Արտերը սպիտակել են հնձի համար
1. Ի՞նչ կարևոր գործ է կատարվում մեր օրերում։
1 Սամարացի կնոջը վկայություն տալուց հետո Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են հնձի համար» (Հովհ. 4։35, 36)։ Հոգևոր հունձը դեռ նոր էր սկսվել, բայց Հիսուսն արդեն պատկերացնում էր, թե ինչ աշխարհածավալ բնույթ էր այն կրելու ապագայում։ Չնայած Հիսուսն այժմ երկնքում է, նա շարունակում է մեծ ուշադրությամբ հետևել հնձի ընթացքին (Մատթ. 28։19, 20)։ Որքան այս գործը մոտենում է իր գագաթնակետին, այնքան ավելի մեծ թափ է առնում։ Իսկ ո՞ր փաստերն են վկայում այդ մասին։
2. Ի՞նչ փաստեր կան, որ համաշխարհային հնձի գործը գնալով ավելի մեծ թափ է առնում։
2 Համաշխարհային հունձ։ 2009 ծառայողական տարվա ընթացքում ամբողջ աշխարհում քարոզիչների թիվը աճել է 3,2 տոկոսով։ Իսկ այն երկրներում, որտեղ քարոզչական գործը արգելքի տակ է, 14 տոկոս աճ է գրանցվել։ Ամեն ամիս անցկացվող Աստվածաշնչի տնային ուսումնասիրությունների ընդհանուր թիվը գերազանցել է 7619000-ը։ Այս թիվը մեծ է քարոզիչների բարձրագույն թվից և գրեթե կես միլիոնով ավելի է, քան անցյալ տարի անցկացրած ուսումնասիրությունների թիվը։ Շատ տարածքներում քարոզչական գործը արագորեն ընդլայնվում է, ուստի «Գաղաադ» դպրոցն ավարտած միսիոներների մեծ կարիք կա։ Բացի այդ, շատ երկրներում օտարախոս դաշտերը առատ բերք են տալիս։ Հստակ երևում է, որ Եհովան արագացնում է այս գործը, մինչ այն կմոտենա իր ավարտին (Ես. 60։22)։ Իսկ դու դրակա՞ն տրամադրվածությամբ ես աշխատում քո «արտում»։
3. Ի՞նչ են մտածում ոմանք իրենց տարածքի մասին։
3 Քո տարածքի հունձը։ Ոմանք գուցե մտածեն. «Իմ տարածքը այդքան էլ լավը չէ»։ Հնարավոր է՝ ոմանց թվա, թե իրենց տարածքը ուրիշ տարածքների նման արդյունավետ չէ, կամ որ մարդիկ այնքան լավ չեն արձագանքում, ինչպես նախկինում։ Այդ է պատճառը, որ որոշ Վկաներ եզրակացնում են, թե իրենց տարածքում ավարտվել է քարոզչական բուռն շրջանը և մնում է միայն գտնել այն հատուկենտ մարդկանց, ովքեր դեռ չեն արձագանքել։ Սակայն մի՞թե դա այդպես է։
4. Ի՞նչ տրամադրվածություն պետք է ունենանք մեր ծառայության հանդեպ և ինչո՞ւ։
4 Հոգևոր հնձի մասնակիցները սկզբից մինչև վերջ պետք է անդադար աշխատեն։ Այս գործը պետք է արվի հրատապության զգացումով, և դա երևում է Հիսուսի հետևյալ խոսքերից. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Մատթ. 9։37, 38)։ Հնձի տերը՝ Եհովան, ինքն է որոշում, թե երբ և արտի որ մասերում է առատ բերք լինելու (Հովհ. 6։44; 1 Կորնթ. 3։6–8)։ Իսկ ի՞նչ է ակնկալվում մեզանից։ Աստվածաշնչում ասվում է. «Առավոտյան ցանիր քո սերմը և մինչ երեկո ձեռքիդ հանգիստ մի՛ տուր» (Ժող. 11։4–6)։ Ուստի այժմ, երբ հնձի ամենաթեժ փուլն է, երբ այսքան մոտ ենք գագաթնակետին, ամենևին էլ հանգստանալու ժամանակը չէ։
5. Ինչո՞ւ պետք է շարունակենք եռանդով քարոզել մեր տարածքում, նույնիսկ եթե այն անարդյունավետ է թվում։
5 Շարունակիր մասնակցել հնձին։ Նույնիսկ եթե մեր տարածքը շատ է քարոզվել, և թվում է, թե այլևս դրական արձագանք չկա, մենք հիմնավոր պատճառներ ունենք շարունակելու քարոզել եռանդորեն և հրատապության զգացումով (2 Տիմոթ. 4։2)։ Աշխարհում տեղի ունեցող ցնցող իրադարձությունները գուցե պատճառ հանդիսանան, որ ոմանք փոխեն իրենց տրամադրվածությունը և սկսեն ավելի լրջորեն մտածել ապագայի մասին։ Մեր տարածքի որոշ երիտասարդներ մեծանալու հետ մեկտեղ թերևս սկսեն խաղաղության ու հոգեկան անդորր գտնելու կարիք զգալ։ Իսկ ոմանք էլ գուցե սկսեն դրականորեն արձագանքել՝ տեսնելով մեր հաստատակամությունը։ Այո՛, հնարավոր է, որ նրանք, ովքեր նախկինում անտարբեր են եղել բարի լուրի հանդեպ, սկսեն հետաքրքրություն ցույց տալ։ Նույնիսկ եթե ոմանք համառորեն մերժում են մեր պատգամը, նրանց նույնպես հարկավոր է նախազգուշացնել (Եզեկ. 2։4, 5; 3։19)։
6. Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր եռանդը, եթե մեր տարածքում քարոզելը դժվար է։
6 Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր եռանդը, եթե մեր տարածքում քարոզելը դժվար է։ Կարող ենք տնետուն ծառայությունը համատեղել քարոզչական ծառայության այլ ձևերի հետ, օրինակ՝ գործարար տարածքներում և հեռախոսով վկայություն տալու։ Կամ էլ կարող ենք նոր մատուցումներ օգտագործել։ Գուցե փոփոխություն մտցնենք մեր գրաֆիկում և ծառայության դուրս գանք երեկոյան կամ էլ այն ժամերին, երբ մարդկանց մեծ մասը տանն է լինում։ Կարող ենք նպատակ դնել նոր լեզու սովորել, որպեսզի բարի լուրը ավելի շատ մարդկանց քարոզենք։ Ծառայությունը ընդլայնելու ձևերից մեկն էլ ռահվիրա ծառայելն է, նաև այնպիսի տարածքներ տեղափոխվելը, որտեղ հնձի համար քիչ աշխատողներ կան։ Եթե մենք դրական տրամադրվածություն ունենանք հնձի հանդեպ, ապա ջանք կթափենք հնարավորինս լիարժեքորեն մասնակցելու այս կարևոր աշխատանքին։
7. Մինչև ե՞րբ պետք է շարունակենք «բերքահավաքը»։
7 Հողագործները սահմանափակ ժամանակ ունեն բերքը հավաքելու համար, ուստի առանց հանգիստ առնելու և առանց դանդաղելու աշխատում են, որ իրենց գործը ավարտին հասցնեն։ Հոգևոր հունձը նույնպես պետք է հրատապությամբ կատարվի։ Սակայն մինչև ե՞րբ պետք է շարունակենք «բերքահավաքը»։ «Մինչև աշխարհի վախճանը» և մինչև «կգա վերջը» (Մատթ. 24։14; 28։20)։ Եհովայի անզուգական Ծառայի նման՝ մենք ուզում ենք ավարտին հասցնել մեզ վստահված գործը (Հովհ. 4։34; 17։4)։ Եկեք ուրեմն շարունակենք եռանդորեն, ուրախությամբ և դրական տրամադրվածությամբ քարոզել մինչև կգա վերջը (Մատթ. 24։13)։ Մի մոռացեք, հունձը դեռ ավարտված չէ։
[մեջբերում 2-րդ էջի վրա]
Հոգևոր հնձի մասնակիցները սկզբից մինչև վերջ պետք է անդադար աշխատեն