Երբ գերի ենք դառնում սնապաշտությանը
Տնից դուրս եկաք և դեմ առ դեմ հանդիպեցիք ինչ–որ մեկի։ Հանկարծակի ձեր ոտքը քարին խփեցիք։ Գիշերը ինչ–որ թռչունի ճիչ լսվեց։ Ժամանակ առ ժամանակ նույն երազն եք տեսնում... Այս երևույթները շատերի համար ոչ մի նշանակություն չունեցող դեպքեր են։ Սակայն Արևմտյան Աֆրիկայում ապրող որոշ ժողովուրդներ վերաբերվում են դրանց որպես նախանշանների և ոգիների աշխարհից եկող լուրերի։ Կախված տվյալ նախանշանից ու դրա մեկնաբանությունից՝ անհատին կամ հաջողություն է սպասում, կամ էլ փորձանք։
Ինչ խոսք, սնապաշտությունը տարածված է ոչ միայն Աֆրիկայում։ Թեև զարմանալի է, բայց նույնիսկ այնպիսի վայրերում, ինչպիսիք են Չինաստանն ու նախկին Խորհրդային Միությունը, որտեղ տարիներ շարունակ պաշտոնապես ընդունված է եղել աթեիզմը, շատերն են հավատում նախանշանների։ Իսկ արևմտյան երկրներում ապրող բազում մարդիկ առաջնորդվում են հորոսկոպներով, վախենում են ամսվա 13–րդ օրվա հետ համընկնող ուրբաթից և խուսափում են սև կատուներից։ Ծայր հյուսիսում ապրող որոշ ժողովուրդներ հյուսիսափայլը համարում են պատերազմի կամ համաճարակի նախանշան։ Հնդկաստանում բեռնատար մեքենաների վարորդները, հավատալով, թե շոգ օրերին մարմնի ջերմաստիճանի բարձրացումը կանխելու համար հարկավոր է սեռական հարաբերության մեջ մտնել, նպաստում են ՁԻԱՀ հիվանդության տարածմանը։ Ճապոնիայում հավատում են, թե վատ նշան է, որ կինը մտնի թունել նախքան այն փորել–վերջացնելը։ Սնապաշտությունը լայնորեն տարածված է նաև պրոֆեսիոնալ սպորտում։ Մի վոլեյբոլիստ, օրինակ, մի շարք խաղերում տարած իր հաղթանակները «վերագրում էր» սև կիսագուլպաներին, որ հագնում էր սպիտակների փոխարեն։ Այս ցուցակը դեռ երկար կարելի է շարունակել։
Իսկ ի՞նչ կարելի է ասել ձեր մասին։ Ձեր սրտում չկա՞ արդյոք անբացատրելի, գաղտնի մի վախ։ Ձեզ վրա չի՞ ազդում ինչ–որ մի «հավատալիք կամ սովորույթ, որը ենթակա չէ տրամաբանությանը»։ Հենց դա էլ սնապաշտությունն է։ Ուստի վերոհիշյալ հարցերին պատասխանելով՝ շատ բան կարող եք բացահայտել։
Եթե մարդ թույլ է տալիս, որ իր որոշումների և առօրյա կյանքի վրա ազդի սնապաշտությունը, ապա ընկնում է այնպիսի մի բանի իշխանության տակ, որից իրականում գլուխ չի հանում։ Մի՞թե դա խելամիտ է։ Արժե՞ արդյոք, որ ինքներս մեզ հպատակեցնենք նման անհասկանալի ու գուցե նաև վատ ազդեցության։ Անվնաս մի թուլությո՞ւն է սնապաշտությունը, թե՞ վտանգավոր մի բան...