Ընթերցողների հարցերը
Ի՞նչ խորհուրդներ է տալիս Աստվածաշունչը երեխաներին դաստիարակելու վերաբերյալ այն դեպքում, երբ ծնողներից մեկը Եհովայի վկա չէ։
Երեխաներին դաստիարակելու հարցում ոչ Վկա կողակից ունեցող Վկա ծնողը կարող է առաջնորդվել երկու հիմնական աստվածաշնչյան սկզբունքներով։ Առաջինը՝ «պէտք է առաւել Աստծուն հնազանդուել, քան մարդկանց» (Գործք 5։29)։ Երկրորդը՝ «մարդն է գլուխը կնոջ, ինչպէս որ Քրիստոս գլուխն է եկեղեցու» (Եփեսացիս 5։23)։ Այս վերջինը վերաբերում է ոչ միայն այն կանանց, ում ամուսինը Վկա է (Ա Պետրոս 3։1)։ Ինչպե՞ս կարող է Եհովայի վկա հանդիսացող ծնողը իր երեխաներին ուսուցանելիս միաժամանակ կիրառել այս երկու սկզբունքները։
Եթե ամուսինն է Եհովայի վկա, ապա նա է պատասխանատու իր ընտանիքի և՛ հոգևոր, և՛ ֆիզիկական կարիքների բավարարման համար (Ա Տիմոթէոս 5։8)։ Թեև գուցե նրա հավատը չկիսող կինը ավելի շատ ժամանակ է անցկացնում երեխաների հետ, Վկա հայրը պարտավոր է հոգևոր կրթություն տալ իր երեխաներին՝ թե՛ տանը և թե՛ քրիստոնեական ժողովների տանելով, որտեղ երեխաները օգուտ կքաղեն՝ լսելով ուսուցանվող բարոյական սկզբունքները ու առողջ շփում վայելելով։
Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, եթե Վկա չհանդիսացող կինը պահանջում է երեխաներին տանել իր երկրպագության վայրը կամ սովորեցնել նրանց իր կրոնը։ Տվյալ երկրի օրենքով՝ նա գուցե իրավունք ունենա այդ անելու։ Կհրապուրվեն երեխաները նման տեղերում կատարվող երկրպագության ձևերով, թե՝ ոչ, մեծապես կախված է այն բանից, թե ինչպես է հայրը կրթել նրանց հոգևորապես։ Մեծանալով՝ երեխաները, իրենց հոր կողմից տրված հոգևոր կրթության շնորհիվ, գուցե ընտրեն Աստծո Խոսքում ներկայացված ճշմարտությունը։ Որքա՜ն երջանիկ կլինի հայրը, եթե նրանք որոշեն բռնել ճշմարտության ուղին։
Եթե մայրն է Եհովայի վկա, ապա իր երեխաների հավիտենական բարօրությամբ մտահոգված լինելու հետ մեկտեղ՝ նա նաև պետք է հարգի գլխավորության սկզբունքը (Ա Կորնթացիս 11։3)։ Շատ դեպքերում Վկա չհանդիսացող ամուսինը չի առարկում, որ երեխաների բարոյական և հոգևոր կրթությամբ զբաղվի կինը՝ այդ թվում նաև ժողովների տանելով։ Կինը կարող է օգնել իր հավատը չկիսող ամուսնուն տեսնելու այն օգուտները, որ երեխաները ստանում են Եհովայի կազմակերպության միջոցով տրվող արդյունավետ կրթությունից։ Նա կարող է նրբանկատորեն ընդգծել այն միտքը, որ արժե իրենց երեխաների մեջ ներարկել Աստվածաշնչի բարոյական չափանիշները, քանի որ շրջապատող աշխարհը կարող է կործանարար ազդեցություն թողնել նրանց վրա։
Սակայն գուցե այնպես պատահի, որ կնոջ հավատը չկիսող ամուսինը պահանջի, որպեսզի երեխաները դավանեն իր կրոնը. տանի նրանց իր երկրպագության վայրը և ուսուցանի նրանց իր հավատը։ Կամ գուցե ամուսինը դեմ է ամեն տեսակի կրոնների և ընդհանրապես չի ցանկանում, որ իր երեխաները հոգևոր կրթություն ստանան։ Քանի որ նա է ընտանիքի գլուխը, նա է որոշում կայացնողը։a
Ամուսնու գլխավորությունը հարգելու հետ մեկտեղ՝ Աստծուն նվիրված կինը պետք է պահպանի այն նույն ոգին, որ ունեին Պետրոս և Հովհաննես առաքյալները, որ ասացին. «Մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք եւ լսել» (Գործք 4։19, 20)։ Իր երեխաների հոգևոր բարօրության մասին մտահոգված՝ Վկա մայրը հնարավորություններ կփընտրի նրանց բարոյապես կրթելու։ Նա Եհովայի առջև պատասխանատու է ուրիշներին ճշմարտությունը ուսուցանելու հարցում, և այդ առումով՝ երեխաները չպետք է բացառություն կազմեն (Առակաց 1։8; Մատթէոս 28։19, 20)։ Ինչպե՞ս կարող է Վկա մայրը լուծել այս դժվարին խնդիրը։
Վերցնենք, օրինակ, Աստծո հանդեպ հավատ սերմանելու հարցը։ Վկա կինը գուցե չկարողանա պաշտոնապես Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել երեխաների հետ իր ամուսնու կողմից դրված արգելքների պատճառով։ Արժե՞ արդյոք, որ նման դեպքում նա խուսափի իր երեխաներին Եհովայի մասին որևէ բան պատմելուց։ Ո՛չ։ Կնոջ խոսքերն ու գործերն արդեն իսկ պիտի արտահայտեն նրա հավատը Արարչի հանդեպ։ Բացի այդ, նրա երեխաներն, անկասկած, հարցեր կունենան այդ թեմայով։ Կինը կարող է ազատորեն օգտվել կրոն դավանելու իր իրավունքից՝ Արարչի հանդեպ իր հավատը արտահայտելով բոլորի, այդ թվում նաև՝ երեխաների առջև։ Նույնիսկ եթե նա չկարողանա Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնել իր երեխաների հետ կամ նրանց կանոնավորապես ժողովների տանել, ամեն դեպքում կկարողանա սովորեցնել երեխաներին Եհովայի մասին (Բ Օրինաց 6։7)։
Վկայի ու նրա հավատը չկիսող կողակցի ամուսնական կապի վերաբերյալ Պողոս առաքյալը գրել է. «Անհաւատ մարդը իր կնոջո՛վ սուրբ է. սուրբ է եւ անհաւատ կինը իր մարդո՛վ. ապա թէ ոչ՝ ձեր որդիները պիղծ կը լինեն. մինչդեռ հիմա սուրբ են» (Ա Կորնթացիս 7։14)։ Հավատ ցուցաբերող կողակցի շնորհիվ՝ Եհովան ամուսնական այդ կապը սուրբ է համարում, սուրբ է համարում նաև երեխաներին։ Վկա կինը պետք է իր հնարավորության սահմաններում ամեն ինչ անի, որպեսզի կարողանա օգնել իր երեխաներին հասկանալու ճշմարտությունը՝ վերջնական լուծումը թողնելով Եհովայի ձեռքում։
Մեծանալով՝ երեխաները կկանգնեն ընտրության առջև և իրենց ծնողներից ստացած տեղեկությունների հիման վրա կորոշեն, թե ինչ դիրք են բռնելու։ Գուցե նրանք ցանկանան գործել Հիսուսի հետևյալ խոսքերին համապատասխան. «Ով իր հօրը եւ կամ մօրը ինձնից աւելի է սիրում, ինձ արժանի չէ» (Մատթէոս 10։37)։ Աստվածաշունչը նաև պատվիրում է. «Որդինե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին ի Տէր» (Եփեսացիս 6։1)։ Շատ պատանիներ որոշում են կայացրել հնազանդվելու «առաւել Աստծուն» և ոչ թե Վկա չհանդիսացող ծնողին՝ վերջինիս կողմից հալածանքների ենթարկվելու գնով անգամ։ Որքա՜ն կպարգևատրվի Վկա ծնողը՝ տեսնելով, որ երեխաները, չնայած հալածանքներին, Եհովային ծառայելու որոշում են կայացրել։
[ծանոթագրություն]
a Կինը իրավունք ունի ազատորեն դավանել իր կրոնը, այդ թվում նաև՝ հաճախել քրիստոնեական հանդիպումներին։ Որոշ դեպքերում ամուսինը չի ցանկանում հոգ տանել փոքր երեխաներին այն ընթացքում, երբ կինը բացակայում է՝ ժողովի հանդիպմանը ներկա լինելու պատճառով։ Նման պարագաներում սիրող մայրը պարտավոր է երեխաներին իր հետ տանել ժողովի։