Կա՞ արդյոք փրկության որևէ հույս
Քսաներորդ դարը մարդկության պատմության մեջ ամենաարյունալի դարերից մեկն է համարվում։ Ոճիրը, պատերազմները, էթնիկական ջարդերը, թմրամոլությունը, խաբեբայությունն ու բռնությունը հատկապես տարածված են վերջին տասնամյակներում։ Դեռ այս ամենին էլ գումարվում են հիվանդության, ծերության և մահվան պատճառած ցավն ու տառապանքը։ Ո՞վ չի փափագում ազատվել այսօր աշխարհում գոյություն ունեցող այս սարսափելի խնդիրներից։ Երբ նայում ենք ապագային, տեսնո՞ւմ ենք փրկության որևէ հույս։
Ուշադրություն դարձնենք, թե մոտ 2 000 տարի առաջ Հովհաննես առաքյալին ինչպիսի տեսիլք տրվեց։ Նա գրում է. «Ահա՛ւասիկ Աստծու խորանը, որ մարդկանց մէջ է. նա պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա էլ՝ նրանց Աստուածը. եւ պիտի սրբի նրանց աչքերից ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն [«առաջուան բաները», Արևմտ. Աստ.] անցաւ» (Յայտնութիւն 21։3, 4)։ Եսայիա մարգարեն նույնպես մարգարեացավ. «Նա պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից, եւ իր ազգի ամօթը պիտի հեռացնէ բոլոր երկրի վերայից, որովհետեւ Տէրն է ասում» (Եսայիա 25։8)։
Միայն մտածե՛ք, թե ինչ կարող է նշանակել Աստծո խոստումների իրագործումը։ Մարդիկ կփրկվեն, կամ կազատվեն կեղեքումից ու բռնությունից, տառապանքից ու դժբախտությունից։ Այո՛, նույնիսկ հիվանդությունը, ծերությունն ու մահը չեն սպառնա մեզ։ Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը, հավիտենական կյանք է խոստանում՝ երկրի վրա կատարյալ պայմաններում (Սաղմոս 37։29; Յովհաննէս 17։3)։ Եվ դա մատչելի է բոլոր նրանց, ովքեր կցանկանան։ «[Աստված] կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը [«ճշմարտության ճշգրիտ գիտությանը», ՆԱ]» (Ա Տիմոթէոս 2։3, 4)։
Աստծո խոստումներից օգուտ քաղելու համար, սակայն, պետք է հասկանանք մեր փրկության մեջ Հիսուսի ունեցած դերը և հավատանք նրան։ Հիսուսն ինքն ասաց. «Աստուած այնքան սիրեց աշխարհը, որ մինչեւ իսկ իր միածին Որդուն տուեց, որպէսզի, ով նրան հաւատում է, չկորչի, այլ ընդունի յաւիտենական կեանքը» (Յովհաննէս 3։16)։ Ցույց տալով այս հարցում Հիսուս Քրիստոսի ունեցած կարևոր դերը՝ Պետրոս առաքյալն ասաց. «Ուրիշ մէկի միջոցով փրկութիւն չկայ, որովհետեւ երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք» (Գործք 4։12)։ Պողոս առաքյալն ու նրա գործակից Շիղան անկեղծորեն հետաքրքրվող մի մարդու պատասխանեցին. «Հաւատա՛ Տէր Յիսուս Քրիստոսին եւ կը փրկուես դու եւ քո ամբողջ տունը» (Գործք 16։30, 31)։
Այո, Հիսուս Քրիստոսը «կեանքի Առաջնորդն» է, և փրկությունը հնարավոր է միայն նրա միջոցով (Գործք 3։15)։ Բայց ինչպե՞ս կարող է մի մարդ մեր փրկության մեջ գլխավոր գործող անձը լինել։ Այս հարցում նրա ունեցած դերի մասին ճիշտ հասկացողություն ձեռք բերելը կզորացնի փրկության հանդեպ մեր հույսը։
[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Էջ 3. Ռմբակոծիչներ. USAF photo; սովամահ լինող երեխաներ. UNITED NATIONS/J.FRAND; այրվող գծանավ. U.S. Navy photo