Ձեր առաջադիմությունը հայտնի դարձրեք
«Այդ բանի վրայ մտածի՛ր եւ յարատեւի՛ր դրանում, որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին» (Ա Տիմոթէոս 4։15)։
1. Ե՞րբ է միրգը հասած լինում, ուտելու համար՝ պատրաստ։
ՄԻ ՊԱՀ պատկերացրեք ձեր ամենասիրելի միրգը՝ դեղձ, տանձ, խնձոր կամ մեկ ուրիշը։ Կարո՞ղ եք ասել, թե երբ է այն արդեն հասած լինում, ուտելու համար՝ պատրաստ։ Իհարկե, կարող եք։ Նրա բուրմունքը, գույնը, տեսքը՝ այս բոլորը հաճելի ակնկալություն են ձեր մեջ առաջացնում։ Այդ միրգը կծելիս գուցե բավականություն արտահայտող ձայն եք արտաբերում։ Ի՜նչ հյութեղ է։ Ի՜նչ քաղցր։ Այն ձեզ մեծ հաճույք, բավականություն է պատճառում։
2. Ինչպե՞ս է ի հայտ գալիս անհատի հասունությունը և ի՞նչ ազդեցություն է ունենում մարդկանց միջև եղած հարաբերությունների վրա։
2 Այս հասարակ, բայց հաճելի օրինակը իր զուգահեռներն ունի կյանքի մյուս ասպարեզներում։ Օրինակ՝ ինչպես մրգի հասած լինելը, այնպես էլ մարդու հոգևոր հասունությունն է դրսևորվում տարբեր կերպերով։ Մենք անհատին համարում ենք հասուն, երբ տեսնում ենք, որ նա խորաթափանց է, իմաստուն և այլն (Յոբ 32։7–9)։ Անշուշտ, հաճելի է համագործակցել և աշխատել այնպիսի մարդկանց հետ, որոնց հայացքներն ու գործերը նման հատկություններ են արտացոլում (Առակաց 13։20)։
3. Իր օրերի մարդկանց նկարագրելով՝ Հիսուսը ի՞նչ երևան հանեց հասունության վերաբերյալ։
3 Մյուս կողմից՝ անհատը գուցե ֆիզիկապես հասուն է, բայց նրա խոսքերն ու գործերը երևան են հանում նրա էմոցիոնալ և հոգևոր տհասությունը։ Օրինակ՝ խոսելով իր օրերի կամակոր սերնդի մասին՝ Հիսուսն ասել էր. «Եկաւ Յովհաննէսը. ո՛չ ուտում էր եւ ո՛չ խմում. եւ ասացին՝ նրա մէջ դեւ կայ։ Եկաւ մարդու Որդին. ուտում է եւ խմում. եւ ասում են՝ ահա ուտող եւ խմող մարդ»։ Թեև այդ մարդիկ ֆիզիկապես հասուն էին, Հիսուսն ասաց, որ նրանք գործում էին «մանուկների» պես և ամենևին էլ հասուն չէին։ Նա ավելացրեց. ‘Բայց իմաստությունը արդարացվում է իր որդիների կողմից [«իր գործերով», ՆԱ]’ (Մատթէոս 11։16–19)։
4. Ինչպե՞ս կարելի է հայտնի դարձնել սեփական առաջադիմությունն ու հասունությունը։
4 Հիսուսի խոսքերն օգնում են մեզ հասկանալ, թե տվյալ մարդն ունի արդյոք ճշմարիտ իմաստություն՝ հասունության հատկանշական գծերից մեկը։ Դա երևում է այդ մարդու կատարած գործերից և ստացված արդյունքներից։ Սրա հետ կապված՝ ուշադրություն դարձրեք, թե ինչ խորհուրդ է տալիս Պողոս առաքյալը Տիմոթեոսին։ Թվարկելով մի շարք հորդորներ, որոնց Տիմոթեոսը պիտի հետևեր՝ Պողոսն ասաց. «Այդ բանի վրայ մտածի՛ր եւ յարատեւի՛ր դրանում, որպէսզի քո առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին» (Ա Տիմոթէոս 4։15)։ Այո՛, քրիստոնյայի առաջադիմությունը դեպի հասունություն «հայտնի» է լինում. այն հստակորեն կարելի է տեսնել։ Պայծառ լույսի նման, քրիստոնեական հասունությունն աննկատ կամ թաքնված չի մնում (Մատթէոս 5։14–16)։ Ուստի, եկեք քննության առնենք երկու կարևոր կետ, թե ինչպես կարելի է սեփական առաջադիմությունն ու հասունությունը հայտնի դարձնել. 1) աճել գիտելիքների, հասկացողության և իմաստնության մեջ, 2) դրսևորել սուրբ ոգու պտուղները։
