Եղեք ուրա՛խ մշակներ
«Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար» (Մատթէոս 9։37, 38)։
1. Ի՞նչն է օգնում մեզ շարունակել կատարել Աստծո կամքը։
ՄԵՆՔ հիշում ենք, թե մկրտվելով ինչպես դարձանք Եհովայի ծառաներ։ Անկախ նրանից՝ այդ օրը մի քանի թե շատ տարիներ առաջ էր, այն կարծես թե երեկ լիներ։ Եհովային փառաբանելը մեր կյանքի (որը նվիրել ենք նրան) կարևորագույն մասն է։ Որպեսզի մարդիկ լսեն և գուցե ընդունեն Թագավորության լուրը, մենք ‘գնում ենք ժամանակը’, և Եհովային ուրախությամբ ծառայելը մեր գլխավոր նպատակն է (Եփեսացիս 5։15, 16, ԱԹ)։ Մինչև օրս տեսնում ենք, որ ժամանակը թռչում է, երբ զբաղված ենք լինում Տիրոջ գործում։ Իսկ անելու շատ բան կա (Ա Կորնթացիս 15։58)։ Չնայած դժվարություններին՝ մեր ուրախությունը, որ ստանում ենք Եհովայի կամքը կատարելով, մղում է մեզ շարունակել այդ գործը (Նէեմիա 8։10)։
2. Ի՞նչն է օգնում մեզ՝ ուրախություն գտնելու փոխաբերական հնձի ժամանակ։
2 Որպես քրիստոնյաներ՝ մենք զբաղված ենք փոխաբերական հնձով։ Հիսուս Քրիստոսը հավիտենական կյանքի համար մարդկանց հավաքելը նմանեցրեց հնձի (Յովհաննէս 4։35–38)։ Քանի որ մենք մասնակցում ենք այդ գործին, ապա կքաջալերվենք՝ քննելով այն ուրախությունը, որ ապրել են առաջին դարի քրիստոնյա–մշակները։ Կքննարկենք երեք գործոններ, որոնք օգնում են մեզ ուրախություն գտնել այսօրվա «հնձի» ժամանակ։ Դրանք են՝ 1) մեր հուսատու լուրը, 2) մեր որոնումների հաջողությունը, 3) մեր՝ որպես մշակների, խաղաղարար վերաբերմունքը։
Ուղարկված՝ որպես մշակներ
3. Ի՞նչը ուրախություն պատճառեց Հիսուսի առաջին դարի հետևորդներին։
3 Որքա՜ն փոխվեց առաջին դարի մշակների՝ մասնավորապես, Հիսուսի 11 հավատարիմ առաքյալների կյանքը մ.թ. 33–ի այն օրը, երբ նրանք գնացին հարություն առած Հիսուսին հանդիպելու Գալիլեայի լեռներից մեկի վրա (Մատթէոս 28։16)։ Հնարավոր է՝ «աւելի քան հինգ հարիւր եղբայրներ» էին ներկա այդ հանդիպմանը (Ա Կորնթացիս 15։6)։ Հիսուսի տված հանձնարարության մասին նրանք միշտ հիշում էին։ Նա ասել էր. «Գնացէ՛ք.... աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20)։ Չնայած խիստ հալածանքին՝ նրանք մեծ ուրախություն ապրեցին «հնձի» ժամանակ՝ տեսնելով, թե ինչպես են ամենուրեք մեկը մյուսի ետևից Քրիստոսի հետևորդների ժողովներ կազմավորվում։ Ժամանակի ընթացքում «Աւետարանը.... քարոզուեց երկնքի տակ գտնուող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23; Գործք 1։8; 16։5)։
4. Ինչպիսի՞ հանգամանքներում Քրիստոսի աշակերտները քարոզելու ուղարկվեցին։
4 Իր ծառայության սկզբում Գալիլեայում Հիսուսն իր մոտ կանչեց 12 առաքյալներին և ուղարկեց նրանց հատկապես հռչակելու այն, որ «երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մատթէոս 10։1–7)։ Նա ինքը «շրջում էր [Գալիլեայի] բոլոր քաղաքներում եւ գիւղերում, ուսուցանում նրանց ժողովարաններում, քարոզում արքայութեան Աւետարանը եւ բժշկում էր ժողովրդի բոլոր ախտերն ու հիւանդութիւնները»։ Հիսուսը գթաց նրանց, «որովհետեւ յոգնած էին եւ ցրուած, ինչպէս ոչխարներ, որոնք հովիւ չունեն» (Մատթէոս 9։35, 36)։ Խորապես ազդվելով՝ նա իր աշակերտներին պատվիրեց. «Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակաւ։ Արդ, աղաչեցէ՛ք հնձի Տիրոջը [Եհովա Աստծուն], որ մշակներ հանի իր հնձի համար» (Մատթէոս 9։37, 38)։ Հիսուսը նույն պատվերը տվեց նաև Հրեաստանում, երբ իր երկրային ծառայության ավարտին ընդամենը վեց ամիս էր մնացել (Ղուկաս 10։2)։ Երկու դեպքում էլ նա ուղարկեց իր հետևորդներին՝ որպես մշակների (Մատթէոս 10։5; Ղուկաս 10։3)։
Մեր հուսատու լուրը
5. Ինչպիսի՞ն է մեր հռչակած լուրը։
5 Որպես Եհովայի ներկայիս ծառաներ՝ մենք ուրախությամբ ենք արձագանքում մշակներ լինելու կոչին։ Մեր ուրախությանը նպաստող գործոններից մեկն այն է, որ մենք հուսատու լուր ենք տանում վհատվածներին ու ճնշվածներին։ Ինչպես Հիսուսի առաջին դարի աշակերտների, այնպես էլ մեզ համար մեծ առանձաշնորհում է ազդարարել բարի լուրը՝ հույսի անգնահատելի լուր նրանց համար, ովքեր «հոգնած են և ցրված, ինչպես ոչխարներ, որոնք հովիվ չունեն»։
6. Առաջին դարում ի՞նչով էին զբաղված առաքյալները։
6 Առաջին դարի կեսերին Պողոս առաքյալը զբաղված էր բարի լուրի քարոզչությամբ։ Եվ նա, անշուշտ, արդյունավետ «հունձ» կատարեց, քանզի մ.թ. 55–ին Կորնթոսի քրիստոնյաներին գրելիս ասաց. «Եղբայրնե՛ր, յիշեցնեմ ձեզ իմ աւետարանը, որը քարոզեցի ձեզ, որը եւ ընդունեցիք, եւ որի մէջ հաստատ էք մնում» (Ա Կորնթացիս 15։1)։ Առաքյալներն ու առաջին դարի այլ քրիստոնյաներ աշխատասեր մշակներ էին։ Թեպետ Աստվածաշունչը չի ասում, թե քանի առաքյալներ վերապրեցին 70 թ. Երուսաղեմի կործանումով վերջացած պատմական իրադարձությունները, մենք հաստատ գիտենք, որ Հովհաննես առաքյալը դրանից հետո դեռ 25 տարի շարունակեց քարոզել (Յայտնութիւն 1։9)։
7, 8. Եհովայի ծառաները հիմա ի՞նչ հուսատու լուր են ազդարարում, որը նախկինում երբեք այդպիսի հրատապությամբ չի արվել։
7 Այնուհետև եկան քրիստոնեական աշխարհի հոգևորականության՝ «անօրէնութեան մարդու» տիրապետության դարերը (Բ Թեսաղոնիկեցիս 2։3)։ Սակայն 19–րդ դարավերջին նրանք, ովքեր ձգտում էին ապրել ըստ սկզբնական քրիստոնեության օրինակի, ձեռնամուխ եղան Թագավորության հուսատու լուրի ազդարարմանը։ Այս պարբերագրի հենց առաջին համարի լույս ընծայումից (1879, հուլիս) սկսած՝ նրա անվան մեջ եղել են այսպիսի արտահայտություններ՝ «Քրիստոսի ներկայության մունետիկ», «Քրիստոսի Թագավորության մունետիկ», «ծանուցանում է Եհովայի Թագավորությունը»։
8 Աստծո երկնային Թագավորությունը հաստատվել ու Հիսուս Քրիստոսի ձեռքն է տրվել 1914 թ.–ին, և հիմա մենք հուսատու լուրը ավելի քան երբևէ հրատապորեն ենք հռչակում։ Ինչո՞ւ։ Որովհետև Թագավորության իշխանության բերելիք օրհնություններից է ներկա ամբարիշտ համակարգի անխուսափելի կործանումը (Դանիէլ 2։44)։ Ուրիշ ի՞նչ ավելի լավ լուր կարող է լինել։ Եվ կա՞ արդյոք Թագավորությունը ծանուցանելուց ավելի մեծ ուրախություն՝ նախքան ‘մեծ նեղության’ վրա հասնելը (Մատթէոս 24։21; Մարկոս 13։10)։
Հաջող որոնումներ
9. Ի՞նչ հրահանգ տվեց Հիսուսն իր աշակերտներին և ինչպե՞ս մարդիկ արձագանքեցին Թագավորության լուրին։
9 Մենք փնտրում ենք այն անհատներին, ովքեր ցանկանում են դառնալ աշակերտներ և մեզ հետ միասին «հնձել»։ Այդ մարդկանց որոնման մեջ հաջողության հասնելը երկրորդ գործոնն է, որը նպաստում է մեր՝ որպես մշակների, ուրախությանը։ Մ.թ. 31–32 թթ.-ին Հիսուսը հրահանգ տվեց իր աշակերտներին. «Որ քաղաքը կամ գիւղը մտնէք, հարցրէ՛ք, թէ ո՛վ է այնտեղ արժանաւորը» (Մատթէոս 10։11)։ Ոչ բոլորն էին արժանավոր, ինչպես երևաց Թագավորության լուրի հանդեպ ցուցաբերված արձագանքից։ Այնուամենայնիվ, Հիսուսի աշակերտներն ամենուրեք նախանձախնդիր կերպով քարոզեցին բարի լուրը։
10. Ինչպե՞ս էր Պողոսը փնտրում արժանավորներին։
10 Հիսուսի մահից և հարությունից հետո արժանավորների որոնումները մեծ թափով շարունակվեցին։ Պողոսն Աթենքում խոսում էր հրեաների հետ նրանց ժողովարանում և շուկայում պատահող մարդկանց հետ։ Երբ նա վկայություն էր տալիս հունական այդ քաղաքի Արիսպագոսում, «մի քանի մարդիկ, յարելով նրան, հաւատացին. նրանց թւում էր նաեւ Դիոնեսիոս Արիսպագացին եւ Դամարիս անունով մի կին եւ սրանց հետ ուրիշներ»։ Ուր էլ որ Պողոսը գնար, նա օրինակ էր ծառայում նաև «հրապարակաւ եւ տանը» քարոզելու մեջ (Գործք 17։17 ԱԹ, 34; 20։20)։
11. Ի՞նչ մեթոդներ են կիրառվել ծառայության մեջ տարիներ առաջ։
11 19–րդ դարի վերջին մի քանի տասնամյակներում օծյալ քրիստոնյաները համարձակորեն փնտրում էին արժանավորներին։ «Սիոնի դիտարանի» 1881 թ. հուլիս–օգոստոսի համարում՝ «Օծված են քարոզելու համար» հոդվածում, ասվում է. «Բարի լուրի քարոզչությունն.... ուղղություն է վերցնում դեպի «խոնարհները»՝ նրանք, ովքեր պատրաստ և ունակ են լսելու, որոնցից էլ կկազմվի Քրիստոսի մարմինը՝ ժառանգակիցները»։ Աստծո մշակները, ցանկանալով գտնել արժանավորներին, հաճախ էին սուրբգրային լուր պարունակող թերթիկներ տալիս մարդկանց, որոնք դուրս էին գալիս եկեղեցուց՝ ժամերգությունից։ Ուշադիր քննության ենթարկելով վկայության այս մեթոդի արդյունավետությունը՝ 1903 թ. մայիսի 15–ի «Դիտարանը» հորդորեց մշակներին թերթիկները բաժանել «տնից տուն կիրակի օրերին՝ մինչև կեսօր»։
12. Ինչպե՞ս ենք ավելացրել մեր քարոզչության արդյունավետությունը։ Բացատրեք օրինակով։
12 Վերջին տարիներին մենք ընդլայնել ենք մեր ծառայությունը՝ հանդիպելով մարդկանց ոչ միայն իրենց տներում, այլև ուրիշ վայրերում։ Այս մեթոդը շատ արդյունավետ է եղել այն երկրներում, որտեղ տնտեսական պայմաններն ու զվարճություններ հետապնդելը թույլ չեն տալիս, որ մարդիկ իրենց տներում լինեն, երբ մենք այցելում ենք։ Անգլիայում մի Վկա (քույր) և նրա ուղեկիցը նկատել էին, որ մարդիկ ավտոբուսով գալիս են ծովափ՝ հանգստանալու և նույն օրը վերադառնում տուն։ Ամեն անգամ նրանք հավաքում էին իրենց ողջ քաջությունը, որպեսզի ավտոբուս բարձրանային և ուղևորներին «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրեր առաջարկեին։ Մեկ ամսում բաժանեցին 229 օրինակներ։ Ահա թե ինչ են նրանք ասում. «Մենք չենք վախենում վկայություն տալ ծովափում, գործարար թաղերում։ Չենք վախենում նաև այլ դժվարություններից, քանի որ գիտենք, որ Եհովան միշտ մեզ հետ է»։ Նրանք պարբերագրերի մատակարարման երթուղի հաստատեցին, Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեցին, իսկ իրենք ծառայում են որպես օժանդակ ռահվիրաներ։
13. Որոշ վայրերում քարոզելիս մեր ծառայության մեջ ի՞նչ փոփոխություններ է անհրաժեշտ կատարել։
13 Քանի որ շարունակվում են արժանավորների որոնումները, ապա որոշ վայրերում քարոզելիս գուցե անհրաժեշտ է մանրամասնորեն վերաքննության ենթարկել մեր ծառայությունը։ Թեև շատ Վկաներ սովորաբար տնետուն քարոզում են առավոտյան ժամերին, նրանք տեսնում են, որ որոշակի վայրերում այդպիսի վաղ այցերը պակաս արդյունավետ են, քանի որ բնակիչները գուցե դեռևս քնած են լինում։ Նոր գրաֆիկ կազմելով՝ նրանք այժմ օրվա ավելի ուշ ժամի են դուրս գալիս քարոզչության՝ գուցե քրիստոնեական հանդիպումներից հետո։ Եվ դա, իրոք, արդարացրել է իրեն։ Անցած տարի Թագավորության քարոզիչների թիվն ամբողջ աշխարհում աճել է 2, 3 %–ով։ Սա պատիվ է բերում «հնձի Տիրոջը» և ուրախություն՝ մեր սրտերին։
Խաղաղություն պահպանենք «հնձի» ժամանակ
14. Ի՞նչ վերաբերմունք ենք դրսևորում մեր լուրը ներկայացնելիս և ինչո՞ւ։
14 Մեր ուրախության մյուս պատճառն այն է, որ «հնձի» ժամանակ խաղաղարար վերաբերմունք ենք դրսևորում։ «Երբ այն տունը մտնէք,— ասաց Հիսուսը,— ողջո՛յն տուէք նրան.... Եթէ տունն արժանի է, ձեր ողջոյնը նրա վրայ թող իջնի» (Մատթէոս 10։12, 13)։ Հրեական ողջույնն ու Աստվածաշնչում օգտագործված դրան համապատասխան հունարեն բառը նշանակում են. «Թող բարին քեզ հետ լինի»։ Այսպիսի տրամադրվածությամբ ենք բարի լուրը քարոզում մարդկանց։ Մենք հույս ենք ունենում, որ նրանք բարեհաճորեն կարձագանքեն Թագավորության լուրին։ Նման մարդկանց համար հնարավորություն է բացվում հաշտվել Աստծո հետ՝ զղջալով սեփական մեղքերի համար, դարձի գալով և նրա կամքը կատարելով։ Իր հերթին Աստծո հետ խաղաղությունը առաջնորդում է դեպի հավիտենական կյանք (Յովհաննէս 17։3; Գործք 3։19; 13։38, 48; Բ Կորնթացիս 5։18–20)։
15. Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր խաղաղությունը, երբ բացասական վերաբերմունքին ենք հանդիպում մեր քարոզչական գործում։
15 Իսկ ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր խաղաղությունը, երբ մարդկանց բացասական վերաբերմունքին ենք հանդիպում։ Հիսուսը խորհուրդ տվեց. «Եթէ [տունը] արժանի չէ, ձեր ողջոյնը ձեզ թող վերադառնայ» (Մատթէոս 10։13)։ Ղուկասը պատմում է, թե ինչպես Հիսուսը, 70 աշակերտներին ուղարկելով, ասաց. «Եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կը հանգչի. ապա թէ ոչ՝ ձե՛զ կը վերադառնայ» (Ղուկաս 10։6)։ Երբ մարդկանց մոտենում ենք բարի լուրով, ապա այդ լուրին համապատասխան զվարթ և խաղաղարար տրամադրվածություն ենք ունենում։ Տանտիրոջ անտարբեր, դժգոհ կամ չար խոսքերը միայն հնարավորություն են տալիս մեր խաղաղարար լուրին «վերադառնալու» դեպի մեզ։ Բայց այդ ամենը չպետք է մեզ զրկի խաղաղությունից՝ Եհովայի սուրբ ոգու պտուղից (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։
Մշակների հրաշալի նպատակը
16, 17. ա) Ո՞րն է վերայցելություններ կատարելու մեր նպատակը։ բ) Ինչպե՞ս կարող ենք օգնել նրանց, ովքեր հարցեր ունեն Աստվածաշնչից։
16 Լինելով մշակներ՝ մենք հաճույքով ենք մասնակցում մարդկանց «հավաքմանը» հավիտենական կյանքի համար։ Ի՜նչ ուրախություն ենք ապրում, երբ անհատը, որին քարոզում ենք, բարեհաճորեն է արձագանքում, ցանկանում է ավելին իմանալ և իրոք «խաղաղասէր մարդ» է։ Գուցե նա Աստվածաշնչից շատ հարցեր ունի տալու, և մենք տեսնում ենք, որ մեկ այցի ընթացքում անհնար է պատասխանել դրանց բոլորին։ Քանի որ ճիշտ չէր լինի երկար մնալ հետաքրքրվողի տանն առաջին այցելության ժամանակ, ապա ի՞նչ կարելի է անել։ Կարող ենք այնպիսի նպատակ ունենալ, ինչպիսին առաջարկվել է մոտ 60 տարի առաջ։
17 «Բոլոր Եհովայի վկաները պետք է նախապատրաստված լինեն Աստվածաշնչի տիպար ուսումնասիրություն կատարելու»։ Այսպիսի միտք էր հայտնվում 1937–1941 թթ.–ին լույս տեսած «Տիպար ուսումնասիրություն» ուսուցողական գրքույկների շարքից երրորդում։ Այնտեղ նաև խորհուրդ էր տրվում. «[Թագավորության] բոլոր քարոզիչները պետք է ամեն հնարավոր միջոցներով եռանդագին օգնեն բարի կամքի տեր այն մարդկանց, որոնք հետաքրքրություն են հանդես բերում Թագավորության լուրի հանդեպ։ Հարկավոր է կրկին այցելել այդպիսի անհատներին՝ պատասխանելով տարբեր հարցերի.... և այնուհետև, ինչքան հնարավոր է շուտ, սկսել տիպար ուսումնասիրություն»։ Այո՛, վերայցելություններ կատարելու մեր նպատակը Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն սկսելն ու այն կանոնավորաբար անցկացնելն է։a Բարեկամական վերաբերմունքն ու սիրով լի հոգատարությունը հետաքրքրվողի նկատմամբ մղում են մեզ լավ նախապատրաստվել ուսումնասիրությանը և այն արդյունավետորեն անցկացնել։
18. Ինչպե՞ս կարող ենք օգնել նորեկներին՝ դառնալու Հիսուս Քրիստոսի աշակերտներ։
18 «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գրքի և այնպիսի գրքույկի միջոցով, ինչպիսին «Ի՞նչ է Աստված մեզնից պահանջում»–ն է, մենք կարող ենք Աստվածաշնչի արդյունավետ տնային ուսումնասիրություններ անցկացնել ու, այդպիսով, օգնել նոր հետաքրքրվողներին աշակերտներ դառնալ։ Քանի որ ձգտում ենք ընդօրինակել Մեծ ուսուցչին՝ Հիսուս Քրիստոսին, ապա, ըստ էության, մեր ուսումնասիրողները օգուտներ կքաղեն նաև մեր խաղաղ և կենսուրախ լինելուց, անկեղծությունից և մեր՝ Եհովայի չափանիշների և սկզբունքների հանդեպ ունեցած հարգանքից։ Երբ պատասխանում ենք նորեկների հարցերին, եկեք նաև ամեն ինչ անենք՝ սովորեցնելու նրանց, թե ինչպես նրանք էլ իրենց հերթին պատասխանեն ուրիշների հարցերին (Բ Տիմոթէոս 2։1, 2; Ա Պետրոս 2։21)։ Անշուշտ, մենք՝ որպես փոխաբերական մշակներ, ուրախ ենք, որ անցած ծառայողական տարում ամբողջ աշխարհում միջին հաշվով Աստվածաշնչի 4 766 631 ուսումնասիրություն է կատարվել։ Եվ հատկապես ուրախ ենք, եթե անձամբ գտնվում ենք այն մշակների թվում, ովքեր Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն են անցկացնում։
Շարունակեք ուրախ լինել «հնձի» ժամանակ
19. Ինչո՞ւ են աշակերտները Հիսուսի ծառայության ընթացքում և դրանից կարճ ժամանակ անց ուրախանալու հիմնավոր պատճառներ ունեցել «հունձ» կատարելիս։
19 Աշակերտները Հիսուսի ծառայության ընթացքում և դրանից կարճ ժամանակ անց «հունձ» կատարելիս ուրախանալու հիմնավոր պատճառներ են ունեցել։ Այն ժամանակ շատերը բարեհաճորեն արձագանքեցին բարի լուրին։ Ուրախությունը հատկապես մեծ էր մ.թ. 33–ի Պենտեկոստեին, քանզի մոտ 3 000 մարդիկ ընդունեցին Պետրոսի խոսքերը, ստացան Եհովայի սուրբ ոգին և դարձան Աստծո ժողովրդի՝ հոգևոր Իսրայելի անդամներ։ Եվ նրանց թիվն անընդհատ ավելանում էր և բոլորն ուրախանում էին, քանի որ Եհովան «օրէցօր փրկուածներին նրանց թուի վրայ աւելացնում էր» (Գործք 2։37–41, 46, 47; Գաղատացիս 6։16; Ա Պետրոս 2։9)։
20. Ի՞նչն է մեզ մեծ ուրախություն պատճառում «հնձի» ժամանակ։
20 Առաջին դարում Եսայիայի մարգարեությունը համապատասխանում էր իրականությանը. «Դու [Եհովան] շատացրիր ազգը, մեծացրիր նորա ուրախութիւնը. նորանք ուրախանում են քո առաջին՝ հունձի ժամանակի ուրախութեան պէս. ինչպէս որ ցնծում են աւար բաժանելիս» (Եսայիա 9։3)։ Թեև այսօր տեսնում ենք, որ օծյալների ‘շատ ազգը’, փաստորեն, ամբողջացել է, մենք մեծ ուրախություն ենք ապրում՝ տեսնելով, թե ինչպես են տարեցտարի շատանում մյուս մշակները (Սաղմոս 4։7; Զաքարիա 8։23; Յովհաննէս 10։16)։
21. Ի՞նչ ենք քննարկելու հաջորդ հոդվածում։
21 Անտարակույս, մենք հիմնավոր պատճառներ ունենք՝ շարունակելու ուրախ լինել «հնձի» ժամանակ։ Մեր հուսատու լուրը, արժանավորների որոնումները և մեր խաղաղարար վերաբերմունքը՝ այս բոլոր գործոնները մեզ՝ որպես մշակների, ուրախություն են պատճառում։ Բայց դրանք շատերի մեջ թշնամական հակազդեցություն են առաջացնում։ Հովհաննես առաքյալն իր վրա զգացել է դա։ Նրան բանտարկել էին Պատմոս կղզում՝ «Աստծու խօսքի եւ Յիսուս Քրիստոսի վկայութեան համար» (Յայտնութիւն 1։9)։ Ուրեմն, ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր ուրախությունը՝ ի դեմս հալածանքի և հակառակության։ Ի՞նչը կօգնի մեզ դիմանալ այն անբարյացակամ վերաբերմունքին, որ ցույց են տալիս շատերը մեր քարոզչության ժամանակ։ Մեր հաջորդ հոդվածում Գրությունների միջոցով տրվում են այս հարցերի պատասխանները։
[ծանոթագրություններ]
a Ուսումնասիրություններն անց էին կացվում նախևառաջ այնպիսի վայրերում, որտեղ հետաքրքրվողները կարող էին խմբով հավաքվել։ Բայց շուտով ուսումնասիրություններ էին անցկացվում նաև առանձին անհատների ու ընտանիքների հետ (Տեսեք «Եհովայի վկաներ՝ Աստծո Թագավորության հռչակողներ» գիրքը, անգլ., էջ՝ 574։ Հրատարակված է Եհովայի վկաների կողմից)։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ի՞նչ է փոխաբերական հունձը։
• Ինչպիսի՞ն է մեր հռչակած լուրը։
• Ինչո՞ւ են հաջող ընթանում մեր՝ աշակերտների որոնումները։
• Ինչպե՞ս ենք պահպանում մեր խաղաղությունը «հնձի» ժամանակ։
• Ինչո՞ւ ենք շարունակում ուրախ մնալ «հնձի» ժամանակ։
[նկարներ 12–րդ և 13–րդ էջերի վրա]
Քարոզչությունը 1–ին և 20–րդ դարերում
[նկարներ 13–րդ էջի վրա]
Ինչպես Պողոսը, այնպես էլ մեր օրերի մշակները ձգտում են ամենուրեք մարդկանց քարոզել
[նկար 13–րդ էջի վրա]
Քարոզեք բարի լուրը զվարթ տրամադրվածությամբ