Մարդկության խնդիրները երբևէ կվերանա՞ն
«ԱՇԽԱՐՀԻ բնակչության քառորդ մասը ապրում է չքավորության մեջ, 1,3 միլիարդի օրածախսը չի կազմում նույնիսկ 1 դոլար, 1 միլիարդը անգրագետ է, 1,3 միլիարդը զրկված է խմելու ջուր ունենալու հնարավորությունից, իսկ 1 միլիարդը սովի է մատնված»։ Աշխարհի վիճակի մասին այս տվյալները հայտնում է իռլանդական մի տեղեկատու։
Ակնհայտ է, որ մարդ ի վիճակի չէ աշխարհի պրոբլեմների վերջնական լուծումը գտնելու։ Ամենացավալին սակայն այն է, որ վերոհիշյալ տեղեկատվության մեջ հիշատակվող մարդկանց մեծամասնությունը անպաշտպան կանայք ու երեխաներ են։ Մի՞թե ահավոր չէ, որ նույնիսկ հիմա՝ 21–րդ դարում, ամեն օր տեղի են ունենում մարդու իրավունքների «ոտնահարման անթիվ–անհամար դեպքեր» («The State of the World’s Children 2000»)։
«Նոր աշխարհ, որ կառաջանա մի սերնդի ընթացքում»
ՄԱԿ–ի մանկական ֆոնդը իր համոզվածությունն է հայտնում այն հարցում, որ «հնարավոր է վերջ դնել.... այդ ոտնահարումներին, որ այս կամ այն կերպ անդրադառնում են ողջ աշխարհի բնակչության վրա»։ Համաձայն այդ հայտարարության՝ ահավոր պայմանները, որոնց ստիպված դիմանում են վերոհիշյալ միլիարդները, «անխուսափելի չեն և ոչ էլ՝ անփոփոխ»։ Այնտեղ նաև բոլոր մարդկանց կոչ է արվում «պատկերացնել նոր աշխարհ, որ կառաջանա մի սերնդի ընթացքում» և հույս է հայտնվում, որ դա մի աշխարհ կլինի, որտեղ ողջ մարդկությունը «կազատվի չքավորությունից, խտրականությունից, բռնությունից ու հիվանդություններից»։
Նման հույսերը պայմանավորված են այն իրողությամբ, որ հիմա արդեն կան հոգատար մարդիկ, ովքեր հսկայական աշխատանք են կատարում «ընդհարումների ու ճգնաժամերի՝ անվերջ թվացող շարանի» հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Օրինակ՝ վերջին 15 տարվա ընթացքում «Չերնոբիլի երեխաների նախագիծը» «օգնել է թեթևացնել այն երեխաների տառապանքը, որոնք վնաս են կրել ռադիոակտիվ նստվածքների հետևանքով» («The Irish Examiner», ապրիլի 4, 2000 թ.)։ Բարեգործական ընկերությունները՝ մեծ թե փոքր, զգալի դեր են խաղում պատերազմներից և աղետներից տուժած անհամար մարդկանց կյանքում։
Բարեգործությամբ զբաղվող մարդիկ, սակայն, շատ ավելի ռեալ կերպով են նայում այդ հարցին, քանզի տեսնում են, որ այսօրվա խնդիրները «շատ ավելի տարածված են և արմատացած, քան նույնիսկ մեկ տասնամյակ առաջ»։ Մոզամբիկում տեղի ունեցած աղետալի ջրհեղեղի առնչությամբ՝ Իռլանդական բարեգործական ընկերության նախագահ Դէյվիդ Բեգն ասել է. «Անձնակազմը, աջակիցները և դոնորները հիանալի կերպով արձագանքեցին։ Սակայն, մենք մենակ չենք կարող լուծել նման աղետների հետևանքով առաջացած խնդիրները, քանի որ դրանք չափազանց շատ են»։ Աֆրիկայում ցույց տրված օգնության վերաբերյալ նա անկեղծորեն ասաց. «Եթե հույսի մի քանի նշույլներ էլ կան, ապա դրանք շատ թույլ են»։ Շատերը կհամաձայնեն, որ նրա այդ խոսքերը նույն հաջողությամբ կարելի է ասել նաև ողջ աշխարհում տիրող իրավիճակի մասին։
Արժե՞ սպասել այդ շատ ցանկալի «նոր աշխարհին», որ պետք է առաջանա «մի սերնդի ընթացքում»։ Թեև գովելի են բարեգործությամբ զբաղվողների ջանքերը, սակայն խելամիտ կլինի մեկ այլ տեղ փնտրել արդար ու խաղաղ նոր աշխարհի հույսը։ Ինչպես ցույց կտա հաջորդ հոդվածը, նման հույս տալիս է Աստվածաշունչը։
[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Page 3, children: UN/DPI Photo by James Bu