Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 12/15 էջ 26–29
  • Սեր ցույց տուր ընտանեկան շրջանակում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սեր ցույց տուր ընտանեկան շրջանակում
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Չար ժամանակներ կ’գան»
  • Ընդօրինակման արժանի ընտանեկան հարաբերություններ
  • Սեր ընտանիքում. ինչպե՞ս
  • Կարող ես օգնություն ստանալ
  • «Գորովանքո՛վ սիրեցեք միմյանց»
    2004 Դիտարան
  • Ինչպե՞ս սեր արտահայտել ամուսնության մեջ
    Աջակցություն ընտանիքին
  • Գորովալից սեր ունեցեք միմյանց հանդեպ
    2021 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երջանիկ ամուսնության բանաձևը։ Քնքշանք դրսևորեք
    Աջակցություն ընտանիքին
Ավելին
2002 Դիտարան
w02 12/15 էջ 26–29

Սեր ցույց տուր ընտանեկան շրջանակում

«ԱՅՐԻ՛Ր, թե կարող ես։ Հապա միայն փորձի՛ր»։ Այս խոսքերով Թորուն կարծես մարտահրավեր էր նետում իր կնոջը՝ Յոկոյին։a «Հենց հիմա կայրեմ»,— բորբոքված գոռաց նա և վառելով լուցկին՝ փորձեց այրել իրենց լուսանկարը։ Ապա կոպտորեն վրա տվեց. «Ես հիմնահատակ կայրեմ այս տունը»։ Որպես պատասխան՝ Թորուն ապտակեց կնոջը, և դրանով ընտանեկան վեճն ավարտվեց։

Այս դեպքից ընդամենը երեք տարի առաջ էր, որ Թորուն ու Յոկոն սկսեցին իրենց համատեղ կյանքը՝ որպես երջանիկ ամուսնական զույգ։ Ի՞նչը, սակայն, խանգարեց նրանց երջանկությանը։ Չնայած Թորուն առաջին հայացքից համակրելի մարդ էր թվում, այնուամենայնիվ նրա կինը զգում էր, որ ամուսինը սեր ցույց չէր տալիս իր հանդեպ, և որ նրան քիչ էին մտահոգում կնոջ զգացմունքները։ Թվում էր, թե նա անընդունակ է արձագանքել կնոջ զգացմունքներին։ Այլևս անկարող լինելով այդ ամենը հանդուրժել՝ Յոկոն գնալով ավելի նեղացկոտ ու զայրացկոտ էր դառնում։ Աստիճանաբար սկսեցին ի հայտ գալ այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ անքնություն, ներքին անհանգստություն, ախորժակի կորուստ, դյուրագրգռություն, դեպրեսիա, որը երբեմն ուղեկցվում էր վախի նոպաներով։ Սակայն թվում էր, թե Թորուին բոլորովին չէր անհանգստացնում իր տանը տիրող լարված մթնոլորտը։ Դա կարծես սովորական բան լիներ նրա համար։

«Չար ժամանակներ կ’գան»

Նման խնդիրներն այսօր սովորական երևույթ են դարձել։ Պողոս առաքյալը կանխագուշակեց, որ մեր օրերում մարդիկ կլինեն «անգութ» (Բ Տիմոթէոս 3։1–5)։ Հունարեն բնագրում գործածված բառը, որ այստեղ թարգմանվել է «անգութ», նշանակում է՝ «կապվածության զգացումից զուրկ» և իր իմաստով շատ մոտ է այն բառին, որը բնութագրում է ընտանիքի անդամների միջև գոյություն ունեցող ջերմ կապվածությունը։ Մեր օրերի համար անշուշտ հատկանշական է սիրո այսպիսի դրսևորման պակասը։ Եվ եթե նույնիսկ այսպիսի կապվածություն կա էլ, ընտանիքի անդամները հազվադեպ են այն դրսևորում իրար հանդեպ։

Շատ ծնողներ այսօր չգիտեն, թե ինչպես կարելի է սեր ցուցաբերել իրենց երեխաների հանդեպ և մտերմանալ նրանց հետ։ Ոմանք մեծացել են ընտանեկան սառը միջավայրում և գուցե չեն հասկանում, որ կյանքը ավելի ուրախ ու ավելի հաճելի կլինի, եթե զգան, որ սիրված են, և եթե իրենք էլ սեր դրսևորեն ուրիշների հանդեպ։ Հավանաբար հենց դա էր, որ բացակայում էր Թորուի մեջ։ Իր մանկության տարիներին նրա հայրը մշտապես զբաղված էր իր աշխատանքով և տուն էր գալիս կեսգիշերին։ Նա հազվադեպ էր խոսում իր որդու հետ, և եթե դա պատահում էր, ապա միայն ձևական բնույթ էր կրում։ Թորուի մայրը նույնպես աշխատում էր լրիվ աշխատանքային օր և չէր կարողանում շատ ժամանակ տրամադրել իր որդուն։ Հեռուստացույցն էր նրա «դայակը»։ Գովասանքի ոչ մի խոսք և ոչ մի շփում ընտանիքում։

Պետք է նշել, սակայն, որ մշակութային առանձնահատկությունները ևս որոշակի դեր են խաղում այս հարցում։ Լատինական Ամերիկայի որոշ մասերում ամուսինը ստիպված է լինում դեմ գնալ տվյալ վայրում ընդունված սովորույթներին, որպեսզի կարողանա կնոջ հանդեպ իր զգացմունքներն արտահայտել։ Արևելքի, նաև աֆրիկյան շատ երկրներում, երբ որևէ մեկը խոսքով կամ գործով ցույց է տալիս իր սերն ու ուշադրությունը, դրանով նա դեմ է դուրս գալիս տեղի սովորույթներին։ Ամուսինների համար թերևս դժվար է իրենց կանանց ու երեխաներին ասել՝ ես սիրում եմ ձեզ։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք դաս քաղել այն ընտանիքից, որը երկար ժամանակի ընթացքում ապացուցել է իր օրինակելի լինելը։

Ընդօրինակման արժանի ընտանեկան հարաբերություններ

Ընտանեկան հարաբերությունների մեծագույն օրինակ կարող են ծառայել Եհովա Աստծո և իր միածին Որդու փոխհարաբերությունները։ Նրանք իրար հանդեպ սեր են ցույց տալիս կատարյալ կերպով։ Անհաշվելի տարիների ընթացքում, երբ այդ Որդին ոգեղեն էակ էր և որ ավելի ուշ դարձավ Հիսուս Քրիստոսը, նա մտերմիկ փոխհարաբերություններ էր վայելում իր Հոր հետ։ Ահա թե ինչպես է նա նկարագրում այդ փոխհարաբերությունները. «Նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ» (Առակաց 8։30)։ Որդին այնքան վստահ էր իր Հոր սիրո մեջ, որ կարող էր հայտարարել ուրիշներին, որ ինքը Եհովայի ուրախությունն էր ամեն օր։ Նա իրեն երջանիկ էր զգում իր Հոր կողքին ամեն ժամանակ։

Նույնիսկ երբ Հիսուսը որպես մարդ ապրում էր երկրի վրա, Աստված շարունակեց իր Որդուն հավաստիացնել իր հայրական խոր սիրո մեջ։ Դա երևում է այն բանից, երբ մկրտվելուց հետո Հիսուսը լսեց իր Հոր ձայնը, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որին ես հաւանեցի» (Մատթէոս 3։17)։ Սիրո դրսևորման ինչպիսի՜ քաջալերիչ օրինակ Հիսուսի առաքելության հենց սկզբում։ Պետք է որ նրա սիրտը հուզվեր, երբ լսեց հավանություն արտահայտող իր Հոր խոսքերը, քանզի նրա մտքում արթնացան իր երկնային կյանքի հետ կապված բոլոր հիշողությունները։

Այսպիսով՝ Եհովան լիարժեք կերպով սիրո մեծագույն օրինակ ցույց տվեց իր տիեզերական ընտանիքին։ Եթե ընդունում ենք Հիսուս Քրիստոսին, ապա մենք էլ կարող ենք վայելել Եհովայի սերը (Յովհաննէս 16։27)։ Չնայած այսօր երկնքից ոչ մի խոսք չենք լսում, սակայն տեսնում ենք այդ սերը իր ստեղծագործությունների, Հիսուսի տված զոհաբերական փրկանքի մեջ և այլ բաներում (Ա Յովհաննէս 4։9, 10)։ Եհովան լսում է մեր աղոթքները և պատասխանում է մեզ համար ամենաօգտակար ձևով (Սաղմոս 145։18; Եսայիա 48։17)։ Եհովայի հետ մտերիմ հարաբերություններ զարգացնելու շնորհիվ մենք ավելի խորն ենք գնահատում նրա սիրալիր հոգատարությունը մեր հանդեպ։

Հիսուսը սովորեց իր Հորից, թե ինչպես կարելի է կարեկցանք, ուշադրություն, բարություն և հոգատարություն ցույց տալ ուրիշների հանդեպ։ Նա բացատրեց. «Ինչ որ [Հայրը] անում է, հէնց Որդին էլ այն բանը նորա նման է անում։ Որովհետեւ Հայրը սիրում է Որդուն, եւ ամեն բան ցոյց է տալիս նորան, որ ինքն անում է» (Յովհաննէս 5։19, 20)։ Մեր հերթին մենք էլ կարող ենք սովորել սեր ցույց տալու արվեստը՝ հետևելով Հիսուսի թողած օրինակին, երբ վերջինս երկրի վրա էր (Փիլիպպեցիս 1։8, ԷԹ)։

Սեր ընտանիքում. ինչպե՞ս

Քանի որ «Աստուած սէր է», և մենք ստեղծված ենք ‘իր պատկերով’, ուստի ընդունակ ենք ոչ միայն սիրելու, այլև այն արտահայտելու (Ա Յովհաննէս 4։8; Ծննդոց 1։26, 27)։ Սակայն մեր այդ ունակությունը ինքնաբերաբար չի առաջանում։ Որպեսզի ցույց տանք այդ սերը, պետք է նախևառաջ սիրենք մեր կողակցին ու երեխաներին։ Ուշադիր եղիր և աշխատիր նկատել նրանց բնավորության հրապուրիչ կողմերը, ինչքան էլ որ առաջին հայացքից դրանք աննշան թվան, և կենտրոնացիր դրանց վրա։ «Ոչ մի գրավիչ բան էլ չկա իմ ամուսնու [կնոջ կամ երեխաների] մեջ»,— կարող ես մտածել դու։ Հավանականությունը քիչ է, որ նրանք, ում փոխարեն ընտրությունը կատարում են իրենց ծնողները, սկզբից ևեթ ջերմ զգացմունքներ կունենան իրենց կողակցի հանդեպ։ Որոշ զույգեր էլ, հավանաբար, երեխա են ունեցել՝ հակառակ իրենց կամքի։ Մտածիր, սակայն, թե ինչ էր զգում Եհովան իր այլաբանական կնոջ՝ Իսրայել ազգի հանդեպ մ.թ.ա. 10–րդ դարում։ Երբ իր մարգարե Եղիան եզրակացություն արեց, թե Աստծո ոչ մի երկրպագու չի մնացել Իսրայելի տասցեղյան թագավորության մեջ, Եհովան, ուշադիր զննելուց հետո, նրանց մեջ գտավ 7 000 հոգի՝ զգալի թվով մարդիկ, ովքեր իր աչքին հաճելի բաներ էին անում։ Կարո՞ղ ես դու էլ Եհովայի նման փորձել որևէ լավ բան գտնել ընտանիքիդ անդամների մեջ (Գ Թագաւորաց 19։14–18)։

Որպեսզի ընտանիքիդ անդամները կարողանան զգալ, որ սիրում ես իրենց, պետք է գիտակցաբար ջանքեր ներդնես՝ քո զգացմունքները նրանց հաղորդելու։ Ամեն անգամ, երբ գովասանքի արժանի որևէ բան նկատես, գնահատանքդ արտահայտիր բառերով։ Շնորհալի կնոջ նկարագրությունը տալով՝ Աստծո Խոսքը նաև շեշտում է նրա ընտանիքի հետաքրքիր առանձնահատկությունները. «Նորա որդիքը կանգնում են եւ նորան երանի տալիս, նորա մարդը կանգնում է եւ գովասանում նորան» (Առակաց 31։28)։ Ուշադրություն դարձրու, թե որքան ազատորեն են ընտանիքի անդամները մեկմեկու արտահայտել իրենց երախտագիտությունը։ Գովասանքի խոսքեր ուղղելով իր կնոջը՝ ամուսինը հրաշալի օրինակ է ծառայում իր որդուն՝ քաջալերելով նրան, որ ապագայում, երբ նա ընտանիք կազմի, չափսոսա գովասանքի խոսքեր շռայլել իր կնոջը։

Լավ կլինի, որ ծնողները նույնպես գովեն իրենց երեխաներին։ Դա կարող է ինքնահարգանքի զգացում առաջ բերել երեխաների սրտում։ Եվ վերջապես, ինչպե՞ս կարող է անհատը ‘սիրել իր ընկերոջը իր անձի պես’, եթե նա ինքն իրեն չհարգի (Մատթէոս 22։39)։ Մյուս կողմից՝ եթե ծնողները միշտ քննադատում են իրենց երեխաներին, բոլորովին չեն գովում նրանց, երեխաները կարող են հեշտությամբ կորցնել ինքնահարգանքը և դրա հետևանքով դժվարություններ ունենալ մյուսների հանդեպ իրենց սերն արտահայտելու մեջ (Եփեսացիս 4։31, 32)։

Կարող ես օգնություն ստանալ

Իսկ ինչ, եթե դու չես մեծացել ջերմ ընտանեկան միջավայրում։ Մի վհատվիր, դու դեռ կարող ես սովորել ցույց տալ քո զգացմունքները։ Առաջին քայլն այն է, որ հասկանաս, թե ինչն է խնդիրը և ընդունես, որ հարկավոր է ինչ–​որ բան ձեռնարկել։ Այդ առումով քեզ մեծ օգնություն ցույց կտա Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը։ Այն կարելի է համեմատել հայելու հետ։ Երբ ինքներս մեզ զննում ենք Աստվածաշնչի հայելանման ուսմունքների մեջ, մեր մտածելակերպում տեղ գտած սխալներն ու թերությունները ի հայտ են գալիս (Յակոբոս 1։23)։ Աստվածաշնչյան ուսմունքների համաձայն՝ կարող ենք շտկել ցանկացած սխալ հակում (Եփեսացիս 4։20–24; Փիլիպպեցիս 4։8, 9)։ Մենք կարիք ունենք դա անընդհատ անելու և երբեք ‘չձանձրանալ բարին գործելուց’ (Գաղատացիս 6։9)։

Ոմանց համար կարող է դժվար լինել սեր ցույց տալ իրենց ստացած դաստիարակության կամ տեղի մշակութային առանձնահատկությունների պատճառով։ Սակայն վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ նման խոչընդոտները կարելի է հաղթահարել։ Հոգեբույժ Դանիել Գոլմանը բացատրում է, որ «նույնիսկ այն սովորույթները, որ մանկուց ի վեր խոր արմատներ են գցել մարդկանց սրտերում, հնարավոր է արմատախիլ անել»։ Դեռ ավելի քան 1 900 տարի առաջ Աստվածաշունչը մատնանշում էր, որ Աստծո սուրբ ոգու օգնությամբ մարդկանց մեջ արմատացած որոշ գծեր կարող են փոխվել։ Այն զգուշացնում է մեզ. «Հանեցէք հին մարդն իր գործերովը։ Եւ հագէք նոր մարդը» (Կողոսացիս 3։9, 10)։

