Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 2/1 էջ 4–7
  • Մաքրություն ի՞նչ է այն նշանակում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մաքրություն ի՞նչ է այն նշանակում
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստծո տեսակետը մաքրության վերաբերյալ
  • Մաքրություն չորս ոլորտներում
  • Հավասարակշռված տեսակետ ունենալ
  • Որքանո՞վ է կարևոր մաքրությունը
    2002 Դիտարան
  • Աստված սիրում է մաքուր մարդկանց
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Մաքրություն. ինչո՞ւ է այն կարևոր
    2008 Դիտարան
  • Եհովան սիրում է մաքուր մարդկանց
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2019)
Ավելին
2002 Դիտարան
w02 2/1 էջ 4–7

Մաքրություն ի՞նչ է այն նշանակում

ՔԱՆԻ ՈՐ տասնութերորդ և տասնիններորդ դարերում եվրոպական երկրներում և Միացյալ Նահանգներում ծայրաստիճան հակահիգիենիկ պայմաններ էին տիրում, այդ ժամանակաշրջանի միսիոներները «մաքրության ուսմունք» էին քարոզում։ Այդ ուսմունքի համաձայն՝ աղտը հավասարվում էր մեղքին, իսկ մաքրությունը անհատին մոտեցնում էր Աստծուն։ Հնարավոր է, որ այստեղից է եկել «Մաքրությունն ու բարեպաշտությունը անբաժանելի են» աքսիոման։

Այս գաղափարին ծնունդ է տվել «Փրկության բանակ» ուղղությունը՝ հիմնադրված Ուիլյամ և Քեթրին Բութերի կողմից։ Համաձայն «Առողջությունն ու բժշկությունը ավետարանչական ավանդության մեջ» գրքի՝ նրանց լոզունգներից մեկն էր՝ «Օճառ, սուպ և փրկություն»։ Հետագայում երբ Լուի Պաստյորը և ուրիշներ, հիմնվելով փաստերի վրա, ցույց տվեցին, որ գոյություն ունի սերտ կապ հիվանդության և բակտերիայի միջև, դա իր կարևոր դերն ունեցավ և գիտական հիմք հանդիսացավ ժողովրդի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու հարցում։

Շուտափույթ միջոցներ ձեռնարկվեցին. դատավարությունների ժամանակ որպես վկա հանդես եկող մարդկանցից այլևս չէր պահանջվում Աստվածաշունչը համբուրել, ինչպես նաև թույլ չէր տրվում դպրոցներում և երկաթուղային կայարաններում մեկ ընդհանուր բաժակից օգտվել։ Ջանքեր գործադրվեցին, որպեսզի եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ գործածվող ընդհանուր գավաթի փոխարեն՝ օգտագործվեն առանձին, անձնական բաժակներ։ Այո, կարելի է կարծել, որ այդ առաջամարտիկները զգալի հաջողությունների հասան մարդկանց վերաբերմունքը մաքրության հանդեպ փոխելու հարցում. այն աստիճան, որ մի գրող նրանց կատարած գործը անվանեց «մաքրությանը սիրահարվածության» արդյունք։

Այս «սիրահարվածությունը», սակայն, մեծ փոփոխություններ չբերեց. շատ չանցած ձեռներեց առևտրականների «շնորհիվ» հասարակ օճառը դարձավ շքեղ կոսմետիկական ապրանք։ Հնարամիտ գովազդները գնորդներին փորձում էին հավատացնել, որ, անձնական հիգիենայի որոշ արտադրանքներ օգտագործելով, նրանք կհասնեին նախանձելի հասարակական դիրքի։ Ներկայումս հեռուստատեսությունը հավերժացնում է այս գաղափարը։ Գովազդներում և կինոսերիալներում նկարահանվող հմայիչ և ճանաչում գտած անձանց առօրյա կյանքում հազվադեպ կարելի է տեսնել տունը մաքրելիս, բակն ավլելիս, աղբի մնացուկները հավաքելիս կամ իրենց կատուների ու շների արտաթորանքները մաքրելիս։

Ոմանք էլ կարծում են, թե դրսի աշխատանքը ավելի կարևոր է, քանի որ եկամուտ է բերում, մինչդեռ տնային գործերն ու մաքրությամբ զբաղվելը ֆինանսապես ոչ մի օգուտ չի բերում։ Իսկ ինչո՞ւ հոգ տանել շրջապատող միջավայրի մաքրության մասին, եթե դրա դիմաց որևէ դրամական հատուցում չի տրվում։ Այդպիսի մտածելակերպի հետևանքներից մեկն էլ այն է, որ, որոշ մարդկանց կարծիքով, մաքրասիրությունը որոշվում է միայն անձնական հիգիենայով։

Աստծո տեսակետը մաքրության վերաբերյալ

Կասկած չկա, որ մաքրություն սովորեցնելու համար գործադրված անցյալի այդ ջանքերը նպաստել են մարդու կենսամակարդակի բարձրացմանը։ Եվ իրոք այդպես է, քանի որ մաքրությունը այն հատկությունն է, որը բնորոշ է սուրբ և մաքուր Աստծուն՝ Եհովային, և ծագել է նրանից։ Աստված սովորեցնում է մեզ, որ մեզ համար օգտակար է սուրբ ու մաքուր լինել բոլոր առումներով (Եսայիա 48։17; Ա Պետրոս 1։15)։

Եհովա Աստված ինքն է օրինակ հանդիսանում այս հարցում։ Մաքրությունը՝ նրա մյուս հատկությունների հետ միասին, բացահայտ երևում է Աստծո տեսանելի ստեղծագործության մեջ (Հռովմայեցիս 1։20)։ Դժվար չէ նկատել, որ նրա ստեղծագործությունների կենսագործունեության պրոցեսում առաջացող աղբը կարճ ժամանակից հետո դադարում է աղբ լինելուց։ Երկիրն՝ իր բազում էկոլոգիական փուլերով, մի հիասքանչ համակարգ է, որում տեղի է ունենում մշտական ինքնամաքրման պրոցես։ Այն ստեղծվել է մաքուր ու առողջ կյանքի համար։ Այսպիսի մաքուր աշխատանքի Հեղինակը, անշուշտ, պետք է որ մաքուր մտածելակերպի տեր անձնավորություն լիներ։ Ուստի, այստեղից կարող ենք հետևություն անել, որ Աստծո երկրպագուները պետք է մաքրության ձգտեն իրենց կյանքի բոլոր ոլորտներում։

Մաքրություն չորս ոլորտներում

Աստվածաշունչը մատնանշում է չորս ոլորտներ, որոնցում Աստծո երկրպագուները պետք է ջանք թափեն մաքրություն պահպանել։ Քննարկենք դրանցից յուրաքանչյուրը։

Հոգևոր մաքրություն։ Այս ոլորտում մաքրություն պահպահելը պետք է ամենակարևորը համարվի, քանի որ դրանից է կախված անհատի հավիտենական կյանքով ապրելու հեռանկարը։ Այդուհանդերձ, մաքրությունն ամենից շատ անտեսված է հենց այս ոլորտում։ Պարզ ասած՝ «հոգևորապես մաքուր լինել» նշանակում է երբեք չանցնել ճշմարիտ և կեղծ երկրպագությունների միջև Աստծո կողմից սահմանված գիծը, քանի որ նրա համար կեղծ երկրպագության ցանկացած ձև անմաքուր է։ Պողոս առաքյալը գրել է. «Դրա համար դո՛ւրս եկէք նրանց միջից եւ հեռո՛ւ մնացէք,— ասում է Տէրը,— եւ մի՛ դիպէք պիղծ բաներին. եւ ես պիտի ընդունեմ ձեզ» (Բ Կորնթացիս 6։17, 18ա)։ Հակոբոս աշակերտը նույնպես անդրադարձավ այս ոլորտին՝ ասելով. «Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծու եւ Հօր առաջ այս է. .... անարատ պահել իր անձը աշխարհից» (Յակոբոս 1։27)։

Աստված հստակորեն ցույց է տալիս, որ չի ընդունում ճշմարիտ երկրպագության հետ խառնած կեղծ պաշտամունքը, որին հատուկ են անմաքուր գործերը, կուռքերի ու կեղծ աստվածների գործածությունը, ինչը գարշելի է Աստծո համար (Երեմիա 32։35)։ Այսպիսով՝ ճշմարիտ քրիստոնյաներին զգուշացում է տրվում խուսափել անմաքուր երկրպագության մեջ որևէ մասնակցություն ունենալուց (Ա Կորնթացիս 10։20, 21; Յայտնութիւն 18։4)։

Բարոյական մաքրություն։ Այս ոլորտում ևս Աստված հստակ սահման է դրել մաքուրի և անմաքուր միջև։ Ընհանուր առմամբ՝ աշխարհը նման է Եփեսացիս 4։17–19-ում նկարագրված խոսքերին. «Նրանց մտքերը մթագնուած են, եւ իրենք օտարացած են Աստծու կեանքից....։ Նրանք իրենց յոյսը կտրեցին եւ [«անզգայացած՝», ԱԹ] ագահութեամբ անձնատուր եղան անառակութեան եւ ամէն տեսակ պիղծ գործերի»։ Այսպիսի անբարո մտածելակերպ դրսևորվում է շատ մարզերում՝ բացահայտորեն և աննկատ, հետևաբար, քրիստոնյաները պետք է միշտ զգոն լինեն։

Աստծուն սիրող անհատները գիտեն, որ պոռնկությունը, միասեռականությունը, նախամուսնական սեռային հարաբերությունները և պոռնկագրությունը խախտում են բարոյական մաքրության վերաբերյալ Եհովայի չափանիշները։ Սակայն նման արարքները սովորական երևույթ են դարձել այսօրվա աշխարհում և նույնիսկ մոդայիկ են համարվում։ Այդ պատճառով էլ քրիստոնյաները պետք է զգոն լինեն այդ հարցում։ Քրիստոնեական հանդիպումներին կամ այլ հավաքույթներին կարճ կամ թափանցիկ զգեստները անհարկի ուշադրություն են գրավում, ինչը խոսում է տվյալ անհատի ոչ պարկեշտ լինելու մասին։ Նման հագվելակերպը ոչ միայն առիթ է ստեղծում, որ անմաքուր, աշխարհիկ մտածելակերպը մուտք գործի քրիստոնեական ժողով, այլև նպաստում է այն բանին, որ մյուսների մեջ անմաքուր մտքեր ծնվեն։ Սա մի ոլորտ է, որում քրիստոնյան պետք է ձգտի «վերին իմաստութիւն» դրսևորել (Յակոբոս 3։17)։

Մտային մաքրություն։ Անհատի խորին մտքերը, որոնք միայն իրեն են հայտնի, չպետք է սկիզբ տան անմաքուր գաղափարների։ Հիսուսն այդպիսի մտքերը նկատի ուներ, երբ ասաց. «Ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում» (Մատթէոս 5։28; Մարկոս 7։20, 23)։ Այս խոսքերը վերաբերում են նաև պոռնկագրական նկարներ և ֆիլմեր դիտելուն, անվայել սեռային արարքների մասին պատմություններ կարդալուն և այնպիսի երգեր լսելուն, որոնց բովանդակությունը կարող է անպարկեշտ մտքեր առաջացնել։ Այսպիսով՝ քրիստոնյաները չպետք է թույլ տան, որ անմաքուր մտքերը զբաղեցնեն իրենց ուղեղը, ինչը կարող է դրդել անմաքուր, անսուրբ խոսքի և գործերի (Մատթէոս 12։34; 15։18)։

Ֆիզիկական մաքրություն։ Աստվածաշնչում սրբությունն ու ֆիզիկական մաքրությունը սերտորեն կապված են։ Օրինակ՝ Պողոսը գրեց. «Սիրելինե՛ր, .... մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով» (Բ Կորնթացիս 7։1)։ Հետևաբար, ճշմարիտ քրիստոնյան պետք է իր հանգամանքների ներածին չափով աշխատի հետևել իր անձնական հիգիենային, ինչպես նաև իր բնակարանն ու շրջապատող միջավայրը մաքուր և կոկիկ վիճակում պահել։ Նույնիսկ այն վայրերում, որտեղ ջրի խնդիր կա, քրիստոնյաները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի մաքուր և վայելուչ արտաքին ունենան։

Ֆիզիկական մաքրությունը նաև բացառում է ցանկացած տեսակի ծխախոտի, ոգելից խմիչքների չափից ավելի գործածությունը, ինչպես նաև ցանկացած ձևի թմրանյութի, որի հետևանքով ոչ միայն մարմնից տհաճ հոտ է գալիս, այլև առողջությունն է վտանգի տակ դրվում։ «Երգ Երգոց» գրքում նկարագրված հովիվը հաճույք էր ստանում սուլամիթցի աղջկա հագուստի անուշ հոտից (Երգ Երգոց 4։11)։ Անձնական հիգիենայի մասին հոգ տանելը սիրո դրսևորում է, քանի որ մենք չենք ցանկանում, որ շրջապատում գտնվող մարդկանց տհաճություն պատճառեն մեզանից եկող տհաճ հոտերը։ Օծանելիքներ օգտագործելը հաճելի է, բայց դրանք բոլորովին էլ չեն փոխարինում կանոնավորաբար լողանալուն և հագուստը լվանալուն։

Հավասարակշռված տեսակետ ունենալ

Ֆիզիկական մաքրությանը վերաբերող հարցերում մարդիկ երբեմն կարող են ծայրահեղությունների մեջ ընկնել։ Մի կողմից՝ մաքրության հանդեպ մոլեռանդությունը կխլի մեր ուրախությունը, ինչպես նաև թանկարժեք ժամանակը։ Իսկ մյուս կողմից՝ եթե տունը մշտապես կեղտոտ ու թափթփված վիճակում պահենք, այն վերանորոգելու համար թերևս մեծ ծախսեր պահանջվեն։ Բայց այս երկուսի միջև կա մի գործնական միջոց, որը կիրառելով կկարողանանք հավասարակշռված լինել այս հարցում։

Պարզ կահավորված տուն ունեցեք։ Անշուշտ դժվար է մաքրել շատ իրերով ու գույքով ծանրաբեռնված տունը, հատկապես, երբ իրերն իրար վրա են կուտակված։ Իսկ համեստ տունը մաքրելու համար շատ ժամանակ չի պահանջվում։ Իր հերթին Աստվածաշնչում էլ պարզ կյանքով ապրելու խորհուրդ է տրվում. «Ունենք կերակուր եւ հանդերձներ ու դրանցով էլ բաւականանք» (Ա Տիմոթէոս 6։8)։

Հավաք պահեք տունը։ Տունը մաքուր պահելը յուրաքանչյուր բնակչի պարտականությունն է։ Հաճախ տունը անկարգ տեսք է ունենում այն ժամանակ, երբ սենյակները թափթփված վիճակում են լինում։ Հավաքված տանը ամեն մի ապրանք իր տեղն ունի։ Կեղտոտ հագուստի տեղը, օրինակ, չի կարող լինել ննջարանի հատակը։ Իսկ այս ու այն կողմ թափված խաղալիքներն ու գործիքները կարող են նույնիսկ պատահարի պատճառ դառնալ։ Դժբախտաբար, տներում պատահող շատ դեպքեր անկարգ սովորությունների հետևանք են։

Հստակ է, որ մաքրությունը քրիստոնյայի կյանքի անբաժան մասն է։ Աստվածահաճո կյանք վարելու առնչությամբ Եսայիա մարգարեն խոսում է «սուրբ ճանապարհի» մասին, նաև զգուշացնում, որ «նորա վերայ պիղծը պիտի չ’անցնի» (Եսայիա 35։8)։ Այո, մաքրություն պահպանելու լավ սովորություններ մշակելով՝ մենք ցույց ենք տալիս, որ հավատում ենք մաքուր դրախտային երկիր հաստատելու մասին Աստծո խոստմանը։ Այն ժամանակ այս գեղեցիկ մոլորակի բոլոր անկյուններում մարդիկ կփառաբանեն Եհովա Աստծուն՝ հետևելով նրա՝ մաքրության կատարյալ չափանիշներին (Յայտնութիւն 7։9)։

[նկար 6–րդ էջի վրա]

Տունը մաքուր պահելը յուրաքանչյուր բնակչի պարտականությունն է

[նկար 7–րդ էջի վրա]

Երկիրը մի հիասքանչ համակարգ է, որում տեղի է ունենում մշտական ինքնամաքրման պրոցես

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը