«Մօտեցէք Աստուծուն, և նա կ’մօտենայ ձեզ»
Նախկինում և հիմա. նրա կյանքում մեծ շրջադարձ տեղի ունեցավ
Ի՜ՆՉ տհաճ ու անիմաստ կյանք է վարել Մաթսեփանգը։ Մանուկ հասակում այս աղջիկն ապրել է Հարավային Աֆրիկայի կենտրոնական մասում գտնվող Լեսոթո երկրում։ Մաթսեփանգը կաթոլիկական դաստիարակություն է ստացել։ Սակայն փոխանակ ավելի մոտենալու Աստծուն՝ տարիներ շարունակ միանձնուհիները օգտագործել են նրան՝ կաշառելով, որպեսզի նա անբարոյական հարաբերությունների մեջ մտներ իրենց հետ։
Այդ պատճառով Մաթսեփանգը հիասթափություն էր ապրել կրոնի հանդեպ և այլևս չէր հավատում, որ գոյություն ունի սիրող Արարիչ, որն անկեղծորեն հոգ է տանում իր մարդկային արարածների մասին։ Լքված ու օգտագործված լինելու պատճառով նա խոր էմոցիոնալ վերքեր ուներ իր հոգում և իրեն բացարձակապես անարժեք էր համարում։ Հետևանքը եղավ այն, որ նա կռվարար ու ագրեսիվ աղջիկ դարձավ։ Իսկ դա նրան առաջնորդեց դեպի հանցագործ կյանքի ուղի։
Ի հավելումն այս ամենի՝ Մաթսեփանգը միացավ մի ավազակախմբի, որի անդամները գնացքներում թալանում էին մարդկանց։ Այդ գործունեության պատճառով նրան ձերբակալեցին և դատապարտեցին բանտարկության Հարավային Աֆրիկայում։ Հետագայում նրան արտաքսեցին իր հայրենի երկիր՝ Լեսոթո, որտեղ էլ նա շարունակեց հանցագործ կյանք վարել, զբաղվել հարբեցողությամբ, բռնությամբ և անբարոյությամբ։
Կյանքի ամենածանր պահերից մեկի ժամանակ Մաթսեփանգը հուսահատ աղոթում է Աստծուն՝ նրանից օգնություն խնդրելով։ Իր աղոթքում նա խոստանում է. «Աստվա՛ծ իմ, եթե ես կենդանի մնամ, ամեն ինչ կանեմ, որ ծառայեմ քեզ»։
Շուտով Մաթսեփանգը հանդիպում է երկու միսիոներների, որոնք Եհովայի վկաներ էին։ Նրանք Մաթսեփանգին Աստվածաշնչի ուսումնասիրություն են առաջարկում։ Ուսումնասիրությունից նա հասկանում է, որ Աստված անտարբեր կամ անհոգ չէ։ Նա հասկանում է նաև, որ Սատանան՝ «ստութեան հայրը», խորամանկորեն ու մոլորեցուցիչ կերպերով մարդկանց մեջ թերարժեքության զգացում է առաջացնում և հավատացնել է տալիս, որ նրանք երբեք սիրված չեն լինի Եհովայի կողմից (Յովհաննէս 8։44; Եփեսացիս 6։11)։
Սակայն որքա՜ն սփոփիչ էր Մաթսեփանգի համար իմանալ, որ մենք կարող ենք ինքնահարգանքի զգացում ձեռք բերել, եթե զղջանք անցյալում գործած մեղքերի համար, Եհովայից ներում խնդրենք և աշխատենք հաճեցնել նրան։ Մաթսեփանգին օգնեցին հասկանալ, որ «Աստուած մեր սրտիցն աւելի մեծ է» և մեզ չի նայում մեր աչքերով (Ա Յովհաննէս 3։19, 20)։
