Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 9/15 էջ 29–31
  • Ենովքը Աստծո հետ քայլեց ամբարիշտ աշխարհում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ենովքը Աստծո հետ քայլեց ամբարիշտ աշխարհում
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ենովք [ճշմարիտ] Աստուծոյ հետ քալեց»
  • Մարգարեություն՝ ամբարիշտների դեմ
  • «Աստուած առաւ նորան»
  • Ընդօրինակեք Ենովքի հավատը
  • Նա «հաճեցրեց Աստծուն»
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
  • Քայլենք Աստծու հետ այս անհանգիստ ժամանակներում
    2005 Դիտարան
  • Քաջ մարդը
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Արդյոք Եհովան նկատո՞ւմ է, թե դու ինչ ես անում
    2003 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 9/15 էջ 29–31

Ենովքը Աստծո հետ քայլեց ամբարիշտ աշխարհում

Սատանան պնդում է, թե բոլոր մարդկանց կարող է հեռացնել Աստծուց, և երբեմն հնարավոր է թվա, թե դա նրան հաջողվում է։ Աբելի մահվանը հաջորդած գրեթե հինգ հարյուրամյակների ընթացքում ոչ մեկ աչքի չի ընկել որպես Եհովային հավատարիմ ծառա։ Նույնիսկ հակառակը՝ մեղավոր և անաստված վարմունքը սովորական բնույթ է կրել։

Երկրի վրա այլասերվածություն էր տիրում, երբ հայտնվեց Ենովքը։ Աստվածաշնչյան ժամանակագրությունը նրա ծնունդը թվագրում է մ.թ.ա. 3404 թ.–ը։ Ի տարբերություն իր ժամանակակիցների, Ենովքը Աստծո աչքին հաճելի էր։ Պողոս առաքյալը հիշատակեց նրան Եհովայի այն ծառաների հետ, որոնց հավատը քրիստոնյաների համար օրինակ է հանդիսանում։ Ո՞վ էր Ենովքը։ Ի՞նչ դժվարություններ է նա ունեցել։ Ինչպե՞ս է նա դիմագրավել դրանք։ Եվ ի՞նչ նշանակություն ունի նրա հավատարմությունը մեզ համար։

Ենովսի օրերում՝ Ենովքից համարյա չորս դար առաջ, «սկսուեցավ Եհովայի անունը կանչ[վ]ելը» (Ծննդոց 4։26)։ Աստծո անունը օգտագործվել է մարդկության պատմության հենց սկզբից։ Սակայն Ենովսի օրերում Եհովայի անունը, ակներևաբար, հավատով չէին կանչում և մաքուր երկրպագություն չէին մատուցում։ Որոշ եբրայեցի գիտնականներ այն կարծիքին են, որ Ծննդոց 4։26–ը պետք է հնչեր այսպես՝ «սկսեցին պղծել» կամ «այն ժամանակ սկսվեց պղծումը»։ Հավանաբար մարդիկ Եհովայի անունով իրենք իրենց կամ ուրիշ մարդկանց են անվանել, հավակնություն ունենալով այդ անհատների միջոցով երկրպագության մեջ մոտենալ Աստծուն, կամ էլ՝ այդ անունով կուռքերի են կոչել։

«Ենովք [ճշմարիտ] Աստուծոյ հետ քալեց»

Թեև Ենովքի շուրջը անօրենություն էր տիրում, սակայն նա շարունակեց Եհովայի՝ «[ճշմարիտ] Աստուծոյ հետ քալել» (Արևմտ. Աստ.)։ Չի ասվում, թե նրա հայրերը՝ Սեթը, Ենովսը, Կայնանը, Մաղաղիելը և Հարեդը, քայլել են Աստծո հետ։ Համենայն դեպս նրանք այն չափով չեն արել, ինչ չափով որ Ենովքը, որն իր ապրելակերպով հայտնապես տարբերվում էր նրանցից (Ծննդոց 5։3–27)։

Քայլել Եհովայի հետ նշանակում էր մտերմանալ նրա հետ, որը հնարավոր դարձավ միայն շնորհիվ այն բանի, որ Ենովքը ապրեց Աստծո կամքին համաձայն։ Եհովան հավանեց Ենովքի նվիրվածությունը։ Իրականում, հունարեն «Յոթանասնից» թարգմանության մեջ ասվում է, որ «Ենովքը հաճեցնում էր» Աստծուն, ինչի մասին գրեց նաև Պողոս առաքյալը (Ծննդոց 5։22, Արևմտ. Աստ. Եբրայեցիս 11։5)։

Ենովքի՝ Աստծո հետ ունեցած փոխհարաբերության հիմքը նրա հանդեպ իր հավատն էր։ Նա պետք է որ հավատ ընծայած լիներ Աստծո «կնոջ» խոստացված «սերնդի» հանդեպ։ Եթե Ենովքը անհատապես ծանոթ է եղել Ադամի հետ, ապա նա կարող էր տեղեկություն ստացած լինել այն մասին, թե Աստված ինչպես է վերաբերվել մարդկային առաջին զույգի հետ Եդեմի պարտեզում։ Աստծո մասին ունեցած գիտությունը Ենովքին այնպիսի մարդ դարձրեց, որն անկեղծորեն «փնտռում [էր] իրեն» (Ծննդոց 3։15; Եբրայեցիս 11։6, 13)։

Ինչպես Ենովքի, այնպես էլ մեր պարագայում, Եհովայի հետ լավ փոխհարաբերություն ունենալու համար ավելին է պահանջվում, քան միայն նրա մասին գիտություն ունենալը։ Եթե որևէ մեկի հետ ունեցած մտերմությունը թանկ ենք գնահատում, ապա մեր մտքերն ու գործերը չե՞նք ներդաշնակեցնում նրա տեսակետների հետ։ Մի՞թե չենք խուսափի այնպիսի բառերից կամ արարքներից, որոնք կվնասեն մեր բարեկամությանը։ Եվ եթե մտադիր ենք փոփոխություններ մտցնել կյանքում, հաշվի չե՞նք առնի նաև այն, թե ինչպես դա կանդրադառնա մեր փոխհարաբերություններին։

Աստծո հետ մտերիմ հարաբերությունը պահպանելու ցանկությունը նույնպես ազդում է մեր գործերի վրա։ Նախապայման է ճշմարիտ գիտություն ստանալ այն բանի մասին, թե ինչն է նրան ընդունելի, և ինչը՝ ոչ։ Այնուհետև անհրաժեշտ է առաջնորդվել այդ գիտությամբ՝ ձգտելով հաճելի լինել նրան մեր մտքով և գործով։

Այո, Աստծո հետ քայլելու համար պետք է հաճեցնենք նրան։ Հենց դա էր անում Ենովքը դարեր շարունակ։ Իրականում, եբրայերեն բայի այն ձևը, որով նշվում է, որ Ենովքը «քայլեց» Աստծո հետ, ցույց է տալիս կրկնվող, շարունակական գործողություն։ Մեկ ուրիշ հավատարիմ մարդ, որը «քայլեց Աստծո հետ», Նոյն էր (Ծննդոց 6։9)։

Ենովքը ընտանիքի տեր մարդ էր, ուներ կին ու «տղերք եւ աղջկերք»։ Նրա որդիներից մեկը Մաթուսաղան էր (Ծննդոց 5։21, 22)։ Ենովքն, անկասկած, արել է հնարավոր ամեն բան լավ ղեկավարելու իր ընտանիքը։ Սակայն, լինելով շրջապատված անօրեն մարդկանցով, նրա համար հեշտ չէր ծառայել Աստծուն։ Ղամեքը՝ Նոյի հայրը, հնարավոր է նրա ժամանակակիցներից միակն է եղել, որը հավատացել է Եհովային (Ծննդոց 5։28, 29)։ Չնայած այս ամենին, Ենովքը քաջաբար երկրպագեց Աստծուն ճիշտ ձևով։

Ի՞նչը օգնեց Ենովքին հավատարիմ մնալ Աստծուն։ Անկասկած, նա չհաղորդակցվեց Եհովայի անունը պղծողների հետ կամ ուրիշ նրանց, ովքեր Աստծո երկրպագուի համար չէին կարող համապատասխան ընկեր լինել։ Աղոթքով Եհովայից օգնություն խնդրելը նույնպես պետք է որ օգնած լինի Ենովքին վճռականորեն խուսափել այն ամենից, ինչը կարող էր տհաճություն պատճառել իր Արարչին։

Մարգարեություն՝ ամբարիշտների դեմ

Բարձր չափանիշներով ապրելը բավականին դժվար է, երբ մեր շուրջ բոլորն ամբարիշտ մարդիկ են։ Բայց Ենովքը անօրենների դեմ նաև խիստ դատաստան կարդաց։ Լինելով Աստծո ոգուց շարժված՝ նա մարգարեացավ. «Ահա՛ւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝ դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները» (Յուդա 14, 15)։

Ինչպե՞ս կներգործեր դատաստանի այդ խոսքերը կամակոր անհավատների վրա։ Կարելի է ենթադրել, որ այսպիսի վշտացնող բառերի պատճառով Ենովքը ժողովրդի հակակրանքին արժանացավ, նրան հավանաբար ծաղրեցին և սպառնացին։ Հնարավոր է ոմանք ցանկացան նրան ընդմիշտ լռեցնել։ Սակայն, այդ ամենը Ենովքին չվախեցրեց։ Նա գիտեր, թե ինչ էր տեղի ունեցել արդար Աբելի հետ, և ինքն էլ նրա պես վճռել էր ծառայել Աստծուն, անկախ նրանից, թե ինչ կպատահեր։

«Աստուած առաւ նորան»

Ըստ երևույթին Ենովքը մահվան սպառնալիքի տակ էր, երբ «Աստուած առաւ նորան» (Ծննդոց 5։24)։ Եհովան թույլ չտվեց, որ իր հավատարիմ մարգարեն տառապեր կատաղած թշնամիների ձեռքում։ Եվ ինչպես Պողոս առաքյալը գրեց՝ «Ենովք երկրէն փոխադրուեցաւ որպէս զի մահ չտեսնէ» (Եբրայեցիս 11։5, Արևմտ. Աստ.)։ Ոմանք ասում են, թե Ենովքը չի մահացել, իբր Աստված նրան երկինք է տարել, որտեղ նա շարունակում է ապրել։ Սակայն, Հիսուսը պարզ ասած. «Ոչ ոք երկինք չի ելել, եթէ ոչ նա, որ իջաւ երկնքից՝ մարդու Որդին, որ երկնքից էր»։ Հիսուսը բոլոր երկինք ելնողների «նախակարապետն» է եղել (Յովհաննէս 3։13, Եբրայեցիս 6։19, 20)։

Այդ դեպքում ի՞նչ տեղի ունեցավ Ենովքի հետ։ Նրա ‘փոխադրվելը, որպեսզի մահ չտեսնի’, կարող էր նշանակել, որ Աստված նրան այնպիսի վիճակի բերեց, որ Ենովքն ամբողջովին հափշտակված լիներ մարգարեական տեսիլքով, և մինչ նա այդ վիճակում էր, Աստված վերցրեց նրա կյանքը։ Այսպիսով, Ենովքը մահվան տառապանքներ չկրեց։ Եվ նա «ոչ մի տեղ չգտնուեց» ըստ երևույթին այն պատճառով, որ Եհովան վերցրեց նրա մարմինը ճիշտ այնպես, ինչպես Մովսեսի մարմինը (Բ Օրինաց 34։5, 6)

Ենովքը ապրեց 365 տարի, ոչ այնքան երկար, որքան իր ժամանակակիցները։ Բայց Եհովային սիրողների համար ամենակարևոր բանն այն է, որ նրանք հավատարմորեն ծառայեն նրան մինչև իրենց օրերի վերջը։ Գիտենք, որ Ենովքն այդպես էլ վարվեց, քանի որ «փոխադրուելէն առաջ վկայուեցաւ թէ Աստուծոյ հաճելի էր»։ Աստվածաշունչը չի հայտնում, թե Եհովան ինչպես դրա մասին հաղորդեց Ենովքին։ Այնուամենայնիվ, մինչև Ենովքի մահանալը նրան վստահեցվել էր, որ ուներ Աստծո հավանությունը, և մենք կարող ենք համոզված լինել, որ հարության ժամանակ Եհովան կհիշի նրան։

Ընդօրինակեք Ենովքի հավատը

Մենք կարող ենք ընդօրինակել Աստծուն նվիրված անհատների հավատը (Եբրայեցիս 13։7)։ Հավատով էր, որ Ենովքը ծառայեց որպես Աստծո առաջին հավատարիմ մարգարե։ Ճիշտ այսօրվա նման Ենովքի օրերում էլ աշխարհը լի էր բռնությամբ, սրբապղծությամբ և ամբարշտությամբ։ Բայց Ենովքը տարբերվում էր իր օրերում ապրող մարդկանցից։ Նա իսկական հավատ ուներ և Աստծուն նվիրված օրինակելի ծառա էր։ Եհովան հանձնարարեց նրան մի շատ կարևոր լուր՝ դատաստանի մասին հայտարարել, նաև զորացրեց կատարելու այդ գործը։ Ենովքը քաջաբար կատարեց իր այդ առաջադրանքը, և Աստված պաշտպանեց նրան թշնամիների հակառակությունից։

Եթե մենք էլ Ենովքի պես հավատ դրսևորենք, Եհովան մեզ էլ կզորացնի այս վերջին օրերում իր լուրը հայտարարելու համար։ Նա կօգնի մեզ համարձակորեն դիմագրավել հակառակությանը, և, Աստծուն նվիրված լինելով, մենք կտարբերվենք ամբարիշտներից։ Հավատը մեզ կօգնի քայլել Աստծո հետ և այնպես ապրել, որ ուրախացնենք նրա սիրտը (Առակաց 27։11)։ Հավատով արդար Ենովքին հաջողվեց քայլել Եհովայի հետ ամբարիշտ աշխարհում, մեզ էլ կհաջողվի։

[շրջանակ 31–րդ էջի վրա]

Արդյո՞ք Աստվածաշունչը մեջբերում է կատարում «Ենովքի գրքից»

«Ենովքի գիրքը» անանուն և պարականոն գիրք է։ Այն սխալմամբ վերագրված է Ենովքին։ Գրված լինելով մոտավորապես մ.թ.ա. առաջին և երկրորդ դարերի ընթացքում, այն չափազանցված և պատմական հիմքեր չունեցող հրեական առասպելների մի հավաքածու է, ըստ երևույթին «Ծննդոց» գրքում Ենովքին վերաբերող հակիրճ հատվածը մեկնաբանող աշխատություն։ Այս փաստը Աստծո ներշնչյալ Խոսքը սիրողների համար արդեն բավական է, որպեսզի նրանք անտեսեն այս գիրքը։

Աստվածաշնչում միայն «Յուդա» գրքում է հիշատակվում Ենովքի մարգարեական խոսքերը. «Ահա՛ւասիկ եկաւ Տէրը բիւրաւոր սուրբ հրեշտակներով՝ դատաստան տեսնելու բոլորի հանդէպ եւ յանդիմանելու բոլոր ամբարիշտներին իրենց այն գործերի համար, որ ամբարշտութեամբ գործեցին, եւ այն բոլոր խիստ խօսքերի համար, որ նրա դէմ ասացին մեղաւորները եւ ամբարիշտները» (Յուդա 14, 15)։ Որոշ գիտնականներ պնդում են, որ Ենովքի այս մարգարեությունը՝ ուղղված իր ամբարիշտ ժամանակակիցների դեմ, մեջբերված է հենց «Ենովքի գրքից»։ Հնարավո՞ր էր, որ Հուդան ոչ արժանահավատ պարականոն գիրքը որպես աղբյուր օգտագործեր։

Գրություններում չի բացահայտվում, թե Հուդան ինչպես է իմացել Ենովքի մարգարեության մասին։ Նա կարող էր պարզապես մեջբերել հանրածանոթ աղբյուրից՝ հեռավոր անցյալից իրեն հասած հուսալի ավանդությունից։ Պողոսն էլ հավանաբար դիմեց այդ աղբյուրին, երբ Մովսեսին հակառակված փարավոնի անանուն մոգերին Հանես և Համրես անվանեց։ Եթե «Ենովքի գիրքը» գրողը կարող էր այսպիսի հին աղբյուրից օգտված լինել, ապա ինչո՞ւ մերժենք, թե Հուդան նման աղբյուրից չի օգտվելa (Ելից 7։11, 22; Բ Տիմոթէոս 3։8)։

Այն, թե ինչպես Հուդան ստացավ ամբարիշտների դեմ ուղղված Ենովքի մարգարեության մասին տեղեկությունը, էական դեր չի խաղում։ Մարգարեության արժանահավատ լինելը հաստատում է այն փաստը, որ Հուդան իր թուղթը գրել է Աստծո ներշնչմամբ (Բ Տիմոթէոս 3։16)։ Աստծո սուրբ ոգին նրան ետ է պահել գրելուց մի բան, ինչը կարող էր ճիշտ չլինել։

[ծանոթագրություն]

a Ստեփանոս աշակերտն էլ այնպիսի մի տեղեկություն հայտնեց, որն Աստվածաշնչում ոչ մի տեղ չի հիշատակվում։ Դա Մովսեսի՝ Եգիպտոսում ստացած կրթության մասին էր, նաև այն, որ նա քառասուն տարեկան էր, երբ փախավ Եգիպտոսից, ապա քառասուն տարի մնաց Մադիամի երկրում և, որ հրեշտակի միջոցով էր, որ տրվեց նրան Մովսիսական Օրենքը (Գործք 7։22, 23, 30, 38)։

[նկար 31–րդ էջի վրա]

Ենովքը քաջաբար հայտարարեց Եհովայի դատաստանը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը