Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 12/1 էջ 15–17
  • Անգին օգուտներ երկու շաբաթում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անգին օգուտներ երկու շաբաթում
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • 1. Երկրաշարժեր
    2011 Դիտարան
  • Աղետից տուժածներին օգնելու գործը 2022 թ.-ին։ Եղբայրական սերը՝ փաստված գործերով
    Ինչպես են օգտագործվում ձեր նվիրատվությունները
  • Կառուցում են միասին ամբողջ աշխարհում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • «Ես ցանկանում էի ծառայել Աստծուն»
    2002 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 12/1 էջ 15–17

ՆԱՄԱԿ ՀԱՅԻԹԻԻՑ

Անգին օգուտներ երկու շաբաթում

ՀԱՅԻԹԻԻ երկրաշարժը, որը տեղի ունեցավ 2010​թ. հունվարի 12-ին, մեծ ավերածություններ պատճառեց։ Ես նույնիսկ լուրերով չէի կարողանում նայել փլատակների պատկերներին։ Ամսի 20-ին ընկերուհիս՝ Կարմենը, զանգահարեց ինձ և առաջարկեց որպես կամավոր միասին գնալ Հայիթի։ Ես Կարմենի հետ ծանոթացել էի մի քանի տարի առաջ Թագավորության սրահներից մեկի շինհրապարակում, որտեղ կամավոր բուժքույրեր էինք։ Հետո միասին մասնակցել ենք նաև այլ նախագծերի և այդ ընթացքում դարձել ենք մտերիմ ընկերուհիներ։

Ես Կարմենին ասացի, որ վստահ չեմ, թե կկարողանամ ֆիզիկապես և էմոցիոնալ առումով դիմանալ այնտեղ տիրող իրավիճակին։ Բայց նա հիշեցրեց, որ մենք շատ լավ ենք աշխատել միասին և կարող ենք աջակցել իրար։ Այդ խոսքերից սրտապնդված՝ ես զանգահարեցի Եհովայի վկաների գլխավոր վարչություն (Բրուքլին, Նյու Յորք) և խոսեցի այն մարդու հետ, որը կազմակերպում էր երկրաշարժից տուժածներին Միացյալ Նահանգներից օգնություն տրամադրելու աշխատանքները։ Ես նրան ասացի իմ անունը, որպեսզի գրանցի կամավորների ցուցակում։ Նշեցի նաև Կարմենի մասին և ասացի, որ կուզեինք աշխատել միասին։ Սակայն այդ մարդն ասաց, որ երաշխիք չկա, որ ինձ կամ նրան կկանչեն, կամ էլ եթե կանչեն, միասին կլինենք։

Մտածելով, որ ինձ չեն կանչի՝ ես շարունակեցի իմ գործերով զբաղվել։ Բայց չորս օր հետո՝ ամսի 25-ին, Բրուքլինից զանգ եկավ. ինձ խնդրեցին, որ եթե հնարավոր է, հաջորդ օրը մեկնեմ Հայիթի։ Ականջներիս չէի հավատում։ Ասացի, որ կաշխատեմ հնարավորինս շուտ մեկնել։ Նախ՝ անմիջապես աշխատանքից արձակուրդ վերցրի, հետո՝ զանգեցի Կարմենին ու իմացա, որ նրան չեն հրավիրել, քանի որ ֆրանսերեն չգիտի։ Ես վախենում էի, բայց միևնույն ժամանակ ուրախ էի։ Ինքնաթիռի տոմս կարողացա ձեռք բերել հունվարի 28-ի համար։ Նյու Յորքից մեկնեցի Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն, որը սահմանակից է Հայիթիին։

Օդանավակայանում ինձ դիմավորեց մի երիտասարդ Եհովայի վկա ու տարավ Վկաների մասնաճյուղ։ Այդ օրը ևս երկու բուժքույր ժամանեց Միացյալ Նահանգներից, ու մենք գիշերեցինք նույն սենյակում։ Հաջորդ օրը՝ առավոտյան, ճանապարհ ընկանք դեպի Հայիթիի մասնաճյուղ, որը գտնվում էր մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում։ Ճամփորդելու էինք յոթ ու կես ժամ։

Հայիթիի սահմանն անցնելուց հետո մեր առաջ արհավիրքի տեսարաններ բացվեցին։ Ուղղակի անհավատալի էր, թե ինչպես էր 35 վայրկյան տևած երկրաշարժն ավերել այս գեղեցիկ երկիրը։ Ինձ համար շատ ծանր էր հեռուստացույցով տեսնել այդ ամենը։ Ուստի չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչ էի զգում, երբ տեսնում էի ավերածությունները իմ աչքերով։ Բազմաթիվ շինություններ, այդ թվում նաև նախագահական պալատը, բավականին վնասվել էին։ Շատ տներ էլ ընդհանրապես հողին էին հավասարվել։ Մարդիկ ողջ կյանքում չարչարվել էին, տուն ու տեղ էին դրել, բայց ընդամենը մի քանի վայրկյանում կորցրել էին իրեն ողջ ունեցածը։ Գլխումս անընդհատ պտտվում էր այն միտքը, որ ունեցվածքը երբեք չի կարող լինել կյանքում ամենակարևոր բանը։

Երբ հասանք մասնաճյուղ, ընդունարանի աշխատողը տեսավ մեզ ներս մտնելիս ու ընդառաջ եկավ։ Նա ջերմորեն ժպտաց, գրկեց մեզ և շնորհակալություն հայտնեց, որ թողել ենք ամեն բան ու եկել ենք իրենց օգնելու։ Ճաշից հետո մենք գնացինք մասնաճյուղի մոտ գտնվող համաժողովների սրահը, որը օգտագործում էին որպես հիվանդանոց։ Այստեղ հանդիպեցի ուրիշ Վկաների, որոնք նույնպես կամավորներ էին։ Նրանց մեջ Գերմանիայից մի ամուսնական զույգ կար, որոնք բժիշկներ էին։ Նրանք եկել էին իրենց օգնականի հետ։ Կար նաև մի մանկաբարձ՝ Շվեյցարիայից։

Նույն երեկո գործի անցա։ Համաժողովների սրահի հատակին՝ ներքնակների վրա, պառկած էին 18 հիվանդներ։ Նրանցից ոմանք Եհովայի վկաներ չէին։ Բժիշկները հավասարապես ուշադրություն էին դարձնում յուրաքանչյուր հիվանդի։ Անվճար օգնություն ստանում էին բոլորը։

Այդ գիշեր մի 80-ամյա տղամարդ մահացավ։ Ես, նրա կինը և իմ սենյակակիցը նրա կողքին էինք։ Հանկարծ Քեթլի անունով մի աղջիկ, սկսեց ցավից լաց լինել։ Երկրաշարժի ժամանակ վնասված նրա աջ ձեռքը ուսագլխից մի քիչ ներքև կտրել էին։ Աղջկան խնամում էր մի Եհովայի վկա, որը Աստվածաշունչ էր ուսումնասիրում նրա հետ։ Գրեթե ամեն գիշեր նա քնում էր համաժողովների սրահում՝ Քեթլիի կողքին։

Ես մոտեցա Քեթլիին, ուզում էի ինչ-որ կերպ մեղմել նրա ցավը, բայց դա միայն ֆիզիկական ցավ չէր։ Նա սկսեց խոսել ինձ հետ ու պատմեց, որ երկրաշարժի ժամանակ իր ընկերուհու տանն է եղել։ Նրանք սկզբում չեն հասկացել, թե ինչ է կատարվում, հետո իրար ձեռք բռնած վազել են պատշգամբ, բայց այդ պահին պատը փլվել է նրանց վրա։ Նա ձայն է տվել ընկերուհուն, բայց ոչ մի պատասխան չի լսել։ Քեթլին հասկացել է, որ իր ընկերուհին այլևս չկա։ Ընկերուհու դին մասամբ ընկած է եղել իր վրա։ Այդպես նա մնացել է չորս ժամ, մինչև որ փրկարարներն օգնության են եկել։

Քեթլիի աչքի առաջ անընդհատ հառնում էին ահասարսուռ տեսարանները, և նա չէր կարողանում հանգստանալ։ Հեկեկալով նա ասաց ինձ. «Ես գիտեմ՝ Աստվածաշունչն ասում է, որ վերջին օրերում երկրաշարժեր են լինելու։ Գիտեմ նաև, որ մենք ապագայի հրաշալի հույս ունենք։ Ճիշտ է, ես պետք է երախտապարտ լինեմ, որ ողջ եմ մնացել, բայց խնդրում եմ, մի պահ պատկերացրու քեզ իմ փոխարեն։ Իմ կյանքում ամեն ինչ լավ էր, բայց ընդամենը մի քանի վայրկյանում հայտնվեցի այս վիճակում»։ Հասկանալով, որ ոչնչով չեմ կարող օգնել՝ ես բռնեցի նրա ձեռքը և սկսեցի նրա հետ լաց լինել։ Որոշ ժամանակ անց Քեթլին քնեց։

Ամեն օր մեկ բժիշկ և երկու բուժքույր ուղարկվում էին հեռու վայրեր՝ օգնություն ցույց տալու նրանց, ովքեր դրա կարիքն ունեին։ Ֆլորիդայից եկած մի բուժքրոջ և Ֆրանսիայից եկած մի բժշկի հետ ինձ ուղարկեցին Պետի Գոուավ, որտեղ հասնելու համար մեքենայով մոտ երկու ժամ ճանապարհ գնացինք։ Տեղ հասանք առավոտյան 9։30։ Բուժօգնություն ցույց տալու համար մեզ հետ բերած բոլոր պարագաները տարանք Թագավորության սրահ։ Մարդիկ գիտեին, որ մենք գալու էինք, ուստի արդեն եկել էին ու մեզ էին սպասում։

Մենք անմիջապես գործի անցանք։ Շոգը գնալով սաստկանում էր։ Իսկ օգնության կարիք ունեցող մարդկանց հերթն ավելի ու ավելի էր մեծանում։ Ժամը երեքի կողմերը միայն կարողացանք մի փոքր հանգստանալ։ Այդ օրը երեքով 105 հոգու բժշկական հետազոտություն անցկացրինք և կատարեցինք 114 պատվաստում։ Ես ուժասպառ էի եղել, բայց ուրախ էի, որ կարողացել էի ինչ-որ կերպ օգտակար լինել մարդկանց։

Ընդհանուր առմամբ ես Հայիթիում մնացի երկու շաբաթից մի փոքր ավել։ Գրեթե ամեն գիշեր 12 ժամ հերթափոխով աշխատում էի Համաժողովների սրահում։ Ինձ համար այդ պատասխանատվությունը շատ ծանր էր, որովհետև նախկինում երբեք նման իրավիճակում չէի եղել։ Այդուհանդերձ, դա ինձ համար մեծ առանձնաշնորհում էր։ Ուրախ եմ, որ ինչ-որ կերպ մխիթարել և օգնել եմ Հայիթիում ապրող մարդկանց, ովքեր այդքան մեծ կորուստներ ունեցան։

Մենք շատ բան ունենք նրանցից սովորելու։ Օրինակ՝ իմ խնամքի տակ եղող հիվանդներից մեկը Էլիզե անունով 15-ամյա մի տղա էր, որի մի ոտքը կտրել էին։ Ես նկատեցի, որ նա իր ուտելիքը պահում էր, որպեսզի այն ուտի Ջիմիի հետ, որը երեկոյան գալիս էր գիշերը նրա կողքին լինելու համար։ Պատճառն այն էր, որ ինչպես Էլիզեն ասաց, Ջիմին օրվա ընթացքում հաճախ ոչինչ չէր գտնում ուտելու։ Այդ 15-ամյա պատանու օրինակը անչափ տպավորեց ինձ։ Իրոք որ, պարտադիր չէ, որ մենք հարուստ լինենք կամ շատ բան ունենանք, որպեսզի մեր ունեցածը կիսենք ուրիշների հետ։

Այդպիսի ոգի տիրում էր նաև այն կամավորների մեջ, ում հետ ես աշխատում էի։ Նրանցից մեկը, օրինակ, մեջքի ցավեր ուներ, մյուսը վատ էր զգում իրեն, սակայն բոլորն էլ հիվանդների կարիքները վեր էին դասում սեփական կարիքներից։ Նրանց այդ վերաբերմունքն ինձ ուժ էր տալիս՝ շարունակելու աշխատանքս։ Ճիշտ է, ժամանակ առ ժամանակ բոլորս էլ էմոցիոնալ, մտավոր և ֆիզիկական առումով սպառված էինք զգում, սակայն թիկունք էինք կանգնում իրար և չէինք հանձնվում։ Դրանք անմոռանալի օրեր էին։ Ես անչափ ուրախ եմ ու երախտապարտ, որ քրիստոնեական կազմակերպության մի մասնիկն եմ, որտեղ մարդիկ բարի են, անձնազոհ և սիրում են բոլորին։

Երբ պատրաստվում էի մեկնել Հայիթիից, երկու հիվանդներ, որոնց աջ ձեռքերը կտրված էին, շնորհակալական նամակներ տվեցին ինձ և խնդրեցին, որ դրանք բացեմ միայն ինքնաթիռ նստելուց հետո։ Ես այդպես էլ արեցի։ Այդ նամակներն այնքան ազդեցիկ էին, որ չէի կարողանում զսպել արցունքներս։

Հայիթիում ես նոր ընկերներ ձեռք բերեցի։ Առայսօր շարունակում եմ կապ պահպանել նրանցից ոմանց հետ։ Քանի որ ամուր ընկերությունը ձևավորվում ու փորձվում է ծանր և դժվար պահերին, ես վստահ եմ, որ ինչ էլ լինի ապագայում, իմ ընկերներից երբեք չեմ բաժանվի։ Այո՛, ես անգին օգուտներ ստացա երկու շաբաթում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը