Ընթերցողների հարցերը
Ի՞նչ է նշանակում Եհովային երկրպագել «ոգով»
Սուքար քաղաքին մոտ գտնվող Հակոբի աղբյուրից ջուր վերցնելու եկած սամարացի մի կնոջ վկայություն տալիս Հիսուս Քրիստոսն ասաց. «Հոգի [«Ոգի», ՆԱ] է Աստուած, եւ նրա երկրպագուները պէտք է հոգով [«ոգով», ՆԱ] եւ ճշմարտութեամբ երկրպագեն» (Յովհաննէս 4։24)։ Ճշմարիտ երկրպագությունը պետք է մատուցվի «ճշմարտությամբ»՝ համաձայն Աստվածաշնչի, որտեղ Եհովա Աստված հայտնել է իր և իր նպատակների մասին։ Պետք է նաև Աստծուն ծառայենք «ոգով», այսինքն՝ նախանձախնդրությամբ, սիրով ու հավատով լեցուն սրտից մղված (Տիտոս 2։14)։ Սակայն համատեքստը ցույց է տալիս, որ ‘Աստծուն ոգով երկրպագելու’ մասին Հիսուսի խոսքերն ավելին են նշանակում, քան միայն այն տրամադրվածությունը, որով ծառայում ենք Եհովային։
Ջրհորի մոտ Հիսուսի և կնոջ միջև կայացած զրույցը երկրպագության մեջ խանդավառության առկայության կամ բացակայության մասին չէր։ Նույնիսկ սխալ երկրպագությունը կարող է նախանձախնդրությամբ և անձնվիրությամբ մատուցվել։ Փոխարենը, երբ Հիսուսն ասաց, որ Հորը ոչ Սամարիայի լեռան վրա է հարկավոր երկրպագել և ոչ էլ Երուսաղեմի տաճարում (երկուսն էլ՝ տեղանքներ), նա խոսեց մի երկրպագության մասին, որը հիմնված է Աստծուն ճանաչելու վրա (Յովհաննէս 4։21)։ Նա ասաց. «Հոգի [«Ոգի», ՆԱ] է Աստուած» (Յովհաննէս 4։24)։ Ճշմարիտ Աստված նյութական մարմին չունի, և նրան չենք կարող տեսնել կամ շոշափել։ Աստծո պաշտամունքի մեջ տաճարը կամ լեռը չեն կարող կարևոր դեր խաղալ։ Հետևաբար, Հիսուսը խոսեց այն երկրպագության մասին, որը չի տեղավորվում տեսանելիի սահմաններում։
Ճշմարտությունով մատուցվելուց բացի ընդունելի երկրպագությունը պետք է նաև առաջնորդվի սուրբ ոգու՝ Աստծո անտեսանելի գործուն ուժի կողմից։ «[Սուրբ] Հոգին [«ոգին», ՆԱ] ամէն բան կը քննէ,— գրեց Պողոս առաքյալը,— Աստուծոյ խորունկ բաներն ալ»։ Այնուհետև նա ավելացրեց. «Մենք ո՛չ թէ այս աշխարհի հոգին [«ոգին», ՆԱ] առինք, հապա այն Հոգին [«ոգին», ՆԱ] որ Աստուծմէն է. որպէս զի մենք ճանչնանք այն բաները որոնք Աստուծմէ տրուեցան մեզի» (Ա Կորնթացիս 2։8–12, Արևմտ. Աստ)։ Որպեսզի մեր երկրպագությունը ընդունելի լինի Աստծուն, պետք է ունենանք իր սուրբ ոգին և առաջնորդվենք նրանով։ Բացի այդ, էական է, որ մեր տրամադրվածությունը ներդաշնակեցնենք Աստծո սուրբ ոգու հետ՝ իր Խոսքն ուսումնասիրելով և կիրառելով։
[նկար 28–րդ էջի վրա]
Երկրպագել Աստծուն «ոգով և ճշմարտությամբ»