Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 8/15 էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2001 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի գիրք համար 18. Հոբ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Հոբը բարձր պահեց Եհովայի անունը
    2009 Դիտարան
  • Ուշագրավ մտքեր «Յոբ» գրքից
    2006 Դիտարան
  • «Չե՛մ թողնի անարատությունս»
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2001 Դիտարան
w01 8/15 էջ 31

Ընթերցողների հարցերը

Որքա՞ն երկար տևեց Հոբի տառապանքը։

Ոմանք կարծում են, թե Հոբի փորձությունները տևել են երկար տարիներ, բայց «Յոբ» գիրքը չի նշում այդքան երկար տևած տառապանքի մասին։

Հոբի փորձությունների առաջին փուլը նրա ընտանիքի անդամների և ունեցվածքի կորուստն էր, որն, ակներևաբար, բավականին կարճ ժամանակում էր տեղի ունեցել։ Գրքում կարդում ենք. «Եղաւ որ մի օր [Հոբի] որդիքն ու նորա աղջկերքը ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը»։ Հոբը մի կորստյան լուրը ստանում էր մյուսի ետևից՝ եզների, էշերի, ոչխարների, ուղտերի և նրանց հովվող ծառաների կորստյան մասին։ Ըստ երևույթին, անմիջապես դրանից հետո նրան հայտնում են իր որդիների և դստրերի մահվան լուրը, որոնք «ուտում էին եւ գինի խմում իրանց անդրանիկ եղբօր տանը»։ Կարծես՝ այս ամենը մեկ օրվա ընթացքում էր տեղի ունեցել (Յոբ 1։13–19)։

Հոբի փորձությունների հաջորդ փուլը պետք է որ ավելի երկար տևած լինի։ Դիմելով Եհովային՝ Սատանան պնդում է, որ Հոբն այլևս հավատարիմ չի լինի Աստծուն, եթե ցավն անձամբ նրան՝ նրա սեփական մարմնին դիպչի։ Դրանից հետո Հոբը հարվածվում է «չարաչար պալարներով նորա ոտքի թաթից մինչեւ նորա գագաթը»։ Որպեսզի այդ հիվանդությունը տարածվեր նրա ողջ մարմնով մեկ, թերևս պետք է որոշ ժամանակ անցներ։ Նաև, հավանաբար, ժամանակ էր պետք, որ «այս բոլոր չարիքի» մասին լուրը հասներ Հոբի, այսպես կոչված, մխիթարիչներին, որոնք ուղևորվեցին Հոբին տեսակցելու (Յոբ 2։3–11)։

Եղիփազը Թեմանից էր՝ Եդովմի երկրից, իսկ Սոփարը՝ Արաբիայի հյուսիս–​արևմտյան շրջաններից, հետևաբար, նրանց բնակավայրերը հեռու չէին Հոբի հայրենիքից՝ Հուս երկրից, որը հավանաբար գտնվում էր Արաբիայի հյուսիսում։ Սակայն Բաղդատը սոքեցի էր, և հայտնի է, որ սոքեցիները բնակվում էին Եփրատ գետի երկայնքով մեկ։ Եթե Բաղդատն այդ ժամանակ գտնվում էր իր բնակավայրում, պետք է որ շաբաթներ կամ ամիսներ անցնեին, մինչև որ նա լսեր Հոբի հիվանդության լուրը և ապա ուղևորվեր դեպի Հուս։ Ինչ խոսք, չի բացառված, որ Հոբի տառապանքը սկսվելու ժամանակ նրանք երեքն էլ նրան մոտ էին գտնվում։ Համենայնդեպս, երբ Հոբի երեք բարեկամները ժամանեցին, անխոս «նորա հետ նստեցին հողի վերայ եօթն օր եւ եօթը գիշեր» (Յոբ 2։12, 13)։

Ապա սկսվեց Հոբի փորձությունների վերջին փուլը, որը մանրամասնորեն նկարագրվում է գրքի շատ գլուխներում։ Վիճաբանությունների կամ ճառերի մի շարան ներկայացրեցին նրա այդ մխիթարիչները, իսկ Հոբը հաճախ պատասխան էր տալիս նրանց։ Դրանից հետո երիտասարդ Եղիուսը հանդիմանեց Հոբին, իսկ Եհովան երկնքից ուղղեց նրան (Յոբ 32։1–6; 38։1; 40։1–6; 42։1)։

Ուստի, Հոբի տառապանքը, որ տևել է մի քանի ամիս, կամ միգուցե մեկ տարուց քիչ պակաս։ Թերևս ձեր իսկ անձնական փորձից գիտենաք, որ դժվար փորձություններ հաղթահարելիս թվում է, թե դրանք վերջ չեն ունենալու։ Սակայն Հոբի նման մենք էլ չպետք է մոռանանք, որ դրանք, անշուշտ, վերջ ունեն։ Որքան էլ որ երկար տևեն մեր դիմագրավելիք փորձությունները, եկեք հիշենք Աստծո պաշտպանության մասին, ինչպես երևում է հետևյալ ներշնչյալ խոսքերից. «Ներկայի մեր կրած այս թեթեւ նեղութիւնը արտակարգօրէն գերազանց եւ յաւիտենական փառք մը կ’ապահովէ մեզի» (Բ Կորնթացիս 4։17, ՆԿ–ի ՆԱԹ)։ Պետրոս առաքյալը գրել է. «Բոլոր շնորհների Աստուածը,— որ ձեզ կոչեց իր յաւիտենական փառքին Քրիստոս Յիսուսի միջոցով, որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինէք,— թող վերականգնի, զօրացնի, հաստատահիմն դարձնի ձեզ» (Ա Պետրոս 5։10)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը