Աստծո հանդուրժանքը մոտենում է ավարտին
Ամենուր ականատես ենք դառնում վշտի ու տառապանքի։ Կան մարդիկ, որ իրենց սեփական ձեռքով են գլխներին չարիք բերում. վարակվում են վեներական հիվանդություններով, ստիպված են լինում կրել թմրանյութերի կամ ալկոհոլային խմիչքների չարաշահման, ինչպես նաև ծխելու հետևանքները։ Որոշ առողջական խնդիրներ էլ ծագում են սխալ ձևով սնվելուց։ Սակայն տառապանքը շատ դեպքերում այնպիսի երևույթներով ու գործոններով է պայմանավորված, որոնց վերահսկումը դուրս է հասարակ մարդու հնարավորությունների սահմանից. դրանք են՝ պատերազմը, էթնիկական ջարդը, հանցագործությունները, աղքատությունը, սովը, բազմաթիվ հիվանդություններ։ Տառապանքի մեկ այլ տեսակ էլ պայմանավորված է ծերության ու մահվան երևույթներով, որոնք հիմնականում ենթակա չեն մարդու տնօրինությանը։
Աստվածաշունչը հավաստիացնում է մեզ, որ ‘Աստված սեր է’ (Ա Յովհաննէս 4։8)։ Ուրեմն սիրելով հանդերձ՝ ինչպե՞ս է, որ նա այսքան դարեր հանդուրժում է մարդկային տառապանքը։ Ե՞րբ պիտի նա հարթի այս իրավիճակը։ Նման հարցերի պատասխանները գտնելու համար մեզ անհրաժեշտ է ծանոթանալ Աստծո նպատակներին՝ մարդկության հանդեպ։ Դա կօգնի ըմբռնել, թե ի՞նչն է պատճառը, որ Աստված հանդուրժում է տառապանքը, և թե ինչ է նա պատրաստվում անել այդ ուղղությամբ։
Կամքի ազատությունը՝ որպես Աստծո պարգև
Առաջին մարդը, որ Աստված ստեղծեց, իրենից ներկայացնում էր ավելին, քան պարզապես ուղեղ ունեցող մի մարմին։ Ինչ խոսք, Աստված չէր ակնկալում, որ Ադամն ու Եվան լինեին սեփական մտածելակերպից զուրկ՝ ռոբոտի նման։ Նա նրանց օժտել էր ազատ կամքով։ Եվ դա հիանալի պարգև էր, քանզի ‘Աստված տեսավ այն ամենը, ինչ որ արել էր, և ահա շատ բարի էր’ (Ծննդոց 1։31)։ Այո, «Աստուծոյ գործը կատարեալ է» (Բ Օրինաց 32։4)։ Բոլորս էլ բարձր ենք գնահատում ազատ կամքի պարգևը, որովհետև չենք ուզում, որ մեր բոլոր մտքերն ու գործողությունները թելադրվեն՝ առանց մեզ ընտրության որևէ հնարավորություն տալու։ Այնուհանդերձ, այդ հիանալի պարգևն արդյո՞ք պիտի օգտագործվեր առանց որևէ սահմանափակման։ Աստվածաշնչում կարդում ենք առաջին դարի քրիստոնյաներին ուղղություն տալու նպատակով գրված հետևյալ խոսքերը. «Ապրեցէ՛ք որպէս ազատներ եւ ազատութիւնը իբրեւ չարիքի պատրուակ մի՛ բռնէք, այլ ապրեցէ՛ք որպէս Աստծու ծառաներ» (Ա Պետրոս 2։16)։ Որոշ սահմաններ կան, որ ծառայում են մեր իսկ բարօրությանը։ Այդ պատճառով էլ ազատ կամքը պիտի վերահսկվեր օրենքի միջոցով, այլապես՝ անարխիայի սկզբնապատճառ կդառնար։
Ո՞ւմ օրենքի
Ազատության սահմանները որոշակիացնող օրենքն ո՞ւմ կողմից պետք է դրվեր։ Այս հարցն անմիջականորեն առնչվում է խնդրո առարկային՝ ինչո՞ւ է Աստված հանդուրժում տառապանքը։ Աստված ինքը ստեղծած լինելով մարդուն՝ լավ գիտե, թե նա ի՞նչ օրենքների կարիք ունի իր անձնական բարօրության համար և իրեն շրջապատողների։ Այդ մասին Աստվածաշնչում կարդում ենք. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը» (Եսայիա 48։17)։
Հստակ է մի կարևոր հանգամանք. մարդ արարածը չի ստեղծվել այնպես, որ կարողանա ապրել Աստծուց անկախ։ Մարդիկ ի բնե այնպիսին են, որ հաջողության ու երջանկության հասնելու համար կարիք ունեն հնազանդվելու նրա արդար օրենքներին։ Երեմիա մարգարեն գրեց. «Գիտեմ, ով Տէր, որ մարդինը չէ իր ճանապարհը, որ գնացող մարդի բանը չէ, որ ուղղէ իր գնացքը [«ընթացքը», ՆԱ]» (Երեմիա 10։23)։
Աստված մարդկանց այնպես է ստեղծել, որ նրանք ինքնաբերաբար ենթարկվում են իր սահմանած ֆիզիկական օրենքներին, ինչպիսին է, օրինակ, ձգողականության օրենքը. նույն ձևով էլ նրանք կարիք ունեն հնազանդվելու բարոյական օրենքներին, որոնց նպատակն է՝ կերտել համերաշխ հասարակություն։ Պատահական չէ, որ Աստծո Խոսքում կարդում ենք հետևյալ հորդորը. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր» (Առակաց 3։5)։
Այնպես որ, մարդկային ընտանիքը երբեք չէր կարողանալու բարեհաջող կառավարել ինքն իրեն՝ առանց Աստծո ղեկավարության։ Ձգտելով նրանից անկախ ապրել՝ մարդիկ մշակելու էին սոցիալական, տնտեսական, քաղաքական ու կրոնական զանազան համակարգեր, որոնք պիտի դուրս գային մեկը մյուսի դեմ, և պիտի ‘մարդը մարդու վրա իշխեր ի վնաս իրեն’ (Ժողովող 8։9)։
Ինչո՞ւ փոխվեց իրավիճակը
Սկիզբը խոստումնալից էր առաջին մարդկային զույգի՝ Ադամի ու Եվայի համար։ Նրանք ֆիզիկական ու մտային առումներով անթերի էին և ապրում էին դրախտային պարտեզում։ Աստծո օրենքներին հնազանդվելու դեպքում նրանք կշարունակեին իրենց կյանքը կատարելության ու երջանկության մեջ։ Ժամանակի ընթացքում դրախտ–երկրի վրա նրանցից ծնունդ կառներ նույնպիսի սերունդ՝ կատարյալ ու երջանիկ։ Ահա թե ինչպիսին էր Աստծո նպատակը մարդկության վերաբերմամբ (Ծննդոց 1։27–29; 2։15)։
Սակայն մեր նախածնողները չարաշահեցին իրենց կամքի ազատությունը։ Նրանք սխալմամբ սկսեցին կարծել, թե կարող են երջանիկ լինել Աստծուց անկախ և իրենց ազատ կամքով ոտնահարեցին Աստծո սահմանած օրենքը (Ծննդոց, 3–րդ գլուխ)։ Աստծո իշխանության մերժումով նրանք խախտեցին այն պայմանը, որն իրենց հնարավորություն պիտի տար՝ մնալու մշտապես կատարյալ։ Նրանք ‘ապականեցին’ Աստծո առջև իրենք իրենց ու այլևս չէին կարող համարվել ‘նրա զավակները’, և այդ ամենը՝ ‘իրենց իսկ մեղքով’ (Բ Օրինաց 32։5)։
Աստծո հանդեպ իրենց անհնազանդությունից հետո Ադամի ու Եվայի կյանքում սկիզբ առավ մտավոր ու ֆիզիկական կարողությունների աստիճանական քայքայման մի պրոցես. չէ՞ որ կյանքի աղբյուրը Եհովան էր (Սաղմոս 36։9)։ Այնպես որ, կտրվելով Եհովայից՝ առաջին մարդկային զույգը դադարեց լինել կատարյալ ու հետագայում մահացավ (Ծննդոց 3։19)։ Համաձայն ժառանգականության գենետիկական օրենքների՝ նրանց զավակներին էլ բաժին հասավ այն, ինչ կարող էին փոխանցել իրենց ծնողները։ Այսինքն... անկատարություն ու մահ։ Ահա թե ինչ է այդ առթիվ գրում Պողոս առաքյալը. «Ինչպէս որ մէկ մարդով [Ադամ] մեղքը աշխարհ մտաւ, եւ մեղքով էլ՝ մահը, այնպէս էլ բոլոր մարդկանց մէջ տարածուեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին» (Հռովմայեցիս 5։12)։
Իշխելու իրավունքը ո՞ւմ է պատկանում
Ադամն ու Եվան Աստծո դեմ իրենց ըմբոստացմամբ կասկածի տակ դրեցին նրա իշխելու իրավունքը։ Եհովան կարող էր ոչնչացնել նրանց և ապա՝ մի նոր զույգ ստեղծել, սակայն դրանով լուծում չէր ստանա այն կարևոր հարցը, թե իրականում մարդկանց բարօրության համար ո՞ւմ իշխանությունն է լավագույնն ու ճիշտը։ Ժամանակ էր հարկավոր, որպեսզի այդ ընթացքում մարդիկ հնարավորություն ունենային իրենց պատկերացումներին համապատասխան սոցիալական համակարգեր զարգացնել ու, դրան զուգահեռ, վերջնականապես ճշտել. արդյոք հնարավո՞ր է հասնել հաջողությունների՝ առանց Աստծո իշխանության։
Իսկ ինչի՞ մասին են այսօր վկայում մարդու իշխանությանը հանձնված հազարամյակները։ Այդ ամբողջ ժամանակաընթացքում մարդիկ փորձել են գործի դնել բազմատեսակ համակարգեր՝ սոցիալական, տնտեսական, քաղաքական ու կրոնական։ Բայց, միևնույն է, չարությունն ու տառապանքը վերջ չեն գտել։ Իրականում չարերը հաստատվում և է՛լ ավելի ‘առաջ են գնում’ իրենց չարության մեջ, մանավանդ՝ մեր ժամանակներում (Բ Տիմոթէոս 3։13)։
Գիտատեխնիկական առաջընթացի բնագավառում XX դարը հասել է աննախադեպ հաջողությունների։ Սակայն մարդկային սերնդի ողջ պատմության մեջ երբևէ չի եղել նաև տառապանքներով այսքան լեցուն ժամանակաշրջան։ Ու չնայած բժշկության ձեռքբերումներին՝ Աստծո «օրենքը» մնում է անփոփոխ. անջատված լինելով Աստծուց՝ կյանքի աղբյուրից, մարդիկ հիվանդանում են, ծերանում և մահանում։ Ի՛նչ հստակորեն է ապացուցվել, որ մարդ արարածն ի զորու չէ ‘ուղղելու իր ընթացքը’։
Աստծո գերիշխանությունը հաստատված է
Աստծուց անկախ ապրելակերպի այս ցավալի փորձառությամբ մեկընդմիշտ ապացուցվեց, որ առանց Աստծո՝ երբեք մարդկությունը հաջողության չի հասնի։ Միայն նրա իշխանությունը կարող է մարդուն երջանկություն, միություն, առողջություն ու կյանք պարգևել։ Իսկ Աստվածաշունչը՝ Եհովա Աստծո անբեկանելի Խոսքը, ցույց է տալիս, որ հասել են Աստծուց անկախ այդ կառավարման «վերջին օրերը» (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Ավարտին է մոտենում Եհովայի հանդուրժանքը մարդկային կառավարման հանդեպ, որի հետ մեկտեղ՝ չարության ու տառապանքի։
Աստված շուտով կմիջամտի մարդկանց գործերին։ Գրությունները հայտնում են. «Այն թագաւորների օրերումը [ներկայումս գոյություն ունեցող իշխանությունների] երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու [երկնքում], որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ [երկիրը կառավարելու իրավունքը այլևս չի տրվի մարդկանց]. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները [ներկա իշխանությունները]. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս» (Դանիէլ 2։44)։
Երկնային թագավորության միջոցով Աստծո իշխանության իրավունքի հաստատումը՝ դա Աստվածաշնչի հիմնական թեման է, որի մասին էր գլխավորապես ուսուցանում նաև Հիսուսը։ Նա ասում էր. «Արքայութեան այս Աւետարանը պիտի քարոզուի ամբողջ աշխարհում՝ ի վկայութիւն բոլոր հեթանոսների. եւ ապա պիտի գայ վախճանը» (Մատթէոս 24։14)։
Երբ մարդկային կառավարմանը փոխարինելու գա Աստծո իշխանությունը, ովքե՞ր կլինեն ապրողների թվում և ովքեր՝ ոչ։ Առակաց 2։21, 22–ում կարդում ենք հետևյալ հավաստիացումը. «Ուղիղները [նրանք, ովքեր հետևում են Աստծո օրենքներին] կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կը մնան նորանում», իսկ «անզգամները [նրանք, ովքեր անտեսում են Աստծո օրենքները] բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից»։ Սաղմոսերգուն երգեց Աստծո ներշնչմամբ. «Դեռ մի քիչ ժամանակ էլ, եւ ամբարիշտը չ’կայ.... Բայց խոնարհները երկիրը կ’ժառանգեն եւ կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը։ Արդարները երկիրը կ’ժառանգեն, եւ յաւիտեան կ’բնակուին նորանում» (Սաղմոս 37։10, 11, 29)։
Հիասքանչ նոր աշխարհ
Ներկայիս իրերի համակարգի կործանումը վերապրած անհատները Աստծո Թագավորության ներքո կառաջնորդվեն դեպի «նոր» երկիր՝ չարությունից ու տառապանքից մաքրված։ Աստված ապահովելու է մարդկանց անհրաժեշտ ցուցումներով, և ժամանակի ընթացքում «Երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը» (Եսայիա 11։9)։ Այս առողջ ու բարեբեր ուսուցումներն իսկապես կկրթեն խաղաղ ու ներդաշնակ մարդկային հասարակություն։ Եվ այլևս չի լինի ոչ մի տեսակի հանցագործություն. ո՛չ պատերազմ, սպանություն, կոտորած, ո՛չ բռնաբարություն ու կողոպուտ....
Աստծո նոր աշխարհում հնազանդ մարդկանց համար հորդելու են չտեսնված օրհնություններ։ Աստծո իշխանության դեմ կատարված ըմբոստության բոլոր տհաճ հետևանքները ի չիք կդառնան։ Անկատարությունը, հիվանդությունը, ծերությունն ու մահը անցյալի գիրկը կգնան։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է. «Եւ այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ»։ Ավելին, շարունակելով Գրություններն ընթերցել՝ իմանում ենք. «Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։ Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. եւ համրի լեզուն օրհներգելու է» (Եսայիա 33։24; 35։5, 6)։ Ինչ ապշեցուցիչ կլինի ամեն օր հրճվանքով զգալ, որ դու լիարժեք առողջ ես ու կայտառ. և այդպես՝ ընդմիշտ....
Աստծո սիրառատ հոգատարության ներքո այդ նոր աշխարհի բնակիչներն իրենց ուժն ու կարողությունը կներդնեն լայնարձակ դրախտի կառուցման աշխատանքներում։ Կանհետանան առհավետ չքավորությունը, սովն ու տնանկությունը, ինչպես որ նշված է Եսայիայի մարգարեության մեջ. «Եւ տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն ու նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկիլ, որ ուրիշն ուտէ» (Եսայիա 65։21, 22)։ Հիրավի, «Ամեն մարդ պիտի իր որթի տակին բնակուէ, եւ իր թզենու տակին, եւ վախեցնող պիտի չ’լինի....» (Միքիա 4։4)։
Աստծո ու մարդկանց հոգատարությունը իր արժանի արձագանքը կգտնի երկրի կողմից։ Ահա հետևյալ սուրբգրային հավաստիացումներն այդ մասին. «Անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան, եւ կ’ցնծայ ամային ու կ’ծաղկի շուշանի պէս.... Անապատումը ջուրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ» (Եսայիա 35։1, 6)։ «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ» (Սաղմոս 72։16)։
Իսկ ի՞նչ գիտենք այն միլիարդավոր մարդկանց մասին, ովքեր մահացել են։ Հայտնի է, որ կյանք են վերստանալու բոլոր նրանք, ովքեր տեղ են գտել Աստծո հիշողության մեջ. «Յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների» (Գործք 24։15)։ Այո, մահացածները վերստին կենդանություն կստանան։ Նրանք պիտի սովորեն Աստծո իշխանության վերաբերյալ հիասքանչ ճշմարտությունը և ապա հնարավորություն կունենան հավետ ապրելու Դրախտում (Յովհաննէս 5։28, 29)։
Ահա այս ձևով՝ Եհովա Աստծո կողմից կտրուկ շրջադարձի կենթարկվի ներկայիս սարսափելի իրավիճակը. նա մարդկանց կազատագրի հազարավոր տարիներ տևած տառապանքի, հիվանդության և մահվան գերությունից։ Վե՛րջ ամեն տեսակի հիվանդություններին ու անկարողությանը, վերջ՝ մահին։ Աստված «անոնց աչքերէն բոլոր արցունքները պիտի սրբէ եւ ա՛լ մահ պիտի չըլլայ։ Ո՛չ սուգ եւ ո՛չ աղաղակ եւ ո՛չ ցաւ պիտի ըլլայ ասկէ յետոյ, վասն զի առաջուան բաները անցան» (Յայտնութիւն 21։3, 4, Արևմտ. Աստ.)։
Ահա այսպիսով՝ Աստված վերջ կդնի տառապանքին։ Նա կկործանի այս ապականված աշխարհը ու մարդկանց կառաջնորդի դեպի բոլորովին նոր կյանք՝ նոր պայմաններում, որտեղ ‘արդարությունն է բնակվում’ (Բ Պետրոս 3։13)։ Որքա՜ն ուրախալի է այս տեղեկությունը... Մենք ծարավ ենք նման կյանքի և այն տեսնելու համար ստիպված չենք լինի երկար սպասել. Աստվածաշնչի մարգարեությունները, որ մեկը մյուսի ետևից կատարվել են, հստակ ցույց են տալիս, որ չափազանց քիչ ժամանակ է մեզ բաժանում նոր աշխարհից, քանզի ավարտին է մոտենում մարդկային տառապանքի հանդեպ Աստծո հանդուրժանքը (Մատթէոս 24։3–14)։
[շրջանակ 8–րդ էջի վրա]
Մարդկային կառավարման անկարողությունը
Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Շմիդտը այսպես է արտահայտվել մարդկային կառավարման մասին. «Մենք՝ մարդիկս.... միշտ էլ որոշ չափով ենք միայն կարողացել իշխել աշխարհի վրա, և այն էլ՝ մեծամասամբ շատ վատ ձևով.... Մեզ երբեք չի հաջողվել այն կառավարել լիակատար խաղաղությամբ»։ «Մարդկային զարգացման տեղեկագրի» 1999 թ. հրատարակության մեջ նշվում է. «Բոլոր երկրները տեղեկացնում են իրենց սոցիալական կառույցներում ընթացող քայքայման պրոցեսի մասին. մեծանում է քաղաքական անկայունությունը, աճում է հանցագործությունների թիվը, ինչպես նաև՝ բռնության դեպքերն ընտանիքում....Նոր ծավալներ են ընդգրկում համընդհանուր վտանգները՝ գերազանցելով դրանց սանձահարման ուղղությամբ ներդրված թե՛ ազգային, թե՛ համաժողովրդական ջանքերը» («Human Development Report 1999»)։
[նկար 5–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Վերևից երրորդը՝ մայր ու երեխա. FAO photo/B. Imevbore: Ներքևում՝ պայթյուն. U.S. National Archives photo
[նկարներ 8–րդ էջի վրա]
«Ու խաղաղութեան առատութիւնովը պիտի ուրախանան» (Սաղմոս 37։11, Արևմտ. Աստ.)