Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 11/1 էջ 13–18
  • ‘Երկայնամտություն հագեք’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Երկայնամտություն հագեք’
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Քրիստոսը երկայնամտության օրինակ է
  • Ոգու պտուղ
  • «Սէրը երկայնամիտ է»
  • Երկայնամտությունը օգնում է մեզ տոկալ
  • Երկայնամտություն հագած
  • «Երկայնամիտ եղէք ամենի հետ»
  • Եհովան երկայնամիտ Աստված է
    2001 Դիտարան
  • Համբերատարություն
    Գովերգենք Եհովային
  • «Կշարունակե՞ս ընթանալ ոգով»
    2007 Դիտարան
  • Թույլ տալի՞ս ես, որ Աստծու ոգին առաջնորդի քեզ
    2011 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 11/1 էջ 13–18

‘Երկայնամտություն հագեք’

«Հագէք.... գութ, ողորմութիւն.... համբերատարութիւն [«երկայնմտութիւն», ԱԹ]» (Կողոսացիս 3։12)։

1. Պատմեք երկայնամտության մի օրինակի մասին։

ՌԵՅԺԻՍԸ, որն ապրում է Ֆրանսիայի հարավ–​արևմուտքում, Եհովայի վկա դարձավ 1952 թ.–ին։ Նրա կինը տարիներ շարունակ ջանք չէր խնայում՝ ամուսնուն ետ պահելու Եհովային ծառայելուց։ Նա փորձեր էր անում ծակել Ռեյժիսի ավտոմեքենայի անվադողերը, որպեսզի նա չգնար հանդիպումներին, իսկ մի անգամ էլ նույնիսկ հետևեց ամուսնուն, ու երբ վերջինս Թագավորության բարի լուրն էր տնետուն քարոզում, շենքի բնակիչների ներկայությամբ ծաղրուծանակի ենթարկեց նրան։ Բայց, չնայած այսպիսի մշտական հակառակությանը, Ռեյժիսը շարունակում էր երկայնամտություն ցուցաբերել։ Այո, նա հրաշալի օրինակ է հանդիսանում բոլոր քրիստոնյաների համար, քանզի Եհովան իր բոլոր երկրպագուներից պահանջում է երկայնամտությամբ վարվել մյուսների հետ։

2. Ի՞նչ է բառացի նշանակում «երկայնամտություն» թարգմանված հունարեն բառը, և ի՞նչ է այն իր մեջ բովանդակում։

2 «Երկայնամտություն» թարգմանված հունարեն բառը բառացի նշանակում է «ոգու երկարություն»։ Աստվածաշնչի հայերեն «Արարատ թարգմանության» մեջ այս բառը բոլոր տեղերում թարգմանված է «երկայնամտություն», իսկ «Էջմիածնի թարգմանության» մեջ՝ յոթ անգամ՝ «համբերություն», վեց անգամ՝ «համբերատարություն» և մեկ անգամ՝ «հարատևություն»։ «Երկայնամտություն» թարգմանված և՛ եբրայերեն, և՛ հունարեն բառերը իրենց մեջ բովանդակում են համբերության, ինքնազսպումի և բարկանալու մեջ չշտապելու իմաստը։

3. Ինչպե՞ս են երկայնամտության վերաբերյալ քրիստոնյաների և առաջին դարի հույների տեսակետներն իրարից տարբերվում։

3 Երկայնամտության հատկությունը առաջին դարի հույների շրջանում առաքինություն չէր համարվում։ Ստոյիկյան փիլիսոփաները երբեք չէին օգտագործում այդ բառը։ Համաձայն աստվածաշնչագետ Վիլյամ Բարկլիի՝ երկայնամտությունը «ճիշտ հակառակ է հունական առաքինությանը», որը, ի թիվս այլ բաների, պարծենում է «հասցված վիրավորանքը կամ վնասվածքը չհանդուրժելով»։ Նա ասում է. «Հույների համար անվանի մարդը նա էր, ով ամեն ինչ անում էր վրեժ առնելու համար։ Իսկ քրիստոնյաները անվանի են համարում այն մարդուն, ով հրաժարվում է վրեժ առնելուց նույնիսկ այն դեպքում, երբ կարող է այդպես վարվել»։ Հույները գուցեև երկայնամտությունը համարել են թուլության նշան, բայց այս առնչությամբ, ինչպես և մյուս այլ դեպքերում, «Աստծու յիմարն աւելի իմաստուն է, քան մարդկային իմաստութիւնը, եւ Աստծու տկարն աւելի զօրեղ է, քան մարդկային զօրութիւնը» (Ա Կորնթացիս 1։25)։

Քրիստոսը երկայնամտության օրինակ է

4, 5. Երկայնամտության ի՞նչ հրաշալի օրինակ է թողել Հիսուսը։

4 Եհովայից հետո երկայնամտության հրաշալի օրինակ է թողել Հիսուս Քրիստոսը։ Գտնվելով մեծ ճնշման տակ՝ Հիսուսը ապշեցուցիչ զսպվածություն դրսևորեց։ Նրա մասին մարգարեացվել էր. «Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չ’բացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չ’բացաւ» (Եսայիա 53։7)։

5 Ի՜նչ ուշագրավ երկայնամտություն է դրսևորել Հիսուսը երկրի վրա իր ողջ ծառայության ընթացքում։ Նա համբերությամբ տարավ իր թշնամիների նենգադավ հարցերն ու հակառակորդների վիրավորանքները (Մատթէոս 22։15–46; Ա Պետրոս 2։23)։ Համբերատար էր իր աշակերտների նկատմամբ նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք շարունակ վիճում էին, թե ով է իրենցից մեծը (Մարկոս 9։32–36; 10։35–45; Ղուկաս 22։24–27)։ Եվ ինչպիսի՜ զսպվածություն ցուցաբերեց Հիսուսը իր մատնության գիշերը, երբ Պետրոսն ու Հովհաննեսը նիրհեցին այն բանից հետո, երբ պատվիրել էր նրանց՝ «արթուն կացէք» (ԱԹ) (Մատթէոս 26։36–41)։

6. Ինչպե՞ս է Պողոսին օգուտ բերել Հիսուսի երկայնամտությունը, և ի՞նչ ենք սովորում դրանից։

6 Իր մահից ու հարությունից հետո Հիսուսը շարունակեց երկայնամտություն ցուցաբերել։ Ինքը Պողոս առաքյալը դա զգացել էր դեռ այն ժամանակ, երբ հետապնդում էր քրիստոնյաներին։ Նա գրեց. «Վստահելի եւ ամենայն ընդունելութեան արժանի է այս խօսքը, թէ՝ Քրիստոս Յիսուս աշխարհ եկաւ՝ փրկելու մեղաւորներին, որոնց գլուխը ես եմ։ Եւ ողորմութիւն գտայ նրա համար, որ Յիսուս Քրիստոս նախ իմ մէջ ցոյց տուեց իր ամբողջ համբերութիւնը [«երկայնմտութիւնը», ԱԹ], որպէս օրինակ նրանց, որ պիտի հաւատան իրեն յաւիտենական կեանքի համար» (Ա Տիմոթէոս 1։15, 16)։ Ինչպիսին էլ որ լինի մեր անցյալը, եթե հավատում ենք Հիսուսին, ապա նա երկայնամիտ կլինի մեր նկատմամբ՝ ակնկալելով, իհարկե, որ «ապաշխարութեան արժանի գործեր» անենք (Գործք 26։20; Հռովմայեցիս 2։4)։ Քրիստոսի ուղերձները՝ հղված Փոքր Ասիայի յոթ ժողովներին, ցույց են տալիս, որ նա երկայնամտություն ցուցաբերելու հետ մեկտեղ ակնկալում է, որ մարդիկ փոխվեն դեպի լավը (Յայտնութիւն, 2, 3 գլուխներ)։

Ոգու պտուղ

7. Ի՞նչ կապ գոյություն ունի երկայնամտության և սուրբ ոգու միջև։

7 Գաղատացիներին ուղղված իր նամակի 5–րդ գլխում Պողոսը մարմնի գործերին հակադրում է ոգու պտուղները (Գաղատացիս 5։19–21, [22, 23, ԱԹ])։ Քանի որ երկայնամտությունը Եհովայի հատկանշական գծերից է, ուստի այս հատկությունը բխում է հենց իրենից և իր ոգու պտուղներից է (Ելից 34։6, 7)։ Երկայնամտությունը Պողոսի թվարկած պտուղների մեջ չորրորդն է. դրանք են՝ «սէր, ուրախութիւն, խաղաղութիւն.... քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն» (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ)։ Հետևաբար, երբ Աստծո ծառաները նրա պես համբերություն են դրսևորում, նրանք դա անում են սուրբ ոգու ներգործությամբ։

8. Ի՞նչը կօգնի մեզ զարգացնել սուրբ ոգու պտուղները, այդ թվում՝ երկայնամտությունը։

8 Սակայն դա չի նշանակում, թե Եհովան անհատին հարկադրաբար է տալիս իր ոգին։ Մենք կամավորապես պետք է ենթարկվենք դրա ազդեցությանը (Բ Կորնթացիս 3։17; Եփեսացիս 4։30)։ Մենք թույլ ենք տալիս սուրբ ոգուն ազդել մեր կյանքի վրա՝ մեր բոլոր գործերում ձգտելով դրսևորել նրա պտուղները։ Թվարկելով մարմնի գործերն ու ոգու պտուղները՝ Պողոսն ավելացրեց. «Եթէ ապրում ենք Հոգով, ըստ Հոգու էլ ընթանանք։ Չխաբուէք. Աստուած չի ծաղրւում, որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կը հնձի ապականութիւն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կը հնձի յաւիտենական կեանք» (Գաղատացիս 5։25; 6։7, 8)։ Եթե ցանկանում ենք հաջողությամբ մեր մեջ երկայնամտության հատկությունը մշակել, ապա պետք է նաև զարգացնենք սուրբ ոգու մյուս պտուղները, որոնք արտահայտվում են քրիստոնյաների մեջ։

«Սէրը երկայնամիտ է»

9. Ի՞նչ նպատակով էր, ըստ ամենայնի, Պողոսը քրիստոնյաներին գրել, որ «սէրը երկայնամիտ է»։

9 Պողոսը ցույց տվեց, որ առանձնահատուկ կապ գոյություն ունի սիրո և երկայնամտության միջև, երբ գրեց. «Սէրը երկայնամիտ է» (Ա Կորնթացիս 13։4, ԱԹ)։ Աստվածաշնչագետ Ալբերտ Բարնզը ենթադրում է, որ Պողոսը դա ընդգծեց՝ նկատի ունենալով Կորնթոսի քրիստոնեական ժողովում եղած երկպառակություններն ու վիճաբանությունները (Ա Կորնթացիս 1։11, 12)։ Բարնզը նշում է. «Այստեղ [«երկայնամտության» համար] օգտագործված բառը հակառակ է հապճեպությանը, անզուսպ արտահայտություններին կամ մտքերին, դյուրագրգիռ լինելուն։ Այն մատնացույց է անում մտքի այնպիսի վիճակ, որը կարող է երկար ժամանակ տանել ճնշումներն ու սադրանքները»։ Սերն ու երկայնամտությունը այսօր էլ մեծապես նպաստում են քրիստոնեական ժողովի խաղաղությանը։

10. ա) Ինչպե՞ս է սերն օգնում մեզ երկայնամիտ լինել, և այս առումով ի՞նչ խորհուրդ է տալիս Պողոս առաքյալը։ բ) Ի՞նչ է ասում մի աստվածաշնչագետ Աստծո երկայնամտության և բարության մասին (տեսեք ծանոթագրությունը)։

10 «Սէրը երկայնամիտ է՝ քաղցր է» (ԱԹ), «իրենը չի փնտռում, բարկութեամբ չի գրգռւում»։ Այո, սերը տարբեր կերպերով օգնում է մեզ երկայնամիտ լինելa (Ա Կորնթացիս 13։4, 5)։ Սերն օգնում է մեզ համբերատարությամբ հանդուրժել մեկմեկու և հիշել, որ բոլորս էլ անկատար ենք և սխալներ ու բացթողումներ ենք ունենում։ Այն օգնում է նրբանկատ ու ներող լինել։ Պողոս առաքյալը խրախուսում է մեզ ընթանալ ‘կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ, և համբերությամբ [«երկայնմտութեամբ», ԱԹ] հանդուրժել միմյանց սիրով, ջանալ պահել ոգու միությունը խաղաղության կապով’ (Եփեսացիս 4։1–3)։

11. Ինչո՞ւ է մասնավորապես կարևոր երկայնամտություն ցուցաբերել քրիստոնեական հավաքույթներում և խմբերում։

11 Երկայնամտությունն իր հերթին նպաստում է քրիստոնեական զանազան հավաքույթների և խմբերի խաղաղությանն ու ուրախությանը՝ լինեն դրանք ժողովներ, Բեթելի ու միսիոներական տներ, շինարարական խմբեր կամ զանազան դպրոցներ։ Ժամանակ առ ժամանակ տհաճ իրավիճակներ կարող են առաջանալ բնավորությունների, ճաշակների, դաստիարակության, քաղաքավարության մակարդակի, նույնիսկ հիգիենայի կանոնների պահպանման տարբերությունների պատճառով։ Նույնը կարելի է ասել նաև ընտանիքների մասին։ Այնպես որ՝ բարկությունը զսպելը խիստ կարևոր է (Առակաց 14։29; 15։18; 19։11, Արևմտ. Աստ.)։ Մենք բոլորս էլ պետք է երկայնամիտ՝ համբերատար լինենք՝ հուսալով, որ փոփոխություններ կլինեն դեպի լավը (Հռովմայեցիս 15։1–6)։

Երկայնամտությունը օգնում է մեզ տոկալ

12. Ինչո՞ւ է կարևոր երկայնամտություն ցուցաբերել դժվարությունների ժամանակ։

12 Երկայնամտությունը օգնում է տոկալ այն դժվարությունները, որոնք կարծես թե վերջ չունեն կամ էլ արագ լուծում չեն ունենում։ Հոդվածի սկզբում հիշատակված մարդու՝ Ռեյժիսի պարագան այս էր։ Տարիներ շարունակ նրա կինը ընդդիմանում էր նրան, որպեսզի չծառայի Եհովային։ Բայց ահա մի օր նա արցունքն աչքերին եկավ ամուսնու մոտ ու ասաց. «Ես գիտեմ, որ դա է ճշմարտությունը։ Օգնիր ինձ։ Ես ուզում եմ Աստվածաշունչ ուսումնասիրել»։ Այդ կինը մկրտվեց և դարձավ Եհովայի վկա։ «Այս ամենը ցույց է տալիս, որ Եհովան օրհնել է իմ պայքարի, համբերության ու տոկունության տարիները»,— պատմում է Ռեյժիսը։ Նրա երկայնամտությունը վարձատրվեց։

13. Ի՞նչն օգնեց Պողոսին տոկալ, և ինչպե՞ս կարող է նրա օրինակն օգնել մեզ նույնպես տոկալ։

13 Պողոսը երկայնամտության հրաշալի օրինակ է թողել առաջին դարում (Բ Կորնթացիս 6։3–10, ԱԹ; Ա Տիմոթէոս 1։16, ԱԹ)։ Կյանքի վերջում իր երիտասարդ ընկեր Տիմոթեոսին խորհուրդ տալիս նա նախազգուշացրեց նրան, որ բոլոր քրիստոնյաներն էլ փորձություններ են ունենալու։ Պողոսը հենց իր օրինակն է մեջբերում ու հորդորում է ունենալ այն կարևոր քրիստոնեական հատկությունները, որոնք օգնում են տոկալ։ Նա գրեց. «Դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, իմ վարմունքին, կամեցողութեանը, հաւատին, համբերատարութեանը [«երկայնմտութեանը», ԱԹ], սիրուն, համբերութեանը եւ այն հալածանքներին ու չարչարանքներին, որոնք պատահեցին ինձ Անտիոքում, Իկոնիոնում եւ Լիւստրայում. գիտես, թէ ինչպիսի՜ հալածանքների ենթարկուեցի, բայց Տէրն ինձ փրկեց այդ բոլորից։ Եւ բոլոր նրանք, որ ուզում են աստուածապաշտութեամբ ապրել Քրիստոս Յիսուսով, հալածանքների մէջ պիտի լինեն» (Բ Տիմոթէոս 3։10–12; Գործք 13։49–51; 14։18–21)։ Տոկալու համար մեզ բոլորիս անհրաժեշտ է ունենալ հավատ, սեր և երկայնամտություն։

Երկայնամտություն հագած

14. Ինչի՞ նմանեցրեց Պողոսը Աստծո երկայնամտություն հատկությունը, և ի՞նչ խորհուրդ է նա տալիս կողոսացի քրիստոնյաներին։

14 Պողոս առաքյալը երկայնամտությունը և Աստծո մյուս հատկությունները նմանեցրեց հագուստների, որոնք քրիստոնյաները պետք է հագնեին այն բանից հետո, երբ իրենց վրայից հանեին «հին մարդուն իր գործերով» (Կողոսացիս 3։5–10)։ Նա գրեց. «Որպէս Աստծու ընտրեալներ, սրբեր եւ սիրելիներ, հագէ՛ք, ուրեմն, գութ, ողորմութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, համբերատարութիւն [«երկայնմտութիւն», ԱԹ]՝ հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց, եթէ մէկը միւսի դէմ գանգատ ունի. ինչպէս Աստուած.... ներեց ձեզ, նոյն ձեւով արէ՛ք եւ դուք։ Եւ այս բոլորի վրայ հագէ՛ք սէրը, որ կապն է կատարելութեան» (Կողոսացիս 3։12–14)։

15. Ի՞նչ արդյունքներ են ձեռք բերվում, երբ քրիստոնյաները ‘հագնում են’ երկայնամտություն և Աստծո այլ հատկություններ։

15 Երբ ժողովի անդամները ‘հագնում են’ գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, երկայնամտություն և սեր, ապա նրանք կարողանում են հարթել խնդիրները ու միասին առաջանալ Եհովայի ծառայության մեջ։ Մասնավորապես կարևոր է, որ քրիստոնյա երեցները երկայնամիտ լինեն։ Երբեմն անհրաժեշտ է լինում հանդիմանել որևէ քրիստոնյայի, բայց դա կարելի է անել տարբեր կերպերով։ Պողոսը, Տիմոթեոսին գրելով, ցույց է տալիս, թե որն է լավագույն կերպը. «Յանդիմանիր, սաստիր, յորդորիր ամեն երկայնմտութիւնով եւ վարդապետութիւնով» (Բ Տիմոթէոս 4։2, ԱԹ)։ Այո, Եհովայի ոչխարների հետ միշտ հարկավոր է վարվել երկայնամտությամբ, արժանապատվությամբ և քնքշությամբ (Մատթէոս 7։12; 11։28; Գործք 20։28, 29; Հռովմայեցիս 12։10)։

«Երկայնամիտ եղէք ամենի հետ»

16. Ի՞նչ արդյունքների կարելի է հասնել, երբ ‘երկայնամիտ ենք լինում ամենի հետ’։

16 Այն, որ Եհովան երկայնամտություն է ցուցաբերում մարդկության հանդեպ, մեզ բարոյապես պարտավորեցնում է ‘երկայնամիտ լինել ամենի հետ’ (Ա Թեսաղոնիկեցիս 5։14, ԱԹ)։ Սա նշանակում է համբերատար լինել մեր ընտանիքի ոչ Վկա անդամների, հարևանների, աշխատակիցների, համադասարանցիների հանդեպ։ Բազմաթիվ կանխակալ կարծիքներ վերացվել են այն Վկաների շնորհիվ, ովքեր, երբեմն երկար տարիներ, համբերել են իրենց աշխատակիցների կամ համադասարանցիների կծու դիտողություններին կամ բացահայտ հակառակություններին (Կողոսացիս 4։5, 6)։ Պետրոս առաքյալը գրեց. «Ցոյց [տվեք] ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մէջ, որպէսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրեւ չարագործների, դրա մէջ իսկ տեսնելով ձեր բարի գործերը՝ փառաւորեն Աստծուն նրա այցելութեան օրը» (Ա Պետրոս 2։12)։

17. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովայի սերն ու երկայնամտությունը և ինչո՞ւ պետք է այդպես վարվենք։

17 Եհովայի երկայնամտությունը միլիոնավոր մարդկանց փրկությունն է նշանակելու (Բ Պետրոս 3։9, 15)։ Եթե ընդօրինակում ենք Եհովայի սերն ու երկայնամտությունը, ապա համբերատարությամբ կշարունակենք քարոզել Աստծո Թագավորության բարի լուրը և սովորեցնել մարդկանց հնազանդվել այդ Թագավորության կառավարմանը, որը գլխավորում է Քրիստոսը (Մատթէոս 28։18–20; Մարկոս 13։10)։ Եթե դադարեցնենք քարոզելը, ապա դա կնշանակի, որ մենք ցանկանում ենք սահման դնել Եհովայի երկայնամտության վրա և չենք գիտակցում այդ հատկության ցուցաբերման նպատակը, այն է՝ օգնել մարդկանց, որ ‘ապաշխարեն’ (Հռովմայեցիս 2։4, ԱԹ)։

18. Կողոսացիներին ուղղված նամակում ինչի՞ մասին էր աղոթում Պողոսը։

18 Կողոսայի (Փոքր Ասիա) քրիստոնյաներին ուղղված նամակում Պողոսը գրեց. «Դրա համար մենք էլ՝ այն օրուանից, երբ լսեցինք այդ, չենք դադարում ձեզ համար աղօթելուց եւ Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպէսզի լցուէք նրա կամքի գիտութեամբ՝ ունենալով կատարեալ իմաստութիւն եւ հոգեւոր իմացութիւն՝ ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամէն ինչում նրան հաճելի ձեւով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու եւ Աստծու գիտութեամբ աճելու համար՝ զօրացած նրա ամբողջ ուժով, նրա փառքի զօրութեամբ, կատարեալ համբերութեամբ եւ յարատեւութեամբ [«երկայնմտութեան մէջ ուրախութիւնով», ԱԹ]» (Կողոսացիս 1։9–11)։

19, 20. ա) Ինչպե՞ս կարող ենք խուսափել այն տեսակետից, որ Եհովայի շարունակվող երկայնամտությունը փորձություն է մեզ համար։ բ) Ի՞նչ օգուտներ կբերի այն, որ մենք երկայնամտություն ենք դրսևորում։

19 Այն, որ Եհովան շարունակում է երկայնամտություն կամ՝ համբերություն դրսևորել, չպետք է գայթակղեցնի մեզ, եթե ‘լցված ենք նրա կամքի գիտությամբ», այն է՝ որ «բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը [«ճշմարտության ճշգրիտ գիտությանը», ՆԱ]» (Ա Տիմոթէոս 2։4)։ Մենք շարունակում ենք «բոլոր բարի գործերում պտղաբեր լինել», մասնավորապես նրանում, որ քարոզում ենք «արքայութեան այս Աւետարանը» (Մատթէոս 24։14)։ Եթե հավատարմորեն շարունակում ենք կատարել այս գործը, ապա Եհովայի օգնությամբ մենք ‘կզորանանք ամբողջ ուժով’, ինչը կօժտի մեզ լիակատար տոկունությամբ ու կօգնի մեզ երկայնամտություն ցուցաբերելիս ուրախ լինել։ Այդ անելով՝ մենք Եհովային արժանի կերպով կվարվենք և խաղաղություն կունենանք, ինչը բխում է այն բանի իմացությունից, որ մենք ‘ամեն ինչում նրան հաճեցնում ենք’։

20 Թող որ մենք ամբողջությամբ համոզված լինենք, որ Եհովան իր երկայնամիտ լինելով իմաստություն է դրսևորում։ Նրա երկայնամտությունը նպաստում է մեր և նրանց փրկությանը, ովքեր ականջ են դնում մեր քարոզչությանն ու ուսուցմանը (Ա Տիմոթէոս 4։16)։ Ոգու պտուղը՝ սերը, բարությունը, քաղցրությունը, հեզությունը և ժուժկալությունը զարգացնելը կօգնի մեզ ուրախությամբ երկայնամտություն դրսևորել։ Մենք ավելի լավ կկարողանանք խաղաղությամբ վերաբերվել մեր ընտանիքի անդամներին, ինչպես նաև՝ ժողովի եղբայրներին ու քույրերին։ Երկայնամտությունը նաև կօգնի մեզ համբերատար լինել մեր աշխատակիցների ու համադասարանցիների հանդեպ։ Ի վերջո, մեր երկայնամտությունը նպատակ կունենա, այն է՝ փրկել մեղավորներին ու փառաբանել երկայնամիտ Աստծուն՝ Եհովային։

[ծանոթագրություն]

a Մեկնաբանելով Պողոսի՝ ‘սերը երկայնամիտ և քաղցր է’ խոսքերը՝ աստվածաշնչագետ Գորդոն Ֆին գրում է. «Պողոսի աստվածաբանության մեջ դրանք [երկայնամտությունն ու քաղցրությունը] ներկայացնում են Աստծո վերաբերմունքի երկու կողմերը մարդկության հանդեպ (համեմատել Հռոմ. 2։4)։ Մի կողմից՝ Աստծո՝ սիրով լի զսպվածությունը դրսևորվում է նրանով, որ նա ետ է պահում իր ցասումը մարդու բարձրացրած ըմբոստության դեմ, մյուս կողմից՝ նրա քաղցրությունը երևան է գալիս իր ողորմածության հազարապատիկ դրսևորումներում։ Այսպիսով՝ սիրո նկարագրությունը Պողոսը սկսում է Աստծո վերոհիշյալ երկու հատկությունների նկարագրությամբ. Աստված, որը Քրիստոսի միջոցով ցուցաբերել է իր ինքնազսպումն ու քաղցրությունը նրանց հանդեպ, ովքեր արժանի են նրա դատաստանին»։

Կարո՞ղ եք բացատրել

• Ինչպե՞ս է Քրիստոսը երկայնամտության հիանալի օրինակ հանդիսանում։

• Ի՞նչը կօգնի մեզ զարգացնել երկայնամտության հատկությունը։

• Ինչպե՞ս է երկայնամտությունն օգնում ընտանիքներին, քրիստոնեական հավաքույթներին ու խմբերին, երեցներին։

• Ինչպե՞ս կարող ենք, երկայնամիտ լինելով, օգնել ինքներս մեզ և ուրիշներին։

[նկար 15–րդ էջի վրա]

Նույնիսկ մեծ ճնշման տակ գտնվելով՝ Հիսուսը համբերատարություն ցուցաբերեց աշակերտների հանդեպ

[նկար 16–րդ էջի վրա]

Քրիստոնյա վերակացուներին հորդոր է տրվում եղբայրների հետ վարվելու մեջ երկայնամտության լավ օրինակ թողնել

[նկար 17–րդ էջի վրա]

Եթե մենք ընդօրինակում ենք Եհովայի սերն ու երկայնամտությունը, ապա կշարունակենք քարոզել բարի լուրը

[նկար 18–րդ էջի վրա]

Պողոսն աղոթեց, որ քրիստոնյաները լինեն «երկայնմտութեան մէջ ուրախութիւնով»

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը