Տալ՝ կաշվից դուրս գալո՞վ
«ԿԱՐՈՂ եք ինձ մուրացկան անվանել, ես դրանից չեմ վիրավորվի. ես փող եմ հավաքում Հիսուսի համար»։ Բողոքական մի առաջնորդի կողմից ասված այս խոսքերից երևում է, որ կրոնը ֆինանսավորելու հարցի շուրջ բուռն վեճեր են ընթանում։ Գոյատևելու համար հիմնական կրոնական ուղղությունները բավական ֆինանսական միջոցներ պետք է ունենան. հարկավոր է վճարել աշխատավարձերը, կառուցել և սարքին վիճակում պահել տաճարները, կազմակերպել ավետարանչական գործը։ Հարց է ծագում. որտեղի՞ց հայթայթել անհրաժեշտ միջոցներ։
Շատ եկեղեցիներ դա անում են տասանորդի միջոցով։a «Տասանորդի գանձումը՝ երկրի վրա Աստծո թագավորությունը ֆինանսավորելու եղանակն է՝ ընտրված Աստծո կողմից, — հայտարարել է ավետարանչական գործիչ Նորման Ռոբերտսոնը։ — Դա տնտեսություն վարելու Նրա ձևն է, որ հնարավոր է դարձնում Ավետարանը քարոզելու գործը»։ Առանց փոքր–ինչ տատանվելու՝ նա հիշեցրեց իր հետևորդներին, որ վերջիններս պարտավոր են տալ, և ասաց. «Տասանորդ պետք է տալ նույնիսկ հնարավորություն չունենալու դեպքում. դա հնազանդության դրսևորում է։ Տասանորդ չտալը Աստծո պատվիրանների բացահայտ խախտում է, ուրիշի փողը յուրացնելու նման մի բան» («Tithing—Cod’s Financial Plan»)։
Հավանաբար դուք կհամաձայնեք, որ տալը քրիստոնյայի երկրպագության մի մասն է։ Սակայն անհանգստություն պատճառող և նույնիսկ վիրավորական չե՞ն արդյոք փող զոհաբերելու համառ կոչերը։ Բրազիլացի աստվածաբան Ինասիու Ստրիդերը, եկեղեցիներին մեղադրելով տասանորդի միջոցով իրենց գործունեությունը հովանավորելու մեջ, ասում է, որ այդ ճանապարհով նրանք փորձում են «լուծել իրենց խնդիրները», ու դա անվանում է «անօրինական, նախատինքի արժանի և իսկական կրոնից շեղված մի բան»։ Նրա խոսքերով՝ դրա հետևանքը լինում է այն, որ «գործազուրկները, այրիները, չքավորները և հեշտությամբ ուրիշի ազդեցության տակ ընկնողները սկսում են մտածել, թե Աստված մերժել է իրենց, և ստիպված են լինում «քարոզիչ եղբորը» տալ այնքան, որ արդյունքում իրենց ընտանիքի անդամները սովի են մատնվում»։
Հավանաբար կցանկանայիք իմանալ, թե արդյոք տասանորդ պահանջելը համապատասխանում է Աստվածաշնչում գրվածին։ Գուցե կրոնական որոշ ուղղություններ Աստծո հանդեպ վախ են ներշնչում իրենց «հոտից» փող կորզելո՞ւ նպատակով։ Արդյո՞ք, ինչպես ասում են ոմանք, Աստված ակնկալում է, որ տանք՝ կաշվից դուրս գալով...
[ծանոթագրություն]
a Տասանորդը անհատի ընդհանուր եկամտի տասը տոկոսն է։