Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 6/1 էջ 18–23
  • Մաքրված ժողովուրդ՝ բարի գործերի համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մաքրված ժողովուրդ՝ բարի գործերի համար
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մաքուր՝ ճշմարիտ երկրպագության համար
  • Մենք պետք է աչքի ընկնենք ֆիզիկական մաքրությամբ
  • Անարատ սիրտ
  • Մաքրված՝ բարի գործերի համար
  • Աստված սիրում է մաքուր մարդկանց
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Անձնական հիգիենա
    2008 Դիտարան
  • Աստծո ծառաները պետք է մաքուր լինեն
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
  • Եհովան ուզում է՝ իր ժողովուրդը մաքուր լինի
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
Ավելին
2002 Դիտարան
w02 6/1 էջ 18–23

Մաքրված ժողովուրդ՝ բարի գործերի համար

«Մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սրբութիւնը Աստծու երկիւղով» (Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ 7։1)։

1. Ի՞նչ է Եհովան պահանջում իր երկրպագուներից։

«Ո՞Վ ՎԵՐ կ’գնայ Տիրոջ սարը, եւ ո՞վ կ’կանգնի նորա սրբութեան տեղումը»։ Ահա այսպիսի հետաքրքիր հարց տվեց հին Իսրայելի Դավիթ թագավորը Եհովային հաճելի երկրպագության առնչությամբ։ Այնուհետև ինքն էլ պատասխանեց. «Նա, որ սուրբ է ձեռքով եւ անարատ սրտով. որ իր անձը անիրաւութեան չէ տալիս, եւ երդում չէ անում նենգութիւնով» (Սաղմոս 24։3, 4)։ Անհատը պետք է մաքուր և սուրբ լինի, որպեսզի հաճելի լինի Եհովային, որը հենց սրբության մարմնացումն է։ Ավելի վաղ Եհովան Իսրայելի ժողովին հիշեցրել էր. «Սրբեցէք [այսինքն՝ սրբացրեք] ձեր անձերը եւ սուրբ եղէք, [որովհետև] ես սուրբ եմ» (Ղեւտացոց 11։44, 45; 19։2)։

2. Ինչպե՞ս են Պողոսն ու Հակոբոսը շեշտել մաքուր լինելու կարևորությունը ճշմարիտ երկրպագության մեջ։

2 Դարեր անց Պողոս առաքյալը նամակ գրեց կորնթացի քրիստոնյաներին, որոնք ապրում էին բարոյապես քայքայված քաղաքում։ Նա ասաց. «Սիրելինե՛ր, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մենք մեզ մարմնի եւ հոգու ամէն պղծութիւնից, կատարեալ դարձնենք սըրբութիւնը Աստծու երկիւղով» (Բ Կորնթացիս 7։1)։ Այս խոսքերը մեկ անգամ ևս շեշտում են, որ Աստծո հետ փոխհարաբերություններ հաստատելու և նրա խոստացած օրհնությունները վայելելու համար անհատը պետք է ֆիզիկապես և հոգևորապես մաքուր լինի։ Հակոբոս աշակերտն էլ, գրելով աստվածահաճո երկրպագության մասին, ասաց. «Սուրբ եւ անարատ բարեպաշտութիւնը Աստծու եւ Հօր առաջ այս է. այցելել որբերին եւ այրիներին իրենց նեղութեան մէջ, անարատ պահել իր անձը աշխարհից» (Յակոբոս 1։27)։

3. Ինչի՞ մասին պետք է լրջորեն խորհենք, եթե ուզում ենք, որ մեր մատուցած երկրպագությունը հաճելի լինի Աստծուն։

3 Քանի որ ճշմարիտ երկրպագության մեջ մաքուր, անարատ և սուրբ լինելն այդքան կարևոր է, ապա յուրաքանչյուր ոք, որ ցանկանում է Աստծո հավանությանն արժանանալ, պետք է լրջորեն խորհի այս չափանիշներին համապատասխանելու մասին։ Այսօր մարդիկ մաքրության հարցում ամենատարբեր կարծիքներ ու տեսակետներ ունեն, ուստիև հարկավոր է, որ մենք նախ՝ հասկանանք, թե ինչն է Եհովան համարում մաքուր և ընդունելի, և հետո՝ մեր կյանքը ներդաշնակենք մեր իմացածի հետ։ Մենք պետք է իմանանք, թե այս առումով ինչ է Աստված պահանջում իր երկրպագուներից ու ինչ է նա արել մեզ համար, որպեսզի մաքրվենք ու միշտ այդպիսին մնանք։ Այսպես վարվելով՝ մենք հաճելի կլինենք նրան (Սաղմոս 119։9; Դանիէլ 12։10)։

Մաքուր՝ ճշմարիտ երկրպագության համար

4. Բացատրեք, թե ըստ Աստվածաշնչի՝ ինչ է նշանակում «մաքրություն» հասկացությունը։

4 Գրեթե բոլոր մարդիկ համարում են, որ լինել մաքուր՝ նշանակում է պարզապես հեռու մնալ կեղտից ու ապականությունից։ Մինչդեռ Աստվածաշնչում մաքուր լինելու գաղափարը, ըստ եբրայերեն և հունարեն բառերի, նշանակում է մաքրություն ոչ միայն բառացի, այլև, ու շատ ավելի հաճախ, բարոյական ու հոգևոր առումով։ Մի աստվածաշնչային հանրագիտարանում ասվում է. ««Մաքուր» և «անմաքուր» բառերը հազվադեպ են վերաբերում զուտ հիգիենային։ Դրանք առավելապես առնչվում են կրոնական հարցերին։ «Մաքրության» սկզբունքը գործում է կյանքի բոլոր բնագավառներում։»

5. Որքանո՞վ էր Մովսիսական օրենքը կարգավորում իսրայելացիների կյանքը մաքրության առումով։

5 Իսրայելացիների կյանքի գրեթե ամեն մի բնագավառի վերաբերյալ Մովսիսական օրենքը պարունակում էր կանոններ ու կարգադրություններ, որոնք սահմանում էին, թե ինչն է մաքուր ու ընդունելի, և ինչը՝ ոչ։ Օրինակ՝ Ղեւտացոց 11–15 գլուխներում կարդում ենք մաքրության և անմաքրության վերաբերյալ մանրամասն հրահանգներ։ Որոշ կենդանիներ անմաքուր էին, ու իսրայելացիները չպետք է ուտեին դրանց միսը։ Ծննդաբերելուց հետո կինը սահմանված ժամանակաընթացքում անմաքուր էր համարվում։ Որոշ մաշկային հիվանդություններ, մասնավորապես՝ բորոտությունը, և տղամարդու ու կնոջ սեռական օրգաններից արտահոսումները նույնպես պատճառ էին, որ նրանք անմաքուր համարվեին։ Օրենքում նաև ասվում էր, թե ինչ պետք է անեին նման դեպքերում։ Օրինակ՝ Թուոց 5։2–ում կարդում ենք. «Հրամայիր Իսրայէլի որդկանցը, որ բանակից դուրս անեն ամեն բորոտին եւ ամեն ծորում ունեցողին եւ մեռելից ամեն անմաքուր եղողին»։

6. Ի՞նչ նպատակով էին տրվել մաքրության վերաբերյալ օրենքները։

6 Անկասկած, Եհովայի տված այս և մյուս օրենքներում կային բժշկական ու ֆիզիոլոգիական այնպիսի մանրամասնություններ, որոնք գիտությանը հայտնի դարձան միայն վերջին ժամանակներում։ Այս օրենքներին հետևելու դեպքում իսրայելացիները շատ օգուտներ կունենային։ Բայցևայնպես դրանք չէին տրվել զուտ առողջապահական կամ բժշկական նկատառումներով։ Դրանք ճշմարիտ երկրպագության մի մասն էին։ Այն փաստը, որ դրանք առնչվում էին մարդկանց առօրյային՝ ուտելուն, ծննդաբերելուն, ամուսնական հարաբերություններին և այլն, պարզապես շեշտում է, որ Եհովան՝ որպես նրանց Աստված, իրավունք ուներ սահմանելու, թե նրանց կյանքում ինչն էր պատշաճ, և ինչը՝ ոչ. կյանք, որը նրանք ամբողջությամբ նվիրել էին իրեն (Բ Օրինաց 7։6; Սաղմոս 135։4)։

7. Օրենքը պահելու դեպքում ի՞նչ օրհնություններ էր քաղելու իսրայել ազգը։

7 Օրենքի ուխտը նաև պաշտպանում էր իսրայելացիներին հարևան ազգերի պիղծ սովորույթներից։ Եթե իսրայելացիները հավատարմորեն պահեին Օրենքը, այդ թվում՝ Եհովայի առաջ մաքուր մնալու բոլոր պահանջները, ապա նրանք կկարողանային ընդունելի ծառայություն մատուցել Աստծուն ու նրանից օրհնություններ ստանալ։ Եհովան ասաց. «Եթէ իրաւ իմ ձայնին լսէք եւ իմ ուխտը պահէք, այն ժամանակ դուք ինձ համար սեպհական ժողովուրդ կ’լինիք ամեն ազգերից, որովհետեւ իմն է բոլոր երկիրը։ Եւ դուք ինձ համար քահանաների թագաւորութիւն եւ սուրբ ազգ կ’լինիք» (Ելից 19։5, 6; Բ Օրինաց 26։19)։

8. Ինչո՞ւ այսօր քրիստոնյաները պետք է հաշվի առնեն, թե մաքրության վերաբերյալ ինչ է ասվում Օրենքում։

8 Եթե Եհովան նման մանրամասնություններով հարուստ Օրենք էր տվել իսրայելացիներին, որպեսզի իմանային, թե ինչպես մաքուր, սուրբ և ընդունելի դառնային, ապա չպե՞տք է քրիստոնյաները մանրազնին քննեն, թե արդյոք համապատասխանում են այս պահանջներին։ Թեև քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, նրանք պետք է հիշեն, որ, ինչպես Պողոսը բացատրեց, Օրենքում գրված բոլոր բաները «գալու բաների ստուերներն են, բայց մարմինը [«իրականությունը», ԱՆԹ] Քրիստոսինն է» (Կողոսացիս 2։17, ԱԹ; Եբրայեցիս 10։1)։ Եթե Եհովա Աստված, որն ասաց «ես.... չեմ փոփոխուիլ», վաղեմի ժամանակներում ճշմարիտ երկրպագության առնչությամբ կարևոր էր համարում մաքուր և անարատ լինելը, ապա մեր օրերում էլ նա մեզնից պահանջում է լրջորեն վերաբերվել ֆիզիկապես, բարոյապես ու հոգևորապես մաքուր լինելու հարցին, եթե ցանկանում ենք ունենալ նրա բարեհաճությունն ու օրհնությունները (Մաղաքիա 3։6; Հռովմայեցիս 15։4; Ա Կորնթացիս 10։11, 31)։

Մենք պետք է աչքի ընկնենք ֆիզիկական մաքրությամբ

9, 10. ա) Ինչո՞ւ է քրիստոնյաների համար կարևոր ֆիզիկապես մաքուր լինելը։ բ) Մարդիկ հաճախ ի՞նչ են ասում Եհովայի վկաների համաժողովների մասին։

9 Արդյո՞ք մեր օրերում էլ է ֆիզիկական մաքրությանը կարևորություն տրվում ճշմարիտ երկրպագության մեջ։ Թեև լոկ ֆիզիկական մաքրությունը մարդուն Աստծո ճշմարիտ երկրպագու չի դարձնում, ճշմարիտ երկրպագուն, անշուշտ, պետք է իր հնարավորության սահմաններում ֆիզիկապես մաքուր լինի։ Դա կարևոր է հատկապես մեր օրերում, երբ շատերը գրեթե չեն մտածում իրենց մարմնի, հագուստի և շրջապատի մաքրության մասին, և այն մարդիկ, ովքեր նրանց պես չեն վարվում, հաճախ ուշադրություն են գրավում։ Մաքրակեցությունը կարող է դրական արդյունքների հանգեցնել, ինչպեսև Պողոսն էր կորնթացի քրիստոնյաներին ասում. «Ոչ մի բանով ոչ մի գայթակղութիւն չենք տալիս, որ [ծառայությունը] չ’նախատուի. այլ ամեն բանի մէջ մեր անձերը ընծայում [այսինքն՝ ներկայացնում] ենք ինչպէս Աստուծոյ պաշտօնեաներ» (Բ Կորնթացիս 6։3, 4, ԱԹ)։

10 Եհովայի վկաները մաքուր, կարգապահ ու հարգալից վարքուբարքի համար բազմիցս գովասանքի են արժանացել պաշտոնատար անձանց կողմից։ Այս հատկություններն առանձնապես նկատելի են նրանց բազմամարդ համաժողովներում։ Օրինակ՝ իտալական Սավոնա գավառում անցկացված համաժողովի վերաբերյալ «Լա ստամպա» թերթում գրվեց. «Քայլելով նրանց շարքերով՝ իսկույն զգում ես, թե որքան մաքրասեր ու կարգապահ են նրանք»։ Վկաները Սան Պաուլու (Բրազիլիա) քաղաքի ստադիոններից մեկում համաժողով անցկացրին, որից հետո ստադիոնի պաշտոնյաներից մեկը մաքրող անձնակազմի ղեկավարին ասաց. «Այսօրվանից մենք պետք է ստադիոնը մաքրենք այնպես, ինչպես Եհովայի վկաները»։ Նույն ստադիոնի մեկ ուրիշ պաշտոնյա ասաց. «Երբ Եհովայի վկաները մեզ են դիմում ստադիոնը վարձելու հարցով, ապա մեզ հետաքրքրում է միայն այն, թե որ օրերին են իրենք ցանկանում զբաղեցնել ստադիոնը։ Ուրիշ ոչինչ մեզ չի անհանգստացնում»։

11, 12. ա) Աստվածաշնչյան ի՞նչ սկզբունք պետք է հիշենք, երբ հարցը վերաբերում է մեր անձնական մաքրությանը։ բ) Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ մեր սովորությունների ու կենսաձևի վերաբերյալ։

11 Եթե մաքրասիրությունն ու կարգապահությունը մեր երկրպագության վայրերում կարող են պատճառ դառնալ, որ գովասանքի խոսքեր ուղղվեն մեր Աստծո հասցեին, ապա անշուշտ մեր անձնական կյանքում ևս կարևոր է այդ հատկությունները ցուցաբերել։ Բայց գուցե մեզ թվա, թե տանը կարող ենք թուլացնել մեր զգոնությունը ու վարվել սրտի ուզածի պես։ Ճիշտ է, մեր հագուկապի ու արտաքինի հարցում ազատություն ունենք վարվելու այնպես, ինչպես մեզ է հաճելի։ Բայցևայնպես, այդ ազատությունը մեծամասամբ հարաբերական է։ Հիշենք, թե ինչ զգուշացրեց Պողոսը հավատակիցներին, երբ խոսում էր որոշակի սնունդ ուտել–​չուտելու մասին։ Նա ասաց. «Զգո՛յշ եղէք, գուցէ ձեր այդ ազատութիւնը գայթակղութիւն լինի տկարների համար»։ Հետո նա մի կարևոր սկզբունք արտահայտեց. «Ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան օգուտ չէ. ամեն բան օրինաւոր է ինձ, բայց ամեն բան շինութիւն չէ տալիս» (Ա Կորնթացիս 8։9; 10։23, ԱԹ)։ Մաքրության առումով՝ ինչպե՞ս է Պողոսի խորհուրդը վերաբերում մեզ։

12 Տրամաբանական է, որ մարդիկ Աստծո սպասավորից ակնկալեն մաքրասիրություն և կարգապահություն։ Հետևաբար, մենք պետք է վստահ լինենք, որ մեր տան տեսքը ու շրջակայքը մարդկանց չեն ստիպում կասկածել, թե իրո՞ք մենք Աստծո Խոսքի սպասավորներ ենք։ Ի՞նչ է ասում մեր տունը մեր և մեր համոզմունքների մասին։ Երևո՞ւմ է, որ իսկապես ցանկանում ենք ապրել արդար նոր աշխարհում, որտեղ մաքրություն և կարգուկանոն է տիրելու. աշխարհ, որը մենք եռանդորեն գովում ենք ուրիշների հետ խոսելիս (Բ Պետրոս 3։13)։ Նաև մեր արտաքինը, անկախ այն բանից՝ ազատ ժամանակ ենք անցկացնում, թե ծառայության մեջ ենք, կարող է կա՛մ ավելի գրավիչ դարձնել, կա՛մ նսեմացնել մեր կողմից քարոզվող լուրը։ Ուշադրություն դարձրեք, թե մեքսիկացի մի լրագրող ինչ է գրում. «Ճիշտ է, Եհովայի վկաների մեծ մասը երիտասարդներ են, բայց նրանց մեջ հատկապես ուշադրություն են գրավում նրանց սանրվածքը, մաքրասիրությունը և վայելուչ հագուկապը»։ Ի՜նչ ուրախություն է մեր մեջ տեսնել նման երիտասարդների։

13. Ի՞նչ կարող ենք անել, որ մեր ամենօրյա կյանքը բոլոր կողմերից մաքուր լինիև կազմակերպված։

13 Իհարկե, հեշտ չէ մեր մարմինը, իրերը և տունը մշտապես մաքուր ու կարգին վիճակում պահել։ Բայց այդ ամենը անելու համար ոչ թե բարդ ու թանկարժեք գործիքներ ու սարքեր են անհրաժեշտ, այլ մտածված պլանավորում ու մշտական ջանքեր։ Հարկավոր է ժամանակ հատկացնել անձնական հիգիենային, մեր հագուստի, տան, ավտոմեքենայի ու մյուս այլ բաների մաքրմանը։ Ծառայությունը, հանդիպումները, անձնական ուսումնասիրությունը, ինչպես նաև մեր մյուս առօրեական գործերը, չեն ազատում մեզ Աստծո և մարդկանց առջև մաքուր և ընդունելի լինելու պարտականությունից։ Մեզ քաջածանոթ «ամեն բանի ժամանակ կայ» սկզբունքը հավասարապես կիրառելի է նաև կյանքի այս ասպարեզում (Ժողովող 3։1)։

Անարատ սիրտ

14. Ինչո՞ւ կարելի է ասել, որ բարոյական ու հոգևոր մաքրությունն ավելի կարևոր է, քան ֆիզիկական մաքրությունը։

14 Ֆիզիկապես մաքուր լինելը կարևոր է, բայց շատ ավելի կարևոր է մաքուր լինել բարոյապես ու հոգևորապես։ Մենք այս եզրակացությանն ենք գալիս՝ հիշելով, որ իսրայել ազգը մերժվեց Եհովայի կողմից ոչ թե ֆիզիկապես անմաքուր լինելու, այլ բարոյապես ու հոգևորապես ապականված լինելու պատճառով։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան ասաց նրանց, որ իրենք «մեղաւոր ազգ» են, «անօրենութիւնով ծանրացած ժողովուրդ», որ իր համար բեռ են դարձել նրանց զոհաբերությունները, ամսագլուխներ ու շաբաթ պահելը և նույնիսկ աղոթքները։ Ի՞նչ պետք է նրանք անեին, որպեսզի վերստին Աստծո հաճությանը արժանանային։ Եհովան ասաց. «Լուացուեցէք, մաքրուեցէք, հեռացրէք ձեր գործերի չարութիւնը իմ աչքերի առաջից, դադարեցէք չարութիւն գործելուց» (Եսայիա 1։4, 11–16)։

15, 16. Հիսուսի խոսքերի համաձայն՝ ի՞նչն է պղծում մարդուն, և ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել նրա խոսքերից։

15 Որպեսզի կարողանանք հասկանալ բարոյապես ու հոգևորապես մաքուր լինելու կարևորությունը, եկեք տեսնենք, թե Հիսուսն ինչպես ուղղեց փարիսեցիներին ու դպիրներին, երբ նրանք ասացին, թե նրա աշակերտներն անմաքուր էին, քանի որ ուտելուց առաջ ձեռքները չէին լվացել։ Հիսուսն ասաց. «Ոչ թէ՝ ինչ որ բերանով է մտնում, ա՛յն է պղծում մարդուն, այլ ինչ որ ելնում է բերանից՝ ա՛յն է պղծում մարդուն»։ Նա բացատրեց. «Ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում, քանի որ սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ։ Այս բոլորն են, որ պղծում են մարդուն. իսկ անլուայ ձեռքերով ուտելը մարդուն չի պղծում» (Մատթէոս 15։11, 18–20)։

16 Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի խոսքերից։ Հիսուսը շեշտեց, որ չար, անբարո ու անմաքուր գործերին նախորդում են սրտի չար, անբարո ու անմաքուր հակումները։ Ինչպես Հակոբոս աշակերտն ասաց, «իւրաքանչյիւր ոք փորձւում է՝ հրապուրուելով եւ խաբուելով իր ցանկութիւններից» (Յակոբոս 1։14, 15)։ Այսպիսով, եթե չենք ցանկանում գործել Հիսուսի նշած ծանր մեղքերը, ապա պետք է արմատախիլ անենք ու մեր սրտից վանենք այդ հակումները։ Սա նշանակում է, որ մենք պետք է ուշադիր լինենք, թե ինչ ենք կարդում, դիտում և լսում։ Այսօր խոսքի ու արվեստի ազատության անվան տակ ժամանցի ու գովազդի արդյունաբերությունը մարդկանց է ներկայացնում անթիվ–​անհամար ապրանքներ ու ծառայություններ, որոնք նախատեսված են հագուրդ տալու նրանց ստոր ցանկություններին։ Մենք վճռականորեն չպետք է թույլ տանք, որ այդ ամենից թեկուզ մի չնչին բան արմատ գցի մեր սրտում։ Այստեղ գլխավորն այն է, որ եթե ուզում ենք Աստծուն հաճելի լինել, ապա պետք է մշտապես զգոն լինենք՝ մեր սիրտը մաքուր և անարատ պահելու (Առակաց 4։23)։

Մաքրված՝ բարի գործերի համար

17. Ինչո՞ւ է Եհովան իր ժողովրդին մաքրել։

17 Անտարակույս, մեծ օրհնություն և պաշտպանություն է մեզ համար այն, որ Եհովայի օգնությամբ կարող ենք մաքուր լինել նրա առջև (Բ Կորնթացիս 6։14–18)։ Բայց նաև հասկանում ենք, որ Եհովան իր ժողովրդին մաքրել է հատուկ նպատակի համար։ Պողոսն ասաց Տիտոսին, որ Քրիստոս Հիսուսն «իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրէնութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժողովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի» (Տիտոս 2։14)։ Որպես մաքրված ժողովուրդ՝ ի՞նչ գործերի պետք է մենք նախանձախնդիր լինենք։

18. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ նախանձախնդիր ենք բարի գործերի։

18 Մենք պետք է նախևառաջ եռանդուն կերպով քարոզենք Թագավորության բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Այդպես վարվելով՝ մենք ամենուրեք մարդկանց ենք ներկայացնում երկրի վրա հավիտյան ապրելու հույսը։ Այն ժամանակ մեր մոլորակը զերծ կլինի ամեն տեսակի ապականումից (Բ Պետրոս 3։13)։ Մեր բարի գործերի մեջ մտնում է նաև ամենօրյա կյանքում Աստծո սուրբ ոգու պտուղը դրսևորելը, ինչն իր հերթին կփառաբանի մեր երկնային Հորը (Գաղատացիս 5։22, 23, ԱԹ; Ա Պետրոս 2։12)։ Նաև մենք օգնության ձեռք ենք մեկնում բնական աղետի կամ անձնական դժբախտության պատճառով տառապող այն մարդկանց, որոնք չեն բաժանում մեր համոզմունքները։ Մենք միշտ հիշում ենք Պողոսի խորհուրդը. «Ահա թէ ինչու, քանի դեռ ժամանակ կայ, բարին գործենք բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ» (Գաղատացիս 6։10)։ Այս բոլոր ծառայությունները, որ մատուցվում են մաքուր սրտով և անկեղծ դրդապատճառներով, հաճելի են Աստծուն (Ա Տիմոթէոս 1։5)։

19. Ի՞նչ օրհնություններ են մեզ սպասում, եթե շարունակենք ֆիզիկական, բարոյական ու հոգևոր մաքրության առումով բարձր չափանիշներ պահել։

19 Որպես Բարձրյալի ծառաներ՝ մենք սրտանց ընդունում ենք Պողոսի խոսքերը. «Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, ողորմութեամբ Աստծու, որ պատրաստէք ձեր մարմինները որպէս զոհ կենդանի, սուրբ, աստուածահաճոյ. ա՛յդ է ձեր բանական պաշտամունքը» (Հռովմայեցիս 12։1)։ Թող որ շարունակենք բարձր գնահատել Եհովայի կողմից մաքրվելու մեծ պատիվը ու անենք հնարավոր ամեն բան, որպեսզի ֆիզիկական, բարոյական ու հոգևոր մաքրության առումով բարձր չափանիշներ պահենք։ Այսպես վարվելով՝ մենք ոչ միայն արժանապատվության ու բավականության զգացում կունենանք ներկայումս, այլ նաև ապագայում կտեսնենք, թե ինչպես են անցնում «առաջուան բաները» (Արևմտ. Աստ.)՝ ներկա ամբարիշտ ու պիղծ համակարգը, երբ Աստված ‘ամեն բան նոր դարձնի’ (Յայտնութիւն 21։4, 5)։

Հիշո՞ւմ եք

• Ինչո՞ւ էին իսրայելացիներին բազմաթիվ օրենքներ տրվել մաքրության վերաբերյալ։

• Ինչպե՞ս է ֆիզիկական մաքրությունը ավելի գրավիչ դարձնում մեր կողմից քարոզվող լուրը։

• Ինչո՞ւ է բարոյական և հոգևոր մաքրությունն ավելի կարևոր ֆիզիկական մաքրությունից։

• Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ «նախանձախնդիր [ենք] բարի գործերի»։

[նկարներ 21–րդ էջի վրա]

Ֆիզիկական մաքրությունը ավելի գրավիչ է դարձնում մեր կողմից քարոզվող լուրը

[նկար 22–րդ էջի վրա]

Հիսուսը զգուշացրեց, որ չար մտքերը տանում են չար գործերի

[նկարներ 23–րդ էջի վրա]

Որպես մաքրված ժողովուրդ՝ Եհովայի վկաները նախանձախնդիր են բարի գործերի

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը