Հնարավո՞ր է պաշտպանվել չար ոգիներից
ՋԵՅՄՍԸ մեծացել է Մալաիտա կղզում, որը Սողոմոնի կղզիներից մեկն է։ Մանկուց նրան սովորեցրել են պատվել ոգիներին։ Նա ասում է. «Ճիշտ է, ես երբեք չեմ խնդրել ոգիներին վնասել ուրիշներին, սակայն կարծում էի, որ հնարավոր չէ ապրել երջանիկ կյանքով՝ առանց ռառաֆոնոյի՝ վնասից պաշտպանվելու համար ոգիներին դիմելու սովորույթի»։
Սողոմոնի կղզիների բնակիչները, ինչպեսև աշխարհի մյուս մասերում ապրող մարդիկ նույնպես հավատում են, որ ոգիները կարող են և՛ օգնել, և՛ վնասել։ Իրականում շատերը ոչ թե վախենում են ոգիներից, այլև կապված են նրանց հետ։
Օրինակ՝ Ջեյմսը հիշում է, որ իրենց գյուղի կանայք, երբ լսում էին կոռոկոռո թռչունի ձայնը, անմիջապես երեխաներին տուն էին մտցնում, քանի որ կարծում էին, որ ինչ–որ մեկին վատ բան կպատահի։
Որոշ գյուղերում հատուկ սպիտակ քար են դնում տան դռան վերնամասում։ Ջեյմսը այդպես էր անում, քանի որ մտածում էր, որ քարը պաշտպանում է իրեն չար ոգիներից։ Իսկ աշխատավայրում ընդմիջմանը ճաշելուց հետո հավաքում էր կերակուրի մնացորդները և պահում էր պայուսակի մեջ, որպեսզի դեն գցի դրանք։ Նրա մտավախությունն այն էր, որ մի վհուկ կգտնի ուտելիքի մնացորդները և դրանց միջոցով կխնդրի ոգիներին վնասել իրեն, և ինքը կհիվանդանա։
Գուցե ձեր երկրում չկան այսպիսի սովորություններ, սակայն հնարավոր է դուք էլ եք հետևում սովորույթների, որպեսզի պաշտպանված լինեք չար ոգիներից։
Եթե Աստվածաշունչը հեղինակավոր գիրք է ձեզ համար, ապա անկասկած կցանկանաք իմանալ, թե ինչ է ասում այն հետևյալ հարցերի մասին։ 1) Ինչպե՞ս կարող են չար ոգիները վնասել ձեզ։ 2) Սովորույթներին հետևելու պատճառով կընկնե՞ք չար ոգիների ազդեցության տակ։ 3) Ինչպե՞ս կարող եք պաշտպանված լինել չար ուժերից։
Ինչպե՞ս են վնասում չար ոգիները
Աստվածաշունչն ասում է, որ չար ոգիները մահացած մարդկանց ոգիները չեն։ «Կենդանիները գիտեն որ մեռնելու են,— գրված է Աստծու Խոսքում,— բայց մեռելները մի բան չ’գիտեն» (Ժողովող 9։5)։ Իրականում չար ոգիները այն ըմբոստ հրեշտակներն են, որոնք Սատանայի կողմն են անցել և մոլորեցնում են մարդկանց (Հայտնություն 12։9)։
Գրությունները հստակ նշում են, որ մենք պետք է պաշտպանվենք չար ոգիներից։ Պողոս առաքյալը Եփեսոսի քրիստոնյաներին գրեց. «Մեր պայքարը արյան ու մարմնի դեմ չէ, այլ .... երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ»։ Իսկ Պետրոսը այս աշխարհի իշխանին՝ Բանսարկու Սատանային, համեմատեց մռնչող առյուծի հետ, որը «փնտրում է, թե ում կուլ տա» (Եփեսացիներ 6։12; 1 Պետրոս 5։8)։
Սատանան մարդկանց վնաս է հասցնում հիմնականում մոլորեցնելով, խաբելով կամ էլ դրդելով նրանց Աստծուն տհաճ արարքներ գործելու։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Սատանան «լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում» (2 Կորնթացիներ 11։14)։ Նա ձևացնում է, թե ուզում է պաշտպանել մարդկանց, սակայն իրականում նրա մտադրությունը չար է։ Բանսարկուն կուրացնում է մարդկանց մտքերը, որպեսզի նրանք չիմանան ճշմարտությունը իր և Աստծու մասին (2 Կորնթացիներ 4։4)։ Իսկ ո՞րն է նրա նպատակը։
Սատանան ագահաբար ուզում է, որ մարդիկ, գիտակցաբար թե առանց գիտակցելու, երկրպագեն հենց իրեն։ Նա փորձեց անգամ Աստծու Որդուն՝ առաջարկելով նրան աշխարհի թագավորությունները, եթե միայն «ընկնի ու երկրպագություն անի իրեն»։ Սակայն Հիսուսն ասաց. «Հեռացի՛ր, Սատանա՛, քանի որ գրված է. «Եհովայի՛ն՝ քո Աստծո՛ւն պետք է երկրպագես»» (Մատթեոս 4։9, 10)։ Հիսուսը մերժեց Սատանայի առաջարկը և չերկրպագեց նրան։
Եհովան բոլոր ոգեղեն արարածներից հզոր է և երբեք չի թողնի, որ իրեն հնազանդվողներին մշտական վնաս հասցվի (Սաղմոս 83։18; Հռոմեացիներ 16։20)։ Սակայն եթե ուզում ենք Հիսուսի պես վարվել և Աստծու հավանությանն արժանանալ, պետք է խուսափենք այնպիսի բաներ անելուց, որով ցույց կտանք, որ իրականում հնազանդվում ենք Սատանային և նրա դևերին։ Հետևաբար մենք պետք է իմանանք, թե որոնք են այն սովորույթները, որոնց հետևելով՝ կերկրպագենք չար ուժերին։
Սովորույթներ, որոնք տհաճեցնում են Աստծուն
Եհովա Աստված զգուշացրել էր իսրայելացիներին, որ շրջակա ազգերի սովորույթներին չհետևեն։ Նա ասել էր. «Ձեր մէջ չ’գտնուի դիւթութիւն դիւթող, գուշակող եւ հմայող եւ կամ հաւահարց, նաեւ կախարդ»։ Ինչո՞ւ։ «Բոլոր այս բաներն անողը Եհովայի առաջին գարշելի է» (Բ Օրինաց 18։10–12)։
Ուստի հարկավոր է նկատի առնել հետևյալ հարցերը. «Արդյոք այս կամ այն սովորույթը խրախուսո՞ւմ է ինձ հավատալու նախանշաններին։ Հրաշքով ինչ–որ բան անելու զորությունը վերագրվո՞ւմ է անշունչ առարկաների։ Դա արվում է անհատին պաշտպանելու կամ նրա վրա անեծք բերելո՞ւ համար։ Այդ սովորույթին հետևելով՝ անհատը ո՞ւմ է հնազանդվում՝ ինչ–որ ոգո՞ւ, թե՞ Եհովային ու Հիսուսին» (Հռոմեացիներ 14։11; Փիլիպպեցիներ 2։9, 10)։
Այսպիսի սովորույթներից անհրաժեշտ է հեռու մնալ։ Ինչո՞ւ։ Պողոսը գրում է. «Չեք կարող օգտվել և՛ «Եհովայի սեղանից», և՛ դեվերի սեղանից»։ Առաքյալը զգուշացնում է, որ նրանք, ովքեր ուզում են հաճեցնել թե՛ Աստծուն, թե՛ ոգիներին, «Եհովայի խանդն են արթնացնում» (1 Կորնթացիներ 10։20–22)։ Համաձայն չե՞ք, որ Եհովա Աստված արժանի է բացարձակ նվիրվածության (Ելից 20։4, 5)։
Սակայն մեկ ուրիշ հարց է առաջանում. «Արդյոք այն, որ մարդը հետևում է այս կամ այն սովորույթին, ազատո՞ւմ է նրան իր արարքների համար պատասխանատվություն կրելուց»։ Օրինակ՝ շատ վայրերում ընդունված չէ ամուսնությունից առաջ սեռական հարաբերություն ունենալ։ Նման արարքը դատապարտվում է նաև Աստվածաշնչում (1 Կորնթացիներ 6։9, 10)։ Սակայն որոշ մշակույթներում այդ արարքը չի դատապարտվում, եթե աղջիկն ասում է, որ «կանաչ տերև»a ունի, այսինքն՝ սեռական հարաբերություն է ունեցել, քանի որ իր վրա կախարդություն են արել։
Մինչդեռ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մենք պատասխանատո՛ւ ենք մեր կատարած գործերի համար (Հռոմեացիներ 14։12; Գաղատացիներ 6։7)։ Օրինակ՝ առաջին կինը՝ Եվան, ասաց, որ իր անհնազանդության պատճառը Սատանան էր, որը խաբեց իրեն։ Բայց Եհովան պատասխանատվության կանչեց Եվային (Ծննդոց 3։13, 16, 19)։ Մենք ևս հաշվետու ենք Աստծուն մեր արարքների համար (Եբրայեցիներ 4։13)։
Ի՞նչ պետք է անեք
Եթե ուզում եք հաճելի լինել Աստծուն և ապրել Աստվածաշնչի սկզբունքների համաձայն, հնարավոր ամեն բան պետք է անեք Սատանայից ու նրա դևերից պաշտպանված լինելու համար։ Առաջին դարում ապրող եփեսացիները այս հարցում լավ օրինակ են թողել մեզ։ Չար ոգիներից հեռու մնալու համար նրանք հավաքեցին իրենց բոլոր գրքերը, որոնք առնչվում էին կախարդության և ոգեհարցության հետ, և «ամենքի առաջ այրեցին» (Գործեր 19։19)։
Սակայն գրքերը այրելուց առաջ նրանք «գալիս էին և բացահայտ խոստովանում ու պատմում էին իրենց գործերը» (Գործեր 19։18)։ Այդ մարդիկ այնքան էին տպավորվել Քրիստոսի մասին Պողոսի պատմածից, որ ոչ միայն այրեցին իրենց ոգեհարցության գրքերը, այլև ամբողջովին փոխեցին իրենց վերաբերմունքը տեղի սովորույթների նկատմամբ։
Ինչ խոսք, գուցե դժվար լինի հրաժարվել այդ ամենից։ Ջեյմսը, որի մասին նշվեց հոդվածի սկզբում, նույնպես որոշ դժվարություններ ունեցավ։ Նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։ Սակայն միևնույն ժամանակ շարունակում էր զբաղվել ռառաֆոնոյով։ Նա հավատում էր Եհովայի տված խոստումներին, բայց մտածում էր, որ չար ուժերից պաշտպանված լինելու համար պետք է հետևի իր բնակավայրում ընդունված սովորույթներին։
Ինչպե՞ս Ջեյմսը փոխեց իր վերաբերմունքը։ Նա պատմում է. «Աղոթեցի Եհովային, որ պաշտպանի ինձ և օգնի, որ վստահեմ իրեն։ Ես հրաժարվեցի բոլոր սովորույթներից»։ Վնասեցի՞ն նրան չար ոգիները։ «Ո՛չ,— պատասխանում է Ջեյմսը,— Ես սովորեցի ապավինել Աստծուն։ Այժմ շատ մտերիմ եմ Եհովայի հետ»։ Յոթ տարի է, ինչ Ջեյմսը ծառայում է որպես լիաժամ քարոզիչ և շատերին է օգնում սովորելու Աստվածաշնչի ուսմունքները։
Աստծու Խոսքը խորհուրդ է տալիս գործի դնել «բանականությունը» և ստուգել, թե արդյոք ձեր բնակավայրում ընդունված սովորույթները ներդաշնա՞կ են «Աստծու կամքին» (Հռոմեացիներ 12։1, 2)։ Քաջություն դրսևորեք և հրաժարվեք այն ամենից, ինչ կապ ունի ոգեհարցության հետ։ Կարող եք վստահ լինել, որ Եհովան «կընդունի ձեզ» և կպաշտպանի (2 Կորնթացիներ 6։16–18)։ Դուք նույնպես կհամոզվեք, որ Աստվածաշնչի խոստումները ճշմարիտ են և վստահելի։ Առակաց 18։10–ում գրված է. «Ամուր աշտարակ է Տիրոջ անունը, նորա մէջ է փախչում արդարը եւ ապաստան գտնում» (Առակաց 18։10)։
[ծանոթագրություն]
a Ըստ մի սովորության՝ հատուկ տերևի կամ ուտելիքի վրա կախարդություն է արվում։ Այնուհետև դա տալիս են աղջկան։ Տերևը կամ ուտելիքը նրան գրավիչ է դարձնում տղամարդու համար։ Սա այն դեպքը չէ, երբ աղջիկն անգիտակցաբար թմրանյութ է ընդունում, և հետո նրան ստիպում են իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալ։ Այս պարագայում աղջիկն անմեղ զոհ է։
[նկար 19–րդ էջի վրա]
«Կոռոկոռո»
[թույլտվությամբ]
Courtesy of Dr. Bakshi Jehangir
[նկար 19–րդ էջի վրա]
Աղջիկը հավաքում է ուտելիքի մնացորդները, որպեսզի դրանցով կախարդություն չանեն