Միաբանություն հավատի և ճանաչողության մեջ
5. Ինչպե՞ս կարող է սահմանվել «հասունություն» բառը։
5 Բառարանների մեծ մասը «հասունություն» բառը սահմանում է որպես չափահասություն, լրիվ զարգացվածության, վերջնական տեսքի կամ ցանկալի աստիճանի բերված լինելու վիճակ։ Ինչպես վերևում նշվեց, միրգը հասուն է, երբ ավարտված է նրա հասունացման բնական շրջանը, և նրա տեսքը, գույնը, համն ու հոտը այն են, ինչ որ պետք է։ Հետևաբար, «հասունությունը» հոմանիշ է «գերազանցություն», «ավարտվածություն» և նույնիսկ «կատարելություն» բառերին (Եսայիա 18։5, Արևմտ. Աստ.; Մատթէոս 5։45–48; Յակոբոս 1։4)։
6, 7. ա) Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան խորապես հետաքրքրված է իր բոլոր երկրպագուների հոգևոր հասունացմամբ։ բ) Ինչի՞ հետ է հոգևոր հասունությունը սերտորեն կապված։
6 Եհովա Աստված խորապես հետաքրքրված է իր բոլոր երկրպագուների հոգևոր հասունացմամբ։ Այդ նպատակով էլ նա հրաշալի հնարավորություններ է ստեղծել քրիստոնեական ժողովի ներսում։ Պողոս առաքյալը Եփեսոսի քրիստոնյաներին գրել է. «Նա շնորհ տուեց ոմանց լինելու առաքեալներ, ոմանց՝ մարգարէներ, ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ՝ հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ, ի շինութիւն Քրիստոսի մարմնի, մինչեւ ամէնքս ալ հասնինք հաւատքին ու Աստուծոյ Որդին ճանչնալուն [մեջ] միաբանութեանը, կատարեալ մարդ ըլլալու [«չափահաս մարդու հասունությանը», ՆԱ], Քրիստոսի լման հասակին չափը ունենալու։ Այնպէս որ, այսուհետեւ չլինենք երեխաներ, որոնք տարուբերւում ու քշւում են վարդապետութեան բոլոր հողմերից, մարդկանց խաբեբայութեամբ, որոնք խորամանկութեամբ, խաբելով մոլորեցնում են» (Եփեսացիս 4։11, 12, [13, Արևմտ. Աստ.], 14)։
7 Այս համարներում Պողոսը բերել է պատճառներ, թե ինչու է Աստված այդքան առատորեն ապահովել ժողովին հոգևոր միջոցներով։ Դրանց մեջ է մտնում այն, որ բոլորը հասնեն հավատի և ճշգրիտ ճանաչողության մեջ միաբանության, դառնան «չափահաս», ‘Քրիստոսի լման հասակի չափը ունենան’։ Միայն այս դեպքում չենք լինի հոգևորապես երեխաներ՝ տարուբերվող կեղծ գաղափարներից և ուսմունքներից։ Այսպիսով՝ տեսնում ենք սերտ կապ քրիստոնեական հասունության ու հավատի և Աստծո Որդու ճշգրիտ ճանաչողության մեջ միաբանության հասնելու միջև։ Պողոսի տված խորհուրդը պարունակում է մի շարք կետեր, որոնց հարկավոր է ուշադրություն դարձնել։
8. Ի՞նչ է անհրաժեշտ հավատի և ճշգրիտ ճանաչողության մեջ ‘միաբանության’ հասնելու համար։
8 Առաջին՝ քանի որ հարկավոր է ‘միաբանություն’ պահպանել, ապա հավատի և ճանաչողության հարցում հասուն քրիստոնյան պետք է հավատակիցների հետ միասնություն և լիակատար ներդաշնակություն պահպանի։ Նա չի ջատագովում և պնդում իր անձնական կարծիքը, սեփական գաղափարներն առաջ չի քաշում աստվածաշնչյան որևէ հասկացողության վերաբերյալ։ Դրա փոխարեն՝ նա լիովին համոզված է ճշմարտության մեջ և վստահ է, որ այն բացահայտվում է Եհովա Աստծո կողմից իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի, ու «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով։ Քրիստոնեական հրատարակությունների, հանդիպումների, համաժողովների միջոցով «իր ժամին» մատակարարվող հոգևոր կերակրից կանոնավորապես օգտվելով՝ մենք կարող ենք վստահ լինել, որ ‘միաբանություն’ ենք պահպանում հավատակիցների հետ հավատի և ճանաչողության մեջ (Մատթէոս 24։45)։
9. Բացատրեք եփեսացիներին ուղղված նամակում Պողոսի օգտագործած «հավատք» բառի իմաստը։
9 Երկրորդ՝ «հավատք» բառը վերաբերում է ոչ թե այն համոզմունքին, որը յուրաքանչյուր քրիստոնյա դավանում է, այլ՝ այն ամենին, ինչին մենք հավատում ենք՝ նրա ‘լայնությանը, երկարությանը, բարձրությանը և խորությանը’ (Եփեսացիս 3։18; 4։5; Կողոսացիս 1։23; 2։7)։ Իսկապես, ինչպե՞ս կարող է քրիստոնյան միաբանության մեջ լինել հավատակիցների հետ, եթե ընդունում է «հավատի» միայն մի մասը։ Սա նշանակում է, որ չպետք է բավարարվենք միայն աստվածաշնչյան հիմնական ուսուցումներն իմանալով, ճշմարտության վերաբերյալ մշուշոտ կամ թերի գիտելիքներ ձեռք բերելով։ Ընդհակառակը՝ մենք պետք է շահագրգռված լինենք օգուտներ քաղելու այն ամենից, ինչ Եհովան տալիս է իր կազմակերպության միջոցով՝ իր Խոսքը խորապես քննելու համար։ Պետք է ձգտենք Աստծո կամքի և նպատակի վերաբերյալ ինչքան հնարավոր է ճշգրիտ և ամբողջական հասկացողություն ձեռք բերել։ Սրա մեջ մտնում են Աստվածաշունչն ու նրա վրա հիմնված հրատարակությունները կարդալուն և ուսումնասիրելուն ժամանակ տրամադրելը, օգնության և առաջնորդության համար Աստծուն աղոթելը, կանոնավորաբար քրիստոնեական հանդիպումներին հաճախելը և Թագավորության քարոզչության ու աշակերտներ պատրաստելու գործում լիակատար մասնակցություն հանդես բերելը (Առակաց 2։1–5)։
10. Ո՞րն է Եփեսացիս 4։13–ում գրված «մինչեւ ամէնքս ալ հասնինք» արտահայտության նշանակությունը։
10 Երրորդ՝ Պողոսը, նախքան երեք մասից բաղկացած նպատակը հաղորդելը, հետևյալն է ասում. «Մինչեւ ամէնքս ալ հասնինք»։ «Ամէնքս» արտահայտության վերաբերյալ մի աստվածաշնչյան ձեռնարկում տրվում է հետևյալ բացատրությունը. «Ոչ թե բոլորը՝ մեկ առ մեկ, առանձին–առանձին, այլ՝ բոլորը միասին»։ Այլ խոսքով՝ մեզանից ամեն մեկը պետք է հնարավորության սահմաններում ձգտի քրիստոնեական հասունության նպատակին հասնել ողջ եղբայրության հետ համաքայլ։ Մի աշխատության մեջ ասվում է. «Անհատը մյուսներից առանձին չի կարող հոգևոր հաջողությունների լիակատարությանը հասնել, ճիշտ ինչպես մարմնի մեկ անդամը չի կարող ձևավորվել՝ առանց մարմնի ամբողջական աճի» («Interpreter’s Bible»)։ Պողոսը հիշեցրեց եփեսացի քրիստոնյաներին, որ նրանք «բոլոր սրբերի հետ» պետք է հասկանային հավատի ողջ տարողությունը (Եփեսացիս 3։18ա)։
11. ա) Ի՞նչ չի նշանակում հոգևորապես առաջադիմելը։ բ) Ի՞նչ է մեզ անհրաժեշտ առաջադիմելու համար։
11 Պողոսի խոսքերից երևում է, որ հոգևորապես առաջադիմելը չի նշանակում սոսկ լինել շատ կարդացող և ուղեղը լցնել գիտելիքներով։ Հասուն քրիստոնյան նա չէ, որ ուրիշներին կուրացնում է իր փայլով։ Դրան հակառակ՝ Աստվածաշունչն ասում է. «Արդարների ճանապարհը ծագող լոյսի պէս է. որ գնալով լուսաւորվում է, մինչեւ որ կատարեալ օր է դառնում» (Առակաց 4։18)։ Այո՛, «ճանապարհը», և ոչ թե անհատն է «գնալով լուսաւորվում»։ Եթե մենք շարունակ ջանքեր գործադրենք՝ ետ չընկնելու Աստծո Խոսքի անընդհատ խորացող ըմբռնումից, որով Եհովան օժտում է իր ժողովրդին, ապա հոգևորապես կառաջադիմենք։ «Ետ չընկնելն» այստեղ նշանակում է առաջ գնալ, և դա մի բան է, որ բոլորս էլ կարող ենք անել (Սաղմոս 97։11; 119։105)։
Ի հայտ բերենք «հոգու պտուղը»
12. Ինչո՞ւ է կարևոր ոգու պտուղներն ի հայտ բերել հոգևոր հասունության ձգտելիս։
12 Կարևոր է ոչ միայն հավատի և ճշգրիտ ճանաչողության մեջ միաբանության հասնելը, այլ նաև Աստծո ոգու պտուղն ի հայտ բերելը մեր կյանքի բոլոր ասպարեզներում։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ հասունությունը, ինչպես տեսանք, աննկատ կամ թաքնված չի լինում, այլ բնորոշվում է հստակ տեսանելի հատկանիշներով, որոնք կարող են օգուտ տալ և կերտել ուրիշներին։ Իհարկե, մենք չենք ձգտում հոգևոր առաջադիմության՝ զարգացած երևալու կամ ինքներս մեզ երևակայելու համար։ Դրա փոխարեն՝ եթե Աստծո ոգու առաջնորդությանը հետևելու շնորհիվ հոգևորապես աճում ենք, մենք հիանալի փոփոխություններ կկատարենք մեր հայացքներում և գործերում։ «Հոգով գնացէք, եւ մարմնի ցանկութիւնը չէք կատարիլ»,— ասում է Պողոս առաքյալը (Գաղատացիս 5։16, ԱԹ)։
13. Ո՞ր փոփոխությունն է հստակորեն վկայում անհատի առաջընթացի մասին։
13 Պողոսը շարունակում է թվարկել «մարմնի գործերը», որոնք բազմաթիվ են և «յայտնի»։ Անհատը, նախքան Աստծո պատվիրանները գնահատել սկսելը, ապրում է այս աշխարհի ուղիներին համապատասխան և գուցե անում է Պողոսի նշած գործերից մի քանիսը՝ «շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ [«աղանդավորություն», ՆԱ], չար նախանձ.... հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ» (Գաղատացիս 5։19–21)։ Բայց քանի որ նա աճում է հոգևորապես, ապա աստիճանաբար հաղթահարում է այս անցանկալի «մարմնի գործերը» և փոխարինում դրանք ‘ոգու պտուղով’։ Այս արտաքնապես տեսանելի փոփոխությունը հստակորեն ցույց է տալիս, որ անհատն առաջանում է դեպի քրիստոնեական հասունություն (Գաղատացիս 5։22, ԱԹ)։
14. Բացատրեք, թե ինչ են նշանակում «մարմնի գործերը» և «հոգու պտուղը» արտահայտությունները։
14 Մեզ հարկավոր է նկատի առնել, թե ինչ են «մարմնի գործերը» և «հոգու պտուղը»։ «Գործերը» մեկի գործողությունների արդյունքն են, արարքները։ Այլ խոսքով՝ Պողոսի թվարկած «մարմնի գործերը» արդյունք են կա՛մ անհատի գիտակցական գործողությունների, կա՛մ մարդկային ընկած մարմնի ազդեցության (Հռովմայեցիս 1։24, 28; 7։21–25)։ Մյուս կողմից՝ «հոգու պտուղ» արտահայտությունը նշանակում է, որ թվարկված հատկությունները արդյունք են ոչ թե, այսպես ասած, անձնավորության լավացման, այլ՝ տվյալ մարդու վրա Աստծո սուրբ ոգու ազդեցության։ Ինչպես ծառն է պտուղ տալիս հարկ եղած խնամքի դեպքում, ճիշտ այնպես էլ անհատն է դրսևորում սուրբ ոգու պտուղը, երբ այն ազատորեն թափանցում է նրա կյանքի մեջ (Սաղմոս 1։1–3)։
15. Ինչո՞ւ է կարևոր ուշադրություն դարձնել սուրբ ոգու պտուղը կազմող բոլոր հատկություններին։
15 Քննարկման մեկ ուրիշ կետ է Պողոսի օգտագործած «պտուղ» բառը, որն իր մեջ է ընդգրկում նրա նշած բոլոր ցանկալի հատկությունները։ Սուրբ ոգին առաջ չի բերում պտուղների բազմազանություն, որպեսզի ընտրենք մեր ուզածը։ Պողոսի թվարկած բոլոր հատկությունները՝ սերը, ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, քաղցրությունը, բարությունը, հավատը, հեզությունը և ժուժկալությունը, հավասարապես կարևոր են և միասին հնարավոր են դարձնում նոր քրիստոնեական անձնավորության կերտումը (Եփեսացիս 4։24; Կողոսացիս 3։10)։ Ուրեմն, կարևոր է ուշադրություն դարձնել Պողոսի հիշատակած բոլոր հատկություններին՝ չնայած նրան, որ գուցե դրանցից մի քանիսն ավելի ակներևաբար են դրսևորվում մեր բնավորության և հակումների մեջ։ Այսպես մենք կարող ենք ավելի հստակորեն արտացոլել քրիստոսանման անձնավորությունը մեր կյանքում (Ա Պետրոս 2։12, 21)։
16. Ձգտելով քրիստոնեական հասունության՝ ի՞նչ նպատակ ենք հետապնդում, և ինչպե՞ս կարելի է հասնել դրան։
16 Պողոսի խոսքերից կարող ենք հետևյալ կարևոր դասը սովորել. ձգտելով քրիստոնեական հասունության՝ մենք նպատակ չենք դնում դառնալ գիտուն և կարդացած մարդ, ոչ էլ մշակել բնավորության նրբին գծեր։ Մեր նպատակն է՝ անել այնպես, որ Աստծո ոգին ազատորեն ներթափանցի մեր կյանքի մեջ։ Որքան մեր մտածողության մեջ և գործերում արտացոլվում է Աստծո ոգու առաջնորդությունը, այնքան մենք դառնում ենք հոգևորապես հասուն։ Ինչպե՞ս կարող ենք հասնել այդ նպատակին։ Մենք պետք է բացենք մեր սիրտն ու միտքը, որպեսզի Աստծո ոգին ազդեցություն գործի դրանց վրա։ Դա նշանակում է հավատարմորեն հաճախել ու մասնակցել քրիստոնեական հանդիպումներին։ Նաև հարկավոր է կանոնավորաբար ուսումնասիրել Աստծո Խոսքը և խորհել դրա շուրջ՝ թույլ տալով, որ նրա սկզբունքները առաջնորդեն մեզ ուրիշների հետ գործ ունենալիս, նաև՝ որևէ ընտրություն կատարելիս կամ որոշում կայացնելիս։ Անտարակույս, արդյունքում մեր առաջադիմությունը հստակորեն հայտնի կլինի։
Առաջադիմենք ի փառս Աստծո
17. Ինչպե՞ս է առաջադիմելը կապված մեր երկնային Հորը փառաբանելու հետ։
17 Մեր առաջադիմությունն, ի վերջո, փառք ու գովք է բերում ոչ թե մեզ, այլ մեր երկնային Հորը՝ Եհովային, որը հնարավոր է դարձնում մեր՝ հոգևոր հասունության հասնելը։ Հիսուսն իր մահվանը նախորդող գիշերը աշակերտներին ասաց. «Իմ Հայրը փառաւորուած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք» (Յովհաննէս 15։8)։ Դրսևորելով ոգու պտուղը, ինչպես նաև պտուղ բերելով իրենց Թագավորական ծառայության մեջ՝ աշակերտները փառավորեցին Եհովային (Գործք 11։4, 18; 13։48)։
18. ա) Ի՞նչ «հունձ» է այսօր ուրախությամբ կատարվում։ բ) Ի՞նչ խնդիրներ կան այդ գործում։
18 Եհովան օրհնում է իր ժողովրդին, որն այսօր հոգևոր հունձ է կատարում ամբողջ աշխարհում։ Մի քանի տարի շարունակ տարեկան մոտ 300 000 մարդ է նվիրվել Եհովային ու այդ նվիրումը խորհրդանշել ջրի մկրտությամբ։ Այս փաստը մեծ ուրախություն է պատճառում մեզ և, անկասկած, ուրախացնում է Եհովայի սիրտը (Առակաց 27։11)։ Այդուհանդերձ, որպեսզի նորեկները շարունակեն ուրախացնել և փառաբանել Եհովային, նրանք բոլորը կարիք ունեն ‘ընթանալու [Քրիստոսով]՝ արմատավորված և կառուցված նրա վրա, հաստատ մնալով հավատի մեջ’ (Կողոսացիս 2։6, 7)։ Այս համարում պարփակված է Աստծո ժողովրդին ուղղված երկու կոչ։ Առաջին՝ եթե դուք նորերս եք մկրտվել, ապա կանե՞ք այնպես, որ ձեր «առաջադիմութիւնը յայտնի լինի բոլորին»։ Երկրորդ՝ եթե դուք արդեն որոշ ժամանակ է, ինչ ճշմարտության մեջ եք, ապա կվերցնե՞ք ձեզ վրա նորեկների հոգևոր բարօրությունը հոգալու պատասխանատվությունը։ Երկու դեպքում էլ ակնհայտ է, որ հարկավոր է շարունակել հասունանալ (Փիլիպպեցիս 3։16; Եբրայեցիս 6։1)։
19. Ի՞նչ անելու պատիվ և ի՞նչ օրհնություններ կարող եք ունենալ, եթե ձեր առաջադիմությունը հայտնի եք դարձնում։
19 Չքնաղ օրհնություններ են սպասում բոլոր նրանց, ովքեր ջանք են թափում՝ հայտնի դարձնելու իրենց առաջադիմությունը։ Հիշենք, թե Պողոսը քաջալերանքի ինչ խոսքեր ասաց Տիմոթեոսին առաջադիմելու մասին նրան տրված հորդորից հետո. «Զգո՛յշ եղիր քո նկատմամբ եւ քո ուսուցման նկատմամբ. եւ յարատեւի՛ր դրանում։ Եթէ այդ բանն անես, կը փրկես ե՛ւ քեզ, ե՛ւ նրանց, որ լսում են քեզ» (Ա Տիմոթէոս 4։16)։ Ջանադրաբար հայտնի դարձնելով ձեր առաջադիմությունը՝ դուք նույնպես կարող եք Աստծո անունը փառաբանելու պատիվն ունենալ և վայելել նրա օրհնությունները։
Հիշո՞ւմ եք
• Ինչպե՞ս կարող է մարդու հոգևոր հասունությունը հայտնի դառնալ։
• Ո՞ր գիտելիքների ու հասկացողության մեջ է արտացոլված հասունությունը։
• Ինչպե՞ս է «հոգու պտուղն» ի հայտ
բերելը մատնանշում հոգևոր հասունությանը։
• Շարունակելով ձգտել հասունության՝ ի՞նչ խնդիրներ է հարկավոր դիմագրավել։
[նկար 13–րդ էջի վրա]
Հասունությունը հստակորեն կարելի է տեսնել
[նկար 15–րդ էջի վրա]
Մենք հոգևորապես առաջադիմում ենք՝ համաքայլ ընթանալով ճշմարտության հետ, որը գնալով ավելի է բացվում
[նկար 17–րդ էջի վրա]
Աղոթքն օգնում է մեզ դրսևորել ոգու պտուղը