Ընթերցողների հարցերը
Ինչո՞ւ են «Սաղմոսներ» գրքի համարակալումները տարբերվում Աստվածաշնչի մի շարք թարգմանություններում։
Առաջին Աստվածաշունչը, որն ունի գլուխների և համարների բաժանումներ, ֆրանսերեն լեզվով թարգմանությունն է, որը տպագրվել է Ռոբեր Էտյենի կողմից 1553 թ.–ին։ Սակայն «Սաղմոսներ» գիրքը, ըստ երևույթին, բաժանումների է ենթարկվել դեռևս դրանից շատ առաջ. այն բաժանվել է առանձին սաղմոսների կամ երգերի, որոնք կազմվել են բազմաթիվ մարդկանց կողմից։
Ակնհայտորեն, Եհովան առաջինը Դավիթին պատվիրեց մեկտեղ հավաքել սաղմոսների ժողովածուն՝ հանրային երկրպագության մեջ գործածելու համար (Ա Մնացորդաց 15։16–24)։ Գոյություն ունի այն կարծիքը, որ ավելի ուշ «ժիր դպիր» և քահանա Եզրասն է պատասխանատվություն վերցրել ամբողջությամբ «Սաղմոսներ» գիրքը իր վերջնական՝ ներկայումս գոյություն ունեցող տեսքին բերելու համար (Եզրաս 7։6)։ Ուստի՝ «Սաղմոսներ» գիրքը առանձին սաղմոսների է բաժանվել, երբ այն արդեն կազմված է եղել։
Պողոս առաքյալն իր միսիոներական առաջին շրջագայության ժամանակ Անտիոքի (Պիսիդիա) ժողովարանում ներկայացրած իր ելույթում մեջբերում արեց երկրորդ սաղմոսից՝ ասելով. «Դու իմ Որդին ես, եւ ես այսօր ծնեցի քեզ» (Գործք 13։33)։ Այսօր էլ Աստվածաշնչերում այս խոսքերը գտնվում են երկրորդ սաղմոսի 7–րդ համարում։ Բայց և այնպես, Աստվածաշնչի տարբեր թարգմանություններում սաղմոսները տարբեր համարակալում ունեն։ Պատճառն այն է, որ որոշ թարգմանություններ հիմնված են եբրայերեն մասորեթական տեքստի վրա, մինչդեռ մյուսները՝ հունարեն «Յոթանասնից» թարգմանության վրա, որը եբրայերեն տեքստից թարգմանվել է մ.թ.ա. երկրորդ դարում։ Օրինակ՝ լատիներեն «Վուլգատան», որից թարգմանվել են կաթոլիկական շատ Աստվածաշնչեր, օգտագործում է «Յոթանասնից»–ում գտնվող սաղմոսների համարակալումը, մինչդեռ «Նոր աշխարհ թարգմանությունը» և ուրիշները հետևում են եբրայերեն մասորեթական տեքստին։
Որո՞նք են առանձնահատուկ տարբերությունները։ Եբրայերեն տեքստն ընդհանուր առմամբ բաղկացած է 150 սաղմոսներից։ Իսկ «Յոթանասնից»–ում 9–րդ և 10–րդ, ինչպես նաև 114–րդ և 115–րդ սաղմոսները ընդգրկված են մեկի մեջ։ Բացի այդ, 116–րդ և 147–րդ սաղմոսներից յուրաքանչյուրը բաժանված է երկու սաղմոսների։ Չնայած ընդհանուր թիվը պահպանվում է, սակայն «Յոթանասնից»–ում, եբրայերեն տեքստի հետ համեմատած, սաղմոս 10–ից մինչև 146–ի համարակալումը մեկով պակաս է։ Այնպես որ, քաջածանոթ 23–րդ սաղմոսը մի թարգմանության մեջ («Douay Version») ներկայացվում է որպես 22–րդ, ինչպես որ է լատիներեն «Վուլգատայում», որն էլ իր հերթին հետևում է «Յոթանասնից»–ին։
Եվ վերջապես, որոշ սաղմոսների համարակալումներ կարող են նաև տարբեր լինել տարբեր թարգմանություններում։ Ինչո՞ւ։ Դա այդպես է, քանի որ մի շարք թարգմանություններ հետևում են «եբրայական սովորությանը՝ համարակալելով ենթախորագրերը՝ որպես առաջին համար», իսկ մյուս թարգմանությունները՝ ոչ, նշվում է «Մըքքլինթոքի և Սթրոնգի հանրագիտարան»–ում։ Ուրեմն՝ եթե վերնագիրը կամ ենթախորագիրը երկար է, հաճախ այն հաշվվում է որպես երկու տարբեր համար, և դրան համապատասխան աճում է նաև ընդհանուր համարների թիվը։