Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 12/15 էջ 9–15
  • Թեթևացում լարվածությունից. գործնական միջոց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թեթևացում լարվածությունից. գործնական միջոց
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ձեր կյանքը չափազանց լարվա՞ծ է
  • Վերցնելով լուծը
  • Անձամբ դուք կարող եք թարմանալ
  • Ինչպես թարմություն գտնել
  • Մատթեոս 11:28-30. «Ինձ մոտ եկեք.... և ես կթարմացնեմ ձեզ»
    Աստվածաշնչյան համարների բացատրություն
  • «Ինձ մոտ եկեք.... և ես կթարմացնեմ ձեզ»
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հիսուսը թարմություն էր բերում
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • «Իմ լուծը ձեզ վրա վերցրեք»
    2008 Մեր թագավորական ծառայությունը
Ավելին
2001 Դիտարան
w01 12/15 էջ 9–15

Թեթևացում լարվածությունից. գործնական միջոց

«Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ [«թարմություն կտամ», ՆԱ]» (Մատթէոս 11։28)։

1, 2. ա) Աստվածաշունչն ի՞նչ է պարունակում, որն օգնում է ազատվել ավելորդ լարվածությունից։ բ) Որքանո՞վ էին արդյունավետ Հիսուսի ուսուցումները։

ՀԱՎԱՆԱԲԱՐ կհամաձայնվեք, որ չափազանց ուժեղ ստրեսը մարդուն ծանր վիճակի մեջ է գցում. նա սկսում է տառապել։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մարդիկ այն աստիճան են ծանրաբեռնվում, որ նրանցից շատերը անձկագին սպասում են, թե երբ կազատվեն այսօրվա լարված կյանքից (Հռովմայեցիս 8։20–22)։ Բայց մյուս կողմից էլ Գրությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող ենք հենց այսօր զգալիորեն թեթևանալ կյանքի հոգսերից ու ցավերից։ Դրան կարելի է հասնել՝ հետևելով քսան դար առաջ ապրած մի երիտասարդ մարդու օրինակին ու նրա տված խորհրդին։ Նա ատաղձագործ էր, բայց իր գործից առավել մարդկանց էր սիրում։ Նրա խոսքը տպավորում էր նրանց։ Նա խոսում էր նրանց կարիքների մասին, օգնում էր թույլերին ու մխիթարում ճնշվածներին։ Ավելին՝ նա շատերին էր օգնում՝ դրսևորելու իրենց հոգևոր ունակությունները։ Այո, այդ մարդիկ ազատվեցին ավելորդ լարվածությունից, և դուք նույնպես կարող եք (Ղուկաս 4։16–21; 19։47, 48; Յովհաննէս 7։46)։

2 Այդ մարդը՝ Հիսուս Նազովրեցին, չէր առաջնորդվում իր ժամանակների այն խճողված գաղափարներով, որոնք ընդունված էին հին Հռոմում, Աթենքում և Ալեքսանդրիայում։ Այդուհանդերձ, նրա ուսուցումները բոլորին էին հայտնի։ Դրանք բոլորն էլ մի թեմայի շուրջ էին պտտվում, այն է՝ կլինի մի կառավարություն, որի միջոցով Աստված հաջողությամբ ղեկավարելու է երկիր մոլորակը։ Հիսուսը նաև բացատրեց, թե որոնք են մարդկային ապրելակերպի հիմնական սկզբունքները. սկզբունքներ, որոնք իրապես մեծ արժեք ունեն մեր օրերում։ Նրանք, ովքեր սովորում և կյանքում իրագործում են Հիսուսի սովորեցրածները, անմիջապես օգուտներ են ստանում, այդ թվում՝ ազատվում են ավելորդ լարվածությունից։ Չէի՞ք ցանկանա նման օգուտներ դուք էլ ստանալ։

3. Ի՞նչ հուզիչ հրավեր տվեց Հիսուսը։

3 Սակայն գուցե դուք վստահ չեք, որ այդպես է. «Կարո՞ղ է մեկը, որն ապրել է շա՜տ վաղուց, նշանակալի ազդեցություն թողնել իմ կյանքում»։ Բայց տեսեք, թե ինչ սրտամոտ խոսքեր է ասում Հիսուսը. «Եկէ՛ք ինձ մօտ, բոլոր յոգնածներդ ու բեռնաւորուածներդ, եւ ես ձեզ կը հանգստացնեմ [«թարմություն կտամ», ՆԱ]։ Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ [«թարմություն», ՆԱ] պիտի գտնէք, որովհետեւ իմ լուծը քաղցր է եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթէոս 11։28–30)։ Ի՞նչ նկատի ուներ նա։ Եկեք մանրամասնորեն քննենք այս խոսքերը և տեսնենք, թե ինչպես են դրանք օգնում՝ ազատվելու ճնշիչ լարվածությունից։

4. Ո՞ւմ հետ էր խոսում Հիսուսը, և ինչո՞ւ իր ունկնդիրների համար գուցե դժվար լիներ անել այն, ինչ որ պահանջվում էր իրենցից։

