Պատմում են Թագավորության քարոզիչները
Արձագանքները բարի լուրին՝ Լատվիայում
Աստվածաշունչը հստակորեն ցույց է տալիս Աստծո կամքը. այն է՝ «որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը» (Ա Տիմոթէոս 2։4)։ Նրանք, ովքեր բազում տարիներ մերժել են լսել բարի լուրը, այսօր փոխում են իրենց դիրքորոշումը։ Ինչպես աշխարհի ուրիշ մասերում, Լատվիայում ևս, բարի լուրին դրական արձագանքողները տարբեր տարիքի ու ամենատարբեր խավերից սերված անհատներ են, ինչպես ցույց են տալիս հետևյալ դեպքերը.
• Լատվիայի արևելքում գտնվող քաղաքներից մեկում՝ Ռեզեկնեում, մի մայր իր դեռատի աղջկա հետ միասին փողոցում մոտենում է մի կնոջ՝ ճանապարհ հարցնելու։ Անհրաժեշտ տեղեկությունը հայտնելուց հետո, կինը, որ Եհովայի վկա էր, նրանց հրավիրում է Վկաների ժողովի հանդիպումներին։
Մայր ու աղջիկ որոշում են գնալ այդ հանդիպումներից մեկին, քանզի հետաքրքրվում էին կրոնական հարցերով։ Սակայն նրանք ճանապարհին պայմանավորվում են, որ եթե իրենք այնտեղ որևէ սխալ բան գտնեն, ապա իսկույն կհեռանան։ Ժողովն այնքան հետաքրքիր է անցնում, որ նրանց մտքներով էլ չի անցնում այնտեղից դուրս գալ։ Նրանք համաձայնվում են Աստվածաշունչ ուսումնասիրել ու սկսում կանոնավորաբար ժողովների հաճախել։ Անցնում է ընդամենը երեք ամիս, ու երկուսն էլ ցանկություն են հայտնում իրենց մասնակցությունը բերել քարոզչական ծառայության մեջ և քայլեր են կատարում դեպի մկրտություն։
• Լատվիայի արևմտյան քաղաքներից մեկում ապրող 85–ամյա Աննան, հանդիպելով մի Վկայի, հետաքրքրություն է հանդես բերում ու համաձայնվում Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել։ Նրա աղջիկն ու ընտանիքի մյուս անդամները խիստ հակառակվում են։ Սակայն Աննան թույլ չի տալիս, որ հալածանքը, տարիքը կամ վատ առողջությունը արգելք հանդիսանան Աստվածաշնչի իր ուսումնասիրությանը։
Մի օր Աննան աղջկան հայտնում է մկրտվելու իր մտադրությունը։ «Եթե դու մկրտվես, ես քեզ կուղարկեմ ծերանոց»,— պատասխանում է Աննայի դուստրը։ Այնուամենայնիվ, նման սպառնալիքը Աննային ետ չի կանգնեցնում այդ մտադրությունից։ Ծանր առողջական վիճակի պատճառով, նրան մկրտում են իրենց տանը։
Իսկ ինչպիսի՞ն էր նրա դստեր արձագանքը այդ ամենի հանդեպ։ Աղջկա վերաբերմունքը փոխվեց, ու մկրտությունից հետո նա հատուկ ճաշ մատուցեց մորը։ Ապա՝ հարցրեց նրան. «Մկրտությունից հետո ինչպե՞ս ես քեզ զգում»։ «Նորածին երեխայի նման»,— եղավ Աննայի պատասխանը։
• 1998 թ. դեկտեմբերին երկու Վկաներ հանդիպում են խորհրդային բանակի պաշտոնաթող մի սպայի։ Քանի որ նա հավատում էր Ստեղծիչի գոյությանը, համաձայնվում է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել, հետագայում նրա կինն էլ է միանում նրան։ Նրանք արագորեն առաջադիմում են և շուտով դառնում չմկրտված քարոզիչներ։ Հաջորդ տարվա ամռանը պաշտոնաթող սպան մկրտվում է։ Հոգևորի հանդեպ նրանց երկուսի մեծ սերը քաջալերանք էր ողջ ժողովի համար։ Դրանից բացի, նրանք իրենց լուման ներդրեցին նաև մի բնակարան Թագավորության սրահի վերածելու շինարարական աշխատանքների մեջ։