Հասարակ մարդիկ թարգմանում են Աստվածաշունչը
ՀԱԶԱՐ ՈՒԹ ՀԱՐՅՈՒՐ ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳ թվականին անգլիացի որմնադիր Հենրի Նոթը և նպարավաճառի աշակերտ ուելսցի Ջոն Դեյվիսը ավարտին հասցրեցին մի ահռելի աշխատանք։ Ավելի քան 30 տարի տքնելուց հետո նրանք վերջապես ավարտեցին ողջ Աստվածաշնչի թաիտերեն թարգմանությունը։ Ի՞նչ դժվարություններ հաղթահարեցին այս հասարակ մարդիկ, և ի՞նչ արդյունքներ տվեց սիրո այս աշխատանքը։
«Մեծ զարթոնք»
18–րդ դարի երկրորդ կեսերին «Մեծ զարթոնք» (կամ պարզապես «Զարթոնք») կոչված բողոքական շարժման անդամները քարոզում էին Մեծ Բրիտանիայի գյուղերի հրապարակներում և հանքերի ու գործարանների մոտակայքում։ Նրանց նպատակն էր իրենց խոսքը հասցնել բանվոր դասակարգին։ «Զարթոնքի» քարոզիչները մեծ խանդավառությամբ քաջալերում էին տարածել Աստվածաշունչը։
Բապտիստ Ուիլյամ Քերին, որը սկիզբ էր դրել այս շարժմանը, մաս ունեցավ Լոնդոնի միսիոներական ընկերության (ԼՄԸ) հիմնադրման գործում, որը տեղի ունեցավ 1795 թ.–ին։ ԼՄԸ–ն կրթում էր այն մարդկանց, ովքեր պատրաստ էին սովորել օտար լեզուներ ու որպես միսիոներներ ծառայել Խաղաղ օվկիանոսի հարավային շրջաններում։ Այս միսիոներների նպատակն էր Ավետարանը քարոզել բնիկների մայրենի լեզվով։
Թաիտի կղզին, որ նոր էր հայտնաբերվել, դարձավ ԼՄԸ–ի առաջին միսիոներական «արտը»։ «Զարթոնքի» անդամների համար այս կղզիները հեթանոսության «խավար վայրեր» էին, արտեր՝ պատրաստ հնձի։
Հասարակ ծագումով մարդիկ հաջողություններ են ունենում
«Բերքը» հավաքելու նպատակով հապճեպորեն ընտրված ու վատ նախապատրաստված մոտ 30 միսիոներներ նստեցին ԼՄԸ–ի կողմից գնված նավը, որ կոչվում էր «Դաֆ»։ Մի տեղեկագրում նշվում է, որ նրանց թվում կար «[պաշտոնական կրթություն չստացած] չորս ձեռնադրված պաստոր, վեց հյուսն, երկու կոշկակար, երկու որմնադիր, երկու ջուլհակ, երկու դերձակ, մեկ պահեստապետ, մեկ թամբագործ, մեկ ծառա, մեկ պարտիզպան, մեկ բժիշկ, մեկ դարբին, մեկ տակառագործ, մեկ բամբակագործ, մեկ գլխարկագործ, մեկ մահուդագործ, մեկ կահույքագործ, հինգ կին և երեք երեխա»։
Աստվածաշնչի բնագրային լեզուներին ծանոթանալու համար այդ միսիոներներն ունեին միայն մեկ հունարեն–անգլերեն բառարան և մեկ Աստվածաշունչ՝ եբրայերեն բառարանով։ Ծովում գտնվելու յոթ ամիսների ընթացքում միսիոներները անգիր սովորեցին մի քանի թաիտերեն բառեր, որոնք գրի էին առնվել կղզու նախկին այցելուների՝ հիմնականում «Բաունթի» նավում խռովություն բարձրացրած անձանց կողմից։ Ի վերջո, 1797 թ. մարտի 7–ին «Դաֆը» հասավ Թաիտի, և միսիոներներն ափ իջան։ Սակայն մեկ տարի անց նրանց մեծամասնությունը հուսահատվեց ու հեռացավ կղզուց։ Մնաց միայն յոթ միսիոներ։
Հենրի Նոթը՝ նախկին որմնադիրը, մեկն էր այն յոթից։ Նա ընդամենը քսաներեք տարեկան էր։ Դատելով առաջին նամակներից՝ նա միայն միջնակարգ կրթություն էր ստացել։ Այդուհանդերձ, հենց սկզբից նա իրեն դրսևորեց որպես շնորհալի անձնավորություն թաիտերենը յուրացնելու հարցում։ Նոթի մասին տրված նկարագրության համաձայն՝ նա անկեղծ, ուրախ և հաճելի մարդ էր։
1801 թ.–ին Նոթին հանձնարարեցին նոր ժամանած ինը միսիոներներին սովորեցնել թաիտերեն։ Վերջիններիս մեջ էր 28–ամյա ուելսցի Ջոն Դեյվիսը, որն իրեն դրսևորեց որպես շնորհալի աշակերտ ու աշխատասեր անձնավորություն. նա մեղմ էր ու մեծահոգի։ Կարճ ժամանակ անց այս երկու մարդիկ որոշեցին Աստվածաշունչը թարգմանել թաիտերեն։
Ծանր աշխատանք
Այդուհանդերձ, թաիտերենով թարգմանություն կատարելը ծանր աշխատանք էր, քանի որ այդ լեզուն դեռևս չուներ իր գիրը։ Միսիոներները լեզուն ստիպված էին սովորել բացառապես լսելով։ Նրանք ո՛չ բառարան ունեին, ո՛չ էլ քերականական ձեռնարկ։ Լեզվի ընդհատուն, հագագային հնչյունները, իրար հաջորդող բազմաթիվ ձայնավորները (որոնք մեկ բառի մեջ հասնում էին մինչև հինգի) և հազվադեպ բաղաձայնները միսիոներներին հասցրին մինչև հուսահատության։ «Շատ բառեր կազմված են բացառապես ձայնավորներից, և յուրաքանչյուր բառ իր հնչերանգն ունի»,— հառաչում էին նրանք։ Միսիոներները խոստովանում էին, որ չէին կարողանում «բառերի հնչերանգները որսալ անհրաժեշտ ճշգրտությամբ»։ Նրանք նույնիսկ մտածում էին, թե իրենք լսում են հնչյուններ, որոնք իրականում գոյություն չունեին։
Իրավիճակը բարդանում էր նրանով, որ ժամանակ առ ժամանակ արգելվում էր թաիտերեն որոշ բառերի գործածությունը, ուստի դրանց փոխարեն պետք է ուրիշ բառեր օգտագործվեին։ Լրացուցիչ գլխացավանքի պատճառ էին հոմանիշները։ Օրինակ՝ «աղոթք» բառը թաիտերենով ուներ ավելի քան 70 հոմանիշ։ Լեզվի շարահյուսությունը, որ ամբողջությամբ տարբերվում է անգլերենից, մեկ այլ դժվարություն էր ներկայացնում։ Սակայն, չնայած դժվարություններին, միսիոներները քայլ առ քայլ կազմեցին բառերի ցուցակներ, որոնք Դեյվիսը 50 տարի անց հրատարակելու էր 10 000 բառից կազմված բառարանի տեսքով։
Բացի այդ, պրոբլեմներից մեկը թաիտերենը գրավոր ձևով արտահայտելն էր։ Միսիոներները փորձեցին օգտվել արդեն հաստատված անգլերեն գրից։ Սակայն անգլերենը հիմնված էր լատիներեն այբուբենի վրա, և այդ տառերը չէին համապատասխանում թաիտերեն հնչյուններին։ Այդ պատճառով անվերջ քննարկումներ էին տեղի ունենում հնչյունների և ուղղագրության վերաբերյալ։ Հաճախ միսիոներները բառերը գրելու նոր ձև էին հնարում, քանի որ նրանք առաջինն էին Օվկիանիայում, ովքեր բանավոր լեզվին գրավոր տեսք հաղորդեցին։ Նրանք չէին էլ պատկերացնում, որ իրենց աշխատանքը հետագայում որպես մոդել էր ծառայելու Խաղաղ օվկիանոսի հարավային շրջանի շատ լեզուների համար։
Քիչ միջոցներ, բայց մեծ հնարագիտություն
Թարգմանիչներն իրենց տրամադրության տակ ընդամենը մի քանի տեղեկատու գրքեր ունեին։ ԼՄԸ–ն հրահանգեց, որ որպես հիմնական աղբյուր օգտագործեն «Textus Receptus» և «King James Version» թարգմանությունները։ Նոթը ԼՄԸ–ից խնդրեց լրացուցիչ եբրայերեն ու հունարեն բառարաններ, ինչպես նաև այս երկու լեզուներով Աստվածաշնչեր։ Հայտնի չէ, թե արդյոք նա ստացավ այդ գրքերը։ Ինչ վերաբերում է Դեյվիսին, նա մի քանի գիտական գրքեր ստացավ իր ուելսցի ընկերներից։ Փաստերը ցույց են տալիս, որ նա ուներ առնվազն հունարեն բառարան, եբրայերեն Աստվածաշունչ, հունարեն Նոր Կտակարան և Աստվածաշնչի «Յոթանասնից» թարգմանությունը։
Այդ ընթացքում միսիոներների քարոզչական գործունեությունը անպտուղ էր մնում։ Թեև արդեն 12 տարի էր, ինչ նրանք Թաիտիում էին գտնվում, սակայն գեթ մեկ տեղաբնակ դեռևս չէր մկրտվել։ Անընդհատ շարունակվող քաղաքացիական պատերազմները, ի վերջո, ստիպեցին բոլոր միսիոներներին, բացի անկոտրում Նոթից, փախչել Ավստրալիա։ Մի որոշ ժամանակ նա միակ միսիոներն էր Հողմակողմ կղզիներում, որոնք մտնում են Ընկերության կղզիների խմբի մեջ, սակայն երբ Պոմարե II–րդ թագավորը փախավ մոտակա Մուուրեա կղզին, նա ստիպված եղավ հետևել նրան։
Բայցևայնպես, տեղափոխվելով՝ Նոթը չդադարեցրեց թարգմանական գործը, իսկ Դեյվիսը երկու տարի Ավստրալիայում մնալուց հետո միացավ նրան։ Այդ ընթացքում Նոթը սկսել էր ուսումնասիրել հունարեն և եբրայերեն լեզուները ու հասել էր այն բանին, որ լիովին տիրապետում էր դրանց։ Արդյունքում նա սկսեց Եբրայերեն Գրությունների որոշ մասեր թարգմանել թաիտերեն։ Նա ընտրում էր Աստվածաշնչի այնպիսի պատմություններ, որոնք տեղաբնակների սրտում հեշտությամբ արձագանք կգտնեին։
Սերտորեն համագործակցելով Դեյվիսի հետ՝ Նոթը այնուհետև սկսեց թարգմանել Ղուկասի Ավետարանը, որը ավարտին հասցրեց 1814 թ. սեպտեմբերին։ Նա աշխատում էր, որ տեքստը թաիտերենով բնական հնչի, իսկ Դեյվիսը բնագրով ստուգում էր այն։ 1817 թ.–ին Պոմարե II թագավորը դիմեց նրանց, թե արդյոք կարող է անձամբ տպել Ղուկասի Ավետարանի առաջին էջը։ Նա արեց դա ձեռքի փոքր տպագրական մեքենայի միջոցով, որը Մուուրեա էին բերել միսիոներները։ Թաիտերեն լեզվով Աստվածաշնչի թարգմանության պատմությունը անավարտ կլինի, եթե չհիշատակենք Թուահինե անունով մի հավատարիմ թաիտցու, որը տարիներ շարունակ մնաց միսիոներների կողքին ու օգնեց նրանց ըմբռնել լեզվի նրբերանգները։
Թարգմանությունն ավարտված է
1819 թ.–ին՝ վեցամյա տքնաջան աշխատանքից հետո, ավարտվեց Ավետարանների, «Գործք առաքելոցի» և «Սաղմոսների» թարգմանությունը։ Տպագրական մեքենան, որ բերել էին նոր ժամանած միսիոներները, հեշտացրին աստվածաշնչային այս գրքերի տպագրությունն ու տարածումը։
Այնուհետև սկսվեց թարգմանության, սրբագրության և ստուգման մի եռուն շրջան։ Թաիտիում 28 տարի ապրելուց հետո Նոթը 1825 թ.–ին հիվանդացավ, և ԼՄԸ–ն թույլատրեց նրան վերադառնալ Անգլիա։ Բարեբախտաբար, այդ ժամանակ Հունարեն Գրությունների թարգմանությունը գրեթե ավարտված էր։ Նա Աստվածաշնչի մնացած մասը շարունակեց թարգմանել ճանապարհին ու Անգլիայում մնալու ընթացքում։ Նոթը Թաիտի վերադարձավ 1827 թ.–ին։ Ութ տարի անց՝ 1835 թ. դեկտեմբերին, նա իր գրիչը վայր դրեց. ավելի քան 30 տարվա քրտնաջան աշխատանքից հետո ամբողջ Աստվածաշնչի թարգմանությունն ավարտված էր։
1836 թ.–ին Նոթը ճանապարհ ընկավ դեպի Անգլիա՝ Լոնդոնում տպագրելու ամբողջությամբ թարգմանված թաիտերեն Աստվածաշունչը։ 1838 թ. հունիսի 8–ին Նոթը ցնծությամբ Վիկտորիա թագուհուն ներկայացրեց թաիտերեն Աստվածաշնչի առաջին տպագիր հրատարակությունը։ Հասկանալի է, որ դա մի խիստ հուզիչ պահ էր նախկին որմնադիրի համար, որը 40 տարիներ առաջ «Դաֆ»–ով ծով դուրս եկավ ու մխրճվեց թաիտական մշակույթի մեջ, որպեսզի ավարտեր այս հսկայական աշխատանքը, որին նա նվիրեց իր ողջ կյանքը։
Երկու ամիս անց Նոթը ճանապարհ ընկավ դեպի Օվկիանիա՝ իր հետ 27 արկղերում տանելով թաիտերեն Աստվածաշնչի առաջին 3 000 օրինակները։ Սիդնեյում կանգառ տալուց հետո նա դարձյալ հիվանդացավ։ Բայց նա չցանկացավ բաժանվել թանկարժեք արկղերից։ Ապաքինվելով՝ նա ճանապարհ ընկավ դեպի Թաիտի և տեղ հասավ 1840 թ.–ին։ Տեղի բնակիչները բառացիորեն հարձակվեցին նրա նավաբեռի վրա՝ ջանալով ձեռք բերել թաիտերեն թարգմանված Աստվածաշունչը։ Նոթը մահացավ Թաիտիում 1844 թ. մայիս ամսին, 70 տարեկան հասակում։
Մեծ ազդեցություն
Նոթի գործը, սակայն, չմեռավ։ Նրա թարգմանությունը մեծ ազդեցություն թողեց պոլինեզիական լեզուների վրա։ Ստեղծելով թաիտերենի գիրը՝ միսիոներները պահպանեցին այդ լեզուն։ Մի գրող ասել է. «Նոթը պահպանեց դասական, քերականորեն ճիշտ թաիտերենը։ Թաիտերեն լեզուն իր մաքուր ձևով սովորելու համար միշտ էլ հարկ կլինի դիմել Աստվածաշնչին»։ Այս թարգմանիչների անդադրում աշխատանքը հազարավոր բառեր փրկեց մոռացության մատնվելուց։ Մեկ դար անց մի գրող ասաց. «Նոթի ուշագրավ թաիտերեն Աստվածաշունչը այդ լեզվի գլուխգործոց է. յուրաքանչյուր ոք համաձայն է սրա հետ»։
Այս կարևոր աշխատանքը ոչ միայն օգուտ բերեց թաիտցիներին, այլև հիմք նախապատրաստեց Օվկիանիայի մյուս լեզուներով թարգմանություններ անելու համար։ Օրինակ՝ Կուկի կղզիներում և Սամոայում աշխատող թարգմանիչներն օգտագործում էին այն որպես մոդել։ Մի թարգմանիչ ասել է. «Ես հիմնականում հետևել եմ պարոն Նոթին, որի թարգմանությունը ուշադրությամբ ուսումնասիրել եմ»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ մեկ այլ թարգմանիչ «իր առջև դրել էր եբրայերեն Սաղմոսները և անգլերեն ու թաիտերեն թարգմանությունները», երբ «Դավթի սաղմոսներից մեկը թարգմանում էր սամոա լեզվով»։
Հետևելով Անգլիայի «Զարթոնք» շարժման անդամների օրինակին՝ Թաիտիում գտնվող միսիոներները խանդավառությամբ մարդկանց գրել–կարդալ էին սովորեցնում։ Իրողությունն այն է, որ ավելի քան մեկ դար Աստվածաշունչը թաիտցիներին մատչելի միակ գիրքն էր։ Այդ պատճառով այն դարձավ թաիտական մշակույթի կարևոր տարրերից մեկը։
«Նոթի թարգմանության» լավագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ թե՛ Եբրայերեն և թե՛ Հունարեն Գրություններում Աստծո անունը բազմաթիվ անգամ է հանդիպում։ Որպես արդյունք՝ այսօր Եհովայի անունը լայնորեն տարածված է Թաիտիում և հարակից կղզիներում։ Այս անունը նույնիսկ գրված է որոշ բողոքական եկեղեցիների շենքերի վրա։ Սակայն այսօր Աստծո անունը գլխավորապես կապվում է Եհովայի վկաների ու նրանց եռանդուն քարոզչական գործունեության հետ, որի ընթացքում նրանք լայնորեն օգտագործում են Նոթի ու նրա գործընկերների թարգմանած թաիտերեն Աստվածաշունչը։ Հենրի Նոթի պես թարգմանիչների թափած ջանքերը հիշեցնում են մեզ, թե որքան երախտապարտ պետք է լինենք, որ Աստծո Խոսքն այսօր մատչելի է աշխարհի բնակչության մեծ մասին։
[նկարներ 26–րդ էջի վրա]
Թաիտերեն Աստվածաշնչի առաջին թարգմանությունները, 1815 թ.։ Եհովայի անունը երևում է
Հենրի Նոթ (1774–1844). թաիտերեն Աստվածաշնչի գլխավոր թարգմանիչը
[թույլտվությամբ]
Tahitian Bible: Copyright the British Library (3070.a.32); Henry Nott and letter: Collection du Musée de Tahiti et de ses Îles, Punauia, Tahiti; catechism: With permission of the London Missionary Society Papers, Alexander Turnbull Library, Wellington, New Zealand
[նկար 28–րդ էջի վրա]
Թաիտերեն և ուելսերեն լեզուներով գրված վարդապետարան (1801 թ.), որտեղ հանդիպում է Աստծո անունը
[թույլտվությամբ]
With permission of the London Missionary Society Papers, Alexander Turnbull Library, Wellington, New Zealand
[նկար 29–րդ էջի վրա]
Բողոքական եկեղեցի, որի ճակատային մասում գրված է Եհովայի անունը (Հուահինե կղզի, Ֆրանսիական Պոլինեզիա)
[թույլտվությամբ]
Avec la permission du Pasteur Teoroi Firipa