Պատմում են Թագավորության քարոզիչները
«Ես ցանկանում էի ծառայել Աստծուն»
«ԵԼԷ՛Ք դրա միջից, ժողովուրդ իմ»։ Ահա թե ինչպիսի կոչ լսեց Հովհաննես առաքյալը հրեշտակի կողմից մ.թ. առաջին դարում։ Մեր օրերում, արձագանքելով այս կոչին, միլիոնավոր անկեղծ մարդիկ դուրս են փախել «մեծն Բաբելոնից»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից (Յայտնութիւն 18։1–4)։ Նրանց թվում է նաև Վիլները, որն ապրում է Հայիթիում։ Ահա թե ինչ է պատմում նա։
«Ես ծնվել եմ 1956 թ.–ին Հայիթիի փոքր քաղաքներից մեկում՝ Սեն Մարկում, ջերմեռանդ կաթոլիկների ընտանիքում։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ուրախություն էր տիրում մեր ընտանիքում, երբ մեր քաղաքի բնակիչներից երկու հոգու հետ ինձ ընտրեցին Հայիթիի Սեն Միշել դե լ’Ատալեյ քաղաքի հոգևոր սեմինարիայում սովորելու։ Այնուհետև 1980 թ.–ին ինձ ուղարկեցին Սթավլո (Բելգիա)՝ լրացուցիչ կրթություն ստանալու։ Այնտեղ նաև մասնակցում էինք Կաթոլիկական համալսարանի դասընթացներին։
Սկզբում շատ ոգևորված էի այն մտքից, որ մտել եմ հոգևորականների շարքը։ Մի օր մեր խմբի պատասխանատու քահանան ճաշարանում մոտեցավ ինձ։ Նա խնդրեց, որ մի քանի րոպե սպասեմ, քանի որ ինձ բան ունի ասելու։ Երևի թե կպատկերացնեք, թե որքան ցնցվեցի, երբ քահանան բացեիբաց հայտարարեց, որ նրա համար սեռական առումով գայթակղիչ եմ։ Ես մերժեցի ինձ սիրահետելու նրա առաջարկությունը։ Ինչպիսի՜ հիասթափություն ապրեցի։ Ընտանիքիս նամակ գրեցի՝ պատմելով ինձ հետ պատահածը, իսկ մի քանի ամիս անց լքեցի սեմինարիան, թեև նրանք դեմ էին այդ քայլին։ Գյուղում ինձ համար մի կացարան գտա և սկսեցի ուրիշ մասնագիտություն սովորել։
Թեև Սեն Մարկ վերադարձա՝ Կաթոլիկ եկեղեցու հանդեպ վստահությունս ամբողջովին կորցրած, այնուամենայնիվ ցանկանում էի ծառայել Աստծուն. միայն թե չգիտեի՝ ինչպես։ Այցելեցի Շաբաթապահ եկեղեցին, այնուհետև՝ Հայիթիի Էբենեզերյան բողոքական եկեղեցին, իսկ հետո գնացի մորմոնների մոտ։ Չունենալով ոչ մի առաջնորդություն՝ հոգևոր առումով թափառում էի։
Մի օր հիշեցի, որ Բելգիայում սովորելու ընթացքում կարդում էի Կրամպոնի Աստվածաշունչը։ Այնտեղից իմացել էի, որ Աստված անուն ունի։ Ուստի, օգտագործելով այդ անունը՝ ջերմեռանդորեն աղոթեցի Աստծուն, որպեսզի նա օգնի ինձ գտնել ճշմարիտ կրոնը։
Կարճ ժամանակ անց իմ հարևանությամբ սկսեցին ապրել երկու Եհովայի վկաներ։ Նրանք շատ մեղմ էին, քաղաքավարի և ծանրաբարո։ Ես շատ տպավորված էի նրանց ապրելակերպով։ Մի օր այդ Վկաներից մեկը հրավիրեց ինձ Հիսուսի մահվան Հիշատակի երեկոյին մասնակցելու։ Ես շատ մեծ հաճույք ստացա այդ հանդիպումից և համաձայնեցի, որ Եհովայի վկաներն ինձ հետ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն անցկացնեն։ Մոտ վեց ամիս անց համոզվեցի, որ գտել եմ Աստծուն ծառայելու ճիշտ ճանապարհը և նվիրվելով Եհովային՝ 1988 թ. նոյեմբերի 20–ին մկրտվեցի»։
Ժամանակի ընթացքում Վիլները լիաժամ ծառայություն սկսեց, իսկ այժմ ծառայում է որպես երեց։ Նա, իր կինը և երկու երեխաները ուրախությամբ ծառայում են իրենց ժողովում։
[նկար 9–րդ էջի վրա]
Կարդալով Աստվածաշունչը՝ Վիլները հայտնաբերեց, որ Աստծո անունը Եհովա է