4 Հիսուսը խոսեց շատերի հետ, որոնք ամեն ինչ անում էին, որպեսզի պահեին օրենքը։ Բայց այդ մարդիկ «բեռնաւորուած» էին, որովհետև հրեա առաջնորդները կրոնը ծանր բեռ էին դարձրել (Մատթէոս 23։4)։ Վերջիններս իրենց ուշադրությունը կենտրոնացնում էին կյանքի գրեթե բոլոր բնագավառներին վերաբերող անհամար կանոնների վրա։ Մի՞թե մարդ ստրեսի մեջ չէր ընկնի՝ ամեն րոպե լսելով՝ «չպետք է անես» այսինչ կամ այնինչ բանը։ Իսկ դրան հակառակ՝ Հիսուսի հրավերը մարդկանց, եթե նրանք ականջ դնեին իրեն, տանում էր դեպի ճշմարտություն, արդարություն, դեպի ավելի լավ կյանք։ Այո՛, ճշմարիտ Աստծուն ճանաչելու համար հարկավոր էր ուշադրություն ընծայել Հիսուս Քրիստոսին, քանզի նրա միջոցով մարդը կարող էր, և կարող է, իմանալ, թե ինչպիսին է Եհովան։ Հիսուսն ասաց. «Ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը» (Յովհաննէս 14։9)։

Ձեր կյանքը չափազանց լարվա՞ծ է

5, 6. Ի՞նչ համեմատություն կարելի է անել մեր և Հիսուսի օրերի միջև մարդկանց աշխատանքի պայմանների ու ստացած աշխատավարձի առնչությամբ։

5 Այս հարցը, հավանաբար, մտահոգում է ձեզ, քանի որ աշխատանքը կամ ընտանիքում ստեղծված իրավիճակը գուցե ծանր բեռի պես ճնշում են ձեզ։ Կամ էլ թերևս ունեք պատասխանատվություններ, որոնք կատարելը, ըստ ձեզ, շատ դժվար է։ Եթե այդպես է, ապա դուք նման եք այն անկեղծ անհատներին, որոնց Հիսուսը օգնում էր։ Դիտարկենք, օրինակ, ապրուստի միջոցներ հայթայթելու խնդիրը։ Այսօր շատերն են պայքարում այդ խնդիրը լուծելու համար. նման խնդիր գոյություն ուներ նաև Հիսուսի օրերում։

6 Այն ժամանակ աշխատավորը շաբաթական վեց օր ծանր աշխատանք էր կատարում՝ օրական 12 ժամ, և ընդամենը մեկ դահեկան էր ստանում ողջ օրվա համար (Մատթէոս 20։2–10)։ Որքա՞ն է կազմում այդ գումարը ձեր կամ ձեր ընկերների աշխատավարձի համեմատությամբ։ Հեշտ չէ համեմատել հին ժամանակներում մարդկանց վարձատրության չափը մեր օրերում տրվող աշխատավարձի հետ։ Բայց կարելի է ուրիշ համեմատություն կատարել. օրինակ՝ գնողունակությունը։ Մի գիտնական ասում է, որ Հիսուսի օրերում չորս բաժակ ցորենի ալյուրից թխված բոքոն գնելու համար հարկավոր էր մոտ մեկ ժամ աշխատել։ Մեկ ուրիշ գիտնականի կարծիքով՝ բարձրորակ գինու մեկ գավաթը մոտավորապես երկու ժամվա աշխատավարձ արժեր։ Նման մանրամասներից կարելի է եզրակացնել, որ այն ժամանակ մարդիկ ապրելու համար պետք է երկար ու լարված աշխատեին։ Նրանք, ինչպես և մենք, թեթևացման ու թարմացման կարիք ունեին։ Օրինակ՝ եթե աշխատանք ունեք, ապա գործատերը գուցե ճնշում է բանեցնում ձեզ վրա, որպեսզի ավելի արդյունավետ կերպով աշխատեք։ Կամ՝ հաճախ կշռադատված որոշումներ կայացնելու համար ժամանակ չեք ունենում։ Դուք երևի կհամաձայնվեիք, որ շատ եք ուզում հանգստանալ։

7. Ինչպիսի՞ արձագանք ունեցավ Հիսուսի հրավերը։

7 Հստակ է, որ այն ժամանակներում Հիսուսի հրավերը՝ ուղղված ‘հոգնածներին ու բեռնավորվածներին’, շատ շատերին էր տպավորելու (Մատթէոս 4։25; Մարկոս 3։7, 8)։ Հիշենք, որ Հիսուսը խոստացավ. «Ես ձեզ կը հանգստացնեմ [«թարմություն կտամ», ՆԱ]»։ Այս խոստումը ուժի մեջ է նաև այսօր և կարող է մեզ վերաբերել, եթե ‘հոգնած ու բեռնավորված’ ենք, ինչպես նաև մեր այն սիրելիներին, որոնք համանման վիճակում են։

8. Ինչպե՞ս են երեխաներ դաստիարակելն ու մեծ տարիքն ավելի լարված դարձնում մարդկանց կյանքը։

