Ընթերցողների հարցերը
Ինչպե՞ս պետք է ճշմարիտ քրիստոնյաները վերաբերվեն սովորական դարձած այն երևույթին, որ մարդիկ կոմերցիոն համակարգչային ծրագրերի կրկնօրինակները տալիս են ուրիշներին։
Ոմանք փորձում են արդարացնել այդ սովորությունը՝ վկայակոչելով Հիսուսի խոսքերը. «Ձրի առաք, ձրի էլ տուէ՛ք»։ Իհարկե, Հիսուսը նկատի չուներ հեղինակային իրավունքով ապահովված գրականության ու համակարգչային ծրագրերի (ծրագրակազմերի) կրկնօրինակները ուրիշներին տալը, որոնց գործածությունը կարգավորվում է օրենքով։ «Տուէ՛ք» ասելով՝ նա նկատի ուներ ծառայության հետ կապված տալը։ Իր առաքյալներին տարբեր քաղաքներ և գյուղեր ուղարկելով՝ Հիսուսը պատվիրեց, որ նրանք քարոզեն Թագավորության մասին, բժշկեն հիվանդներին և դևեր հանեն։ Այդ ամենի դիմաց առանց որևէ վճար ակնկալելու՝ նրանք պետք է ‘ձրի տային’ (Մատթէոս 10։7, 8)։
Քանի որ գնալով աճում է անձնական և աշխատանքային համակարգիչներ ունեցողների թիվը, ուստի շատերին համակարգչային ծրագրեր են անհրաժեշտ։ Սովորաբար դրանք հարկավոր է լինում գնել։ Ճիշտ է, ոմանք իրենք են ծրագրեր կազմում ու անվճար տրամադրում ուրիշներին կամ նույնիսկ թույլ են տալիս, որ դրանք կրկնօրինակվեն։ Բայց համակարգչի ծրագրակազմերի մեծ մասը կոմերցիոն ճանապարհով է հասնում օգտագործողներին։ Ակնկալվում է, որ ծրագրակազմերից օգտվողները գնեն դրանք կամ վճարեն դրանց դիմաց, անկախ այն բանից, անձնակա՞ն, թե՞ աշխատանքային գործածության համար է անհրաժեշտ։ Եթե որևէ մեկը ծրագրակազմի փաթեթ է ձեռք բերում կամ կրկնօրինակում առանց վճարելու, ապա դա համարվում է ապօրինի գործողություն այնպես, ինչպես գրքերի մեծաքանակ լուսապատճենահանումը՝ եթե նույնիսկ այդ պատճենները անվճար տրվեն ուրիշներին։
Համակարգչային ծրագրերի մեծ մասը (ներառյալ խաղերը) պաշտպանված են արտոնագրով, որը տիրոջից/օգտագործողից պահանջում է հաշվի նստել դրանով ընձեռված առանձնահատուկ հնարավորությունների, ինչպես նաև՝ սահմանափակումների հետ։ Շատ արտոնագրեր թույլ են տալիս, որ միայն մեկ անհատ օգտագործի տվյալ ծրագիրը՝ ընդ որում տեղադրելով միայն մեկ համակարգչի մեջ, սովորաբար՝ կամ տանը, կամ աշխատավայրում, կամ էլ ուսումնառության վայրում։ Որոշ արտոնագրեր թույլ են տալիս օգտագործողին ունենալ պահուստի պատճեն, բայց նա չի կարող կրկօրինակումներ կատարել ուրիշների համար։ Եթե տերը ցանկանում է ծրագիրն ամբողջությամբ (ներառյալ արտոնագիրն ու փաստաթղթերը) հանձնել ուրիշին, կարող է դա անել։ Սակայն նա դրանով կորցնում է այդ ծրագիրն օգտագործելու իրավունքը։ Արտոնագրերը տարբեր են լինում, այնպես որ ծրագիր գնող (կամ ստացող) անհատը պիտի պարզի, թե ինչ պայմաններ է նախատեսում տվյալ արտոնագիրը։
Բազմաթիվ երկրներ հեղինակային իրավունքի մասին համաձայնագրեր են կնքել, որոնք կոչված են պաշտպանելու «ինտելեկտուալ սեփականությունը», ինչպես օրինակ, համակարգչային ծրագրերը, և ձգտում են գործադրել հեղինակային իրավունքի մասին օրենքները։ Օրինակ՝ «Նյու Յորք Թայմսի» 2000 թ. հունվարի 14–ի համարում ասվում էր, որ «գերմանական և դանիական ոստիկանության աշխատակիցները ձերբակալեցին մի խումբ մարդկանց։ Ըստ ոստիկանների, դա ծրագրերի անօրինական «բիզնեսով» զբաղվող գլխավոր խումբն էր», որը կրկնօրինակում և տարածում էր համակարգչային ծրագրեր ու խաղեր, իսկ դրանց որոշ մասը նույնիսկ վաճառում էր Ինտերնետի միջոցով։
