Կենսագրություն
Աստծո Արքայությունը առաջին տեղում. ապահով ու երջանիկ կյանք
Պատմում է Ջեթա Սունալը
Նախաճաշից հետո ռադիոյով լսեցինք հետևյալ հայտարարությունը. «Եհովայի վկաները այսուհետև համարվում են օրենքից դուրս. նրանց գործունեությունը արգելված է»։
ԴԱ ՏԵՂԻ ունեցավ 1950 թվականին։ Մենք՝ քսան տարին բոլորած չորս երիտասարդ աղջիկներ, Դոմինիկյան Հանրապետություն էինք եկել դրանից մի տարի առաջ ու ծառայում էինք որպես Եհովայի վկաների կրոնական կազմակերպության միսիոներներ։
Առաջներում երբեք չեմ երազել միսիոներական ծառայության մասին, թեև երեխա ժամանակ հաճախել եմ եկեղեցի։ Առաջին համաշխարհայինի տարիներին հայրս դադարեց եկեղեցի գնալ։ 1933 թ.–ին Եպիսկոպոսական եկեղեցում իմ կոնֆիրմացիայի (նախահաղորդություն) ժամանակ քահանան ընդամենը մեկ համար կարդաց Աստվածաշնչից, որից հետո սկսեց քաղաքականությունից խոսել։ Մայրս այնպիսի հիասթափություն ապրեց այդ օրը, որ դրանից հետո նա այլևս երբեք չգնաց եկեղեցի։
Մեր կյանքը փոխվեց
Ծնողներս՝ Վիլյամ–Կարլ Ադամսն ու Մերին հինգ երեխա են մեծացրել։ Երեքը տղաներ էին՝ Դոն, Ջոել և Կարլ անուններով։ Երեխաներից ամենափոքրը քույրիկս էր՝ Ջոյը, իսկ ես ամենամեծն էի։ Երևի մոտավորապես տասներեք տարեկան կլինեի, երբ մի օր, դպրոցից տուն գալով, տեսա մայրիկին ինչ–որ գրքույկ կարդալիս։ Գրքույկը հրատարակված էր Եհովայի վկաների կողմից և կրում էր այսպիսի վերնագիր՝ «Թագավորություն. աշխարհի հույսը»։ Մայրս ինձ ասաց. «Սա ճշմարտությունն է»։
Այն ամենը, ինչ մայրս սովորում էր Աստվածաշնչից, պատմում էր մեզ բոլորիս։ Խոսքով ու գործով նա ջանում էր արմատավորել մեր սրտում Հիսուսի հետևյալ խորհրդի կարևորությունը՝ «առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք» (Մատթէոս 6։33)։
Միշտ չէ, որ ես բարյացակամորեն լսում էի։ Մի անգամ ասացի նրան. «Մա՛մ, էլ ինձ չքարոզես, թե չէ այլևս չեմ օգնի քեզ ափսեները չորացնելիս»։ Սակայն, նրբանկատություն դրսևորելով հանդերձ, նա շարունակում էր հետևողականորեն զրուցել մեզ հետ այդ թեմայով։ Նա մեզ բոլորիս կանոնավորաբար տանում էր իր հետ ժողովների, որոնք անցկացվում էին Կլարա Ռայենի տանը՝ մեր տնից ոչ այնքան հեռու։ Մենք այդ ժամանակ ապրում էինք ԱՄՆ–ի Իլինոյս նահանգի Էլմհերստ քաղաքում։
Կլարան նաև դաշնամուրի դասեր էր տալիս։ Իր աշակերտների տարեվերջյան ցուցադրական համերգին նա օգտագործեց առիթը՝ խոսելու Աստծո Թագավորության ու հարության հույսի մասին։ Ես ուշադրություն դարձրի Կլարայի խոսքերին, քանի որ հետաքրքրություն ունեի երաժշտության հանդեպ. յոթ տարեկանից սկսել էի սովորել ջութակ նվագել։
Շուտով մենք՝ երեխաներս, սկսեցինք մայրիկի հետ ժողովի հանդիպումների գնալ արևմտյան Չիկագո։ Թեև դա երկար ու հոգնեցուցիչ ճանապարհ էր, որի մի մասը գնում էինք ավտոբուսով, մյուս մասը՝ տրամվայով, սակայն դա ևս նպաստեց, որ վաղ հասակից մարզվենք Աստծո Թագավորությանը կյանքում առաջին տեղը հատկացնելու մեջ։ Մայրիկի մկրտությունից երեք տարի հետո՝ 1938 թ.–ին, ես նրա հետ գնացի Եհովայի վկաների համաժողով, որն անցկացվելու էր Չիկագոյում՝ մեկն այն 50 քաղաքներից, որոնք այդ առիթով միացած էին իրար ռադիոհեռախոսային կապի միջոցով։ Այն ամենը, ինչ լսեցի այնտեղ, թափանցեց հոգուս խորքերը։
Սակայն երաժշտության հանդեպ սերը նույնպես շարունակում էր վառ մնալ իմ սրտում։ Ես ավարտեցի միջնակարգ դպրոցը 1938 թ.–ին, որից հետո հայրս հոգ տարավ, որ ուսումս շարունակեմ Չիկագոյի երաժշտական կոնսերվատորիայում։ Եվ այսպես՝ հետագա երկու տարիների ընթացքում ես երաժշտական կրթություն էի շարունակում ստանալ, նվագում էի երկու նվագախմբերում և մտածում էի այդ ոլորտում հաջողությունների հասնելու մասին։
Իմ ջութակի դասատուն՝ Հերբերտ Բաթլերը, Միացյալ Նահանգներ էր եկել Եվրոպայից, ուստի ես նրան առաջարկեցի «Վտարանդիներ» գրքույկը՝a մտածելով, որ միգուցե նա կարդա այն։ Նա իսկապես կարդացել էր, և հաջորդ շաբաթ՝ դասից հետո, ինձ ասաց. «Ջե՛թա, դու լավ ես նվագում։ Ու եթե շարունակես նույն տեմպով, իհարկե կգտնես աշխատանք ռադիոնվագախմբում, կամ կդառնաս երաժշտության դասատու, սակայն...,— նա մի պահ ընդհատեց իր խոսքը՝ ձեռքերում մտախոհ պտտեցնելով իմ տված գրքույկը, ապա շարունակեց,— իմ կարծիքով՝ սա՛ է քո սրտին ավելի հարազատ։ Ինչո՞ւ դա չդարձնես քո կյանքի հիմնական գործը»։
Ես սկսեցի լրջորեն մտածել այդ ուղղությամբ։ Կոնսերվատորիայում սովորելը շարունակելու փոխարեն՝ ես ընդունեցի մայրիկի հրավերը ու գնացի մասնակցելու Եհովայի վկաների համաժողովին, որ պետք է կայանար 1940 թ. հուլիսին՝ Միչիգանի քաղաքում։ Մենք բնակվում էինք վրաններից ու շարժատնակներից կազմված ճամբարում։ Իհարկե, ինձ հետ էր նաև իմ ջութակը և ես նվագում էի համաժողովի նվագախմբում։ Բայց որ ամենակարևորն է՝ այնտեղ ես ծանոթացա շատ ռահվիրաների (լիաժամ ծառայողների) հետ։ Նրանք բոլորն այնքան ուրախ էին. որոշեցի, որ մկրտվելու եմ ու լիաժամ ծառայության դիմում լրացնեմ։ Ես աղոթեցի Եհովային, որ նա օգնի ինձ ողջ կյանքում ծառայել իրեն լիաժամ։
Ծառայությունս սկսեցի իմ հայրենի քաղաքում։ Հետագայում ծառայեցի նաև Չիկագոյում, իսկ 1943 թ.–ին մեկնեցի Կենտուքի։ Այդ ամառ՝ անմիջապես մարզային համաժողովից առաջ, ես հրավեր ստացա սովորելու «Գաղաադ» միսիոներական դպրոցի երկրորդ դասարանում։ Դասերը սկսվելու էին 1943 թ. սեպտեմբեր ամսին։
Վկան, որի տանը մնացի այդ ամառվա համաժողովին, ինձ առաջարկեց իր աղջկա զգեստներից ընտրել այն ամենը, ինչ ինձ դուր կգար, քանի որ նրա աղջիկը անցել էր զինվորական ծառայության և մորը խնդրել էր, որ նա բաժաներ իր հագուստները ուրիշներին։ Այդ առիթը ինձ համար Հիսուսի խոստման իրականացումն էր. «Առաջ Աստուծոյ արքայութիւնը եւ նորա արդարութիւնը խնդրեցէք. եւ այդ ամենքը կ’տրուի ձեզ» (Մատթէոս 6։33)։ Ուսումնառության հինգ ամիսները անցան շատ արագ, և 1944 թ. հունվարի 31–ին «Գաղաադ» դպրոցն ավարտելուց հետո անհամբեր սպասում էի, թե երբ եմ անցնելու միսիոներական ծառայության։
Նրանք ևս ընտրեցին լիաժամ ծառայությունը
Մայրս լիաժամ ծառայությունը սկսեց 1942 թ.–ին, երբ իմ քույրիկն ու երեք եղբայրները դեռևս դպրոցականներ էին։ Հաճախ նա դասերից հետո նրանց վերցնում ու իր հետ ծառայության էր տանում։ Նա նրանց սովորեցնում էր նաև տնային գործերում օգնել իրեն։ Երբեմն մայրս արթուն էր մնում մինչև ուշ գիշեր՝ արդուկելու սպիտակեղենն ու կատարելու մյուս կարևոր գործերը, որպեսզի օրվա ընթացքում կարողանար իր ժամանակը տրամադրել ծառայությանը։
Իմ եղբայր Դոնը լիաժամ ծառայություն սկսեց 1943 թ. հունվարին, երբ ես դեռևս Կենտուքիում էի ծառայում որպես ռահվիրա։ Իր այդ քայլով նա հիասթափություն պատճառեց հորս, որը երազում էր իր բոլոր երեխաներին տեսնել բարձրագույն կրթություն ստացած՝ ինչպես ինքն ու մայրս էին։ Մոտ երկու տարի որպես ռահվիրա ծառայելուց հետո Դոնը հրավիրվեց շարունակելու իր լիաժամ ծառայությունը Բրուքլինում՝ Եհովայի վկաների գլխավոր վարչությունում (Նյու Յորք)։
Ջոելը սկսեց ծառայել որպես ռահվիրա 1943 թ. հունիսից, երբ դեռ ապրում էր հայրական տանը։ Այդ ընթացքում նա ոչ մի կերպ չէր կարողացել հայրիկին համոզել, որ իր հետ գնար համաժողով։ Սակայն, տեսնելով այդ տարածքում եղբորս գործադրած ջանքերը՝ կապված Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսելու հետ, հայրս համաձայնվել էր, որ նա իր հետ ուսումնասիրություն անցկացնի «Ճշմարտությունը կազատի ձեզ» վերնագիրը կրող գրքով։ Նա հեշտությամբ պատասխանում էր հարցերին, սակայն պահանջում էր, որ Ջոելը նրան սուրբգրային հիմնավորումներ բերեր գրքում ասվածի վերաբերյալ։ Դա նպաստեց, որ եղբայրս ավելի խորությամբ հաստատվեր ճշմարտության մեջ։
Ջոելը հույս ուներ, որ զինծառայողների ընտրությամբ զբաղվող կոմիտեն իրեն կազատի զինվորական ծառայությունից՝ որպես կրոնական ծառայության մեջ գտնվողի, ինչպես որ Դոնին էր ազատել։ Բայց տեսնելով, որ նա տարիքով շատ փոքր է երևում՝ նրան մերժել էին համարել կրոնական ծառայող ու ծանուցագիր էին ուղարկել, որով կանչում էին զինվորական ծառայության։ Երբ նա հրաժարվեց ենթարկվել զորակոչին, նրան կալանքի տակ վերցնելու հրաման արձակվեց։ Այն բանից հետո, երբ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն նրան հայտնաբերեց, նա երեք օր պահվեց Քուք Քաունթի բանտում։
