Որքանո՞վ է կարևոր մաքրությունը
ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ տարբեր մարդկանց համար տարբեր նշանակություն ունի։ Օրինակ՝ երբ մայրն իր փոքրիկ տղային հանձնարարում է ձեռքերն ու երեսը լվանալ, երեխային կարող է թվալ, թե բավական է հոսող ջրի տակ թրջել ձեռքերն ու շուրթերը։ Բայց մայրն ավելի լավ գիտի, թե ինչ է պետք անել։ Տղային նորից բերում է լվացարանի մոտ և, չնայելով նրա բարձրացրած լաց ու կոծին՝ օճառով մի լավ լվանում է նրա երեսն ու ձեռքերը։
Ինչ խոսք, ամբողջ աշխարհում մաքրության չափանիշները մարդկանց համար նույնը չեն, քանի որ նրանք մեծանում են այնպիսի միջավայրերում, որտեղ մաքրություն հասկացողությունը տարբեր կերպերով է ընկալվում։ Կար ժամանակ, երբ շատ երկրներում, դպրոցի մաքուր, կոկիկ բակը տեսնելով, աշակերտների մոտ սեր էր արթնանում մաքրության հանդեպ։ Բայց այսօր որոշ դպրոցներում բակերն այնքան կեղտոտ ու ավերված վիճակում են գտնվում, որ նրանք ավելի շատ նման են աղբանոցի, քան խաղալու կամ մարզվելու վայրի։ Իսկ դասասենյակնե՞րը։ Դարենը, որը Ավստրալիայի միջնակարգ դպրոցներից մեկում հավաքարար է, ասում է. «Այսօր նույնիսկ դասասենյակներն են կեղտոտ»։ Աշակերտներից ոմանք «աղբը վերցրու» կամ «թափածդ մաքրիր» խոսքերը որպես պատիժ են ընդունում։ Խնդիրն այն է, որ որոշ ուսուցիչներ աշակերտին պատժելու համար հանձնարարում են ինչ–որ բան մաքրել։
Միշտ չէ, որ մեծահասակները մաքրության հարցում լավ օրինակ են ծառայում՝ լինի դա ամենօրյա կյանքում, թե աշխատավայրում։ Օրինակ՝ շատ դեպքերում նրանք են հասարակական վայրերը կեղտոտ ու անկարգ վիճակում թողնում։ Որոշ ձեռնարկություններ աղտոտում են շրջապատող միջավայրը։ Սակայն աղտոտման պատճառը ոչ թե այդ շինություններն են կամ մարդկանց կատարած գործարքները, այլ հենց իրենք մարդիկ։ Թեև ամբողջ աշխարհում շրջակա միջավայրի աղտոտման հիմնական պատճառը ագահությունն է ու դրա թողած կործանարար ազդեցությունները, սակայն այս խնդրում պակաս կարևոր դեր չի խաղում նաև մարդկանց անմաքրասիրությունը։ Նույն եզրակացությունն արեց նաև Ավստրալական Միության նախկին գլխավոր տնօրենը՝ ասելով. «Առողջապահության հետ կապված բոլոր խնդիրները հանգեցնում են այն բանին, որ հասարակության յուրաքանչյուր անդամ՝ լինի նա մեծահասակ թե երեխա, իր բաժին մասնակցությունը պետք է ունենա մաքրության պահպանման գործում»։
Այնուհանդերձ, ոմանք մաքրասիրությունը համարում են անձնական խնդիր և գտնում են, որ դա միայն իրենց վերաբերող հարց է։ Ճի՞շտ է արդյոք նման տեսակետը։
Մաքրություն պահպանելը ծայրաստիճան կարևոր է հատկապես սննդամթերքից օգտվելու դեպքում՝ լինի դա խանութից գնելիս, թե ռեստորանում կամ մեր ընկերոջ տանը ճաշելիս։ Մաքրության բարձր չափանիշներ պետք է պահպանեն թե՛ սննդամթերք վաճառողը և թե՛ սպասարկողը։ Առհասարակ, կեղտոտ ձեռքերը կարող են շատ հիվանդությունների պատճառ դառնալ։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հիվանդանոցների մասին, որտեղ առավել, քան մյուս վայրերում, պետք է մաքրություն պահպանվի։ Մի ամսագիր հաղորդում է, որ բժիշկների և բուժքույրերի անլվա ձեռքերն արդեն իսկ խոսում են այն մասին, թե ինչու են հիվանդանոցներում բուժվող հիվանդները տարբեր վարակիչ հիվանդություններ ստանում, որոնք բուժելու համար տարեկան 10 միլիարդից ավելի ամերիկյան դոլար է պահանջվում («The New England Journal of Medicine»)։ Մենք իրավացի ենք, երբ չենք ուզում, որ որևէ մեկը իր անմաքրասիրությամբ վտանգի մեր առողջությունը։
Բավականին լուրջ խնդիր է նաև այն, որ ինչ–որ մեկը (դիտավորյալ կամ անգիտակցորեն) պղտորում է մեր ջրի պաշարները։ Իսկ որքանո՞վ է ապահով զբոսնել ծովափի այն հատվածում, որտեղ կարելի է տեսնել չորս կողմը նետված, թմրամոլների օգտագործած ներարկիչները։ Բայց մեզանից յուրաքանչյուրի համար շատ ավելի կարևոր է հետևյալ հարցը. իսկ մեր տանը պահպանվո՞ւմ է մաքրություն։
Սուելեն Հոյն իր «Կորչի՛ աղտը» գրքում հարց է բարձրացնում. «Կարելի՞ է ասել, որ մենք առաջվա նման մաքրասեր ենք»։ Եվ ինքն էլ պատասխանում է. «Հավանաբար, ոչ»։ Դրա հիմնական պատճառը նա համարում է հասարակական բարքերի արժեքազրկումը։ Քանի որ մարդիկ գնալով ավելի քիչ ժամանակ են անցկացնում տանը, ուստի նրանք աշխատող են վարձում, որպեսզի հետևի տան մաքրությանը։ Հետևաբար, այդպիսիների համար շրջապատող միջավայրը մաքուր պահելն այլևս առաջնահերթ խնդիր չէ։ «Ես լողարանը չեմ մաքրում, այլ ինքս եմ լողանում,— ասում է մի մարդ։— Վերջիվերջո, նույնիսկ եթե տունս կեղտոտ էլ լինի, չէ՞ որ ես եմ մաքուր»։
Մաքրություն պահպանելը, սակայն, շատ ավելին է նշանակում, քան միայն արտաքնապես մաքուր երևալը։ Այն ընդունված է անվանել առողջ ապրելակերպի պարտադիր չափանիշ։ Մաքրությունը նաև մտքի և սրտի վիճակ է, որն իր մեջ բովանդակում է մեր բարոյական արժեքներն ու երկրպագությունը։ Եկեք տեսնենք, թե ինչպես։