11; Հռովմայեցիս 13։1)։ Իրավաբանական մարմինները հեշտացնում են Աստվածաշնչերի, գրքերի, պարբերագրերի, գրքույկների և ուրիշ հրատարակությունների տպագրումը՝ այդպիսով աջակցելով Թագավորության բարի լուրի տարածմանը։ Բացի այդ, այս մարմինները ծառայում են որպես իրավաբանական գործիք այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ սեփականության իրավունքները, աղետյալներին օգնություն հասցնելը, համաժողովների անցկացման համար սրահներ վարձելը և այլն։ Մենք շնորհակալ ենք նման իրավաբանական մարմինների ծառայության համար։
Մեծ նշանակություն է տրվում Եհովայի անվանը
1944 թ.–ին Փենսիլվանիայի «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» կանոնադրության 2–րդ հոդվածում ուղղում մտցվեց՝ այս կորպորացիայի նպատակներն ընդգծելու համար։ Կանոնադրության համաձայն Ընկերության գերագույն նպատակը հետևյալն է. «Հիսուս Քրիստոսի առաջնորդությամբ քարոզել Աստծո Թագավորության ավետարանը բոլոր ազգերին՝ ի վկայություն Ամենակալ Աստված ԵՀՈՎԱՅԻ անվան, խոսքի և գերիշխանության»։
1926 թ.–ից ի վեր ‘հավատարիմ ծառան’ Եհովայի անվանը մեծ նշանակություն է տվել։ Հատկանշական էր 1931 թ.–ը, երբ Աստվածաշունչ ուսումնասիրողները ընդունեցին Եհովայի վկաներ անունը (Եսայիա 43։10–12)։ Ընկերության՝ Եհովայի անվան նշանակությունն ընդգծող հրատարակություններից էին «Եհովա» (1934), «Սուրբ լինի քո անունը» (1961) և ««Ազգերը կիմանան, որ Ես եմ Եհովան». Ինչպե՞ս» (1971) գրքերը։
Արժե նաև նշել «Սուրբ գրությունների Նոր աշխարհ թարգմանությունը», որն անգլերեն լեզվով ամբողջովին հրատարակվել է 1960–ին։ Այն պարունակում է Եհովայի անունը բոլոր այն տեղերում, ուր Եբրայերեն գրության մեջ հանդիպում ենք Աստծո անվան քառագրությանը։ Աստծո անունը 237 անգամ հանդիպում է նաև այս թարգմանության քրիստոնեական Հունարեն գրությունների այն տեղերում, որտեղ որ ըստ մանրազնին հետազոտությունների՝ դրանք պետք է լինեն։ Անչափ երախտապարտ ենք, որ տարբեր կերպերով Եհովան թույլ է տվել «ծառա» դասակարգին և նրա Կառավարիչ մարմնին օգտագործել իրենց հրատարակչական միջոցներն ու իրավաբանական մարմինները՝ համայն աշխարհին ճանաչեցնելու Իր անունը։
Աջակցություն՝ Աստծո Խոսքի տարածմանը
Եհովայի ժողովուրդը միասնականորեն վկայել է նրա անվան մասին և պաշտպանել նրա Խոսքը՝ միլիոնավոր աստվածաշնչյան օժանդակ գրականություն, և հենց Աստվածաշունչ հրատարակելով և տարածելով։ 1900 թ. սկզբներին «Դիտարան» ընկերությունը հեղինակային իրավունք ստացավ «The Emphatic Diaglott»–ի՝ Բենյամին Ուիլսոնի քրիստոնեական Հունարեն գրությունների հունարեն–անգլերեն տողացի թարգմանության հրատարակման համար։ Աստվածաշունչ ուսումնասիրողները հրատարակեցին «King James Version» թարգմանությունը, որն ընդգրկում էր նաև 500 էջանոց առդիր։ 1942 թ.–ին «King James Version»–ը տպագրվեց լուսանցքի ծանոթագրություններով։ Այնուհետև, 1944–ին Ընկերությունը տպեց 1901 թ. հրատարակության «American Standard Version» տարբերակը, որտեղ օգտագործված էր Աստծո անունը։ Եհովա անունը կար նաև Սթեֆըն Բայինգթոնի «The Bible in Living English» թարգմանության մեջ, որն Ընկերությունը հրատարակեց 1972 թ.–ին։