Այս առումով ի՞նչ դիրք է բռնում քրիստոնոեական ժողովը։ Ահա թե ինչ ասաց Հիսուսը. «Տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն» (Մարկոս 12։17)։ Դա պահանջում է քրիստոնյաներից հնազանդվել երկրի այն օրենքներին, որոնք չեն հակասում Աստծո օրենքներին։ Իշխանությունների առնչությամբ Պողոս առաքյալը գրեց. «Ամէն մարդ պէտք է հնազանդի պետական իշխանութեանց.... Ով հակառակում է իշխանութեանը, Աստծու հրամանին է հակառակում. եւ նրանք, որ հակառակում են, իրենց դատաստանն են ընդունում» (Հռովմայեցիս 13։1, ՆԿ–ի ՆԱԹ, 2)։
Քրիստոնեական ժողովի երեցները պատասխանատու չեն ուրիշների համակարգիչները ստուգելու համար. նրանք լիազորված չեն մեկնաբանել ու գործադրել հեղինակային իրավունքի մասին օրենքները։ Բայց նրանք համարում են ու այդպես էլ սովորեցնում, որ քրիստոնյաները չպետք է վերցնեն այն, ինչ իրենց չի պատկանում և պետք է օրինապահ լինեն։ Այդպես վարվելով՝ քրիստոնյաները խուսափում են պատիժ կրելուց որպես օրինախախտներ և հնարավորություն են ունենում Աստծո առաջ մաքուր խիղճ ունենալ։ Պողոսը գրեց. «Դրա համար պէտք է հնազանդուել ոչ միայն բարկութեան համար, այլ նաեւ խղճմտանքի պատճառով» (Հռովմայեցիս 13։5)։ Նաև, Պողոսն արտահայտել է ճշմարիտ քրիստոնյաների ցանկությունը հետևյալ խոսքերով. «Հաստատ գիտենք, որ մաքուր խղճմտանք ունենք. ուզում ենք ամէն ինչում բարի ընթացք ցոյց տալ» (Եբրայեցիս 13։18)։
[շրջանակ 29–րդ էջի վրա]
Որոշ կազմակերպություններ և կրթօջախներ ձեռք են բերում բազմամուտք արտոնագրեր, որոնցում ասվում է, թե ամենաշատը քանի օգտագործող կարող է օգտվել տվյալ ծրագրից։ 1995 թ.–ին Եհովայի վկաների ժողովներում քննարկվեց մի հոդված, որտեղ տրվում էր հետևյալ խորհուրդը.
«Համակարգչային ծրագրեր արտադրող և վաճառող ընկերությունների մեծ մասը, իրենց իրավունքների վերապահմամբ, տրամադրում են արտոնագրեր, որոնք հնարավոր են դարձնում այդ ծրագրերի օրինական օգտագործումը։ Արտոնագրում սովորաբար ասվում է, որ տերը իրավունք չունի ծրագրի կրկնօրինակները տալ ուրիշներին. փաստորեն, հեղինակային իրավունքի միջազգային օրենքներն էլ այդ գործողությունն անօրինական են համարում.... Մի շարք խոշոր առևտրական ձեռնարկություններ վաճառքի են հանում համակարգիչներ, որոնցում տեղադրված են արտոնագրված ծրագրեր։ Սակայն որոշ խանութներում վաճառվող համակարգիչներն ապահովված չեն արտոնագրերով, քանի որ տեղադրված ծրագրերն անօրինական կրկնօրինակներ են։ Իսկ դա նշանակում է, որ տվյալ գնորդը, օգտագործելով այդ ծրագրերը, խախտում է օրենքը։ Ուստի, քրիստոնյաները պետք է խուսափեն հայտարարությունների էլեկտրոնային տախտակում այնպիսի նյութեր տեղադրել կամ այնտեղից հանել, որոնց իրավունքները վերապահված են (ինչպես Ընկերության հրատարակությունները) կամ՝ որոնք կրկնօրինակված են առանց սեփականատերերի օրինական թույլտվության»։