Պատմում են Թագավորության քարոզիչները
Աջակցություն՝ արյան սրբության հարցում հավատարմություն պահելու համար
ԱՇԽԱՐՀՈՎ մեկ Եհովայի ծառաները արյան սրբության հարցում հավատարմություն են դրսևորում Աստծո հանդեպ (Գործք 15։28, 29)։ Այդ հարցում քրիստոնեական եղբայրությանը օգնություն է ցույց տալիս հավատարիմ և իմաստուն ծառա դասակարգը (Մատթէոս 24։45–47)։ Եկեք տեսնենք, թե ինչպիսին են եղել արդյունքները Ֆիլիպիններում։
Ֆիլիպինների մասնաճյուղը տեղեկացնում է. «1990 թ.–ին մեզ ասացին, որ Բրուքլինի Բեթելի ներկայացուցիչները այստեղ՝ Ֆիլիպիններում, սեմինար են անցկացնելու։ Սեմինարին մասնակցելու համար եղբայրներ էին հրավիրվել մի քանի ասիական մասնաճյուղերից, ներառյալ՝ Կորեայի, Տայվանի և Հոնկոնգի։ Նպատակն էր օգնել, որ նրանց մասնաճյուղերում Հիվանդանոցային տեղեկատվական ծառայություններ հաստատվեին, նաև կազմվեին Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներ։ Ինչ վերաբերում է Ֆիլիպիններին, ապա սկզբում այնտեղ կոմիտեները հաստատվեցին չորս մեծ քաղաքներում»։ Կոմիտեները պետք է ջանային գտնել բժիշկներ, որոնք կցանկանային համագործակցել մեզ հետ՝ հաշվի առնելով արյան հանդեպ մեր քրիստոնեական տեսակետը։ Նրանք նաև պետք է օգնեին եղբայրներին, երբ արյան ներարկման հետ կապված խնդիրներ առաջանային։
Ռեմիխիոն նշանակվել էր ծառայելու Բագիո քաղաքի Հիվանդանոցների հետ կապի կոմիտեում։ Ժամանակի ընթացքում բժիշկները ուշադրություն դարձրին այս ծառայությանը։ Ռեմիխիոն մի դեպք է հիշում. կոմիտեի հետ հանդիպման ժամանակ մի խումբ բժիշկներ ցանկացան իմանալ, թե ինչպես բուժել Վկա–հիվանդներին, ովքեր հրաժարվում էին արյունից։ Նա պատմում է. «Բժիշկները սկսեցին հարցեր տալ, ու ես անելանելի դրության մեջ հայտնվեցի, որովհետև հարցերը խիստ մասնագիտական էին»։ Ռեմիխիոն աղոթեց Եհովային՝ օգնություն խնդրելով այդ դժվար վիճակից դուրս գալու համար։ Նա շարունակում է. «Յուրաքանչյուր հարցից հետո մյուս բժիշկները ձեռք էին բարձրացնում և պատմում, թե ինչպես են վարվել նման իրավիճակներում»։ Ռեմիխիոն ուրախ էր օգնության համար, մանավանդ որ հարց ու պատասխանը տևեց երկու ժամ։
Այժմ ամբողջ երկրում 21 կոմիտե կա, որոնցում 77 եղբայր է ծառայում։ Դանիլո անունով մի Վկա, որը նաև բժիշկ է, ասում է. «Բժիշկները գիտակցում են, որ Վկա–հիվանդներին աջակցում է սիրով նրանց մասին հոգ տանող մի կազմակերպություն»։ Մի բժիշկ սկզբում չէր ցանկանում վիրահատել մեր եղբայրներից մեկին՝ առանց արյան փոխներարկման։ Բայց եղբայրը հաստատակամություն դրսևորեց այդ հարցում։ Վիրահատությունը կատարվեց և հաջող անցավ։ Ֆիլիպինների մասնաճյուղի Հիվանդանոցային տեղեկատվական ծառայությունը հայտնում է. «Բժիշկը ապշել էր՝ տեսնելով եղբոր առողջանալը։ Նա նշել էր. «Տեղի ունեցածի հիման վրա կարող եմ ասել, որ եթե ձեր անդամներից որևէ մեկը առանց արյան ներարկման այսպիսի վիրահատության կարիք ունենա, ուրախությամբ կանեմ դա»»։