Հայրս ազատեց նրան բանտից՝ գրավ դնելով մեր տունը՝ որպես երաշխիք այն բանի, որ նա չի փախչի։ Հետագայում նա նույն բանն արեց նաև ուրիշ երիտասարդ Վկաների համար, ովքեր հայտնվել էին նույնպիսի հանգամանքներում։ Կատարվող անարդարությունից բարկացած՝ հայրս Ջոելի հետ գնաց Վաշինգտոն, որպեսզի պարզի, թե ինչ հնարավորություններ կան որոշումը բողոքարկելու։ Վերջապես Ջոելին տվեցին կրոնական ծառայողի կարգավիճակ և դատական գործը փակվեց։ Այդ ժամանակ ես իմ միսիոներական ծառայության վայրում նամակ ստացա հայրիկից, որտեղ կային այսպիսի խոսքեր. «Կարծում եմ՝ Եհովայի շնորհիվ էր, որ այս հաղթանակը տարանք»։ 1946 թ. օգոստոսի վերջերին Ջոելը նույնպես հրավիրվեց Բրուքլին՝ ծառայելու գլխավոր վարչությունում։
Դեռևս դպրոցական տարիներին՝ ամառային արձակուրդների ժամանակ, Կարլը մի քանի անգամ ռահվիրայական ծառայություն վերցրեց, իսկ 1947 թ. սկզբներին, երբ նա ավարտեց դպրոցը, սկսեց կանոնավորապես ծառայել որպես ռահվիրա։ Քանի որ հայրիկի առողջությունը լավ չէր, մի որոշ ժամանակ Կարլը մնաց օգնելու նրան որոշ գործերում՝ նախքան ուրիշ վայրում ծառայելու տեղափոխվելը։ Իսկ 1947 թ. վերջերին Կարլը սկսեց ծառայել այնտեղ, որտեղ Դոնն ու Ջոելն էին՝ նա դարձավ Բրուքլինի Բեթելի ընտանիքի անդամ։
Դպրոցն ավարտելուց հետո Ջոյը ևս սկսեց ծառայել որպես ռահվիրա, իսկ ավելի ուշ՝ 1951 թ.–ին, նա միացավ իր եղբայրներին՝ սկսեց ծառայել Բեթելում։ Նա զբաղվում էր մաքրության գործերով, ինչպես նաև՝ բաժանորդագրության։ Իսկ 1955 թվականին նա ամուսնացավ Ռոջեր Մորգանի հետ, որը ևս ծառայում էր նույն Բեթելում։ Դրանից մոտավորապես յոթ տարի հետո, որոշելով ապրել իրենց առանձին ընտանեկան կյանքով, նրանք թողեցին Բեթելը։ Ժամանակի ընթացքում նրանք մեծացրին երկու երեխաների, որոնք նույնպես ծառայում են Եհովային։
Երբ բոլորս արդեն անցել էինք լիաժամ ծառայության, մայրիկը կարողացավ անհրաժեշտ չափով ժամանակ տրամադրել հայրիկին՝ նրան մղելու հոգևոր քայլերի։ Այնպես որ, 1952 թ.–ին հայրս նույնպես նվիրեց իր անձը Եհովային ու մկրտվեց։ Չնայած հիվանդության պատճառով նրա հնարավորությունները շատ սահմանափակ էին, նա 15 տարի՝ ընդհուպ մինչև մահը, հնարամտորեն ելք էր գտնում Թագավորության մասին հայտնելու ուրիշներին։
Հայրիկի հիվանդության պատճառով արված փոքրիկ ընդմիջումից հետո մայրս շարունակեց լիաժամ ծառայել մինչև մահ։ Նա երբևէ ոչ մեքենա է ունեցել, ոչ էլ օգտվել է հեծանիվից։ Կարճահասակ այդ անձնավորությունը ուր ասես գնում էր ոտքով՝ հաճախ նույնիսկ քաղաքից դուրս՝ անցկացնելու Աստվածաշնչի ուսումնասիրություններ։
Միսիոներական ծառայություն
