Կենսագրություն
Ուրիշներին ծառայելը մեղմացնում է սեփական ցավը
Պատմում է Խուլիան Արյասը
Դեռ 1988 թվականին, երբ ես 40 տարեկան էի, թվում էր, որ մասնագիտական առումով իմ ապագան շատ հուսալի է։ Ես միջազգային ընկերություններից մեկում աշխատում էի որպես մարզային դիրեկտոր։ Աշխատանքիս դիմաց որպես վարձատրություն ընկերությունը ինձ հատկացրել էր շքեղ ավտոմեքենա, ստանում էի բարձր աշխատավարձ, ունեի բոլոր հարմարություններով կահավորված աշխատասրահ Մադրիդի կենտրոնում (Իսպանիա)։ Նույնիսկ խոսք կար, որ ընկերությունը մտադիր էր ինձ նշանակել երկրում գտնվող օբյեկտների գլխավոր դիրեկտոր։ Ես բոլորովին անտեղյակ էի, որ շուտով դեպքերի կտրուկ փոփոխություններ էին լինելու իմ կյանքում։
ԱՅԴ տարի բժիշկս ինձ մի օր հայտնեց, որ անբուժելի հիվանդություն ունեմ՝ ցրված կարծրախտ։ Ցնցվեցի այդ լուրից։ Ավելի ուշ, երբ կարդացի, թե այդ հիվանդությունը ինչ վիճակի մեջ կարող է գցել մարդուն, խուճապի մատնվեցի։a Երևում է՝ մնացած ողջ կյանքս ապրելու էի դամոկլեսյան սրի սպառնալիքի տակ։ Ո՞վ էր հոգ տանելու կնոջս՝ Միլագրոսին ու երեք տարեկան որդուս՝ Իսմայելին։ Ի՞նչ պիտի անեինք։ Մինչ ես հուսահատ փնտրում էի այս հարցերի պատասխանները, ևս մի հարված ստացա։
Մոտ մեկ ամիս անց այն օրից, երբ բժիշկը հայտնել էր հիվանդությանս մասին, ինձ իր աշխատասենյակ կանչեց իմ ղեկավարը։ Նա ասաց, որ ընկերությանը հարկավոր են բարեկազմ անձնավորություններ, և այնպիսի սարսափելի հիվանդություն ունեցողը, ինչպիսին ես էի, չէր կարող համապատասխանել այնտեղ աշխատելու պահանջներին՝ ինչքան էլ որ վաղ շրջանում լիներ հիվանդությունը։ Նա անմիջապես հեռացրեց ինձ աշխատանքից. իմ կարիերան ավարտված էր։
Տանը աշխատում էի թաքցնել վհատությունս, սակայն ձգտում էի առանձնության՝ խորհելու համար իմ նոր պայմանների մասին, քննելու անելիքներս։ Պայքարում էի հետզհետե գլուխ բարձրացնող դեպրեսիայի դեմ։ Ամենացավալին ինձ համար այն էր, որ ընդամենը մի ակնթարթում ես բոլորովին անպիտան դարձա ընկերության համար։
Տկարության մեջ՝ զորություն գտա
Բարեբախտաբար, ինձ համար ծանր այդ ժամանակներում կային մի քանի աղբյուրներ, որտեղից ես կարող էի ուժ ձեռք բերել։ Գրեթե 20 տարի դրանից առաջ ես դարձել էի Եհովայի վկա։ Եվ ահա աղոթքով անկեղծորեն դիմեցի Եհովային ու պատմեցի նրան իմ զգացմունքները, ապագայի վերաբերյալ իմ տագնապները։ Ինձ համար մեծ ապավեն եղավ կինս, որը նույնպես Եհովայի վկա է։ Ինձ շատ օգնեց և ուժ հաղորդեց նաև մտերիմ ընկերներիս անգնահատելի սերն ու բարությունը (Առակաց 17։17)։
Ուրիշների հանդեպ ունեցած պատասխանատվության զգացումը նույնպես իր դրական դերն ունեցավ։ Ես ցանկանում էի լավ դաստիարակություն տալ որդուս, ուսուցանել նրան ու խաղալ նրա հետ, նախապատրաստել նրան քարոզչական ծառայության։ Այնպես որ՝ ես իրավունք չունեի մատնվելու հուսալքության։ Այդ ամենից բացի, ես նաև երեց էի Եհովայի վկաների ժողովներից մեկում, և այնտեղի քրիստոնյա եղբայրներն ու քույրերը իմ օգնության կարիքն ունեին։ Եթե թույլ տայի, որ դժբախտությունը քայքայեր հավատս, ինչպե՞ս կկարողանայի լավ օրինակ լինել ուրիշների համար։
Ինչպեսև սպասվում էր, շուտով իմ կյանքում սկսեցին տեղի ունենալ ֆիզիկական ու տնտեսական վիճակի փոփոխություններ, որոնք բացասական լինելով հանդերձ՝ ինչ–որ տեսանկյունից դրական ազդեցություն ունեցան իմ կյանքում։ Մի անգամ այսպիսի խոսքեր ասաց մի բժիշկ. «Հիվանդությունը չի կործանում անհատին, այլ փոխում է միայն»։ Ես անձամբ համոզվել եմ, որ նման փոփոխությունները երբեմն նույնիսկ դրական դեր կարող են խաղալ։
Նախ ասեմ, որ իմ «մարմնի խայթը» օգնեց, որ կարողանամ ավելի լավ հասկանալ ուրիշների առողջական խնդիրները և կարեկցել նրանց (Բ Կորնթացիս 12։7)։ Սկսեցի ավելի խորությամբ հասկանալ Առակաց 3։5–ում գրված խոսքերը. «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր»։ Ավելին՝ նոր հանգամանքները ինձ սովորեցրին, թե ինչն է կյանքում ամենակարևորը և ինչն է բերում իսկական բավարարվածության զգացում ու սեփական անձի արժեքավորության գիտակցում։ Ես դեռևս շատ բան կարող էի անել Եհովայի կազմակերպության մեջ։ Ինձ համար բացահայտվեց Հիսուսի խոսքերի իսկական նշանակությունը. «Աւելի երանելի է տալը քան թէ առնելը» (Գործք 20։35)։
Նոր կյանք
Հիվանդությանս հայտնաբերումից քիչ ժամանակ անց հրավեր ստացա մասնակցելու Մադրիդում անցկացվող մի սեմինարի, որը նպատակ ուներ քրիստոնյա կամավորներին գիտելիքներ հաղորդել այն մասին, թե ինչպես համագործակցություն զարգացնել բժիշկների ու Վկա հիվանդների միջև։ Այս կամավորներից հետագայում կազմվեցին հիվանդանոցների հետ կապ հաստատող կոմիտեներ։ Այդ դասընթացները ճիշտ ժամանակին էին. ինձ համար հնարավորություն բացվեց զբաղվելու մի այնպիսի գործով, որը շատ ավելի մեծ բավարարվածություն էր պատճառելու ինձ, քան կարող էի ստանալ առևտրի հետ կապված աշխատանքից։
Սեմինարի ժամանակ մենք իմացանք, որ այդ նոր կոմիտեները այցելելու էին հիվանդանոցները, բժիշկների հետ հանդիպումներ էին անցկացնելու, նյութեր էին ներկայացնելու առողջապահության աշխատողներին, և այդ ամենը մի նպատակով՝ համագործակցություն զարգացնել նրանց հետ և կանխել հնարավոր հակասությունները։ Հիվանդանոցների հետ կապ հաստատող կոմիտեները օգնելու էին Վկա քույր–եղբայրներին գտնելու այնպիսի բժիշկներ, ովքեր կհամաձայնեին բժշկական գործողությունները կատարել առանց արյան ներարկման։ Իհարկե, քանի որ երբևէ բժշկական կրթություն չէի ստացել, ես շատ բան ունեի սովորելու բժշկական տերմինների, սկզբունքների ու առողջապահական հիմնարկությունների գործունեության համակարգի վերաբերյալ։ Ինչևէ, սեմինարից հետո տուն գնացի ասես բոլորովին նոր մարդ դարձած՝ նոր մտածողությամբ ու նոր նպատակներով զինված։
Հիվանդանոցային այցելություններ՝ բավականության աղբյուր
Թեպետ հիվանդությունս կամաց–կամաց իր դաժան գործն էր անում, գնալով շատանում էին իմ ունեցած պատասխանատվությունները՝ որպես հիվանդանոցների հետ կապ հաստատող կոմիտեի անդամ։ Ես հաշմանդամության թոշակ էի ստանում, հետևաբար հիվանդանոցներ այցելելու համար պետք եղած ժամանակն ունեի։ Չնայած հատուկենտ հիասթափություններին՝ պարզվեց, որ նման այցելություններ կատարելը շատ ավելի հեշտ ու արժանահատույց գործ էր, քան մինչ այդ պատկերացնում էի։ Թեև ներկայումս գամված եմ հաշմանդամի սայլակին, սակայն դա մեծ դժվարություններ չի առաջացնում իմ գործում, քանի որ հանդիպման եմ գնում միշտ կոմիտեի անդամներից որևէ մեկի ընկերակցությամբ։ Բացի այդ, բժիշկները սովորական են վերաբերվում հաշմանդամի սայլակում գտնվող մարդկանց, ու երբեմն նույնիսկ թվում է, թե նրանք ավելի մեծ հարգանքով են լսում ինձ՝ տեսնելով այն ջանքերը, որ գործադրում եմ նրանց այցելելու համար։
Վերջին տաս տարիների ընթացքում հարյուրավոր բժիշկների եմ այցելել։ Նրանցից ոմանք սկզբից ևեթ իրենց պատրաստակամությունն են արտահայտել մեզ օգնելու հարցում։ Պրն Խուան Դուարտեն, որ աշխատում է Մադրիդում որպես սրտավիրաբույժ և հայտնի է հիվանդի սկզբունքները հարգելու հարցում, անմիջապես ընդառաջեց մեզ։ Այդ ժամանակվանից ի վեր նա ավելի քան 200 վիրահատություն է կատարել առանց արյան ներարկման Իսպանիայի տարբեր ծայրերից իր օգնությանը դիմած Եհովայի վկաների համար։ Տարիների ընթացքում ավելի ու ավելի մեծ թվով բժիշկներ սկսեցին կիրառել առանց արյան վիրահատության տարբերակը։ Մեր հաճախակի այցելություններն իրենց դերը խաղացին այդ հարցում, սակայն դա պայմանավորված էր նաև բժշկական առաջընթացով ու առանց արյան վիրահատության հիանալի արդյունքներով։ Կարող ենք վստահությամբ ասել, որ Եհովան օրհնեց մեր ջանքերը։
Ինձ հատկապես մեծ քաջալերանք պատճառեց մանկական սրտավիրաբույժներից մի քանիսի արձագանքը։ Երկու տարի շարունակ մենք այցելում էինք մի բժշկական անձնակազմի, որը բաղկացած էր երկու վիրաբույժներից՝ իրենց անեսթեզիոլոգներով։ Մենք նրանց մատակարարում էինք բժշկական գրականություն, որում ներկայացվում էին այլ բժիշկների կատարած աշխատանքները այս ոլորտում։ Մեր ջանքերը վարձատրվեցին 1999 թ.–ին տեղի ունեցած բժշկական կոնֆերանսի ժամանակ, որը նվիրված էր մանկական սրտանոթային վիրահատություններին։ Վերոհիշյալ երկու վիրաբույժները՝ Անգլիայից հրավիրված մեկ այլ վիրաբույժի հմուտ ղեկավարությամբ, կատարեցին չափազանց դժվար մի վիրահատություն։ Հարկավոր էր ձևափոխության ենթարկել մի երեխայի աորտայի փականը։b Հիվանդը Եհովայի վկայի երեխա էր։ Ես նրա ծնողների հետ միասին մեծ ուրախություն ապրեցի, երբ վիրաբուժական սենյակից դուրս եկավ բժիշկներից մեկը և հայտնեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և նրանց ընտանիքի սկզբունքները հարգվել են։ Ներկայումս այդ երկու բժիշկները կանոնավորապես Վկա հիվանդների են սպասարկում Իսպանիայի բոլոր ծայրերից։
Բավականության մեծ զգացումը, որ պատճառում են ինձ այսպիսի դեպքերը, պայմանավորված է հատկապես այն բանի գիտակցումով, որ ես կարող եմ օգնել իմ քրիստոնյա քույր–եղբայրներին։ Սովորաբար կյանքի ամենածանր պահերին է, որ նրանք դիմում են Հիվանդանոցների հետ կապի կոմիտե՝ երբ վիրահատության անհրաժեշտություն է առաջանում, սակայն տեղի բժիշկները չեն ցանկանում կամ ի վիճակի չեն լինում բուժել նրանց առանց արյան ներարկման։ Ու երբ եղբայրներն իմանում են, որ հենց այստեղ՝ Մադրիդում, կան բժշկության ամենատարբեր ոլորտի վիրաբույժներ, որ պատրաստ են ընդառաջել նրանց, շատ թեթևացած են զգում իրենց։ Մի անգամ սեփական աչքով տեսա, թե ինչպես եղբոր դեմքին գծագրված մտահոգությունը իսկույն փոխվեց հանգստության, երբ նա տեսավ մեզ իր կողքին՝ հիվանդանոցում։
Դատավորների հետ քննում ենք բժշկական բարոյագիտության սկզբունքները
Վերջին տարիներին անհրաժեշտություն առաջացավ, որ հիվանդանոցների հետ կապ հաստատող կոմիտեի անդամները այցելեին նաև դատավորներին։ Այդ այցելությունների ընթացքում մենք նրանց տալիս էինք հետևյալ հրատարակությունը՝ «Եհովայի վկաների համար. օգնություն ընտանիքներին և բժշկական ուղեցույց», որը պատրաստվել էր հատուկ նպատակով՝ ծանոթացնելու այս պաշտոնյաներին արյան օգտագործման վերաբերյալ մեր ունեցած տեսակետին և հայտնելու նրանց բժշկական այն միջոցների մասին, որոնք կարող էին փոխարինել դրան։ Նման այցելությունների մեծ անհրաժեշտություն կար, քանի որ Իսպանիայում մի ժամանակ սովորական երևույթ էր դարձել, որ դատարանը լիազորեր բժիշկներին արյան ներարկում կատարել՝ հակառակ հիվանդի ցանկության։
Դատավորների աշխատասենյակները շատ տպավորիչ են։ Երբ առաջին անգամ գնացել էի այցելելու նրանց և իմ հաշմանդամի սայլակում նստած «ճանապարհորդում» էի նախասրահներում, ես ինձ բոլորովին աննշան մարդ էի զգում։ Դրությունը վատթարացավ նաև նրանով, որ տեղի ունեցավ թեթևակի պատահար և ես սայլակից դուրս ընկա ծնկներիս վրա։ Դա տեսնելով՝ մի քանի դատավորներ ու փաստաբաններ օգնության հասան ինձ. շփոթմունքից ու անհարմար վիճակից գլուխս կորցրել էի։
Թեև երբեմն դատավորները հստակ չէին պատկերացնում մեր այցելության նպատակը, մեծամասամբ նրանք սիրալիր էին վերաբերվում։ Առաջին դատավորը, որին այցելեցի, արդեն առիթ էր ունեցել խորհելու մեր դիրքորոշման մասին և ասաց, որ կուզեր ավելի հանգամանորեն զրուցել մեզ հետ։ Երբ հաջորդ անգամ եկանք, նա անձամբ տարավ իմ սայլակը դեպի իր աշխատասենյակ և ուշադիր լսեց ինձ։ Այդ առաջին այցելության հիանալի արդյունքներից քաջալերված՝ ես և ընկերակիցներս կարողացանք հաղթահարել մեր մտավախությունները և շուտով ականատես եղանք հետագա լավ արդյունքների։
Նույն տարի մի ուրիշ դատավորի էլ տվեցինք «Օգնություն ընտանիքներին» գրքի մի օրինակ։ Նա մեզ սիրալիր ընդունեց ու խոստացավ, որ կընթերցի այն։ Ես նրան տվեցի նաև իմ հեռախոսի համարը, որպեսզի անհրաժեշտության դեպքում՝ երբ շտապ միջամտության կարիք լիներ, նա կապ հաստատեր մեզ հետ։ Երկու շաբաթ անց նա զանգահարեց ու ասաց, որ տեղի բժիշկներից մեկը դիմել է, որպեսզի նրան արտոնեն արյան ներարկում կատարել Եհովայի վկա մի կնոջ, որին հարկավոր է վիրահատել։ Դատավորը մեզ ասաց, որ կուզենար մեր օգնությամբ գտնել այնպիսի լուծում, որը հնարավորություն կտար հարգել Վկայի ցանկությունը և խուսափել արյան ներարկումից։ Մենք առանց հատուկ դժվարությունների գտանք ուրիշ հիվանդանոց, որտեղ բժիշկները հաջողությամբ կատարեցին վիրահատությունը առանց արյան։ Դատավորը շատ ուրախացավ, երբ իմացավ, որ ամեն ինչ բարեհաջող է ավարտվել ու մեզ հավաստիացրեց, որ հետագայում ևս կաշխատի այդ ձևով լուծել նման խնդիրները։
Հիվանդանոցներ այցելելու ընթացքում հաճախակի բժշկական բարոյագիտությանն առնչվող հարցեր էին առաջանում, քանի որ մենք ցանկանում էինք, որ բժիշկները հաշվի առնեին հիվանդի իրավունքներն ու խղճի թելադրանքը։ Մեզ հետ համագործակցող մի հիվանդանոց, որ գտնվում է Մադրիդում, ինձ հրավիրեց մասնակցել բժշկական բարոյագիտության վերաբերյալ նրանց կազմակերպած դասընթացներին։ Այս դասերն ինձ հնարավորություն ընձեռեցին աստվածաշնչյան մեր տեսակետը ներկայացնել այս բնագավառի բազմաթիվ մասնագետների։ Դրանք նաև օգնեցին ինձ հասկանալ, թե որքան բարդ խնդիրների են բախվում բժիշկներն իրենց գործում։
Դասընթացը վարողներից մեկը՝ պրոֆեսոր Դիեգո Գրասիան, ներկայումս Իսպանիայի բժիշկների համար կանոնավորապես կազմակերպում է բարոյագիտության դասընթացներ՝ դասախոսության հրավիրելով հանրահայտ մասնագետների։ Արյան փոխներարկմանը վերաբերող հարցերում նա դարձել է մեր իրավունքների պաշտպանը։c Մեր միջև մշտական կապ հաստատվեց, շնորհիվ որիԵհովայի վկաների Իսպանիայում գտնվող մասնաճյուղից հրավիրվեցին ներկայացուցիչներ՝ բացատրելու մեր տեսակետը պն Գրասիայի ասպիրանտներին, որոնցից մի քանիսը երկրում ճանաչված են որպես բարձրակարգ բժիշկներ։
Ցավալի իրականություն
Ինչ խոսք, հավատակիցներիս օգնելու նպատակով կատարվող այս աշխատանքը, որն ինձ մեծ բավականություն է պատճառում, չի լուծել այն բոլոր անձնական խնդիրները, որ ես ունեմ։ Հիվանդությունս անխնա առաջ է գնում, թեև բարեբախտաբար միտքս արթուն է։ Շնորհիվ կնոջս ու որդուս, որոնք երբեք չեն տրտնջում, ես դեռևս կարողանում եմ կատարել իմ պատասխանատվությունները։ Առանց նրանց օգնության ու աջակցության դա պարզապես անհնար կլիներ. ես ի վիճակի չեմ անգամ կոճկել անդրավարտիքս կամ վերնազգեստ հագնել։ Հատկապես մեծ բավականություն եմ ստանում շաբաթ օրերին որդուս՝ Իսմայելի հետ քարոզի գնալուց։ Նա ինձ սայլակով տանում է այս ու այնտեղ, և ես հնարավորություն եմ ունենում մարդկանց հետ զրուցելու։ Կարողանում եմ դեռևս կատարել ժողովի երեցի իմ պարտականությունները։
Վերջին 12 տարիներին շատ ծանր պահեր եմ ապրել։ Երբեմն ինձ ավելի մեծ ցավ է պատճառում ոչ թե հիվանդությունն ինքը, այլ տեսնելը, թե ինչպես է իմ անդամալուծությունը անդրադառնում ընտանիքիս անդամների վրա։ Ես գիտեմ, որ նրանք տանջվում են, թեև աշխատում են դա ցույց չտալ։ Ոչ վաղ անցյալում մի տարվա մեջ մահացան կնոջս մայրը և իմ հայրը։ Դա այն նույն տարին էր, երբ ես զրկվեցի քայլելու կարողությունից։ Հայրս ապրում էր մեզ հետ նույն տանը։ Նա մահացավ մեկ ուրիշ կազմափոխական ծանր հիվանդությունից, սակայն Միլագրոսը, որ խնամում էր նրան, նրա օրինակի վրա ասես տեսներ իմ ապագան։
Եթե իրերին փորձենք նայել դրական տեսանկյունից, դժվարությունները միասին հաղթահարելը ավելի է միավորել մեր ընտանիքը։ Թեև պաշտոնավարական աթոռի փոխարեն ներկայումս նստած եմ անդամալույծի սայլակում, սակայն իրականում ավելի լավ կյանքով եմ ապրում, քանի որ լիարժեք ձևով եմ ծառայում ուրիշներին։ Ուրիշներին տալու հարցում պատրաստակամություն դրսևորելը մեղմացնում է սեփական ցավը, և Եհովան կատարում է իր խոստումը՝ անհրաժեշտ պահին զորություն տալով մեզ։ Պողոսի նման կասեի, որ իրոք «Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց» (Փիլիպպեցիս 4։13, ԷԹ)։
[ծանոթագրություններ]
a Ցրված կարծրախտը կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում է։ Դրա հետևանքով մարդը հաճախ աստիճանաբար կորցնում է հավասարակշռությունը, դժվարանում է օգտագործել վերջույթները, երբեմն կորցնում է նաև տեսնելու, խոսելու կամ որևէ բան հասկանալու կարողությունը։
b Վիրահատության այս մեթոդը այժմ հայտնի է որպես Ռոսսի եղանակ։
c Տե՛ս «Դիտարան», 1997 թ., փետրվարի 15, էջ 19, 20 (ռուս.)։
[շրջանակ 24–րդ էջի վրա]
Կնոջ խոսքերը
Ինչ խոսք, մի կնոջ համար, որի ամուսինը տառապում է ցրված կարծրախտով, դժվարությունները շատ են՝ թե մտավոր, թե էմոցիոնալ և թե ֆիզիկական առումներով։ Ես միշտ աշխատում եմ պլաններիս մեջ լինել չափավոր ու պատրաստ՝ վանելու ապագայի վերաբերյալ մտահոգություններս (Մատթէոս 6։34)։ Սակայն մարդու կրած չարչարանքները կարող են երևան բերել նրա լավ հատկությունները։ Մեր ընտանեկան միությունը ամուր է առավել քան երբևէ, Եհովայի հետ իմ փոխհարաբերությունները՝ ավելի սերտ։ Ինձ մեծապես օգնում է նաև նման ստրեսային իրավիճակներում ապրած մարդկանց կենսագրություններն ընթերցելը։ Բավականության այն զգացումը, որ Խուլիանը ստանում է եղբայրներին մատուցած իր թանկարժեք ծառայությունից, փոխանցվում է նաև ինձ։ Թեև յուրաքանչյուր օր կարող է մեզ նոր դժվարությունների առջև կանգնեցնել, սակայն Եհովան մեզ երբեք չի լքում։
[շրջանակ 24–րդ էջի վրա]
Որդու խոսքերը
Հայրիկը տոկունության ու լավատեսության հրաշալի օրինակ է։ Ես ինձ օգտակար եմ զգում, երբ նրան սայլակով տեղից–տեղ եմ տանում։ Գիտեմ՝ միշտ չէ, որ կարող եմ անել այն, ինչ կուզեի։ Ես դեռ անչափահաս եմ, բայց երբ մեծանամ, կուզեի ծառայել որպես հիվանդանոցների հետ կապ հաստատող կոմիտեի անդամ։ Ես Աստվածաշնչից գիտեմ, որ տանջանքները ժամանակավոր են։ Գիտեմ նաև, որ մեր քույր–եղբայրներից շատերը ավելի ծանր դժվարություններ են կրում, քան մենք։
[նկար 22–րդ էջի վրա]
Կինս ինձ համար զորության աղբյուր է
[նկար 23–րդ էջի վրա]
Զրուցում եմ սրտավիրաբույժ պրն Խուան Դուարտեի հետ
[նկար 25–րդ էջի վրա]
Ես և որդիս բավականություն ենք ստանում միասին ծառայելուց