Երբ նման խնդիր է առաջանում, ընտանիքը կարող է Աստվածաշունչն ուսումնասիրելիս նկատի առնել այն։ Օրինակի համար՝ ինչո՞ւ հետազոտություն չանել, թե ինչ են Գրություններն ասում սիրո վերաբերյալ։ Ուշադրություն դարձրու հետևյալ համարին. «Յոբի համբերութիւնը լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. որ Տէրը բազմագութ է եւ ողորմած» (Յակոբոս 5։11)։ Ապա խորհրդածելով Հոբի մասին հաղորդագրության շուրջ՝ նկատի առ, թե ինչպես էր Եհովան սեր ու ողորմածություն ցույց տալիս Հոբի հանդեպ։ Անկասկած, ցանկանում ես Եհովային նմանվել և ընտանիքիդ հանդեպ սեր և գթասրտություն ցույց տալ։

Լինելով անկատար, սակայն, «շատ բաներով մեղանչում ենք ամենս» մեր լեզվով (Յակոբոս 3։2)։ Ընտանեկան շրջանակում գուցե մեր լեզուն չենք գործածում այնպես, որ այն քաջալերի մյուսներին։ Այսպիսի դեպքերում աղոթքով Եհովային դիմելու և նրան վստահելու կարիքն ունենք։ Չարժե վհատվել։ Աստծո Խոսքն ասում է. «Անդադար աղօթեցէ՛ք» (Ա Թեսաղոնիկեցիս 5։17, ԷԹ)։ Եհովան կօգնի այն անհատներին, ովքեր կարոտ են ընտանեկան ջերմությանն ու սիրուն, ինչպես նաև նրանց, ովքեր ձգտում են անձամբ սեր ցույց տալ, բայց դժվարանում են դա անել։

Բացի այդ, Եհովան սիրալիր կերպով օգնություն է ցույց տալիս քրիստոնեական ժողովին։ Հակոբոսը գրում է. «Եթէ ձեզանից մէկը [հոգևոր առումով] հիւանդ է, թող եկեղեցու երեցներին կանչէ, որ նորա վերայ աղօթք անեն, նորան իւղով օծեն Տիրոջ անունովը» (Յակոբոս 5։14)։ Եվ իրոք, Եհովայի վկաների ժողովներում երեցները կարող են մեծ օգնություն ցույց տալ այն ընտանիքներին, ովքեր դժվարանում են իրար հանդեպ սեր ցուցաբերել։ Թեպետ նրանք հոգեբույժներ չեն, բայց համբերատար կերպով կարող են օգնել իրենց հավատակիցներին ոչ թե ասելով նրանց, թե կոնկրետ ինչ պետք է անեն, այլ հիշեցնելով Եհովայի տեսակետն այդ հարցի վերաբերյալ, նաև նրանց հետ միասին և նրանց համար աղոթելով (Սաղմոս 119։105; Գաղատացիս 6։1)։

Ինչ վերաբերում է Թորուին և Յոկոյին, ապա քրիստոնյա երեցները միշտ լսում էին այդ ընտանիքում գոյություն ունեցող խնդիրների մասին և ամեն կերպ աշխատում էին սփոփել նրանց (Ա Պետրոս 5։2, 3)։ Տարբեր առիթներով՝ երեցը իր կնոջ հետ այցելում էր նրանց, այնպես, որ Յոկոն կարողանար օգուտներ քաղել փորձառու քրիստոնյա քրոջ հետ շփումից, որը կարող էր հիշեցնել նրան ‘սիրել իր ամուսնուն’ (Տիտոս 2։3, 4, ԱՆԹ)։ Հասկացողությամբ և կարեկցանքով վերաբերվելով իրենց հավատակիցների կրած տանջանքներին ու հոգեկան ցավերին՝ երեցները դառնում են «քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս» (Եսայիա 32։1, 2)։

Հոգատար երեցների օգնության շնորհիվ Թորուն ի վերջո հասկացավ, որ խնդիրներ ունի իր զգացմունքներն արտահայտելու հարցում. նաև հասկացավ, որ այս ‘վերջին օրերում’ Սատանան հարձակումներ է գործում ընտանիքների վրա՝ նրանց քայքայելու նպատակով (Բ Տիմոթէոս 3։1)։ Նա որոշեց պայքարել իր խնդիրների դեմ։ Նա սկսեց հասկանալ, որ սեր դրսևորելու մեջ իր անկարողությունը հետևանք է դեռևս մանուկ հասակում իր հանդեպ ցուցաբերված սիրո պակասի։ Աստվածաշնչի խոր ուսումնասիրության և աղոթքների միջոցով Թորուն հետզհետե ավելի զգայուն դարձավ իր կնոջ էմոցիոնալ կարիքների հանդեպ։

Չնայած որ Յոկոն բարկացած էր ամուսնու վրա, սակայն երբ հասկացավ նրա վերաբերմունքի բուն պատճառը և գիտակցեց իր սխալները, սկսեց ամեն կերպ ջանալ իր ամուսնու լավ կողմերը տեսնել (Մատթէոս 7։1–3; Հռովմայեցիս 5։12; Կողոսացիս 3։12–14)։ Նա ջերմեռանդորեն խնդրում էր Եհովային ուժ տալ իրեն, որպեսզի շարունակեր իր ամուսնուն սիրել (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Իսկ Թորուն, ի ուրախություն կնոջ, սկսեց ցույց տալ իր զգացմունքները։

Այո, եթե դու էլ դժվարանում ես սիրել և այդ սերը ցույց տալ քո ընտանիքում, անշուշտ, դու էլ կարող ես հաղթահարել այդ խնդիրը։ Այդ հարցում մեզ օգտակար առաջնորդություն է տալիս Աստծո Խոսքը (Սաղմոս 19։7)։ Լրջորեն վերաբերվելով խնդրին, փորձելով ընտանիքիդ մյուս անդամների մեջ տեսնել լավը, ուսումնասիրելով և կիրառելով Աստծո Խոսքը, ապավինելով Եհովային անկեղծ աղոթքների միջոցով, ինչպես նաև օգնություն փնտրելով հասուն քրիստոնյա երեցների մոտ՝ դու էլ կարող ես հաղթահարել ահռելի թվացող պատնեշը, որ գոյություն ունի քո և քո ընտանիքի միջև (Ա Պետրոս 5։7)։ Կարող ես ուրախության այն նույն զգացումն ապրել, ինչ որ ունեցավ մի ամուսին, որը բնակվում էր Միացյալ Նահանգներում։ Նրան խորհուրդ տվեցին արտահայտել իր զգացմունքները կնոջ նկատմամբ։ Երբ վերջապես նա իր մեջ համարձակություն գտավ ասելու՝ ես սիրում եմ քեզ, զարմացավ՝ տեսնելով կնոջ արձագանքը։ Ուրախության արցունքներն աչքերին՝ կինը ասաց. «Ես էլ քեզ եմ սիրում, բայց 25 տարվա մեջ սա առաջին անգամն է, որ ինձ այսպիսի բառեր ասացիր»։ Չարժե սպասել այդքան երկար կնոջդ ու երեխաներիդ հանդեպ քո սերը արտահայտելու համար, այնպես չէ՞։

[ծանոթագրություն]

a Անունները փոխված են։

[նկար 28–րդ էջի վրա]

Եհովան օգնություն է առաջարկում իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը