«Իմ լուծը ձեզ վրա վերցրեք»
1 Ճնշումներով ու անհանգստություններով լի այս աշխարհում մենք իսկապես մեծ թեթևություն զգացինք, երբ արձագանքեցինք Հիսուսի ջերմ հրավերին՝ գտնելու թարմություն նրա լծի տակ (Մատթ. 11։29, 30)։ Աշակերտության այդ լուծը վերցնել նշանակում է անել մի գործ, որը թեև ջանքեր է պահանջում, սակայն թարմություն է բերում։ Մենք վերցնում ենք այդ լուծը այն իմաստով, որ քարոզում ենք Թագավորության բարի լուրը և օգնում ուրիշներին նույնպես թարմություն գտնել Հիսուսի հարմար լծի ներքո (Մատթ. 24։14; 28։19, 20)։
2 Թարմություն բերող ծառայություն։ Հիսուսն իր հետևորդներին չասաց, որ իր լուծը ավելացնեն այն բեռին, որն իրենք արդեն կրում էին։ Նա հրավիրեց նրանց թողնել իրենց ծանր բեռը և վերցնել իր թեթև լուծը։ Ուստի մենք այլևս ծանրաբեռնված չենք իրերի այս համակարգի հոգսերով, այլևս անհույս չենք ու չենք տքնում «անկայուն հարստության» համար (Ղուկ. 21։34; 1 Տիմոթ. 6։17)։ Ճիշտ է, մենք որոշակի աշխատանք ենք կատարում ու ջանում ենք բավարարել մեր առօրյա կարիքները, սակայն մեր կյանքում ամենակարևոր բանը Աստծուն երկրպագելն է (Մատթ. 6։33)։ Եթե կարևոր բաների վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենանք, ապա միշտ թարմություն կստանանք մեր ծառայությունից, և այն երբեք չի լինի ծանրաբեռնող (Փիլիպ. 1։10)։
3 Մենք հաճույքով ենք խոսում այն թեմաներով, որոնք հոգեհարազատ են մեզ (Ղուկ. 6։45)։ Բոլոր քրիստոնյաներին խորապես հետաքրքրում են Եհովա Աստված և Թագավորության օրհնությունները, որոնք նա խոստացել է։ Ուստի ի՜նչ թարմություն ենք ստանում, երբ, մի կողմ թողնելով առօրյա հոգսերը, հռչակում ենք «բարի լուրը բարի բաների մասին» (Հռոմ. 10։15)։ Սովորաբար որքան շատ ենք զբաղվում որևէ գործով, այնքան ավելի ենք հմտանում դրանում և ավելի շատ ուրախություն ստանում։ Ուստի եթե մեր կարողության սահմաններում ծառայությանը ավելի շատ ժամանակ տրամադրենք, ապա մեծապես կթարմանանք։ Իսկ որքա՜ն մեծ թարմություն ենք ստանում, երբ մարդիկ դրականորեն են արձագանքում մեր քարոզած լուրին (Գործ. 15։3)։ Նույնիսկ երբ մենք անտարբերության կամ հակառակության ենք բախվում, այնուամենայնիվ, ծառայությունից թարմություն ենք ստանում, քանի որ հիշում ենք, որ մեր թափած ջանքերը հաճելի են Եհովային, և որ միայն նրա օրհնությամբ կարող ենք դրական արդյունքների հասնել (Գործ. 5։41; 1 Կորնթ. 3։9)։
4 Ընդունելով Հիսուսի հրավերը՝ մենք վերցնում ենք նրա լուծը և նրա հետ միասին հաճույքով ծառայում ենք Եհովային՝ որպես նրա Վկաներ (Ես. 43։10; Հայտն. 1։5)։ Կա՞ արդյոք որևէ բան, որ կարող է ավելի մեծ թարմություն պատճառել մեզ։