Եհովայի վկաների օգտագործած իրավաբանական մարմինների աջակցությամբ կատարվեցին Աստվածաշնչի այս բոլոր թարգմանությունների հրատարակման ու տարածման աշխատանքները։ Ամենանշանավորը, սակայն, եղել է «Դիտարան» ընկերության սերտ համագործակցությունը Եհովայի օծյալ վկաների խմբի հետ, որը կազմում էր Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության կոմիտեն։ Ուրախալի է իմանալ, որ այժմ արդեն 38 լեզուներով, ամբողջովին կամ մասամբ, տպագրվել է այս թարգմանության 106 400 000 օրինակ։ Փենսիլվանիայի «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերությունը» իրոք որ աստվածաշնչյան ընկերություն է։
‘Հավատարիմ ծառան’ կարգվել է ‘Տիրոջ ամբողջ ունեցվածքի վրա’։ Դրա մեջ են մտնում Նյու Յորք նահանգում (ԱՄՆ) գտնվող վարչական կենտրոնը և աշխարհի տարբեր երկրներում գործող 110 մասնաճյուղերը։ Ծառա դասակարգի անդամները գիտեն, որ հաշիվ պետք է տան, թե ինչպես են տնօրինել իրենց վստահվածը (Մատթէոս 25։14–30)։ Սակայն դա չի խանգարում «ծառային» ‘այլ ոչխարների’ միջից որակյալ եղբայրներին վստահել իրավաբանական և վարչական պատասխանատվություններ։ Այդպես վարվելով՝ Կառավարիչ մարմնի անդամները կարողանում են ավելի շատ ժամանակ նվիրել «աղօթքի եւ խօսքի քարոզութեանը» (Գործք 6։4)։
Քանի դեռ այս աշխարհի պայմանները թույլ են տալիս օգտվել իրավաբանական մարմինների ծառայությունից, Կառավարիչ մարմինը, որը ներկայացնում է «հաւատարիմ եւ իմաստուն ծառային», այդպես կվարվի։ Դա հարմար է, թեև՝ ոչ պարտադիր։ Եթե կառավարության որոշմամբ իրավաբանական մարմինը լուծարվի, միևնույնն է, քարոզչական գործունեությունը կշարունակվի։ Նույնիսկ հիմա այն երկրներում, որտեղ արգելքներ են դրված և իրավաբանական մարմիններ չեն գործում, միևնույն է՝ Թագավորության բարի լուրը հռչակվում է, աշակերտներ են պատրաստվում, աստվածապետական աճն էլ շարունակվում է։ Այս ամենը տեղի է ունենում շնորհիվ այն բանի, որ Եհովայի վկաները տնկում են և ջրում, իսկ ‘Աստված աճեցնում է’ (Ա Կորնթացիս 3։6, 7)։
Վստահ ենք, որ ապագայում էլ Եհովան իր ժողովրդի հոգևոր և նյութական կարիքները կհոգա։ Նա և իր Որդին՝ Հիսուս Քրիստոսը, կշարունակեն երկնքից առաջնորդել և ամեն անհրաժեշտ բանով ապահովել մեզ, որպեսզի կարողանանք Թագավորության քարոզչական աշխատանքն իր ավարտին հասցնել։ Անկասկած, մենք՝ Աստծո ծառաներս, ինչ էլ որ կատարում ենք, անում ենք ‘ոչ թե զորությունով, և ոչ թե ուժով, այլ Եհովայի հոգով’ (Զաքարիա 4։6)։ Հետևաբար Աստծուց իր օգնությունն ենք խնդրում՝ գիտակցելով, որ Եհովայի տված ուժով մենք կկարողանանք ավարտին հասցնել այս վերջին ժամանակների համար նրանից ստանձնած գործը։