«Գաղաադ» դպրոցն ավարտելուց հետո մի քանի հոգով ստիպված եղանք մոտ մեկ տարի ծառայել Նյու Յորք Սիթիի հյուսիսում որպես ռահվիրա, մինչև որ պատրաստ կլինեին երկրից դուրս գալու համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Վերջապես 1945 թ.–ին մեկնեցինք դեպի մեր ծառայության վայրը՝ Կուբա, որտեղ աստիճանաբար սկսեցինք հարմարվել կյանքի բոլորովին նոր պայմաններին։ Մեր քարոզը լավ արձագանք էր գտնում, և շուտով սկսեցինք անցկացնել բազմաթիվ աստվածաշնչյան ուսումնասիրություններ։ Մի քանի տարի մենք ծառայեցինք այնտեղ, որից հետո նշանակում ստացանք ծառայելու Դոմինիկյան Հանրապետությունում։ Մի օր ես հանդիպեցի մի կնոջ, որն ինձ խնդրեց տեսակցել իր հաճախորդին՝ Սյուզան Էնֆրուա անունով մի ֆրանսիացու՝ ասելով, որ նա կցանկանար, որ իրեն օգնեին հասկանալ Աստվածաշունչը։
Սյուզանը ազգությամբ հրեա էր։ Երբ հիտլերյան զորքերը հարձակվել էին Ֆրանսիայի վրա, ամուսինը նրան իր երկու երեխաների հետ միասին տարել էր ուրիշ երկիր։ Այն ամենը, ինչ նա սովորում էր Աստվածաշնչից, իսկույն պատմում էր նաև ուրիշներին։ Սկզբում նա խոսեց այն կնոջ հետ, որն ինձ առաջարկել էր այցելել Սյուզանին, այնուհետև ֆրանսիացի իր ընկերուհու հետ, որի անունը Բլանշ էր։ Նրանք երկուսն էլ հետագայում մկրտվեցին։
«Իսկ ինչպես օգնեմ երեխաների՞ս»,— մի անգամ դիմեց նա ինձ։ Նրա որդին սովորում էր բժշկություն, իսկ աղջիկը՝ բալետ. նա երազում էր պարել Նյու Յորքի «Ռադիոսիթի» համերգասրահում։ Սյուզանը նրանց ուղարկեց «Դիտարան» ու «Արթնացե՛ք» պարբերագրերի փոստային բաժանորդագրության թերթիկներ։ Արդյունքը եղավ այն, որ հետագայում նրա որդին դարձավ Եհովայի վկա, ինչպես նաև նրա կինն ու կնոջ երկվորյակ քույրը։ Սյուզանի ամուսնուն՝ Լուիսին, խիստ անհանգստացնում էր այն փաստը, որ իր կինը շփվում էր Եհովայի վկաների հետ, որոնց գործունեությունը արգելված էր կառավարության կողմից։ Բայց երբ նրանք ամբողջ ընտանիքով Դոմինիկյան Հանրապետությունից տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ, նա ևս աստիճանաբար ընդունեց ճշմարտությունը։
Չնայած արգելքին՝ շարունակում ենք մեր ծառայությունը
Թեև 1949 թ.–ին Դոմինիկյան Հանրապետությունում ծառայելու ուղարկվելուց կարճ ժամանակ հետո Եհովայի վկաների գործունեությունը արգելքի տակ դրվեց, այնուամենայնիվ մենք վճռեցինք հնազանդվել ավելի շատ Աստծուն, քան թե մարդկանց (Գործք 5։29)։ Մենք շարունակում էինք նախ փնտրել Աստծո Թագավորությունը՝ ավետելով մարդկանց նրա մասին, ինչպես որ պատվիրել էր Հիսուսն իր առաքյալներին (Մատթէոս 24։14)։ Բայց սովորում էինք նաև ծառայության մեջ լինել ‘խորագետ ինչպես օձերը և միամիտ՝ ինչպես աղավնիները’ (Մատթէոս 10։16)։ Ինձ մեծ չափով օգնում էր, օրինակ, իմ ջութակը։ Ես այն ինձ հետ էի վերցնում, երբ գնում էի Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելու։ Իմ աշակերտներն իհարկե չդարձան ջութակահարներ, սակայն մի քանի ընտանիքներ սկսեցին Եհովային ծառայել։
Վկաների գործունեությունը արգելքի տակ դրվելուց հետո մենք չորս աղջիկներով՝ ես, Մերի Անյոլը, Սոֆյա Սովյակը և Էդիթ Մորգանը Սան Ֆրանցիսկո դե Մաքորիս քաղաքում գտնվող մեր միսիոներական տնից տեղափոխվեցինք մայրաքաղաք՝ Սանտո Դոմինգո և բնակություն հաստատեցինք մասնաճյուղում գտնվող միսիոներական տանը։ Սակայն ամեն ամիս ես գնում էի իմ սկզբնական բնակության վայրը՝ երաժշտության դասեր տալու։ Դա ինձ համար հնարավորություն էր ստեղծում եղբայրներին հոգևոր սնունդ տանել ջութակի պատյանով ու այնտեղից բերել նրանց քարոզչական գործունեության վերաբերյալ հաշվետվությունը։
Քաղաքական հարցերում չեզոք դիրք գրավելու համար Սան Ֆրանցիսկո դե Մաքորիս քաղաքի եղբայրներին բանտարկել էին Սանտյագոյում։ Ինձ խնդրեցին նրանց համար գումար տանել, հնարավորության դեպքում՝ նաև Աստվածաշնչեր, ու այնտեղից լուր բերել նրանց ընտանիքներին։ Ջութակս տեսնելով՝ բանտի պահակներն ինձ հարցրին. «Սա՞ ինչի համար է»։ «Նրանց ուրախացնելու»,— պատասխանեցի ես։
Իմ նվագած երգերի մեջ կար մեկը, որ գրվել էր նացիստական համակենտրոնացման ճամբարում՝ մի Վկայի կողմից։ Ներկայումս այն 29 համարի երգն է մեր երգարաններում։ Ես նվագում էի, որպեսզի բանտարկության մեջ գտնվող եղբայրները սովորեին այդ երգը։
Ես իմացել էի, որ Վկաներից շատերին տարել են մի ագարակ (ֆերմա), որ պատկանում էր Տրուխիլոյին՝ կառավարության առաջնորդին։ Ինձ ասել էին, որ այն գտնվում է ավտոբուսի կանգառից ոչ հեռու։ Եվ ահա կեսօրվա կողմերը դուրս գալով ավտոբուսից՝ հարցրի ագարակի տեղը։ Կրպակի տերը ձեռքը պարզեց դեպի հեռուն՝ փորձելով ցույց տալ մի քանի սարի ետևում ընկած ինչ–որ բան, ապա ասաց, որ կարող է տրամադրել իր ձին ու խնդրել մի տղայի, որ ինձ ուղեկցի, եթե իր մոտ թողնեի ջութակս՝ որպես երաշխիք, որ ձին կվերադարձվի իրեն։
Սարերից այն կողմ մի գետ կար, որն անցնելու համար երկուսս էլ նստեցինք ձիու վրա, որ նա լողալով մեզ ափ հասցներ։ Այնտեղ տեսանք թութակների մի մեծ խումբ. նրանց կանաչ–երկնագույն փետուրները փայլփլում էին արևի տակ։ Այնքա՜ն գեղեցիկ տեսարան էր։ Ես աղոթքով շնորհակալություն հայտնեցի Եհովային, որ նա այդքան գեղեցիկ թռչուններ է ստեղծել։ Վերջապես ժամը չորսի կողմերը հասանք ագարակ։ Պահակություն անող զինվորը սիրով թույլ տվեց զրուցել եղբայրների հետ, ինչպես նաև տալ նրանց այն ամենը ինչ բերել էի հետս՝ նույնիսկ փոքրիկ մի Աստվածաշունչ։
Վերադարձի ողջ ճանապարհին աղոթում էի, որովհետև արդեն մութն ընկել էր։ Կրպակ հասանք անձրևից բոլորովին թրջված, ու քանի որ վերջին ավտոբուսը արդեն մեկնել էր, խանութի տերը իմ խնդրանքով մեքենա կանգնեցրեց ինձ համար։ Մեքենայում երկու տղամարդ կար։ Երբ մտածում էի՝ արդյոք վտանգավոր չէ երկու անծանոթ տղամարդկանց հետ ճանապարհ գնալը, նրանցից մեկը հարցրեց. «Դու Սոֆիային ճանաչո՞ւմ ես. նա պարապել է քրոջս հետ»։ Ես հասկացա, որ Եհովան դրանով պատասխանեց իմ աղոթքին։ Նրանք ինձ ապահով հասցրին Սանտո Դոմինգո։
Նյու Յորքի «Յանկի» ստադիոնում 1953 թ.–ին կայացած՝ Եհովայի վկաների միջազգային համաժողովին Դոմինիկյան Հանրապետությունից եկածների թվում էի նաև ես։ Այդ համաժողովին ներկա էր մեր ողջ ընտանիքը՝ ներառյալ հայրս։ Դոմինիկյան Հանրապետությունում ընթացող քարոզչական ծառայության մասին տեղեկությունների հաղորդումից հետո ես ու Մերի Անյոլը՝ միսիոներական ծառայության իմ օգնականը, փոքրիկ մասնակցություն ունեցանք ծրագրին՝ ցուցադրեցինք, թե ինչպես էինք քարոզում արգելքի տարիներին։
Առանձնահատուկ ուրախություն՝ շրջագայական ծառայություն
Այդ ամառ ես ծանոթացա Ռուդոլֆ Սունալի հետ, որը մի տարի հետո դարձավ իմ ամուսինը։ Նրա ընտանիքը ճշմարտությունն ընդունել էր Առաջին համաշխարհայինից շատ չանցած՝ Ալեգեյնիում (Փենսիլվանիա)։ Երկրորդ համաշխարհայինի տարիներին չեզոք դիրք գրավելու համար բանտ նստելուց հետո նա Նյու Յորքում՝ Բրուքլինում, անցել էր Բեթելի ծառայության։ Մեր ամուսնությունից շատ չանցած՝ նրան նշանակեցին շրջագայող վերակացու։ Հետագա 18 տարիներին ես նրան ուղեկցում էի շրջագայական ծառայության մեջ։
Մենք այցելում էինք Փենսիլվանիա, Արևմտյան Վիրջինիա, Նյու Հեմփշիր, Մասաչուսետս և էլի ուրիշ վայրեր։ Սովորաբար օթևանում էինք մեր քույր–եղբայրների տանը։ Նրանց ավելի մոտիկից ճանաչելն ու նրանց հետ միասին Եհովային ծառայելը առանձնահատուկ ուրախություն էր պարգևում։ Մեր հանդեպ միշտ դրսևորվում էր ջերմ ու անկեղծ սեր և առատաձեռնություն։ Ջոելն ամուսնացավ միսիոներական ծառայության իմ ընկերակցի՝ Մերի Անյոլի հետ, որից հետո երեք տարի նրանք շրջագայական ծառայության մեջ էին Փենսիլվանիայում ու Միչիգանում։ Այնուհետև 1958 թ.–ին դարձյալ Ջոելին հրավիրեցին ծառայելու Բեթելում՝ այս անգամ արդեն Մերիի հետ միասին։
Կարլը գրեթե յոթ տարի Բեթելում ծառայելուց հետո մի քանի ամսով նշանակվեց շրջագայական ծառայության՝ լրացուցիչ հմտություններ ձեռք բերելու նպատակով, որից հետո սկսեց դասավանդել «Գաղաադ» դպրոցում։ Նա 1963 թ.–ին ամուսնացավ Բարբարայի հետ, որը հավատարմորեն ծառայեց Բեթելում մինչև իր մահը 2002 թ.–ի հոկտեմբերին։
Բեթելում անցկացրած բազում տարիների ընթացքում Դոնը ժամանակ առ ժամանակ ճամփորդում էր դեպի այլ երկրներ՝ օգնելու մասնաճյուղերում ծառայողներին ու միսիոներական ծառայության մեջ գտնվողներին։ Ծառայության բերումով նա լինում էր Արևելքում, Աֆրիկայում, Եվրոպայում ու Ամերիկայի տարբեր մասերում։ Դոնի հավատարիմ կինը՝ Դոլորեսը հաճախ ուղեկցում է նրան։
Մեր հանգամանքները փոխվեցին
Երկարատև հիվանդությունից հետո հայրս մահացավ։ Բայց նախքան մահանալը նա ինձ պատմեց, թե որքան ուրախ է այն բանի համար, որ մենք բոլորս ընտրեցինք Եհովային ծառայելու ուղին, ու որ մենք շատ ավելի մեծ օրհնություններ ունեցանք կյանքում, քան մեզ կարող էր տալ բարձրագույն կրթությունը, որի մասին մի ժամանակ նա երազում էր։ Ես օգնեցի մայրիկին տեղափոխվել ապրելու այնպիսի վայրում, որը մոտ էր քրոջս՝ Ջոյի բնակատեղին, այնուհետև ամուսինս ու ես ռահվիրայական ծառայության անցանք Նոր Անգլիայի այնպիսի ժողովներում, որ մոտ լինեինք նրա մորը, որն այդ ժամանակ մեր օգնության կարիքն ուներ։ Նրա մոր մահից հետո մայրս 13 տարի ապրեց մեր տանը. 1987 թ. հունվարի 18–ին՝ 93 տարեկան հասակում, նա ավարտեց իր երկրային ծառայությունը։
Հաճախակի մայրիկն իր ընկեր–ընկերուհիների կողմից գովեստի էր արժանանում, որ կարողացել է դաստիարակել այնպիսի երեխաներ, որոնք բոլորը սիրում են Եհովային ու ծառայում են նրան։ Բայց նա համեստորեն պատասխանում էր. «Պարզապես լավ «հող» է ինձ բաժին ընկել» (Մատթէոս 13։23)։ Ի՜նչ մեծ օրհնություն էր մեզ համար՝ ունենալ աստվածավախ ծնողներ, ովքեր օրինակ են եղել եռանդ և խոնարհություն ցուցաբերելու մեջ։
Թագավորությունը մնացել է առաջին տեղում
Մենք շարունակում ենք Աստծո Թագավորությանը հատկացնել կյանքում առաջին տեղը ու կիրառության մեջ դնել Հիսուսի խորհուրդը՝ ուրիշներին օգնելու վերաբերյալ (Ղուկաս 6։38; 14։12–14)։ Եհովան իր հերթին առատապես օրհնում է մեզ։ Ապրում ենք ուրախ ու ապահով։
Ես ու Ռուդին այժմ էլ չենք կորցրել մեր սերը երաժշտության հանդեպ ու մեծ բավականություն ենք ստանում, երբ մեզ հյուր եկած այլ երաժիշտների հետ միասին նվագում ենք մեր գործիքների վրա։ Բայց ես իմ կյանքը չեմ նվիրել երաժշտությանը. այն պարզապես գույն է հաղորդում իմ կյանքին։ Ինձ և ամուսնուս ամենամեծ չափով ուրախություն են պատճառում մեր ռահվիրայական ծառայության պտուղները՝ մարդիկ, ում օգնել ենք այդ տարիների ընթացքում։
Կարող եմ ասել, որ չնայած առողջական խնդիրներին՝ այս ավելի քան 60 տարիները, որ անցկացրել ենք լիաժամ ծառայության մեջ, եղել են ուրախ ու ապահով կյանքի օրինակ։ Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, շնորհակալություն եմ հայտնում Եհովային, որ պատասխանեց լիաժամ ծառայության վերաբերյալ իմ այն աղոթքին, որով տարիներ առաջ դիմեցի նրան։ Ապա խորհում եմ. «Իսկ ինչպե՞ս կարող եմ այսօ՛ր առաջին հերթին Թագավորությունը փնտրել»։
[ծանոթագրություններ]
a Հրատարակված է Եհովայի վկաների կողմից. այժմ չի տպագրվում։
[նկար 24–րդ էջի վրա]
Մեր ընտանիքը 1948 թ.–ին (ձախից աջ)՝ Ջոյը, Դոնը, մայրս, Ջոելը, Կարլը, ես, հայրս
[նկար 25–րդ էջի վրա]
Մայրս եռանդուն քարոզչի օրինակ է եղել մեզ համար
[նկար 26–րդ էջի վրա]
Կարլը, Դոնը, Ջոելը, Ջոյը և ես այսօր՝ ավելի քան 50 տարի անց
[նկար 27–րդ էջի վրա]
Ձախից աջ. ես, Մերի Անյոլը, Սոֆիա Սովյակը և Էդիթ Մորգանը՝ որպես միսիոներներ Դոմինիկյան Հանրապետությունում
[նկար 28–րդ էջի վրա]
Ես և Մերին (ձախում) «Յանկի» ստադիոնում, 1953 թ.
[նկար 29–րդ էջի վրա]
Ամուսնուս հետ՝ երբ նա շրջագայական ծառայության մեջ էր