8 Ուրիշ բաներ էլ կան, որ ծանր բեռի պես ընկած են մարդկանց ուսերին։ Օրինակ՝ երեխաներ դաստիարակելը դժվարին խնդիր է։ Գուցե նույնիսկ դժվար է հենց երեխա լինելը։ Գնալով ավելանում է ամենատարբեր տարիքի այն մարդկանց թիվը, որոնք հոգեկան ու առողջական տկարություններ ունեն։ Ու թեև մարդիկ այսօր ավելի երկար են ապրում, և չնայած բժշկության բնագավառում ձեռք բերված նվաճումներին, այնուամենայնիվ տարեցներին հատուկ պրոբլեմները շարունակում են մնալ (Ժողովող 12։1)։

Վերցնելով լուծը

9, 10. Հին ժամանակներում ինչի՞ խորհրդանիշ էր լուծը, և ինչո՞ւ էր Հիսուսը հրավիրում մարդկանց վերցնել իր լուծը իրենց վրա։

9 Նկատեցի՞ք, որ Մատթէոս 11։28, 29–ից մեջբերված խոսքերում Հիսուսն ասում է. «Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք եւ սովորեցէ՛ք ինձնից»։ Այն ժամանակներում հասարակ մարդը աշխատանքի ժամանակ հավանաբար իրեն զգում էր այնպես, կարծես թե իր վրա լուծ էր դրված։ Դեռևս հին ժամանակներից լուծը ստրկության խորհրդանիշ էր համարվում (Ծննդոց 27։40; Ղեւտացոց 26։13; Բ Օրինաց 28։48)։ Օրավարձով աշխատողներից շատերը, որոնց հանդիպել էր Հիսուսը, աշխատանքի ընթացքում իսկապես լուծ էին օգտագործում, որով ծանր բեռներ էին տանում։ Նայած թե ինչպիսի ձև ուներ լուծը՝ այն կարող էր կամ հարմար լինել պարանոցին և ուսերին, կամ էլ՝ քերել մարմնի այդ մասերը։ Լինելով ատաղձագործ՝ Հիսուսը, ըստ երևույթին, լծեր պատրաստել էր և գիտեր, թե ինչպիսի ձև տալ դրանց, որ «քաղցր», այսինքն՝ հարմար լինեն։ Հավանաբար, նա լծի՝ մարմնին շփվող մասերը երեսպատում էր կաշվով կամ կտորով, որպեսզի այն հնարավորին չափ հարմարավետ լիներ։

10 Ասելով «Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք»՝ Հիսուսը միգուցե իրեն նմանեցնում էր հարմար լծեր պատրաստողի, որոնք աշխատավորի համար «քաղցր» կլինեին։ Նա նաև ասաց. ‘Իմ բեռը թեթև է’։ Սա նշանակում էր, որ այդ լուծն օգտագործելը տհաճություն չէր պատճառում, և աշխատանքն էլ ստրկական չէր։ Ճիշտ է, ունկնդիրներին հրավիրելով վերցնել իր լուծը՝ Հիսուսը չէր ուզում ասել, որ նրանց ծանր պայմանները՝ բոլորն էլ իսկույնևեթ կթեթևանան։ Բայցևայնպես մարդիկ, ընդունելով Հիսուսի տեսակետը, բավական կթարմանային։ Նրանք նաև ավելի հանգիստ կյանք կունենային՝ շտկումներ մտցնելով իրենց կենսաձևի ու գործելակերպի մեջ։ Ամենակարևորը՝ վառ ու հաստատուն հույս ունենալը կօգներ նրանց զգալու, որ լարվածությունն իրենց կյանքում պակասել է։

Անձամբ դուք կարող եք թարմանալ

11. Ինչո՞ւ Հիսուսը պարզապես չէր առաջարկում մի լուծը փոխարինել մեկ ուրիշով։

11 Խնդրեմ, նկատեցե՛ք, որ Հիսուսը չէր ուզում ասել, թե մարդիկ պետք է մի լուծը փոխարինեին մեկ ուրիշով։ Հռոմեական կայսրությունը դեռ շարունակելու էր կառավարել, ճիշտ այնպես, ինչպես այսօրվա կառավարությունները, որոնց ղեկավարման ներքո ապրում են քրիստոնյաները։ Իշխանությունները շարունակելու էին բնակչությունից հավաքել իրենց հարկերը։ Առողջական ու տնտեսական պրոբլեմները մնալու էին։ Անկատարությունն ու մեղքը շարունակելու էին իրենց ազդեցությունը թողնել մարդկանց վրա։ Բայց չնայած այդ ամենին՝ Հիսուսի ուսուցումներն ընդունելով, նրանք կարող էին թարմանալ։ Մենք նույնպես կարող ենք։

12, 13. Ի՞նչն էր թարմություն բերելու, որի մասին շեշտեց Հիսուսը, և ինչպե՞ս ոմանք արձագանքեցին։