Մաթսեփանգը հուզվեց, երբ կարդաց սաղմոսերգուի հետևյալ խոսքերը. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։18)։ Որպես «հոգով փշրուած» մեկը՝ նա հասկացավ, որ Եհովան չի լքում իր ծառաներին, նույնիսկ երբ նրանցից ոմանք վհատվում են կամ իրենց լքված զգում։ Նրա սիրտը ջերմացրեց այն բանի իմացությունը, որ Աստված հոգ է տանում բոլոր իր հնազանդ ծառաների մասին և պաշպանում դժվար իրավիճակներում (Սաղմոս 55։22; Ա Պետրոս 5։6, 7)։ Նրա համար հատկապես հուզիչ են եղել հետևյալ խոսքերը.«Մօտեցէք Աստուծուն, եւ նա կ’մօտենայ ձեզ» (Յակոբոս 4։8)։
Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի զորությունը շուտով երևաց Մաթսեփանգի կյանքում։ Նա սկսեց կանոնավորաբար հաճախել ժողովի հանդիպումներին և թողեց այն գործերը, որոնք հակասում էին Գրություններին։ Ի՞նչ արդյունքով։ Նա այլևս իրեն անարժեք չէր համարում Աստծուց սիրվելու և նրան հաճելի լինելու համար։ Մկրտվելով և դառնալով Եհովայի վկա՝ նա հազարավոր ժամեր է անցկացրել քրիստոնեական ծառայության մեջ՝ որպես Թագավորության բարի լուրի քարոզիչ։ Չնայած անցյալի թողած ծանր վերքերին՝ այժմ Մաթսեփանգը ուրախ ու իմաստալից կյանք է վարում։ Ի՜նչ հրաշալի օրինակ է սա, որ ցույց է տալիս, թե ինչպես է Աստվածաշնչի զորության շնորհիվ բարելավվում մարդկանց կյանքը (Եբրայեցիս 4։12)։
[մեջբերում 9–րդ էջի վրա]
«Աստվա՛ծ իմ, եթե ես կենդանի մնամ, ամեն ինչ կանեմ, որ ծառայեմ քեզ»
[շրջանակ 9–րդ էջի վրա]
Աստվածաշնչի սկզբունքները ներգործուն են
Աստվածաշնչի սկզբունքները սփոփում են այնպիսի անհատների, որոնց հետ վատ են վերաբերվել։ Ահա այդ սկզբունքներից մի քանիսը.
«Իմ հոգերն իմ սրտումը շատանալիս՝ քո [Աստծո] մխիթարութիւններն ուրախացնում են ինձ» (Սաղմոս 94։19)։ Եհովայի «մխիթարութիւններն», որ արձանագրված են իր Խոսքում, մեծ սփոփանքի աղբյուր են։ Խորհրդածելիս և աղոթելիս դրանց մասին հիշելը կօգնի մեզ վանել վհատեցնող մտքերն ու վստահություն զարգացնել Աստծո հանդեպ՝ որպես հասկացող Ընկերոջ։
«Նա [Եհովան] բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը» (Սաղմոս 147։3)։ Եթե մենք գնահատենք Եհովայի ցուցաբերած ողորմությունը և մեր մեղքերը ծածկելու համար նրա ձեռնարկած միջոցը՝ Հիսուսի քավիչ զոհաբերությունը, ապա համարձակորեն կդիմենք Աստծուն, և մեր սիրտը մեզ այլև չի դատապարտի։ Դա աննկարագրելի հանգստություն ու մտքի խաղաղություն կտա մեզ։
«Ոչ ով կարող չէ ինձ [Հիսուս Քրիստոսի] մօտ գալ, եթէ Հայրն՝ որ ինձ ուղարկեց՝ չ’քաշէ նորան. եւ ես յետին օրումը կ’յարուցանեմ նորան» (Յովհաննէս 6։44)։ Սուրբ ոգու և Թագավորության քարոզչության գործի միջոցով Եհովան անձամբ մեզ մոտեցնում է իր Որդուն և մեզ հավիտենական կյանքի հույս է տալիս։