Զորացրեք ձեր ձեռքերը
ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ «ձեռք» բառը հանդիպում է հարյուրավոր անգամ, որտեղ այդ բառով կազմված դարձվածքները տարբեր իմաստներ ունեն։ Օրինակ՝ «մաքուր ձեռքեր» արտահայտությունը անարատություն է խորհրդանշում (Բ Թագաւորաց 22։21; Սաղմոս 24։3, 4)։ Իսկ «ձեռքը բաց անել» նշանակում է՝ ուրիշների հանդեպ առատաձեռն լինել (Բ Օրինաց 15։11; Սաղմոս 145։16)։ Ով իր կյանքը վտանգի է ենթարկում, նրա մասին ասվում է, որ «իր հոգին իր ձեռքի մեջ է դրել» (Ա Թագաւորաց 19։5)։ Երբ ասվում է, որ «մեկի ձեռքերը թուլացել են», պետք է հասկանալ, որ նա վհատվել է (Բ Մնացորդաց 15։7)։ Եվ երբ ասվում է, թե «մեկի ձեռքը զորանում է», նշանակում է՝ որևէ գործ կատարելու համար զորանալ և ուժ ստանալ (Ա Թագաւորաց 23։16)։
Այսօր մենք առավել, քան երբևէ պետք է զորացնենք մեր ձեռքերը, քանի որ ապրում ենք «չար ժամանակներ[ում]» (Բ Տիմոթէոս 3։1)։ Հուսահատ վիճակում մարդ սովորաբար հակված է լինում, այսպես ասած, հանձնվելու, թույլ տալու, որ իր ձեռքերը թուլանան։ Այսօր սովորական երևույթ է դարձել այն, որ պատանիները թողնում են դպրոցը, ամուսինները լքում են իրենց ընտանիքները, մայրերը հրաժարվում են իրենց երեխաներից։ Սակայն մենք՝ քրիստոնյաներս, պետք է զորացնենք մեր ձեռքերը, որպեսզի կարողանանք դիմագրավել բոլոր այն դժվարությունները, որ հանդիպում են մեզ Աստծուն ծառայելու ճանապարհին (Մատթէոս 24։13)։ Այսպես վարվելով՝ մենք կուրախացնենք Եհովայի սիրտը (Առակաց 27։11)։
Ինչպես զորացնենք մեր ձեռքերը
Եզրասի օրերում ապրող հրեաները պետք է զորացնեին իրենց ձեռքերը, որպեսզի կարողանային Երուսաղեմում վերաշինել Եհովայի տաճարը։ Ինչպե՞ս նրանց ձեռքերը զորացան։ Այդ մասին Աստվածաշնչում կարդում ենք. «Եօթն օր բաղարջակերաց տօնը կատարեցին ուրախութիւններով, որովհետեւ Տէրը նորանց ուրախացրել էր. եւ Ասորեստանի թագաւորի սիրտը դարձրեց դէպի նորանց՝ նորանց ձեռքը Աստուծոյ տան գործքումը ուժովացնելու համար» (Եզրաս 6։22)։ Ակներևաբար, Եհովան իր գործուն ուժի միջոցով այնպես արեց, որ «Ասորեստանի թագաւոր[ը]» թույլ տար իր ժողովրդին վերադառնալ Երուսաղեմ, իսկ նա իր հերթին ոգեպնդեց նրանց, որպեսզի կարողանային ավարտել իրենց սկսած գործը։
Ավելի ուշ, երբ հարկավոր էր վերականգնել Երուսաղեմի պարիսպները, Նեեմիան զորացրեց իր եղբայրների ձեռքերը, որպեսզի նրանք կարողանային իրականացնել այդ աշխատանքը։ Այդ մասին կարդում ենք. «Ես նորանց պատմեցի որ իմ Աստուծոյ ձեռքը ինձ վերայ բարեյաջող է, եւ մանաւանդ թագաւորի խօսքերը որ ինձ ասել էր. եւ նորանք ասեցին. Վեր կենանք եւ շինենք, եւ իրանց ձեռքերն ուժովացրին այս բարի գործի համար»։ Արդյունքում՝ Նեեմիան և մյուս հրեաները, զորացնելով իրենց ձեռքերը, ընդամենը 52 օրում վերաշինեցին Երուսաղեմի պարիսպները (Նէեմիա 2։18; 6։9, 15)։
Նույնանման կերպով Եհովան այսօր զորացնում է մեր ձեռքերը, որպեսզի ողջ աշխարհով մեկ քարոզենք Թագավորության բարի լուրը (Մատթէոս 24։14)։ Ինչպե՞ս. «հաստատ[ելով մեզ] ամեն բարի գործի մէջ նորա կամքն անելու» (Եբրայեցիս 13։21)։ Նա մեզ ապահովում է բարձրորակ «գործիքներով», որոնք են՝ Աստվածաշունչը և նրա վրա հիմնված գրքերը, պարբերագրերը, գրքույկները, թերթիկները, ձայներիզներն ու տեսաերիզները, որպեսզի դրանց օգնությամբ հասնենք մարդկանց սրտերին։ Մեր գրականությունը լույս է տեսնում ավելի քան 380 լեզուներով։ Նաև ժողովի հանդիպումների, շրջանային և մարզային համաժողովների միջոցով Եհովան մեզ աստվածային ուսուցում է տալիս և սովորեցնում, թե ինչպես կարող ենք այդ միջոցները գործածել ծառայության մեջ։
Ինչպես տեսնում ենք, Եհովան մեզ զորացնում է տարբեր կերպերով։ Սակայն նա ակնկալում է, որ մեր կողմից մենք էլ ջանքեր գործադրենք։ Եկեք հիշենք, թե Եղիսե մարգարեն ինչ ասաց Հովաս թագավորին, որը եկել էր մարգարեի մոտ, որպեսզի ասորիների դեմ պատերազմը շահելու համար օգնություն խնդրեր։ Եղիսեն ասաց, որ թագավորը վերցնի մի քանի նետ և հարվածի գետնին։ Աստվածաշնչում այդ մասին կարդում ենք. «Նա զարկեց երեք անգամ ու կանգնեց։ Եւ Աստուծոյ մարդը բարկացաւ նորա վերայ եւ ասեց. Հինգ կամ վեց անգամ պէտք էր զարկել, այն ժամանակ կ’զարկէիր Ասորիներին մինչեւ որ վերջանային, բայց հիմա միայն երեք անգամ ես զարկելու» (Դ Թագաւորաց 13։18, 19)։ Քանի որ թագավորը թերացավ եռանդ ցուցաբերել, ուստի ասորիների հետ պատերազմում առանձնապես մեծ հաջողությունների չհասավ։
Նույն սկզբունքը գործադրելի է նաև մեր պարագայում, երբ պատրաստվում ենք կատարել Եհովայի կողմից մեզ տրված հանձնարարությունը։ Պետք չէ անհանգստանալ, որ այն կարող է դժվար լինել, կամ էլ մտահոգվել մեզ հանդիպող խնդիրների մասին. փոխարենը՝ ձգտենք սրտանց ու եռանդով կատարել մեր գործը։ Մենք պետք է զորացնենք մեր ձեռքերը և ապավինենք Եհովայի օգնությանը (Եսայիա 35։3, 4)։
Եհովան կզորացնի մեր ձեռքերը
Եհովան անպատճառ մեզ կօգնի և մեր ձեռքերը կզորացնի, որպեսզի կարողանանք կատարել նրա կամքը։ Իհարկե, Աստված հրաշք չի գործի կամ մեր փոխարեն ամեն բան չի անի։ Նա ակնկալում է, որ մեզանից յուրաքանչյուրն անի այն, ինչ իրենից պահանջվում է՝ ամեն օր կարդա Աստվածաշունչը, կանոնավորաբար պատրաստվի և ներկա լինի հանդիպումներին, հնարավորին չափ հաճախակի մասնակցի քարոզչության գործին և հարատևի աղոթքի մեջ։ Եթե մեր հնարավորության սահմաններում հավատարմորեն և պարտաճանաչորեն կատարենք մեր ուժերից եկածը, Եհովան մեզ զորություն կտա անելու այն ամենը, ինչ որ նա ակնկալում է մեզանից (Փիլիպպեցիս 4։13, ԷԹ)։
Քննենք մի քրիստոնյա եղբոր օրինակը։ Մեկ տարվա մեջ նա կորցրեց կնոջն ու մորը։ Դեռ կորստի ցավը չէր ամոքվել, երբ նրա հարսը լքեց իր որդուն և հեռացավ քրիստոնեական կյանքի ուղուց։ «Ես հասկացա, որ մենք ինքներս չենք կարող ընտրել մեր փորձությունները, ոչ էլ դրանց օրն ու ժամը նշանակել։ Մենք ինքներս չենք կարող նաև որոշել, թե որքան հաճախ կարող են դրանք մեզ պատահել», — ասում է այդ եղբայրը։ Ինչպե՞ս նա դիմադրելու զորություն ստացավ։ «Աղոթքն ու անձնական ուսումնասիրությունը ինձ համար փրկարար օղակի պես էին, որ օգնում էին ինձ ջրի վրա մնալ։ Իսկ հոգևոր քույրերի ու եղբայրների աջակցությունը ամոքում էր սիրտս։ Ամեն բանից առավել ես հասկացա, որ շատ կարևոր է Եհովայի հետ մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել մինչև դժվարին իրավիճակների մեջ ընկնելը»։
Ինչպիսի փորձություն էլ որ ձեզ պատահի, վճռական եղեք ամբողջությամբ ապավինելու Եհովային և լիարժեք կերպով օգտվելու բոլոր այն միջոցներից, որոնք Աստված տալիս է մեզ՝ մեր ձեռքերը զորացնելու համար։ Եվ այդժամ դուք ձեր լավագույնը կանենք Եհովայի ծառայության մեջ և դրանով փառք ու պատիվ կբերեք նրա սուրբ անվանը (Եբրայեցիս 13։15)։
[նկար 31–րդ էջի վրա]
Հովաս թագավորը թերացավ եռանդ ցուցաբերել, ուստի ասորիների հետ պատերազմում առանձնապես մեծ հաջողությունների չհասավ