12 Լծի վերաբերյալ Հիսուսի բերած օրինակը մի կարևոր կիրառություն ուներ, որը հասկանալի դարձավ աշակերտներ պատրաստելու գործի հետ կապված։ Անկասկած, Հիսուսի հիմնական գործը մարդկանց սովորեցնելն էր, որի ժամանակ շեշտը դրվում էր Աստծո Թագավորության վրա (Մատթէոս 4։23)։ Ուստի երբ նա ասաց «Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք», դա, ակներևաբար, նշանակում էր՝ անել այն նույն գործը, ինչ ինքն էր անում։ Ավետարանները ցույց են տալիս, որ Հիսուսը խրախուսում էր անկեղծ անհատներին փոխել իրենց զբաղմունքը, շատերի համար՝ հիմնական գործը։ Հիշենք նրա կոչը՝ ուղղված Պետրոսին, Անդրեասին, Հակոբոսին ու Հովհաննեսին. «Իմ ետեւի՛ց եկէք, եւ ես ձեզ կը դարձնեմ մարդկանց որսորդներ» (Մարկոս 1։16–20)։ Նա ցույց տվեց այդ ձկնորսներին, թե ինչ մեծ բավականություն կարող են իրենք ստանալ, եթե անեն այն գործը, որին ինքը առաջնային տեղ էր տալիս իր կյանքում, և դա անեն իր առաջնորդության ներքո ու իր օգնությամբ։

13 Որոշ հրեաներ հասկացան Հիսուսի խոսքերը և դա ցույց տվեցին իրենց գործերով։ Մի պահ պատկերացրեք ծովափնյա այն տեսարանը, որի մասին կարդում ենք Ղուկաս 5։1–11-ում։ Չորս ձկնորսները ամբողջ գիշեր չարչարվել էին, բայց ոչ մի ձուկ չէին բռնել։ Բայց ահա՛, նրանց ցանցերը լի՛քն են։ Սա պատահականություն չէր. դրա պատճառը Հիսուսն էր։ Նայելով ափի ուղղությամբ՝ նրանք տեսան մի բազմություն, որին խորապես հետաքրքրում էին Հիսուսի ուսուցումները։ Դա նպաստեց, որ այդ չորսը հասկանային Հիսուսի՝ Պետրոսին ուղղված խոսքերը. «Այսուհետեւ դու մարդկա՛նց պիտի որսաս կեանքի համար»։ Ինչպե՞ս արձագանքեցին Պետրոսն ու մյուս աշակերտները։ «Նաւակը ցամաք հանելով՝ թողեցին ամէն ինչ ու նրան հետեւեցին»։

14. ա) Ինչպե՞ս կարող ենք այսօր թարմություն գտնել։ բ) Ի՞նչ թարմացնող բարի լուր էր հռչակում Հիսուսը։

14 Դուք էլ կարող եք նույն ձևով արձագանքել։ Մարդկանց աստվածաշնչյան ճշմարտությունը սովորեցնելու գործը դեռևս շարունակվում է։ Ամբողջ աշխարհում մոտ վեց միլիոն Եհովայի վկաներ ընդունել են Հիսուսի՝ «Իմ լուծը ձեր վրայ վերցրէ՛ք» հրավերը. նրանք դարձել են «մարդկանց որսորդներ» (Մատթէոս 4։19)։ Ոմանք իրենց ամբողջ օրն են տրամադրում այդ գործին, մյուսներն էլ, իրենց հնարավորությունից ելնելով, օրվա մի մասը։ Եվ քանի որ այդ գործով զբաղվելը նրանց բոլորին թարմություն է բերում, իրենց կյանքն էլ, արդյունքում, պակաս լարված է անցնում։ Այդ գործը նրանց հաճույք է պատճառում. դա մարդկանց բարի լուրը՝ «արքայութեան Աւետարանը» հաղորդելն է (Մատթէոս 4։23)։ Բարի լուր հայտնելը միշտ էլ հաճելի է, բայց հատկապես հաճելի է հենց այս բարի լուրը հայտնելը։ Աստվածաշունչն իր մեջ պարունակում է այն հիմնական ինֆորմացիան, որից օգտվելով՝ կարող ենք վստահեցնել շատերին այն բանում, որ իրենք կարող են պակաս լարված կյանքով ապրել (Բ Տիմոթէոս 3։16, 17)։

15. Ինչպե՞ս կարող եք օգուտ քաղել Հիսուսի՝ կյանքի վերաբերյալ ուսուցումներից։

15 Նույնիսկ նրանք, ովքեր նորերս են սկսել իմանալ Աստծո Թագավորության մասին, որոշակի օգուտներ են քաղել Հիսուսի՝ ապրելակերպի վերաբերյալ ուսուցումներից։ Շատերն իսկապես կարող են ասել, որ Հիսուսի ուսուցումները թարմացրել են իրենց ու ամբողջությամբ փոխել իրենց կյանքը։ Դուք ինքներդ կարող եք համոզվել դրանում՝ քննելով ապրելակերպի վերաբերյալ այն սկզբունքները, որոնք պարունակվում են Հիսուսի կյանքի ու ծառայության մասին հաղորդագրություններում, մասնավորապես՝ Մատթեոսի, Մարկոսի և Ղուկասի Ավետարաններում։

Ինչպես թարմություն գտնել

16, 17. ա) Որտե՞ղ կարելի է գտնել Հիսուսի հիմնական ուսուցումներից մի քանիսը։ բ) Ի՞նչ է հարկավոր, որպեսզի Հիսուսի ուսուցումները կյանքում կիրառելուց թարմություն ստանանք։

16 31 թվականի գարնանը Հիսուսը մի քարոզ ասաց, որը մինչև այսօր համաշխարհային հռչակ է վայելում։ Այն սովորաբար կոչվում է Լեռան քարոզ և գրված է Մատթեոս 5–7 և Ղուկաս 6–րդ գլուխներում, որտեղ ամփոփված են նրա ուսուցումներից շատերը։ Հիսուսի մյուս ուսուցումները կարելի է գտնել Ավետարանների այլ մասերում։ Ճիշտ է, նրա ասածների մեծ մասը ինքնըստինքյան հասկանալի է, բայց դրանք գործնականում կիրառելը կարող է դժվար լինել։ Ինչո՞ւ այդ գլուխները ուշադրությամբ չկարդալ՝ միաժամանակ խորհելով կարդացածի շուրջ։ Թող որ Հիսուսի մտքերի ուժը ազդի ձեր մտածելակերպի ու տրամադրվածության վրա։

17 Ակնհայտ է, որ Հիսուսի ուսուցումները կարելի է խմբավորել տարբեր կերպերով։ Օրինակ՝ կարելի է հիմնական ուսուցումները դասավորել այնպես, որ ամսվա յուրաքանչյուր օրվան մեկ ուսուցում ընկնի։ Ընդ որում, մեր նպատակն այն է, որ դրանք կիրառենք կյանքում։ Ինչպե՞ս։ Նախ՝ չպետք է թռուցիկ կերպով կարդանք տվյալ միտքը։ Հիշենք այն հարուստ իշխանին, որը հարց տվեց Հիսուս Քրիստոսին. «Ի՞նչ պիտի անեմ, որ յաւիտենական կեանքը ժառանգեմ»։ Երբ Հիսուսն ասաց Աստծո օրենքի կարևորագույն պահանջները, այդ մարդը պատասխանեց, որ ինքն արդեն կատարում է դրանք։ Սակայն հարկավոր էր, որ նա ավելին աներ, ու նա դա հասկացավ։ Հիսուսն ասաց նրան, որ ավելի շատ ջանք թափի Աստծո սկզբունքները գործադրելու համար, լինի ակտիվ աշակերտ։ Բայց, ինչպես երևում էր, մարդը պատրաստ չէր դրան (Ղուկաս 18։18–23)։ Ուրեմն՝ նա, ով ցանկանում է սովորել Հիսուսի ուսուցումները, պետք է հիշի, որ տարբերություն կա դրանք ընդունելու և կյանքում իսկապես իրագործելու միջև։ Վերջին դեպքում ստրեսային վիճակները նվազում են։

18. Բացատրեք, թե ինչպես կարող ենք օգուտներ քաղել հարակից շրջանակի բովանդակությունից։

18 Սկսելով Հիսուսի ուսուցումները քննելն ու կյանքում կիրառելը՝ եկեք ուշադրություն դարձնենք հարակից շրջանակի 1–ին կետին, որը վերաբերում է Մատթէոս 5։3–9-ին։ Իրականում մեզանից ամեն մեկն էլ կարող է այս հիասքանչ համարների շուրջ խորհրդածելուն բավական ժամանակ տրամադրել։ Սակայն, այդ համարները քննելով, ի՞նչ եզրակացության եք գալիս այն մասին, թե ինչպիսի մտայնություն է հարկավոր ունենալ։ Եթե իսկապես ցանկանում եք ազատվել գերլարվածությունից, ապա ի՞նչը կօգներ ձեզ։ Ինչպե՞ս կարող եք ձեզ ավելի լավ զգալ, եթե ավելի շատ ուշադրություն դարձնեք հոգևոր հարցերին՝ դրանց մասին ավելի շատ մտածելով։ Կա՞ն արդյոք ձեր կյանքում այնպիսի բաներ, որոնց հարկավոր է նվազ կարևորություն տալ՝ փոխարենը ավելի շատ տեղ տալով հոգևորին։ Եթե այդպես վարվեք, ապա հիմա իսկ ավելի երջանիկ կլինեք։

19. Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի էլ ավելի խորաթափանց ու հասկացող անձնավորություն լինենք։

19 Իսկ հիմա հաջորդ քայլն արեք։ Ինչո՞ւ չքննարկեք այս համարները Աստծո մեկ ուրիշ ծառայի, օրինակ, ձեր կողակցի, մտերիմ հարազատի կամ էլ ընկերոջ հետ (Առակաց 18։24, Արևմտ. Աստ.; 20։5)։ Հիշենք, որ հարուստ իշխանը մեկ ուրիշի՝ Հիսուսին դիմեց իրեն հետաքրքրող հարցով։ Վերջինիս տված պատասխանից օգտվելով՝ նա կարող էր մեծ ուրախություն ու երկարատև կյանք ունենալ։ Ձեր հավատակիցը, որի հետ քննարկում եք այդ համարները, չի կարող Հիսուս դառնալ, բայցևայնպես նրա ուսուցումների մասին զրուցելը ձեզ օգուտներ կբերի։ Որքան հնարավոր է՝ շուտ սկսեք այդպես վարվել։

20, 21. Հիսուսի ուսուցումները սովորելու ի՞նչ ծրագրի կարող ենք հետևել, և ինչպե՞ս կարող ենք որոշել, թե ինչ հաջողությունների ենք հասել։

20 Կրկին նայենք «Ուսուցումներ, որոնք կօգնեն ձեզ» հարակից շրջանակին։ Այս ուսուցումները այնպես են խմբավորված, որ դուք կարող եք ամեն օր առնվազն դրանցից մեկը քննարկել։ Նախ կարդացեք, թե ինչ է ասում Հիսուսը տվյալ համարներում։ Հետո մտածեք նրա խոսքերի շուրջ։ Խորհրդածեք, թե ինչպես կարող եք այդ խոսքերը գործնականում կիրառել։ Իսկ եթե արդեն անում եք, ապա մտածեք, թե ուրիշ է՛լ ինչ կարող եք անել տվյալ սուրբգրային ուսուցմանը համապատասխան ապրելու համար։ Այդ օրվա ընթացքում փորձեք կիրառել սովորածը։ Եթե դժվարանում եք հասկանալ տվյալ ուսուցումը կամ չգիտեք, թե ինչպես այն գործադրել, ապա մեկ օր էլ հատկացրեք դրան։ Սակայն հիշեք. հարկ չկա տրամադրվելու այնպես, որ քանի դեռ մինչև վերջ չեք յուրացրել տվյալ ուսուցումը, ապա չեք կարող անցնել մյուսին։ Հաջորդ օրը կարող եք քննել մյուս ուսուցումը։ Շաբաթվա վերջում կարող եք ամփոփել, թե արդյոք հաջողվել է ձեզ Հիսուսի չորս կամ հինգ ուսուցում յուրացնել։ Հաջորդ շաբաթ այդ թիվը օրեցօր մեծացրեք։ Իսկ եթե տեսնում եք, որ դժվարություններ եք ունենում որևէ ուսուցում յուրացնելու մեջ, մի՛ հուսահատվեք։ Յուրաքանչյուր քրիստոնյայի հետ էլ նման բան պատահում է (Բ Մնացորդաց 6։36; Սաղմոս 130։3; Ժողովող 7։20; Յակոբոս 3։8)։ Երրորդ և չորրորդ շաբաթներում էլ շարունակեք աշխատել ուսուցումները գործադրելու վրա։

21 Մոտավորապես մեկ ամսից դուք, հավանաբար, արդեն ավարտած կլինեք բոլոր 31 կետերի քննարկումը։ Ինչպե՞ս եք ձեզ զգալու այդ ժամանակ՝ անկախ այն բանից, թե ինչ հաջողությունների եք հասել։ Մի՞թե ավելի ուրախ չեք լինի, թերևս քիչ ավելի հանգստացած։ Նույնիսկ եթե նկատելի հաջողություններ չեք ունեցել, միևնույն է, դուք ձեզ, հավանաբար, պակաս լարված կզգաք կամ մյուս անգամ առնվազն ավելի հաջող կերպով կպայքարեք ստրեսի դեմ, ինչպես նաև արդեն կիմանաք, թե ինչպես շարունակել այդ ուսուցումների յուրացումը։ Մի մոռացեք, որ Հիսուսի սովորեցրածներից դեռ շատ ուրիշ հրաշալի մտքեր կան, որոնք չեն բերվել այս ցուցակում։ Ինչո՞ւ չփնտրել, թե որոնք են դրանք, ու փորձել կիրառել (Փիլիպպեցիս 3։16)։

22. Ի՞նչ արդյունքներ կարող են լինել Հիսուսի ուսուցումներին հետևելուց, և ի՞նչ ուրիշ հանգամանք կա, որը հարկավոր է քննարկել։

22 Ինչպես տեսնում եք, Հիսուսի լուծը, կշիռ ունենալով հանդերձ, իսկապես «քաղցր» է՝ հարմար է։ Նրա ուսուցումների բեռը թեթև է, իսկ նրա աշակերտը լինելը՝ հեշտ։ Ավելի քան 60 տարի անց Հիսուսի սիրելի ընկերը՝ Հովհաննես առաքյալը, իր անձնական փորձից ելնելով, ասաց. «Քանզի ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները։ Եւ նրա պատուիրանները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3, 4ա)։ Դուք էլ կարող եք նման վստահություն ունենալ։ Ինչքան ավելի երկար ժամանակ կիրառեք Հիսուսի ուսուցումները, այնքան ավելի կհամոզվեք, որ այն, ինչ այսօր շատերի կյանքը խիստ լարված է դարձնում, չի կարող նման ազդեցություն թողնել ձեզ վրա։ Դուք կտեսնեք, թե ինչպե՜ս է ձեր կյանքը թեթևացել (Սաղմոս 34։8)։ Սակայն Հիսուսի «քաղցր» լծի հետ կապված մեկ ուրիշ հանգամանք կա, որին հարկավոր է ուշադրություն դարձնել։ Հիսուսը նաև նշեց, որ ինքը «հեզ [է] եւ սրտով խոնարհ»։ Ինչպե՞ս են այս խոսքերը վերաբերում այն բանին, թե ինչպես ենք ընդօրինակում Հիսուսին և ինչ պետք է սովորենք նրանից։ Հաջորդ հոդվածում այս հարցը կքննարկենք (Մատթէոս 11։29)։

Ո՞րն է ձեր պատասխանը

• Ինչո՞ւ պետք է Հիսուսին նայենք գերլարված վիճակից դուրս գալու համար։

• Ինչի՞ խորհրդանիշ է լուծը և ինչո՞ւ։

• Ինչո՞ւ էր Հիսուսը մարդկանց հրավիրում վերցնել իր լուծը։

• Ինչպե՞ս կարող եք անձամբ հոգևորապես թարմանալ։

[մեջբերում 14–րդ էջի վրա]

Եհովայի վկաների 2002 թ. տարվա խոսքը լինելու է. «Եկե՛ք ինձ մոտ.... և ես ձեզ թարմություն կտամ» (Մատթէոս 11։28, ՆԱ)։

[շրջանակ/նկար 12–րդ և 13–րդ էջերի վրա]

Ուսուցումներ, որոնք կօգնեն ձեզ

Ի՞նչ լավ բաներ կարելի է գտնել Մատթէոս 5–7 գլուխներում։ Այստեղ պարունակվում են ուսուցումներ, որոնք ասել է Մեծ Ուսուցիչը՝ Հիսուսը, Գալիլեայի սարալանջերից մեկում։ Կարդացեք, խնդրեմ, ներքոհիշյալ համարները՝ օգտվելով ձեր Աստվածաշնչից, և պատասխանեք դրանց հետ կապված հարցերին։

1. 5։3–9 Ի՞նչ են ասում այս համարներն այն մասին, թե ընդհանուր առմամբ ինչպիսին է իմ մտայնությունը։ Ինչպե՞ս կարող եմ ավելի երջանիկ լինել։ Ինչպե՞ս կարող եմ ավելի շատ ուշադրություն դարձնել իմ հոգևոր կարիքներին։

2. 5։25, 26 Շատերի կռվազանությունն ընդօրինակելու փոխարեն ավելի լավ է ի՞նչ անել (Ղուկաս 12։58, 59)։

3. 5։27–30 Ի՞նչ են շեշտում Հիսուսի խոսքերը սեքսուալ ֆանտազիաների վերաբերյալ։ Խուսափելով դրանցից՝ ինչպե՞ս կարող եմ ավելի երջանիկ լինել ու հոգեկան անդորր ունենալ։

4. 5։38–42 Ինչո՞ւ պետք է ձգտեմ խուսափել անհարկի համառություն ցուցաբերելուց, ինչը հատուկ է ժամանակակից հասարակությանը։

5. 5։43–48 Ի՞նչ օգուտներ կստանամ, եթե ավելի լավ ճանաչեմ նրանց, ում իմ թշնամիներն եմ համարել։ Արդյունքում, ամենայն հավանականությամբ, ինչպե՞ս կարող է լարվածությունը թուլանալ կամ վերանալ։

6. 6։14, 15 Եթե երբեմն տրամադրված չեմ ներելու, ապա չլինի՞ թե հիմնականում այն պատճառով, որ սրտիս խորքում վիրավորված եմ այդ մարդուց կամ էլ նախանձում եմ նրան։ Ինչպե՞ս կարող եմ փոփոխություններ կատարել։

7. 6։16–18 Հակվա՞ծ եմ ավելի շատ մտահոգվելու այն մասին, թե ինչպիսին եմ երևում մարդկանց աչքում՝ փոխանակ մտածելու, թե ինչպիսին եմ ներքուստ։ Ի՞նչը պետք է ավելի լավ գիտակցեմ։

8. 6։19–32 Ի՞նչ կարող է լինել, եթե սկսեմ չափազանց շատ մտահոգվել դրամի և ունեցվածքի մասին։ Ինչի՞ մասին մտածելը կօգնի ինձ այս առումով հավասարակշռված լինելու։

9. 7։1–5 Ինչպե՞ս եմ ինձ զգում նրանց կողքին, ովքեր մարդկանց մեղադրելու և քննադատելու հակում ունեն ու միշտ բծախնդիր են։ Ինչո՞ւ է կարևոր, որ չլինեմ այդպիսին։

10. 7։7–11 Եթե Աստծուց ինչ–​որ բան խնդրելու մեջ հարատևելը հավանության է արժանի, ապա այդ առումով ի՞նչ կարելի է ասել կյանքի մյուս ասպարեզների մասին (Ղուկաս 11։5–12, [13, ԱԹ])։

11. 7։12 Թեև գիտեմ Ոսկե կանոնը, որքա՞ն հաճախ եմ այն կիրառում։

12. 7։24–27 Քանի որ ես եմ իմ ապագա կյանքի համար պատասխան տալիս, ապա ինչպե՞ս կարող եմ ավելի լավ պատրաստվել՝ դիմագրավելու բազմաթիվ դժվարություններին ու անհանգստություններին։ Ինչո՞ւ դրա մասին հիմա՛ պետք է մտածեմ (Ղուկաս 6։46–49)։

Եվս մի քանի ուսուցումներ, որոնց շուրջ կարող եմ խորհել

13. 8։2, 3 Հիսուսը հաճախ է կարեկցանք ցուցաբերել վատ վիճակում գտնվողների հանդեպ։ Ինչպե՞ս կարող եմ ես էլ նրա պես վարվել։

14. 9։9–38 Ի՞նչ տեղ է գրավում իմ կյանքում կարեկցանք ցույց տալը, և ինչպե՞ս կարող եմ ավելի շատ այդ հատկությունը դրսևորել։

15. 12։19 Ելնելով Հիսուսի վերաբերյալ այս մարգարեությունից՝ ձգտո՞ւմ եմ արդյոք վիճասեր չլինել։

16. 12։20, 21 Ի՞նչ բարիք կարող եմ անել ուրիշներին՝ իմ խոսքերով կամ արարքներով նրանց վրա ճնշում չգործադրելով։

17. 12։34–37 Ինչի՞ մասին եմ հիմնականում խոսում։ Ես գիտեմ, որ երբ նարինջը ճզմում են, նարնջի հյութ է դուրս գալիս, ուրեմն՝ ինչո՞ւ պետք է ինձ հետաքրքրի այն, թե ինչ կա իմ ներսում՝ իմ սրտում (Մարկոս 7։20–23)։

18. 15։4–6 Հիսուսի խոսքերից ի՞նչ եմ եզրակացնում տարեցներին սիրով հոգ տանելու վերաբերյալ։

19. 19։13–15 Ի՞նչ անելուն պետք է ժամանակ հատկացնեմ։

20. 20։25–28 Ինչո՞ւ ճիշտ չէր լինի ունեցած իշխանությունը բանեցնել հանուն սեփական շահի։ Այս առումով ինչպե՞ս կարող եմ ընդօրինակել Հիսուսին։

Լրացուցիչ մտքեր՝ գրի առնված Մարկոսի կողմից

21. 4։24, 25 Ինչո՞ւ մեծ նշանակություն ունի այն, թե ինչպես եմ վարվում ուրիշների հետ։

22. 9։50 Եթե պատշաճորեն եմ խոսում ու վարվում մյուսների հետ, ապա, ամենայն հավանականությամբ, ի՞նչ լավ արդյունքների կհասնեմ։

Եվ վերջում մի քանի ուսուցումներ՝ գրի առնված Ղուկասի կողմից

23. 8։11, 14 Եթե սկսեմ չափից դուրս անհանգստանալ զանազան հարցերի վերաբերյալ, մտածել հարստանալու և հաճույքների մասին, ապա ի՞նչ հետևանքներ կարող են լինել։

24. 9։1–6 Թեև Հիսուսը զորություն ուներ բուժելու հիվանդներին, ի՞նչն էր նրա համար ավելի կարևոր։

25. 9։52–56 Արդյո՞ք շուտ եմ վիրավորվում։ Խուսափո՞ւմ եմ այն բանից, որ մարդուն չպատասխանեմ իր արած վատության դիմաց։

26. 9։62 Ինչպե՞ս պետք է վերաբերվեմ Աստծո Թագավորության մասին խոսելու իմ պատասխանատվությանը։

27. 10։29–37 Ինչպե՞ս կարող եմ ապացուցել, որ մերձավոր եմ և ոչ թե՝ օտար։

28. 11։33–36 Ի՞նչ փոփոխություններ պետք է անեմ, որպեսզի ավելի պարզ կյանքով ապրեմ։

29. 12։15 Ի՞նչ կապ գոյություն ունի կյանքի և ունեցվածքի միջև։

30. 14։28–30 Եթե նախքան որևէ որոշում կայացնելը ժամանակ տրամադրեմ ուշադրությամբ խորհելու անելիքիս մասին, ապա ինչի՞ց կխուսափեմ ու ի՞նչ օգուտներ կունենամ։

31. 16։10–12 Ի՞նչ օգուտներ կարող եմ ստանալ՝ անարատ կյանքով ապրելով։

[նկարներ 10–րդ էջի վրա]

Հիսուսի լուծը վերցնելով փրկարար գործ կատարելը թարմություն է բերում

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը