Թող հոգևոր բաները թարմացնեն քեզ
«Իմ լուծը ձեզ վրա վերցրեք.... և դուք թարմություն կգտնեք ձեր հոգիների համար» (ՄԱՏԹ. 11։29)։
1. Ի՞նչ օր հաստատեց Աստված Սինա լեռան մոտ և ինչո՞ւ։
ԱՍՏՎԱԾ Սինա լեռան մոտ իսրայելացիներին Օրենքի ուխտ տվեց, որը ներառում էր նաև Շաբաթը պահելու օրենքը։ Մովսեսի միջոցով Եհովան պատվիրեց նրանց. «Վեց օր քո գործը գործիր, եւ եօթներորդ օրը հանգստացիր, որ քո եզն ու էշը հանգստանայ, եւ քո աղախինի որդին ու օտարականը շունչ առնէ» (Ելից 23։12)։ Օրենքի տակ եղողների բարօրության մասին հոգալով՝ Աստված հանգստի մի օր հաստատեց, որ իր ժողովուրդը «շունչ առնէ»։
2. Ի՞նչ օգուտներ ստացան իսրայելացիները Շաբաթը պահելուց։
2 Արդյոք Շաբաթը նախատեսված էր միայն հանգստի՞ համար։ Ո՛չ, այդ օրը Եհովային մատուցվող երկրպագության մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում։ Այն հնարավորություն էր տալիս ընտանիքի գլուխներին կրթելու տան անդամներին՝ «Եհովայի ճանապարհը պահելու, արդարութիւն.... անելու համար» (Ծննդ. 18։19)։ Շաբաթ օրը ընտանիքի անդամներն ու ընկերները հնարավորություն ունեին միասին հավաքվելու Եհովայի գործերի շուրջ խորհելու և միմյանց հետ ուրախությամբ շփվելու համար (Ես. 58։13, 14)։ Ավելին, այդ օրը մարգարեական խորհրդանիշն էր Քրիստոսի Հազարամյա Իշխանության, որի ներքո մարդիկ իսկական թարմություն են վայելելու (Հռոմ. 8։21)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Որտե՞ղ և ինչպե՞ս կարող են ճշմարիտ քրիստոնյաները թարմանալ։
Թարմություն ստացիր ընկերակցությունից
3. Ինչպե՞ս էին առաջին դարի քրիստոնյաները աջակցում միմյանց և ի՞նչ արդյունքով։
3 Պողոս առաքյալն ասաց, որ քրիստոնեական ժողովը «ճշմարտության սյունն ու հենարանն» է (1 Տիմոթ. 3։15)։ Եվ պատահական չէ, որ վաղ քրիստոնյաները աջակցում էին իրար՝ քաջալերելով և սիրով կերտելով (Եփես. 4։11, 12, 16)։ Երբ Պողոսը Եփեսոսում էր, նրան քաջալերելու նպատակով այցելեցին Կորնթոսի ժողովի անդամները։ Այդ առնչությամբ նա գրեց. «Ես ուրախանում եմ Ստեփանասի, Ֆորտունատոսի և Աքայիկոսի ներկայության համար.... քանի որ թարմացրին.... իմ.... ոգին» (1 Կորնթ. 16։17, 18)։ Իսկ երբ Տիտոսը գնաց Կորնթոս՝ եղբայրներին ծառայելու համար, Պողոսը պատասխան նամակ գրեց ժողովին՝ ասելով. «Դուք բոլորդ թարմացրիք նրա ոգին» (2 Կորնթ. 7։13)։ Այսօր էլ Եհովայի վկաները իսկական թարմություն են ստանում՝ իրար հետ քաջալերիչ շփում վայելելով։
4. Ինչպե՞ս են ժողովները թարմացնում մեզ։
4 Դու, անկասկած, անձամբ ես զգացել, որ ժողովները ուրախության մեծ աղբյուր են։ Այնտեղ մենք ստանում ենք «փոխադարձ քաջալերություն.... մեկս մյուսիս հավատով» (Հռոմ. 1։12)։ Ինչ խոսք, եղբայրներն ու քույրերը պարզապես մեր ծանոթները չեն, որոնց հետ շփվում ենք ժամանակ առ ժամանակ։ Ընդհակառակը՝ նրանք մեր իսկական ընկերներն են, մարդիկ, որոնց սիրում ու հարգում ենք։ Մենք մեծ ուրախություն ու մխիթարություն ենք ստանում, երբ նրանց հետ կանոնավորաբար հավաքվում ենք (Փիլիմ. 7)։
5. Համաժողովների ժամանակ ինչպե՞ս կարող ենք «ընդարձակվել»։
5 Թարմության աղբյուր են նաև համաժողովները, որոնք ճշմարտության կենսատու ջրերը վայելելու և «ընդարձակվելու» հնարավորություն են ընձեռում մեզ (2 Կորնթ. 6։12, 13)։ Իսկ եթե մենք ամաչկոտ ենք ու դժվարությամբ ենք շփվում մարդկանց հետ, կարող ենք համաժողովի ժամանակ կատարել ցանկացած գործ, որի ընթացքում անկաշկանդ կշփվենք հավատակիցների հետ։ Մի քույր, որը միջազգային համաժողովի ժամանակ օգնել էր մաքրելու մարզադաշտը, ասաց. «Իմ ընտանիքից և մի քանի ընկերներից բացի, քչերին էի ճանաչում։ Բայց երբ մասնակցեցի մաքրության աշխատանքներին, ծանոթացա շատ քույրերի ու եղբայրների հետ։ Ես մեծ բավականություն ստացա»։
6. Ի՞նչ կարող ենք պլանավորել արձակուրդի ժամանակ, որպեսզի թարմություն ստանանք։
6 Իսրայելացիները տարին երեք անգամ գնում էին Երուսաղեմ՝ երկրպագություն մատուցելու (Ելից 34։23)։ Նրանք պետք է թողնեին իրենց արտերը, վաճառատները և ոտքով ճանապարհ ընկնեին՝ օրեր շարունակ անցնելով փոշոտ ճամփաներով։ Սակայն երբ ժողովուրդը հասնում էր տաճար և տեսնում, թե ինչպես են ներկաները «օրհնում Տիրոջը», լցվում էր «մեծ ուրախութեամբ» (Բ Մնաց. 30։21)։ Այսօր նույնպես Վկաները մեծ ուրախություն են ստանում, երբ ընտանիքով երկար ճանապարհ են անցնում, որպեսզի այցելեն Եհովայի վկաների մոտակա մասնաճյուղ՝ Բեթել։ Գուցե դո՞ւք էլ հաջորդ արձակուրդի ժամանակ ծրագրեք ընտանիքով այցելել Բեթել։
7. ա) Ինչո՞վ են օգտակար ընկերական հավաքույթները։ բ) Ի՞նչ պետք է անենք, որպեսզի այդպիսի հավաքույթները հիշարժան և կերտիչ լինեն։
7 Ընտանիքի և ընկերների հետ շփումը նույնպես քաջալերիչ է։ «Սորանից լաւ բան չ’կայ մարդիս համար, որ ուտէ եւ խմէ, եւ իր աշխատանքովը սիրտը զուարճացնէ»,— ասել է իմաստուն Սողոմոնը (Ժող. 2։24)։ Ընկերական հավաքույթները ոչ միայն թարմացնում են, այլև ամրացնում են սիրո կապը, քանի որ սկսում ենք ավելի լավ ճանաչել մեր հավատակիցներին։ Որպեսզի այդպիսի հավաքույթները հիշարժան ու կերտիչ լինեն, լավ կլինի, որ հավաքվենք փոքր խմբերով և հավաստիանանք, որ հավաքույթը հարկ եղած ձևով է վերահսկվելու, հատկապես եթե ոգելից խմիչք է մատուցվելու։
Թարմություն ստացիր ծառայությունից
8, 9. ա) Ցույց տուր, թե ինչ տարբերություն կա Հիսուսի հայտնած լուրի և դպիրների ու փարիսեցիների դրած օրենքների միջև։ բ) Ի՞նչ օգուտներ ենք ստանում բարի լուրը հայտնելուց։
8 Հիսուսը նախանձախնդիր քարոզիչ էր և քաջալերեց իր հետևորդներին նույնպես նախանձախնդիր լինել։ Սա երևում է իր հետևյալ խոսքերից. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Մատթ. 9։37, 38)։ Հիսուսի հայտնած լուրը իսկապես թարմություն էր բերում, այն «բարի լուր» էր (Մատթ. 4։23; 24։14)։ Նրա հռչակած պատգամը լիովին տարբերվում էր փարիսեցիների ծանրաբեռնող օրենքներից, որ դրել էին ժողովրդի ուսերին (կարդա՛ Մատթեոս 23։4, 23, 24)։
9 Երբ Թագավորության լուրը հայտնում ենք մարդկանց, հոգևոր թարմություն ենք բերում նրանց և միևնույն ժամանակ ինքներս ենք սկսում ավելի լավ հասկանալ ու գնահատել աստվածաշնչյան թանկարժեք ճշմարտությունները։ Մենք էլ ենք միանում սաղմոսերգուի խոսքերին, որն ասաց. «Օրհնեցէք Տիրոջը. որովհետեւ բարի է մեր Աստուծուն սաղմոս ասել, որովհետեւ քաղցր է.... օրհնաբանութիւնը» (Սաղ. 147։1)։ Կարո՞ղ ես ավելի շատ ուրախություն ստանալ՝ փառաբանելով Եհովային։
10. Արդյոք ծառայության մեջ ունեցած մեր հաջողությունը կախվա՞ծ է մարդկանց դրական արձագանքից։ Բացատրի՛ր։
10 Իհարկե, որոշ տարածքներում մարդիկ ավելի լավ են լսում բարի լուրը, քան այլ վայրերում (կարդա՛ Գործեր 18։1, 5–8)։ Եթե ապրում ես այնպիսի տարածքում, որտեղ մարդիկ շատ քիչ են արձագանքում Թագավորության լուրին, կենտրոնացիր այն լավ արդյունքների վրա, որոնց հասնում ես ծառայության ժամանակ։ Հիշի՛ր, որ Եհովայի անունը հայտնելու համար քո ներդրած ջանքերը զուր չեն (1 Կորնթ. 15։58)։ Ավելին, ծառայության մեջ մեր հաջողությունը կախված չէ մարդկանց արձագանքից։ Կարող ենք վստահ լինել, որ Եհովան հոգ կտանի, որպեսզի ճիշտ տրամադրվածություն ունեցող մարդիկ հնարավորություն ունենան արձագանքելու Թագավորության լուրին (Հովհ. 6։44)։
Թարմություն ստացիր ընտանեկան երկրպագությունից
11. Ի՞նչ պատասխանատվություն է տվել Եհովան ծնողներին, և ինչպե՞ս նրանք կարող են կատարել այն։
11 Աստվածավախ ծնողները պատասխանատու են սովորեցնելու իրենց երեխաներին Եհովայի և նրա ճանապարհների մասին (Բ Օրին. 11։18, 19)։ Եթե ծնող ես, ժամանակ հատկացնո՞ւմ ես, որ սովորեցնես երեխաներիդ, թե ինչ անձնավորություն է մեր սիրառատ երկնային Հայրը։ Այս կարևոր պատասխանատվությունը կատարելու համար Եհովան առատությամբ հոգևոր սնունդ է տալիս գրքերի, պարբերագրերի, տեսաերիզների և ձայներիզների միջոցով։
12, 13. ա) Ընտանիքներն ինչպե՞ս կարող են օգուտներ քաղել ընտանեկան երկրպագության երեկոյից։ բ) Ի՞նչ կարող են անել ծնողները, որ ընտանեկան երկրպագությունը թարմություն բերի։
12 Բացի այդ, հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը հոգ է տարել, որ ընտանեկան երկրպագության երեկո անցկացվի։ Ուստի ընտանիքները ամեն շաբաթ մի երեկո են հատկացնում միասին Աստվածաշունչ ուսումնասիրելուն։ Շատերը նկատել են, որ այս միջոցառումը ավելի է մտերմացրել իրենց և ամրացրել Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները։ Իսկ ի՞նչ կարող են անել ծնողները, որ ընտանեկան երկրպագությունը հոգևոր թարմություն բերի։
13 Ընտանեկան երկրպագության երեկոն չպետք է լինի ձանձրալի ու անհետաքրքիր։ Չէ՞ որ մենք երկրպագում ենք «երջանիկ Աստծուն», իսկ նա ցանկանում է, որ ուրախություն ստանանք մեր երկրպագությունից (1 Տիմոթ. 1։11; Փիլիպ. 4։4)։ Իսկապես, օրհնություն է այն, որ ունենք ևս մի երեկո, որը կարող ենք տրամադրել Աստվածաշնչում եղած հոգևոր գանձերը քննելու համար։ Ծնողները պետք է ճկուն լինեն ուսուցողական մեթոդներ ընտրելիս և գործի դնեն իրենց երևակայությունն ու հնարամտությունը։ Օրինակ՝ տասը տարեկան Բրենդընը սիրում է օձերին և տխրել էր, որ դրանք կապ ունեն Սատանայի հետ։ Ուստի ծնողները խրախուսեցին նրան, որ ելույթ անի հետևյալ վերնագրով՝ «Ինչո՞ւ Եհովան Սատանային ներկայացրեց օձի տեսքով»։ Որոշ ընտանիքներ էլ երբեմն աստվածաշնչյան դրամաներ են բեմադրում, որում ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր դերն ունի, կամ դերերով կարդում են Աստվածաշունչը։ Ուսուցողական այս մեթոդները ոչ միայն զվարճալի են, այլև երեխաների մեջ հետաքրքրություն են արթնացնում, այնպես որ աստվածաշնչյան սկզբունքները հասնում են նրանց սրտինa։
Խուսափիր ծանրաբեռնող բաներից
14, 15. ա) Ինչի՞ պատճառով են այս վերջին օրերում ճնշումները շատացել։ բ) Լրացուցիչ ի՞նչ սթրեսի ենք մենք ենթարկվում։
14 Այս չար համակարգի վերջին օրերում ճնշումները շատացել են, իսկ անապահովության զգացումը՝ մեծացել։ Միլիոնավոր մարդիկ գործազուրկ են և ունեն տնտեսական այլ խնդիրներ։ Նույնիսկ նրանք, ովքեր աշխատանք ունեն, նկատել են, որ իրենց վաստակած գումարով չեն կարողանում հոգալ ընտանիքի կարիքները։ Այնպիսի տպավորություն է, թե իրենց փողերը ծակ քսակի մեջ են դնում (համեմատի՛ր Անգէ 1։4–6)։ Քաղաքական գործիչները և ուրիշ լիդերներ չեն կարողանում արմատախիլ անել ահաբեկչությունն ու չարիքը։ Իսկ շատ մարդիկ էլ վհատվում են իրենց թերությունների պատճառով (Սաղ. 38։4)։
15 Ճշմարիտ քրիստոնյաները պաշտպանված չեն Սատանայի աշխարհից եկող խնդիրներից ու ճնշումներից (1 Հովհ. 5։19)։ Որոշ դեպքերում էլ քրիստոնյաները Եհովային հավատարիմ մնալու համար լրացուցիչ սթրեսի են ենթարկվում։ Հիսուսը նախազգուշացրել էր. «Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն» (Հովհ. 15։20)։ Այդուհանդերձ, նույնիսկ երբ «հալածված ենք», «լքված» չենք (2 Կորնթ. 4։9)։ Ինչո՞ւ։
16. Ի՞նչը կօգնի մեզ պահպանելու մեր ուրախությունը։
16 «Ինձ մո՛տ եկեք բոլորդ, որ հոգնած եք ու բեռնավորված, և ես կթարմացնեմ ձեզ»,— ասել է Հիսուսը (Մատթ. 11։28)։ Լիովին հավատ ընծայելով Քրիստոսի քավիչ զոհաբերությանը՝ մենք, այսպես ասած, Եհովայի ձեռքն ենք հանձնում մեզ։ Արդյունքում ստանում ենք «սովորականին գերազանցող զորությունը» (2 Կորնթ. 4։7)։ «Օգնականը»՝ Աստծու սուրբ ոգին, մեծապես զորացնում է մեր հավատը, որպեսզի ոչ միայն կարողանանք դիմանալ փորձություններին և նեղություններին, այլև պահպանենք մեր ուրախությունը (Հովհ. 14։26; Հակ. 1։2–4)։
17, 18. ա) Ինչպիսի՞ ոգուց պետք է պաշտպանվենք։ բ) Ի՞նչ կլինի արդյունքը, եթե տրվենք աշխարհի հաճույքներին։
17 Այսօր ճշմարիտ քրիստոնյաները պետք է պաշտպանվեն աշխարհի հաճոյասեր ոգու ազդեցությունից (կարդա՛ Եփեսացիներ 2։2–5)։ Այլապես կընկնեն «մարմնի ցանկության, աչքերի ցանկության և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելու» ծուղակը (1 Հովհ. 2։16)։ Ոմանք գուցե սխալմամբ մտածեն, թե մարմնի ցանկությունները բավարարելով՝ թարմություն կստանան (Հռոմ. 8։6)։ Որոշ մարդիկ իրենց զգացումները գրգռելու համար թմրանյութ են օգտագործում, չարաշահում են խմիչքը, պոռնկագրություն են դիտում, զբաղվում են վտանգավոր սպորտաձևերով և տարբեր վնասակար գործերով։ Այո՛, Սատանան նենգաբար այնպես է մոլորեցնում մարդկանց, որ կարծեն, թե նման բաներն են թարմություն բերում (Եփես. 6։11)։
18 Իրականում, ոչ մի սխալ բան չկա ուտելու, խմելու և օգտակար զվարճությունների մեջ, եթե դրանք չափի մեջ են։ Այնուհանդերձ, այդ բաները չպետք է մեր կյանքում կարևոր տեղ զբաղեցնեն։ Անհրաժեշտ է հավասարակշռություն ու ինքնատիրապետում դրսևորել, մանավանդ մեր օրերում։ Մեր ցանկությունները կարող են այնքան ծանրաբեռնել, որ «Տեր Հիսուս Քրիստոսի մասին ճշգրիտ գիտության հարցում անգործունյա կամ անպտուղ» դառնանք (2 Պետ. 1։8)։
19, 20. Ինչպե՞ս կարող ենք իսկական թարմություն ունենալ։
19 Երբ մեր մտածելակերպը ներդաշնակեցնում ենք Եհովայի չափանիշներին, սկսում ենք հասկանալ, որ այս աշխարհի առաջարկած բոլոր հաճույքները ժամանակավոր են։ Մովսեսը նույնպես գիտակցում էր դա (Եբր. 11։25)։ Փաստն այն է, որ մեր երկնային Հոր կամքը կատարելուց ենք իսկական թարմություն ստանում, ինչն էլ երկարատև ուրախություն և բավարարվածություն է բերում (Մատթ. 5։6)։
20 Թող հոգևոր բաները շարունակաբար թարմացնեն մեզ։ Այդ դեպքում մեզ կհաջողվի «մերժել ամբարշտությունն ու աշխարհային ցանկությունները.... մինչ սպասում ենք երջանիկ հույսի իրականացմանն ու մեր մեծ Աստծու և մեր Փրկչի՝ Քրիստոս Հիսուսի փառահեղ հայտնությանը» (Տիտոս 2։12, 13)։ Ուստի եկեք վճռենք մնալ Հիսուսի լծի տակ՝ ենթարկվելով նրա իշխանությանն ու առաջնորդությանը։ Այդպես վարվելով՝ իսկական երջանկություն և թարմություն կունենանք։
[Ծանոթագրություն]
a Ընտանեկան ուսումնասիրությունը հետաքրքիր և բովանդակալից դարձնելու նպատակով լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1990 թ. դեկտեմբերի համարը (էջ 1, 2, անգլ.)։
Հիշո՞ւմ ես
• Ինչպե՞ս է Եհովայի ժողովուրդը թարմություն ստանում այսօր։
• Ինչպե՞ս է ծառայությունը թարմացնում մեզ և նրանց, ում քարոզում ենք։
• Ի՞նչ կարող են անել ընտանիքի գլուխները, որ ընտանեկան երկրպագությունը թարմություն բերի։
• Ո՞ր բաներն են մեզ ծանրաբեռնում։
[Նկարներ 26–րդ էջի վրա]
Հիսուսի լուծը վերցնելով՝ թարմություն ստանալու շատ հնարավորություններ կունենանք