Լիովին հետևո՞ւմ ես Քրիստոսին
«Ինչը որ դուք իրոք անում եք, շարունակեք ավելի լիարժեք կերպով դա անել» (1 ԹԵՍԱՂ. 4։1)։
1, 2. ա) Ի՞նչ հրաշքների են ականատես եղել Հիսուսի ժամանակակիցները։ բ) Ինչո՞ւ է մեր դարաշրջանը նույնպես նշանակալից։
ԵՐԲԵՎԷ մտածե՞լ ես, թե որքան հրաշալի կլիներ ապրել երկրի վրա այն ժամանակ, երբ Հիսուսն էր ապրում։ Գուցե պատկերացրել ես, թե ինչպես Հիսուսը կբուժեր քեզ։ Կամ որ հնարավորություն կունենայիր տեսնելու և լսելու Հիսուսին, սովորելու նրանից, ականատես լինելու նրա հրաշքներին (Մարկ. 4։1, 2; Ղուկ. 5։3–9; 9։11)։ Ինչպիսի՜ մեծ առանձնաշնորհում կլիներ դա (Ղուկ. 19։37)։ Իսկապես, այդ ժամանակվանից ի վեր ուրիշ ոչ մի սերունդ չի տեսել Հիսուսի մեծամեծ գործերը և թե ինչպես նա ազատեց մեզ մեղքից՝ «իրեն զոհաբերելով». մի բան, որն այլևս չի կրկնվի (Եբր. 9։26; Հովհ. 14։19)։
2 Մեր դարաշրջանը նույնպես նշանակալից է։ Այժմ մենք ապրում ենք, ինչպես Աստվածաշունչն է ասում, «վերջի ժամանակում», «վերջին օրերում» (Դան. 12։1–4, 9; 2 Տիմոթ. 3։1)։ Այս ժամանակում է Սատանան վայր գցվել երկնքից։ Շուտով նա կկապվի ու կգցվի «անդունդը» (Հայտն. 12։7–9, 12; 20։1–3)։ Ինչպես նաև այս ժամանակահատվածում է, որ մեծ առանձնաշնորհում ունենք աշխարհով մեկ հռչակելու «թագավորության բարի լուրը»՝ պատմելով մարդկանց դրախտի չքնաղ հույսի մասին։ Դա մի գործ է, որն այլևս չի կրկնվելու (Մատթ. 24։14)։
3. Երկինք համբարձվելուց առաջ ի՞նչ պատվիրեց Հիսուսն իր հետևորդներին, և ի՞նչ էր դա նշանակելու։
3 Երկինք համբարձվելուց առաջ Հիսուսն ասաց իր հետևորդներին. «Իմ վկաները կլինեք Երուսաղեմում և ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում և մինչև երկրի ամենահեռավոր վայրը» (Գործ. 1։8)։ Սա նշանակում է, որ մեծ կրթական աշխատանք էր կատարվելու։ Ո՞րն էր լինելու նպատակը. պատրաստել աշակերտներ՝ Հիսուսի հետևորդներ։ Եվ այդ գործը պետք է կատարվեր մինչև գար վերջը (Մատթ. 28։19, 20)։ Իսկ ի՞նչ պետք է անենք, որպեսզի լիովին կատարենք Հիսուսի այս հանձնարարությունը։
4. ա) Ի՞նչ միտք է ընդգծվում 2 Պետրոս 3։11, 12–ում։ բ) Ինչի՞ց պետք է զգույշ լինենք։
4 Նկատի առնենք Պողոս առաքյալի հետևյալ խոսքերը. «Ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով՝ սպասելով և մտքում ամուր պահելով Եհովայի օրվա ներկայությունը» (2 Պետ. 3։11, 12)։ Առաքյալի խոսքերը ընդգծում են, որ այս վերջին օրերում մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք աստվածանվեր գործերի վրա։ Այդ գործերից է, օրինակ, թագավորության բարի լուրի քարոզչությունը։ Անշուշտ, մենք մեծ ուրախությամբ հետևում ենք, թե ինչպես են մեր եղբայրները ամբողջ աշխարհում նախանձախնդրաբար կատարում այն։ Սակայն Սատանայի աշխարհից եկող ճնշումները և մեր մարմնական ցանկությունները կարող են թուլացնել ծառայության հանդեպ ունեցած մեր եռանդը, հետևաբար չպետք է թույլ տանք, որ նման բան տեղի ունենա։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչպես կարող ենք վստահ լինել, որ հետևում ենք Քրիստոսին։
Ինչպե՞ս ես կատարում քրիստոնեական պարտականություններդ
5, 6. ա) Ինչո՞ւ Պողոսը գովեց Երուսաղեմի քրիստոնյաներին և ի՞նչ նախազգուշացում տվեց։ բ) Ինչո՞ւ չպետք է մատների արանքով նայենք մեր ծառայությանը։
5 Երուսաղեմի քրիստոնյաներին ուղղված իր նամակում Պողոսը գովեստի խոսքեր ասաց նրանց, քանի որ նրանք հավատարիմ էին մնացել փորձությունների ժամանակ։ Նա ասաց. «Շարունակ հիշեք առաջվա օրերը, երբ լուսավորվելուց հետո տառապանքների ներքո դուք տոկացիք մեծ պայքարում»։ Եհովան նույնպես չէր մոռացել, որ նրանք հավատարմություն էին դրսևորել (Եբր. 6։10; 10։32–34)։ Առաքյալի գովեստի ջերմ խոսքերը, վստահաբար, անչափ քաջալերեցին եբրայեցի քրիստոնյաներին։ Սակայն այդ նույն նամակում նա նաև զգուշացրեց, որ եթե նրանք չհսկեն իրենց մարմնական ցանկությունները, ապա ծառայության հանդեպ ունեցած իրենց եռանդը կթուլանա։ Պողոսը զգուշացրեց, որ քրիստոնյաները չպետք է «պատրվակ փնտրեն», կամ՝ արդարացնեն իրենց՝ Քրիստոսին չհետևելու համար (Եբր. 12։25)։
6 «Պատրվակ չփնտրելու» այս նախազգուշացումը վերաբերում է նաև մեզ։ Մենք երբեք չպետք է մատների արանքով նայենք մեր քրիստոնեական պարտականություններին կամ թույլ տանք, որ ծառայության հանդեպ մեր եռանդը թուլանա (Եբր. 10։39)։ Ի վերջո, ծառայությունից է կախված թե՛ մեր, թե՛ ուրիշների կյանքը (1 Տիմոթ. 4։16)։
7, 8. ա) Ի՞նչը կօգնի պահպանելու եռանդը ծառայության մեջ։ բ) Եթե մեր եռանդը մարել է, ի՞նչ պետք է հիշենք Հիսուսի և Եհովայի առնչությամբ։
7 Ի՞նչը կօգնի, որ չարդարացնենք ինքներս մեզ, երբ թերանում ենք մեր պարտականությունները կատարելու մեջ։ Միջոցներից մեկը մեր նվիրման մասին խորհելն է։ Մենք խոստացել ենք Եհովային, որ նրա կամքը կատարելը մեր կյանքում առաջին տեղում կլինի, և ուզում ենք պահել այդ խոստումը (կարդա՛ Մատթեոս 16։24)։ Ուստի ժամանակ առ ժամանակ պետք է հարցնենք ինքներս մեզ. «Մկրտության օրից մինչև այսօր ապրո՞ւմ եմ նվիրմանս համաձայն, թե՞ եռանդս մարել է տարիների ընթացքում»։
8 Եթե անկեղծ ինքնաքննություն ենք կատարել և զգում ենք, որ առաջվա պես եռանդորեն չենք ծառայում, ապա մեզ համար քաջալերական կլինեն Սոփոնիա մարգարեի խոսքերը. «Ձեռքերդ չ’թուլանան։ Քո Տէր Աստուածը քո միջումը զօրաւոր է, նա փրկում է, նա պիտի ուրախանայ քեզ վերայ զուարճութեամբ» (Սոփ. 3։16, 17)։ Այս խոսքերը առաջին հերթին վերաբերում էին իսրայելացիներին, որոնք Բաբելոնի գերությունից վերադարձել էին Երուսաղեմ։ Սակայն դրանք վերաբերում են նաև այսօրվա քրիստոնյաներին։ Քանի որ մեր կատարած աշխատանքը Եհովայի գործն է, մենք պետք է միշտ հիշենք, որ Եհովան և իր Որդին թիկունք են կանգնում և զորացնում են մեզ, որ լիարժեք կերպով կատարենք մեր քրիստոնեական պարտականությունները (Մատթ. 28։20; Փիլիպ. 4։13)։ Ուստի եթե շարունակենք եռանդորեն կատարել Աստծու գործը, նա կօրհնի մեզ և կօգնի հոգևորապես առաջադիմելու։
Նախանձախնդրորեն «նախ թագավորությունը» փնտրիր
9, 10. Ո՞րն էր «մեծ ընթրիքի» մասին առակի նպատակը, և ի՞նչ դաս ենք քաղում։
9 Հիսուսը ընթրիքի էր հրավիրված փարիսեցիների իշխաններից մեկի տանը։ Այդ ժամանակ նա «մեծ ընթրիքի» մասին մի առակ պատմեց և բացատրեց, որ մարդկանց առջև հնարավորություն է բացվել մտնելու երկնքի թագավորություն։ Նա նաև բացատրեց, թե ինչ է նշանակում «պատրվակ բերել» (կարդա՛ Ղուկաս 14։16–21)։ Հիսուսի առակի հրավիրվածները պատրվակ են բերում ընթրիքին չգալու համար։ Նրանցից մեկն ասում է, որ արտ է գնել և պետք է գնա ու տեսնի այն։ Մյուսն էլ թե՝ անասուններ է գնել և պիտի գնա, որ փորձի դրանք։ Երրորդն էլ ասում է. «Ես նոր եմ կին առել և այդ պատճառով չեմ կարող գալ»։ Երեքն էլ, փաստորեն, պատրվակ բերեցին. անհատը արտ կամ անասուն գնելիս նախապես է դրանց տեսնելու գնում, ուստի սովորաբար անասուններին նորից փորձելու կամ արտը դարձյալ տեսնելու կարիք չի լինում։ Կամ ինչո՞ւ պետք է վերջերս ամուսնացած լինելը խանգարի մեկին ընդունելու կարևոր հրավերը։ Ուստի զարմանալի չէ, որ առակի տանտերը այդքան զայրանում է։
10 Բոլորս էլ կարող ենք դաս քաղել այս առակից։ Մենք չպետք է թույլ տանք, որ անձնական հարցերը, որոնցից մի քանիսի մասին հիշատակեց Հիսուսն իր առակում, այնքան կարևոր դառնան, որ Եհովային ծառայելը երկրորդ պլան մղվի մեր կյանքում։ Եթե քրիստոնյան անձնական գործերը ճիշտ տեղում չդնի, ապա նրա եռանդը աստիճանաբար կսկսի մարել (կարդա՛ Ղուկաս 8։14)։ Որպեսզի մեզ հետ նման բան չպատահի, պետք է հետևենք Հիսուսի տված հորդորին. «Շարունակեք նախ թագավորությունը և Նրա արդարությունը փնտրել» (Մատթ. 6։33)։ Որքա՜ն քաջալերական է տեսնել, որ Աստծու ծառաները՝ մեծ թե փոքր, կիրառում են այս կարևոր խորհուրդը։ Շատերը քայլեր են ձեռնարկել պարզեցնելու համար իրենց կյանքը, որպեսզի շատ ժամանակ տրամադրեն ծառայությանը։ Նրանք իրենց անձնական փորձով են համոզվել, որ նախանձախնդրորեն նախ Թագավորությունը փնտրելը իսկական երջանկություն և մեծ բավարարվածություն է բերում։
11. Աստվածաշնչի ո՞ր արձանագրությունն է ընդգծում Աստծուն ամբողջ սրտով և նախանձախնդրորեն ծառայելու կարևորությունը։
11 Որպեսզի պատկերացնենք, թե որքան կարևոր է Աստծուն նախանձախնդրորեն ծառայելը, եկեք քննենք մի դեպք, որը տեղի է ունեցել Իսրայելի Հովաս թագավորի հետ։ Թագավորը խիստ մտահոգված էր Իսրայելի ճակատագրով, քանի որ վախենում էր, թե ասորիները պարտության կմատնեն իսրայելացիներին։ Ուստի նա լաց լինելով գնում է Եղիսե մարգարեի մոտ։ Մարգարեն պատվիրում է նրան նետ ու աղեղ վերցնել և նետեր արձակել Ասորիքի ուղղությամբ։ Դա խորհրդանշելու էր, որ նրանք Եհովայի օգնությամբ հաղթանակ պիտի տանեն։ Այս խոսքերն, ինչ խոսք, քաջալերում են թագավորին։ Այնուհետև Եղիսեն պատվիրում է վերցնել նետերը և «գետինը զարկել»։ Նա երեք անգամ է «զարկում», և դա զայրացնում է մարգարեին, քանի որ Հովասը հինգ կամ վեց անգամ պիտի զարկեր, որպեսզի «Ասորիները.... վերջանային»։ Ուստի թագավորը հիմա միայն երեք անգամ կարող էր հաղթել թշնամուն։ Հովասը, փաստորեն, նախանձախնդրություն չդրսևորեց և այդպիսով զրկվեց Աստծու օրհնությունը լիովին ստանալու հնարավորությունից (Դ Թագ. 13։14–19)։ Ի՞նչ դաս ենք սովորում այս դեպքից։ Եհովան մեզ առատապես կօրհնի միայն այն դեպքում, եթե կատարենք նրա գործը ամբողջ սրտով և նախանձախնդրորեն։
12. ա) Մինչ հաղթահարում ենք կյանքի դժվարությունները, ի՞նչը կօգնի մեզ նախանձախնդրաբար ծառայելու Աստծուն։ բ) Պատմիր, թե ինչ օգուտներ ես քաղում՝ ծառայության մեջ զբաղված մնալով։
12 Կյանքի հոգսերը փորձության են ենթարկում Աստծուն ծառայելու մեր եռանդն ու նվիրվածությունը։ Շատ եղբայրներ ու քույրեր տնտեսական լուրջ դժվարությունների են բախվում։ Մյուսներն էլ վհատվում են, քանի որ ի վիճակի չեն շատ ծառայելու առողջական խնդիրների պատճառով։ Սակայն մեզնից յուրաքանչյուրը կարող է քայլեր ձեռնարկել, որ չկորցնի նախանձախնդրությունը և շարունակի լիովին հետևել Քրիստոսին։ Այդ հարցում կարող են օգտակար լինել «Ի՞նչը կօգնի քեզ շարունակ հետևելու Քրիստոսին» շրջանակի խորհուրդները և սուրբգրային համարները։ Մտածիր, թե ինչպես կարող ես լավագույնս կիրառել դրանք։ Եթե այդպես վարվես, մեծ օգուտներ կստանաս։ Ծառայության մեջ զբաղված լինելը կօգնի մեզ հավասարակշռված, իմաստալից կյանք վարելու և վայելելու խաղաղություն և երջանկություն (1 Կորնթ. 15։58)։ Ավելին, եթե ամբողջ սրտով ծառայենք Աստծուն, մեր «մտքում ամուր կպահենք Եհովայի օրվա ներկայությունը» (2 Պետ. 3։12)։
Անկեղծորեն քննիր հանգամանքներդ
13. Ինչպե՞ս կարող ենք կողմնորոշվել, թե մեզ համար ինչ է նշանակում ամբողջ սրտով ծառայել Աստծուն։
13 Լավ կլինի հիշել, որ ամբողջ սրտով ծառայելը կախված չէ ժամերի քանակից։ Մարդկանց հանգամանքները տարբեր են։ Այն անհատը, որը մեկ կամ երկու ժամ է ծառայում ամսվա ընթացքում, հաճեցնում է Եհովային, եթե նրա առողջական վիճակն այդքան է թույլ տալիս ծառայել (համեմատի՛ր Մարկոս 12։41–44)։ Որպեսզի կողմնորոշվենք, թե մեզ համար ինչ է նշանակում ամբողջ սրտով ծառայել Աստծուն, պետք է անկեղծորեն քննենք մեր հնարավորություններն ու հանգամանքները։ Որպես Քրիստոսի հետևորդներ՝ մենք ցանկանում ենք նրա մտածելակերպն ունենալ (կարդա՛ Հռոմեացիներ 15։5; 1 Կորնթ. 2։16)։ Ի՞նչն էր Հիսուսի կյանքում ամենագլխավորը։ Կափառնայումում հավաքված ամբոխին նա ասաց. «Պետք է Աստծու թագավորության բարի լուրը հռչակեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկ. 4։43; Հովհ. 18։37)։ Ունենալով այն եռանդը, որն ուներ Հիսուսը ծառայության հանդեպ՝ քննիր հանգամանքներդ՝ պարզելու համար, թե կարող ես արդյոք ընդլայնել ծառայությունդ (1 Կորնթ. 11։1)։
14. Ինչպե՞ս կարող ենք ընդլայնել մեր ծառայությունը։
14 Եթե անկեղծորեն քննենք մեր հանգամանքները, գուցե որոշենք, որ կարող ենք ավելի շատ մասնակցել ծառայությանը (Մատթ. 9։37, 38)։ Օրինակ՝ մեր երիտասարդներից շատ–շատերը, որոնք վերջերս են ավարտել դպրոցը, ընդլայնել են իրենց ծառայությունը և այժմ մեծ ուրախություն են ստանում ռահվիրա ծառայելուց։ Կցանկանայի՞ր զգալ այդ նույն ուրախությունը։ Շատ եղբայրներ ու քույրեր քննել են իրենց հանգամանքները և որոշել են տեղափոխվել մեկ այլ վայր կամ ծառայել ուրիշ երկրում, որտեղ Թագավորության քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Ուրիշներն էլ օտար լեզու են սովորել, որպեսզի օգնեն օտարախոսներին։ Ինչ խոսք, եթե վճռենք ընդլայնել ծառայությունը, հնարավոր է՝ դժվարություններ ունենանք, սակայն երբ այդպես վարվենք, մեծ օրհնություններ կստանանք և շատերին կօգնենք, որ «ճշմարտության ճշգրիտ գիտությանը գան» (1 Տիմոթ. 2։3, 4; 2 Կորնթ. 9։6)։
Հետևիր աստվածաշնչյան օրինակներին
15, 16. Ո՞ւմ օրինակներին կարող ենք հետևել նախանձախնդրորեն ծառայելու հարցում։
15 Ինչպե՞ս արձագանքեցին ոմանք, երբ Հիսուսը հրավիրեց նրանց իր հետևորդները լինելու։ Օրինակ՝ Մատթեոսի մասին կարդում ենք. «Ամեն բան թողնելով, վեր կացավ ու նրա հետևից գնաց» (Ղուկ. 5։27, 28)։ Իսկ Պետրոսի և Անդրեասի մասին հետևյալն է արձանագրված. «Նրանք իսկույն թողեցին ցանցերը ու գնացին նրա հետևից»։ Հետո Հիսուսը տեսավ Հակոբոսին ու Հովհաննեսին, որոնք իրենց հոր հետ ցանցերն էին նորոգում։ Ինչպե՞ս նրանք արձագանքեցին. «Իսկույն թողնելով նավակն ու իրենց հորը՝ նրանք հետևեցին նրան» (Մատթ. 4։18–22)։
16 Լավ օրինակ է թողել նաև Սողոսը, որը հետագայում դարձավ Պողոս առաքյալ։ Թեև նա կատաղի հակառակություն էր ցույց տալիս Քրիստոսի հետևորդներին, սակայն փոխեց իր կյանքը, Հիսուսի անվան համար «ընտրյալ անոթ» դարձավ և «անմիջապես սկսեց ժողովարաններում Հիսուսին քարոզել, թե՝ Նա՛ է Աստծու Որդին» (Գործ. 9։3–22)։ Չնայած Պողոսը բազմաթիվ փորձությունների միջով անցավ և մեծ հալածանքներ կրեց, երբեք չկորցրեց իր նախանձախնդրությունը (2 Կորնթ. 11։23–29; 12։15)։
17. ա) Ի՞նչ ես ցանկանում անել՝ Քրիստոսին հետևելու համար։ բ) Ի՞նչ օրհնություններ կվայելենք։
17 Վստահաբար, ցանկանում ենք ընդօրինակել այդ աշակերտներին՝ անմիջապես արձագանքելով և լիարժեքորեն ծառայելով (Եբր. 6։11, 12)։ Ի՞նչ օրհնություններ կունենանք, եթե ձգտենք նախանձախնդրաբար և լիովին հետևել Քրիստոսին։ Մենք հաճույք կստանանք Աստծու կամքը կատարելուց և բավարարվածություն կզգանք, երբ առանձնաշնորհումներ ստանանք և պատասխանատվություններ ստանձնենք ժողովում (Սաղ. 40։8; կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 4։1)։ Այո՛, եթե ջանադրաբար հետևենք Քրիստոսին, ապա առատ և մնայուն օրհնություններ կստանանք. կունենանք մտքի խաղաղություն, բավարարվածության զգացում, կվայելենք Աստծու հաճությունը և մեր առջև կբացվի հավիտենական կյանքի հեռանկարը (1 Տիմոթ. 4։10)։
Հիշո՞ւմ ես
• Ի՞նչ կարևոր հանձնարարություն է մեզ տրվել, և ինչպե՞ս պետք է վերաբերվենք այդ գործին։
• Ո՞ր մարմնական ցանկությունների դեմ պետք է պայքարենք և ինչո՞ւ։
• Ինչո՞ւ պետք է անկեղծ ինքնաքննություն անենք։
• Ի՞նչը կօգնի մեզ լիովին հետևելու Քրիստոսին։
[Շրջանակ/Նկար 27–րդ էջի վրա]
Ի՞նչը կօգնի քեզ շարունակ հետևելու Քրիստոսին
▪ Ամեն օր կարդա Աստծու Խոսքը և խորհրդածիր կարդացածիդ շուրջ (Սաղ. 1։1–3; 1 Տիմոթ. 4։15)։
▪ Հաճախակի աղոթիր, որ Աստծու սուրբ ոգին օգնի և պաշտպանի քեզ (Զաք. 4։6; Ղուկ. 11։9, 13)։
▪ Ընկերակցիր նրանց հետ, ովքեր նախանձախնդիր են ծառայության մեջ (Առակ. 13։20; Եբր. 10։24, 25)։
▪ Մի՛ անտեսիր այն փաստը, որ ապրում ենք նշանակալից ժամանակներում (Եփես. 5։15, 16)։
▪ Հաշվի առ «պատրվակ բերելու» լուրջ հետևանքները (Ղուկ. 9։59–62)։
▪ Հաճախ հիշիր քո նվիրման մասին և թե ինչ առատ օրհնություններ կբերի Եհովային ծառայելը և ամբողջ սրտով Քրիստոսին հետևելը (Սաղ. 116։12–14; 133։3; Առակ. 10։22)։