Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 1/15 էջ 17–20
  • «Սա է ճանապարհը՝ սրանով գնացեք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Սա է ճանապարհը՝ սրանով գնացեք»
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նրա հոգևոր ծարավը հագենում է
  • Ծառայության պտուղները
  • Համաժողովները զորացնում են
  • «Գաղաադ» և օտարերկրյա նշանակումներ
  • Դժբախտություններ մեր ընտանիքում
  • Նոր նշանակումներ
  • Նրանք քայլեցին «ճանապարհով»
  • Մորս թողած ժառանգությունը
  • Խաղաղություն գտա և՛ Աստծու, և՛ մորս հետ
    2015 Դիտարան
  • Աստծո Արքայությունը առաջին տեղում. ապահով ու երջանիկ կյանք
    2003 Դիտարան
  • Ինչպե՞ս վարվեմ, եթե ծնողս հիվանդ է
    Երիտասարդները հարցնում են
  • Մայրե՛ր, ընդօրինակեք Եվնիկեին
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2009 Դիտարան
w09 1/15 էջ 17–20

«Սա է ճանապարհը՝ սրանով գնացեք»

էմիլյա Փեդերսոնի կենսագրությունը

Պատմում է Ռուտ Փապասը

ՄԱՅՐՍ՝ էմիլյա Փեդերսոնը, ծնվել է 1878 թ.–ին։ Նա ուսուցչուհի էր, բայց երազում էր մարդկանց օգնել մտերմանալու Աստծու հետ։ Նրա այդ ցանկության մասին էր վկայում մեր տանը դրված մեծ սնդուկը (մենք ապրում էինք Ջասպեր փոքր քաղաքում, ԱՄՆ, Մինեսոտա նահանգ)։ Նա այն ձեռք էր բերել իրերը Չինաստան տեղափոխելու համար. նա ուզում էր այնտեղ միսիոներ ծառայել։ Բայց իր մոր մահից հետո մայրս ստիպված էր հրաժարվելու այդ մտքից, քանի որ պետք է խնամեր իր կրտսեր քույրերին ու եղբորը։ 1907 թ.–ին նա ամուսնացավ Թեոդոր Հոլինի հետ։ Ես, որ յոթ երեխաներից ամենակրտսերն էի, ծնվեցի 1925 թ. դեկտեմբերի 2–ին։

Մայրս աստվածաշնչային հարցեր ուներ և շատ էր ուզում գտնել դրանց պատասխանները։ Օրինակ՝ նա ուզում էր իմանալ, թե արդյոք ճի՞շտ է այն, որ չար մարդիկ տանջվում են կրակե դժոխքում։ Մայրս լյութերական եկեղեցու վերակացուներից մեկին հարցրեց, թե Աստվածաշնչում որտեղ է խոսվում այդ մասին։ Վերակացուի խոսքերից նա հասկացավ այն, որ կարևոր չէ, թե ինչ է ասում Աստվածաշունչը. կրակե դժոխքի գոյությունը պարզապես պետք է ընդունել։

Նրա հոգևոր ծարավը հագենում է

20–րդ դարի սկզբին մորաքույրս՝ էմման, գնաց Նորտֆիլդ (Մինեսոտա նահանգ), որպեսզի երաժշտական կրթություն ստանա։ Նա ապրում էր իր ուսուցչի՝ Միլիուս Քրիսչնսոնի տանը։ Նրա կինը Աստվածաշունչ ուսումնասիրող էր, ինչպես նախկինում կոչվում էին Եհովայի վկաները։ էմման նրան պատմեց, որ իր քույրերից մեկը ջերմեռանդորեն Աստվածաշունչ է կարդում։ Կարճ ժամանակ անց տիկին Քրիսչնսոնը մի նամակ ուղարկեց մայրիկիս, որտեղ գրել էր նրան հետաքրքրող հարցերի պատասխանները։

Լորա Օտհաուտ անունով մի Աստվածաշունչ ուսումնասիրող Սիու Ֆոլսից (Հարավային Դակոտա) գնացքով եկավ քարոզելու Ջասպերում։ Մայրս ուսումնասիրեց նրա տված սուրբգրային գրականությունը և 1915 թ.–ին սկսեց իր իմացած ճշմարտությունների մասին պատմել ուրիշներին, ինչպես նաև բաժանել Լորայի տված գրականությունը։

1916 թ.–ին մայրս իմացավ, որ Չարլզ Թեյզ Ռասելը ներկա է լինելու մի համաժողովի, որն անցկացվելու է Սիու Սիթիում (Այովա նահանգ)։ Նա ցանկացավ գնալ այդ համաժողովին։ Մայրս ուներ հինգ երեխա, որոնցից ամենափոքրը՝ Մարվինը, ընդամենը հինգ ամսական էր։ Այնուամենայնիվ, նա հավաքեց իր բոլոր երեխաներին և գնացքով անցավ մոտ 160 կիլոմետր՝ համաժողովին ներկա լինելու համար։ Նա լսեց եղբայր Ռասելի ելույթը, դիտեց «Արարչության լուսադրաման», հետո էլ մկրտվեց։ Տուն վերադառնալով՝ մայրս համաժողովի մասին հոդված գրեց, որը հրապարակվեց «Ջասպեր ջորնալ» պարբերագրում։

Մայրս այն 18 000 պատվիրակներից էր, ովքեր 1922 թ.–ին ներկա եղան Սիդար Փոյնթում (Օհայո նահանգ) անցկացված համաժողովին։ Այդ համաժողովից հետո նա երբեք չդադարեց Աստծու Թագավորությունը հռչակելուց։ Նա կարծես մեզ ասեր. «Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք» (Ես. 30։21)։

Ծառայության պտուղները

1920–ականների սկզբին ծնողներս տեղափոխվեցին ապրելու Ջասպերից դուրս։ Հայրս լավ գործ ուներ և կարողանում էր հոգալ իր մեծ ընտանիքի կարիքները։ Թեև Աստվածաշունչը չէր ուսումնասիրում այնպես, ինչպես մայրիկը, սակայն նա սրտանց թիկունք էր կանգնում քարոզչական գործին և մեր տան դռները միշտ բաց էր պահում շրջագայող ծառայողների առաջ, որոնք այն ժամանակ կոչվում էին պիլիգրիմներ։ Հաճախ, երբ շրջագայող եղբայրներից մեկը ելույթ էր ունենում մեր տանը, հավաքվում էր մոտ 100 մարդ, և մենք նրանց մի կերպ տեղավորում էինք հյուրասենյակում, ճաշասենյակում և ննջարանում։

Երբ վեց թե յոթ տարեկան էի, Լեթի մորաքույրս զանգեց և ասաց, որ իր հարևանները՝ էդ Լարսոնը և նրա կինը, ուզում են Աստվածաշունչ ուսումնասիրել։ Նրանք պատրաստակամորեն ընդունեցին Աստվածաշնչի ճշմարտությունները, իսկ հետագայում հրավիրեցին իրենց հարևան Մարթա վան Դալենին, որն ուներ ութ երեխա, միանալու իրենց ուսումնասիրությանը։ Մարթան և նրա ողջ ընտանիքը դարձան Աստվածաշունչ ուսումնասիրողներa։

Այդ ժամանակներում Գորդոն Քամերուդ անունով մի երիտասարդ, որն ապրում էր մեզնից մի քանի կիլոմետր հեռու, սկսեց աշխատել հորս մոտ։ Նրան ասել էին. «Զգույշ եղիր տնօրենի աղջիկներից։ Նրանք տարօրինակ հավատալիքներ ունեն»։ Բայցևայնպես, Գորդոնը սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և շուտով համոզվեց, որ գտել է ճշմարտությունը։ Երեք ամիս անց նա մկրտվեց։ Գորդոնի ծնողները նույնպես ընդունեցին ճշմարտությունը։ Մենք, Քամերուդները և Վան Դալենները ընտանիքներով մտերմացանք։

Համաժողովները զորացնում են

Սիդար Փոյնթի համաժողովն այնքան էր ոգևորել մորս, որ նա որոշեց երբեք բաց չթողնել ոչ մի համաժողով։ Այդ իսկ պատճառով իմ մանկության հիշողությունները կապված են երկար ճամփորդությունների հետ։ Համաժողովներից մեկը, որը տեղի ունեցավ 1931 թ.–ին Կոլումբուսում (Օհայո), հիշարժան էր, քանի որ այդ ժամանակ Աստվածաշունչ ուսումնասիրողներն ընդունեցին «Եհովայի վկաներ» անունը (Ես. 43։10–12)։ Լավ հիշում եմ նաև 1935 թ.–ին Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած համաժողովը։ Այնտեղ հնչեց մի պատմական ելույթ, որում բացատրվեց «Հայտնություն» գրքում հիշատակված «մեծ բազմության» ինքնությունը (Հայտն. 7։9)։ Քույրերս՝ Լիլիանը և Յունիսը, ավելի քան 800 մկրտվողներից էին։

Մեր ընտանիքը, Վան Դալենները և Քամերուդները ներկա եղան Կոլումբուսում (Օհայո, 1937 թ.), Սիեթլում (Վաշինգտոն նահանգ, 1938 թ.) և Նյու Յորքում (1939 թ.) անցկացված համաժողովներին։ Ճանապարհին մենք կանգ էինք առնում, որ հանգստանանք։ 1940 թ.–ին Յունիսն ամուսնացավ Լեո վան Դալենի հետ։ Նրանք սկսեցին ծառայել որպես ռահվիրաներ։ Այդ նույն տարի ամուսնացան նաև Լիլիանն ու Գորդոն Քամերուդը։ Նրանք նույնպես դարձան ռահվիրաներ։

1941 թ.–ին Սենտ Լուիսում (Միսուրի նահանգ) տեղի ունեցած համաժողովը յուրահատուկ էր։ Հազարավոր պատանիներ ստացան «Երեխաներ» գիրքը։ Այդ համաժողովը շրջադարձային էր իմ կյանքում։ Դրանից կարճ ժամանակ անց՝ 1941 թ. սեպտեմբերի 1–ին, ես, եղբայրս՝ Մարվինը, ու նրա կինը՝ Ջոյսը, սկսեցինք ծառայել ռահվիրա։ Այդ ժամանակ 15 տարեկան էի։

Քանի որ մեզ մոտ գլխավորապես զբաղվում էին գյուղատնտեսությամբ, իսկ համաժողովները հաճախ անցկացվում էին հենց բերքահավաքի օրերին, ոչ բոլոր եղբայրներն էին կարողանում ներկա լինել։ Այդ իսկ պատճառով համաժողովներից հետո բոլորս հավաքվում էինք մեր տան հետնաբակում և կրկնում ծրագրի գլխավոր մտքերը, որպեսզի նրանք, ովքեր չէին կարողացել մասնակցել, օգուտներ քաղեն։ Ինչքա՜ն ուրախ էին անցնում այդ հավաքույթները։

«Գաղաադ» և օտարերկրյա նշանակումներ

1943 թ. փետրվարին հիմնվեց «Գաղաադ» դպրոցը, որտեղ սովորելով՝ ռահվիրաները կարող էին դառնալ միսիոներներ։ Առաջին դասարանում Վան Դալենների ընտանիքից սովորում էր վեց հոգի՝ էմիլ, Արթուր, Հոմեր և Լեո եղբայրները, նրանց զարմիկ Դոնալդը և Լեոյի կինը՝ իմ քույր Յունիսը։ Մենք անչափ հուզված էինք, որովհետև չգիտեինք, թե երբ նորից կտեսնենք նրանց։ Դպրոցն ավարտելուց հետո բոլոր վեցն էլ նշանակվեցին ծառայելու Պուերտո Ռիկոյում, որտեղ Վկաներին կարելի էր մատների վրա հաշվել։

Մեկ տարի անց «Գաղաադի» երրորդ դասարանում սովորում էին Լիլիանը, Գորդոնը, ինչպես նաև Մարվինն ու Ջոյսը։ Նրանց նույնպես ուղարկեցին Պուերտո Ռիկո։ Իսկ 1944 թ. սեպտեմբերին, երբ 18 տարեկան էի, հրավիրվեցի սովորելու այդ դպրոցի չորրորդ դասարանում։ 1945 թ. փետրվարին, երբ դպրոցն ավարտեցի, ինձ էլ նշանակեցին ծառայելու Պուերտո Ռիկոյում։ Ինձ համար ամեն ինչ նոր էր ու հետաքրքիր։ Թեև դժվար էր իսպաներեն սովորել, բայց շուտով մեզնից մի քանիսն արդեն անցկացնում էին Աստվածաշնչի 20–ից ավելի ուսումնասիրություն։ Եհովան օրհնում էր քարոզչական գործը։ Այսօր Պուերտո Ռիկոյում կա մոտ 25 000 Վկա։

Դժբախտություններ մեր ընտանիքում

1950 թ.–ին ծնվեց Լեոյի և Յունիսի որդին՝ Մարկը, բայց նրանք շարունակեցին մնալ Պուերտո Ռիկոյում։ 1952 թ.–ին նրանք որոշեցին արձակուրդ վերցնել ու մեկնել հայրենիք՝ հարազատներին տեսնելու։ Ապրիլի 11–ին Լեոն ու Յունիսը իրենց փոքրիկի հետ ինքնաթիռ նստեցին։ Դժբախտաբար, օդ բարձրանալուց կարճ ժամանակ անց ինքնաթիռն ընկավ օվկիանոսի մեջ։ Ամուսինները մահացան։ Իսկ երկամյա Մարկին ջրից հանեց փրկվածներից մեկը, որն արդեն մակույկի մեջ էր։ Երեխային արհեստական շնչառություն տվեցին, ու նա կենդանի մնացb։

Այս դեպքից հինգ տարի անց՝ 1957 թ. մարտի 7–ին, հայրս ու մայրս մեքենայով գնում էին Թագավորության սրահ։ Ճանապարհին անվադողը ծակվեց։ Մինչ հայրս փոխում էր այն, կողքից անցնող մի մեքենա հարվածեց նրան։ Հայրս տեղում մահացավ։ Նրա մահախոսականին ներկա էր մոտ 600 մարդ, և նրա ընկերներն ու ծանոթները լավ վկայություն ստացան։

Նոր նշանակումներ

Հորս մահից անմիջապես առաջ Արգենտինայում ծառայելու նշանակում ստացա։ 1957 թ. օգոստոսին ժամանեցի Մենդոսա՝ Անդերի ստորոտում գտնվող մի քաղաք։ 1958 թ.–ին Արգենտինայում ծառայելու նշանակում ստացավ «Գաղաադ» դպրոցի 30–րդ դասարանի շրջանավարտ Ջորջ Փապասը։ Մենք լավ ընկերներ դարձանք և 1960 թ.–ին ամուսնացանք։ 1961 թ.–ին՝ 83 տարեկան հասակում, մայրս մահացավ։ Նա հավատարմորեն քայլեց ճշմարիտ երկրպագության ճանապարհով ու շատ շատերին օգնեց նույնն անելու։

Ես ու Ջորջը տասը տարի ծառայեցինք տարբեր միսիոներների հետ՝ ապրելով տարբեր միսիոներական տներում։ Այնուհետև յոթ տարի շրջանային ծառայության մեջ եղանք։ 1975 թ.–ին վերադարձանք ԱՄՆ, որպեսզի խնամենք մեր հիվանդ հարազատներին։ 1980 թ.–ին ամուսնուս հրավիրեցին շրջանային ծառայության իսպանախոս դաշտում։ ԱՄՆ–ում այն ժամանակ կար մոտ 600 իսպանախոս ժողով։ 26 տարվա ընթացքում մենք բազմաթիվ ժողովներ այցելեցինք և տեսանք, թե ինչպես է դրանց թիվն ավելանում՝ անցնելով 3 000–ը։

Նրանք քայլեցին «ճանապարհով»

Մայրս շատ ուրախ էր՝ տեսնելով, որ իր ընտանիքի կրտսեր անդամները ձգտում են լիաժամ ծառայության։ Քարոլը՝ իմ մեծ քրոջ՝ էսթերի աղջիկներից մեկը, 1953 թ.–ին ռահվիրայական ծառայություն սկսեց։ Նա ամուսնացավ Դենիս Թրումբորի հետ, և նրանք մինչև օրս ծառայում են լիաժամ։ Քրոջս մյուս աղջիկը՝ Լոիսը, ամուսնացավ Ուենդել Ջենսենի հետ։ Նրանք սովորեցին «Գաղաադի» 41–րդ դասարանում և 15 տարի Նիգերիայում ծառայեցին որպես միսիոներ։ Մարկին, որի ծնողները մահացան ավիավթարից, մեծացրին Լեոյի քույրը՝ Ռուտ Լալոնդը, և նրա ամուսինը՝ Քուրտիսը։ Մարկը և իր կինը՝ Լավոնը, երկար տարիներ ծառայեցին ռահվիրա, և իրենց չորս երեխաներին կրթեցին «ճանապարհի» համաձայն (Ես. 30։21)։

Բոլոր քույրերս արդեն մահացել են։ Մահացել է նաև Մարվինը։ Մյուս եղբայրս՝ Օռլենը, արդեն իննսունն անց է ու հավատարմորեն ծառայում է Եհովային։ Ջորջը և ես ուրախությամբ շարունակում ենք մեր լիաժամ ծառայությունը։

Մորս թողած ժառանգությունը

Մայրիկս շատ էր սիրում իր գրասեղանը։ Հայրիկն էր նվիրել նրան իրենց հարսանիքին։ Այն այժմ գտնվում է մեր տանը։ Գրասեղանի դարակներից մեկում մայրիկի հին ալբոմն է, որի մեջ նա դրել էր նամակներ, ինչպես նաև թերթից կտրած հոդվածներ, որոնք ինքն էր գրել։ Այդ հոդվածները Թագավորության մասին հիանալի վկայություն են տվել։ Դրանցից մի քանիսը հրապարակվել են դեռևս անցյալ դարասկզբին։ Ալբոմի մեջ են նաև իր միսիոներ զավակների նամակները, որոնք նա շատ էր փայփայում։ Ես դրանք հաճույքով եմ նորից ու նորից կարդում։ Իսկ այն նամակները, որ մայրս էր գրում մեզ, լի էին դրական մտքերով և ամեն անգամ քաջալերում էին մեզ։ Մայրս այդպես էլ չկարողացավ իրականացնել միսիոներ դառնալու իր ցանկությունը։ Բայց նրա սերը միսիոներական ծառայության հանդեպ ոգեշնչեց նրա հաջորդ սերունդներին եռանդուն լինելու քարոզչական գործում։ Այնքա՜ն եմ սպասում այն օրվան, երբ մեր մեծ ընտանիքը հայրիկիս և մայրիկիս հետ միասին կապրի դրախտային երկրի վրա (Հայտն. 21։3, 4)։

[ծանոթագրություններ]

a Էմիլ վան Դալենի կենսագրությունը տպագրված է «Դիտարանի» 1983 թ. հունիսի 15–ի համարում (էջ 27–30, անգլ.)։

b Տե՛ս «Արթնացե՛ք», հունիսի 22, 1952 թ., էջ 3, 4 (անգլ.)։

[նկար 17–րդ էջի վրա]

Էմիլյա Փեդերսոն

[նկար 18–րդ էջի վրա]

Մայրս, հայրս (գրկում՝ Մարվինը), ներքևում՝ ձախից աջ՝ Օռլենը, էսթերը, Լիլիանը, Միլդրեդը, 1916

[նկար 19–րդ էջի վրա]

Լեոն ու Յունիսը՝ մահից կարճ ժամանակ առաջ

[նկար 20–րդ էջի վրա]

Վերևում՝ ձախից աջ՝ էսթերը, Միլդրեդը, Լիլիանը, Յունիսը, Ռուտը, ներքևում՝ Օռլենը, մայրս, հայրս և Մարվինը, 1950

[նկար 20–րդ էջի վրա]

Ջորջ և Ռուտ Փապասները՝ շրջանային ծառայության մեջ, 2001

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը