Սնապաշտության գերին չե՞ք արդյոք
Սնապաշտությունը տարածված է ողջ աշխարհում։ Երբեմն այն համարվում է մշակութային ժառանգություն և շատ բարձր է գնահատվում։ Երբեմն էլ դիտվում է որպես հետաքրքրաշարժ, բայց ոչ լուրջ մի բան, որը մի տեսակ գեղեցկացնում է կյանքը։ Արևմուտքում սնահավատությանը հաճախ լուրջ չեն վերաբերվում, նույնիսկ որոշ չափով քննադատաբար են մոտենում դրան։ Մինչդեռ աշխարհի այլ մասերում, օրինակ՝ Աֆրիկայում, այն մեծ դեր է խաղում մարդկանց կյանքում։
Աֆրիկյան մշակույթում սնապաշտությանը մեծ տեղ է հատկացվում. ֆիլմերում, ռադիոհաղորդումներում և գրականության մեջ հաճախ են լուսաբանվում սնահավատության և խորհրդավոր այլ բաների, ինչպես օրինակ՝ կախարդության, նախնիներին պաշտելու սովորության և թալիսմանների հետ կապված հարցեր։ Ինչո՞ւ է սնապաշտությունը այդքան մեծ դեր խաղում մարդկանց կյանքում, և որտեղի՞ց է այն առաջացել։
Որտեղի՞ց է ծագում սնապաշտությունը
Սնապաշտությունը ծագում է մահացածների հոգիների կամ էլ առհասարակ ոգիների հանդեպ վախից։ Կյանքում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացվում են իբրև այդ ոգիների կողմից կենդանի մարդկանց հետ կապ հաստատելու փորձեր՝ նրանց վնասելու, զգուշացնելու կամ էլ օրհնելու նպատակով։
Սնահավատությունը նաև սերտորեն կապված է բժշկման հետ։ Զարգացող երկրներում, օրինակ, ժամանակակից դեղերը մեծամասամբ շատ թանկ են և հաճախ անմատչելի։ Ուստի բուժվելու կամ հիվանդությունից պաշտպանվելու համար շատերը դիմում են պապենական սովորույթներին, ոգեհարցությանը և սնապաշտությանը։ Բացի այդ, նրանք իրենց ավելի հանգիստ են զգում տեղի ավանդույթներին ծանոթ և իրենց լեզվով խոսող հեքիմի հետ, քան թե բժշկի։ Հենց դա է պատճառը, որ սնապաշտությունը շարունակում է բարգավաճել։
Սնահավատ մարդկանց կարծիքով՝ հիվանդություններն ու դժբախտ պատահարները ոչ թե լոկ պատահականություններ են, այլ ոգիների աշխարհից եկող ուժերի ներգործությամբ կատարվող դեպքեր։ Հեքիմը կարող է ասել, թե ինչ–որ բան անհանգստացնում է մահացած նախնիներից մեկին։ Ոգեհարցը կարող է պնդել, թե հիվանդության կամ տեղի ունեցած պատահարի պատճառն այն է, որ ինչ–որ մեկը թուղթ ու գիր է արել տվյալ անձնավորությանը։
Աշխարհի տարբեր մասերում սնահավատությունը տարբեր ձևերով է դրսևորվում, իսկ դրա տարածումը կախված է տեղի ավանդազրույցներից, սովորույթներից ու հանգամանքներից։ Սակայն բոլորի համար ընդհանուր է հետևյալը. ոգիների անտեսանելի աշխարհից ինչ–որ մեկին հարկավոր է հանգստացնել։
Անվտա՞նգ, թե՞ վտանգավոր
Զույգ երեխաների ծնվելը սովորաբար հատուկ և հուզիչ մի իրադարձություն է։ Սակայն սնահավատ մարդկանց կարծիքով՝ դա նշան է։ Արևմտյան Աֆրիկայի որոշ շրջաններում զույգ երեխաների ծնունդը համարվում է աստվածների ծնունդ. զույգերը դառնում են պաշտամունքի առարկա։ Եթե զույգերից մեկը կամ երկուսն էլ մահանում են, ապա պատրաստվում են նրանց արձանիկները, և այդ կուռքերի առջև ընտանիքը ուտելիք է մատուցում։ Մեկ ուրիշ վայրում զույգերի ծնունդը համարվում է անեծք՝ այն աստիճանի, որ ծնողները սպանում են մանկիկներից առնվազն մեկին։ Ինչո՞ւ։ Նրանց կարծիքով՝ եթե երկուսն էլ կենդանի մնան, ապա մի օր կսպանեն իրենց ծնողներին։
Այս և նման օրինակները ցույց են տալիս, որ թեև սնահավատության որոշ ձևեր հետաքրքիր ու անվնաս են թվում, մյուսները կարող են լինել վտանգավոր, նույնիսկ՝ մահաբեր։ Սխալ մեկնաբանության պատճառով իրենից ոչ մի վտանգ չներկայացնող իրադարձությունը կարող է հանգեցնել սոսկալի մի արարքի։
Ինչպես երևում է, սնապաշտությունը իրոք որ դավանանք է՝ կրոնական ուսմունքի ձև։ Հաշվի առնելով սնահավատության վտանգավոր կողմերը՝ տեղին կլինի հարցնել. «Ո՞ւմ է իրականում ձեռնատու սնապաշտությունը»։
Ո՞վ է կանգնած սնապաշտության ետևում
Աչք փակելով իրողության առջև՝ շատ մարդիկ այսօր հակված են ժխտելու Սատանայի և չար ոգիների գոյությունը։ Պատերազմի ժամանակ թշնամու գոյությունը մերժելը միայն աղետալի հետևանքների կարող է բերել։ Նույնն է պարագան նաև գերմարդկային ոգեղեն արարածների դեմ մղվող պայքարի դեպքում. Պողոս առաքյալը գրել է. «Մեր պատերազմը.... չար ոգիների հետ [է]» (Եփեսացիս 6։12)։
Թեև մենք չենք կարող տեսնել չար ոգիներին, նրանք այնուամենայնիվ գոյություն ունեն։ Համաձայն Աստվածաշնչի՝ մի անտեսանելի ոգեղեն էակ օձի միջոցով (այն խաղատիկնիկի պես օգտագործելով) խոսեց առաջին կնոջ՝ Եվայի հետ և դրդեց նրան Աստծո դեմ ապստամբելու (Ծննդոց 3։1–5)։ Աստվածաշունչն այդ ոգեղեն էակին անվանում է ‘առաջին օձ, որ Բանսարկու և Սատանա է կոչվում, բովանդակ աշխարհը մոլորեցնող’ (Յայտնութիւն 12։9)։ Սատանան ապստամբության դրդեց նաև որոշ հրեշտակների (Յուդա 6)։ Այդ չար հրեշտակները դարձան դևեր՝ Աստծո թշնամիներ։
Հիսուսը, ինչպես նաև նրա աշակերտները մարդկանցից դուրս էին հանում դևերին (Մարկոս 1։34; Գործք 16։18)։ Պետք է նշել, որ նրանք մեր մահացած նախնիները չեն. մահացածները «մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5)։ Այդ չար ոգիները Սատանայի կողմից մոլորության մեջ գցված ապստամբ հրեշտակներն են։ Ուստի չի կարելի թեթևամտորեն վերաբերվել դևերի հետ կապի մեջ մտնելուն կամ նրանց ազդեցությանը ենթարկվելուն, քանի որ նրանք իրենց առաջնորդ Բանսարկու Սատանայի նման ցանկանում են կործանել մեզ (Ա Պետրոս 5։8)։ Նրանց նպատակն է զրկել մեզ այն միակ հույսից, որ ունի մարդկությունը՝ Աստծո Թագավորությունից։
Ինչպես ցույց է տալիս Աստվածաշունչը, Սատանայի ու նրա դևերի մեթոդներից մեկը հետևյալն է. «Ինքը՝ Սատանան էլ է կերպարանաւորւում որպէս լուսոյ հրեշտակ» (Բ Կորնթացիս 11։14)։ Սատանան ուզում է մոլորեցնել մեզ՝ փորձելով հավատացնել, թե կյանքի ավելի լավ ուղի է առաջարկում։ Գուցե ոմանց թվա, թե չար ոգիների միջամտության շնորհիվ՝ որոշ օգուտներ են ստանում։ Այդ օգուտները սակայն ժամանակավոր են և չեն կարող վերջնականապես լուծել խնդիրները (Բ Պետրոս 2։4)։ Չար ոգիները չեն կարող հավիտենական կյանք տալ որևէ մեկին։ Բացի այդ, նրանք շուտով կործանվելու են (Հռովմայեցիս 16։20)։ Հավիտենական կյանքի և իսկական երջանկության միակ աղբյուրը մեր Արարիչն է։ Նա նաև մեր լավագույն պաշտպանն է ոգեղեն չար ուժերի դեմ (Յակոբոս 4։7)։
Աստված դատապարտում է օգնության համար ոգեհարցության դիմելը (Բ Օրինաց 18։10–12; Դ Թագաւորաց 21։6)։ Դա նույնն է, ինչ՝ խաղալ թշնամու հետ և միանալ նրանց, ովքեր դավաճանել են Աստծուն։ Եթե առաջնորդվում ենք հորոսկոպներով, դիմում ենք հեքիմների կամ ներգրավվում ենք սնոտիապաշտության որևէ ձևի մեջ, ապա ինքներս մեզ դարձնում ենք ոգեղեն չար արարածների գերին։ Դա հավասարազոր է Աստծո դեմ ապստամբելու մեջ նրանց միանալուն։
Պաշտպանություն չարից. հնարավո՞ր է արդյոք
Նիգերում ապրող Ադեյa անունով մի տղամարդ Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ Եհովայի վկաների լիաժամ քարոզիչներից մեկին հայտնեց իր խանութում թալիսման պահելու պատճառը։ «Թշնամիները շատ են»,— ասաց նա։ Ի պատասխան դրա՝ Ադեյի ուսուցիչը ցույց տվեց, որ իսկական պաշտպանություն գտնելու հարցում արժե վստահել միայն Եհովային։ Նա կարդաց Սաղմոս 34։7–ը, համաձայն որի՝ «Տիրոջը հրեշտակը բանակ է շինում նորանից վախեցողների չորս կողմովը եւ փրկում է նորանց»։ Ադեյը հետևյալ եզրակացությունն արեց. «Եթե Եհովան իսկապես կարող է պաշտպանել ինձ, ապա կարելի է վերացնել թալիսմանը»։ Այժմ՝ տարիներ անց, նա ծառայում է որպես երեց ու լիաժամ քարոզիչ։ Ադեյի թշնամիներից և ոչ մեկը չի վնասել նրան։
Աստվածաշունչը ցույց է տալիս, որ անկախ այն բանից՝ սնահավատ ենք, թե ոչ, յուրաքանչյուրիս ցանկացած պահի ամեն ինչ կարող է պատահել (Ժողովող 9։11)։ Եհովան երբեք չարիք չի պատճառում մարդկանց՝ նրանց փորձելու նպատակով (Յակոբոս 1։13)։ Մահն ու անկատարությունը հետևանք են Ադամից ժառանգած մեղքի (Հռովմայեցիս 5։12)։ Սա է պատճառը, որ բոլոր մարդիկ էլ ժամանակ առ ժամանակ հիվանդանում են կամ այնպիսի սխալներ են գործում, որ աղետալի հետևանքներ են ունենում։ Ուստի ճիշտ չի լինի բոլոր հիվանդությունների ու խնդիրների պատճառը վերագրել չար ոգիներին։ Դա կդրդի, որ փորձենք որևէ ձևով հանգստացնել նրանց։b Հետևաբար հիվանդ ժամանակ հարկավոր է դիմել բժշկին, և ոչ թե Բանսարկու Սատանային, որը «ստախօս է եւ ստութեան հայրը» (Յովհաննէս 8։44, ԱԹ)։ Փաստերը ցույց են տալիս, որ այնպիսի երկրներում, որտեղ տարածված են սնահավատ պապենական սովորույթները, այլ երկրների հետ համեմատած, ոչ կյանքի տևողությունն է ավելի երկար, ոչ էլ կյանքն է ավելի լավ։ Ակնհայտ է, ուրեմն, որ սնոտիապաշտությունը ոչ մի ձևով չի նպաստում առողջությանը։
Աստված շատ ավելի զորավոր է, քան չար ոգիները։ Նա նաև հետաքրքրված է մեր բարօրությամբ։ «Տիրոջ աչքը արդարների վրայ է, եւ նրա ականջները բաց նրանց աղօթքին» (Ա Պետրոս 3։12)։ Աղոթեք նրան՝ պաշտպանություն և իմաստություն ստանալու համար (Առակաց 15։29; 18։10)։ Ջանք թափեք հասկանալու նրա Սուրբ Խոսքը՝ Աստվածաշունչը։ Աստվածաշնչի ճշգրիտ գիտությունը հնարավոր լավագույն պաշտպանությունն է։ Այն կօգնի, որ հասկանանք, թե որն է մարդկանց հետ տեղի ունեցող չարիքների պատճառը, և ինչպես կարող ենք շահել Ամենակալի բարեհաճությունը։
Աստծո գիտության օգուտները
Հակառակ տգիտության ու սնապաշտության՝ Եհովայի ու նրա նպատակների մասին ճշգրիտ գիտությունը իսկական պաշտպանության բանալին է։ Սա լավ է երևում Բենինում ապրող Ժան անունով մի մարդու օրինակից։ Ժանի ընտանիքում սնապաշտությունը խորապես արմատավորված է եղել։ Համաձայն ցեղի սնապաշտական ավանդույթների՝ եթե կինը տղա է ունենում, պետք է ինը օր մնա հատուկ կառուցված մի հյուղակում, իսկ աղջիկ ունենալու դեպքում՝ յոթ օր։
1975 թ. Ժանի կինը մի գեղեցիկ տղաունեցավ, որի անունը դրեցին Մարկ։ Ժանն ու նրա կինը չէին ցանկանում որևէ ձևով առնչվել չար ոգիների հետ, քանի որ ձեռք էին բերել Աստվածաշնչի գիտությունը։ Արդյո՞ք նրանք տեղի տվեցին վախի զգացումին ու սնապաշտական այդ սովորությանը հետևելու ճնշումներին։ Մնա՞ց արդյոք մայրը հյուղակում։ Ո՛չ, նրանք մերժեցին իրենց ցեղի այդ սնոտիապաշտական ավանդությունը (Հռովմայեցիս 6։16; Բ Կորնթացիս 6։14, 15)։
Որևէ դժբախտություն պատահե՞ց Ժանի ընտանիքին։ Անցել են տարիներ։ Այսօր Մարկը ծառայող օգնական է Եհովայի վկաների ժողովում։ Ընտանիքի բոլոր անդամներն էլ ուրախ են, որ չդարձան սնապաշտության գերին՝ վտանգի ենթարկելով իրենց հոգևոր բարօրությունը (Ա Կորնթացիս 10։21, 22)։
Ճշմարիտ քրիստոնյաները պետք է հեռու մնան սնոտիապաշտական խավար սովորույթներից և ընդունեն այն հոգևոր լույսը, որ տալիս են Արարիչը՝ Եհովա Աստված, ու նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ Այդպես վարվելով՝ նրանք ներքին խաղաղություն կվայելեն այն բանի գիտակցումից, որ Աստծո առջև արդարություն են գործում (Յովհաննէս 8։32)։
[ծանոթագրություններ]
a Անունները փոխվածեն։
b Տե՛ս «Պատասխանատո՞ւ է արդյոք Սատանան մեր հիվանդությունների համար» հոդվածը, «Դիտարան» պարբերագրի 1999 թ. սեպտեմբերի 1–ի համարում, ռուս.։
[շրջանակ/նկար 5–րդ էջի վրա]
Աշխարհում տարածված մի քանի նախանշաններ
• Ձողիկները բրնձով լի ամանի մեջ խրելը մահ կբերի։
• Արևի լույսի տակ բու տեսնելը դժբախտության նշան է։
• Եթե որևէ արարողության ժամանակ մոմը հանգչի, ուրեմն մոտակայքում չար ոգիներ կան։
• Եթե հատակին անձրևանոց ընկնի, ապա այդ տանը սպանություն է կատարվելու։
• Գլխարկը մահճակալի վրա դնելը վատ նշան է։
• Զանգակների ձայնը քշում է դևերին։
• Ծննդյան տորթի բոլոր մոմերը միանգամից փչել–հանգցնելը նշան է այն բանի, որ անհատի ցանկությունը կիրականանա։
• Եթե մահճակալի դիմաց ավել դրվի, նրա մեջ գտնվող չար ոգիները մահճակալի վրա կախարդանք կգցեն։
• Եթե սև կատուն կտրի ճանապարհդ, դժբախտություն է լինելու։
• Եթե պատառաքաղ ընկնի հատակին, մարդ է գալու։
• Դռան դիմաց կախված փղերի նկարը երջանկություն է բերում։
• Մուտքի դռան վերևում պայտ կախելը երջանկություն կբերի։
• Տան վրա աճող բաղեղը պաշտպանում է չար ոգիներից։
• Աստիճանի տակով քայլելը վատ նշան է։
• Եթե հայելին կոտրվի, յոթ վատ տարիներ են լինելու։
• Եթե պղպեղ թափվի, լավագույն ընկերոջ հետ վեճ է լինելու։
• Աղը թափելը դժբախտություն կբերի, եթե ձախ ուսի վրայով մի պտղունց աղ չգցես։
• Եթե թողնես, որ ճոճաթոռը դատարկ վիճակում ճոճվի, դևերին կհրավիրես, որ նստեն նրա վրա։
• Կոշիկները երեսնիվայր դնելը վատ նշան է։
• Երբ մարդ է մահանում, հարկավոր է բացել պատուհանները, որպեսզի հոգին կարողանա հեռանալ։
[շրջանակ 6–րդ էջի վրա]
Ազատված՝ սնապաշտության ճանկերից
Հարավային Աֆրիկայի շրջաններից մեկում իրենց քարոզչական գործունեության ժամանակ Եհովայի վկաները մի դուռ թակեցին։ Այն բացեց «սանգոմայի» (հեքիմի) շորեր հագած մի կին։ Վկաները ցանկացան հեռանալ, սակայն կինը պահանջեց, որ նրանք ասեն իրենց լուրը։ Կարդալով Բ Օրինաց 18։10–12-ը՝ Վկաներից մեկը ցույց տվեց Աստծո տեսակետը ոգեհարցության հետ առնչվող գործերի վերաբերյալ։ Հեքիմը համաձայնեց, որ իր հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացվի։ Նա ասաց, որ եթե ուսումնասիրության միջոցով համոզվի, որ «սանգոմայի» գործով զբաղվելը հակառակ է Եհովայի կամքին, ապա կդադարեցնի անել այդ։
«Դուք կարող եք հավիտյան ապրել երկրային Դրախտում» գրքի 10–րդ գլուխը Աստվածաշնչի օգնությամբ ուսումնասիրելուց հետո նա այրեց կախարդության հետ առնչվող իր բոլոր պիտույքները ու սկսեց հաճախել Թագավորության սրահում անցկացվող հանդիպումներին։ Բացի այդ, նա կարգի բերեց իր ընտանեկան կյանքը, թեև արդեն 17 տարի էր, ինչ առանձնացել էր իր ամուսնուց։ Այժմ երկուսն էլ Եհովային նվիրված ու մկրտված Վկաներ են։
[նկար 6–րդ էջի վրա]
«Սանգոման» ոսկորների միջոցով փորձում է գուշակել հիվանդության պատճառը
[նկարներ 7–րդ էջի վրա]
Աստծո մասին ճշգրիտ գիտությունն է բերում իսկական պաշտպանություն ու երջանկություն