Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 5/15 էջ 27–29
  • Տատիանոս. ջատագո՞վ, թե՞ հերետիկոս

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տատիանոս. ջատագո՞վ, թե՞ հերետիկոս
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ինչ–​որ օտար գրությունների» է հանդիպում
  • Ի՞նչ են բացահայտում նրա աշխատությունները
  • Քրիստոնյա՞, թե՞ հերետիկոս
  • Ինչ դաս ենք քաղում
  • Ինչու կարող ես վստահել Ավետարաններին
    2010 Դիտարան
  • Ջատագովներ. քրիստոնեության պաշտպաննե՞ր, թե՞ փիլիսոփաներ
    2010 Դիտարան
  • Հայացք դեպի Չեստեր Բիատիի գանձարանը
    2004 Դիտարան
  • Ասորերեն «Պեշիթո». պատուհան դեպի աստվածաշնչյան վաղ թարգմանությունների աշխարհ
    2014 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 5/15 էջ 27–29

Տատիանոս. ջատագո՞վ, թե՞ հերետիկոս

ԻՐ ԵՐՐՈՐԴ միսիոներական ճանապարհորդության վերջում Պողոս առաքյալը հանդիպում կազմակերպեց Եփեսոսի ժողովի երեցների հետ։ Նա ասաց նրանց. «Ես գիտեմ, որ իմ հեռանալուց յետոյ յափշտակող գայլեր կ’գան ձեր մէջը, որ հօտին չեն խնայիլ։ Եւ հէնց ձեզանից մարդիկ վեր կ’կենան, որ ծուռ բաներ կ’խօսեն, որ աշակերտներին իրենց ետեւից քաշեն» (Գործք 20։29, 30)։

Պողոսի խոսքերը իրականություն դարձան. մ.թ. երկրորդ դարը փոփոխությունների ու կանխագուշակված հավատուրացության դար էր։ Գնոստիցիզմը՝ լայնորեն տարածված մի կրոնական ու փիլիսոփայական շարժում, որ շատ հավատացյալների հավատն ապականել էր, գնալով մեծ թափ էր առնում։ Ըստ գնոստիկների՝ հոգևորը բարի է, իսկ նյութականը՝ չար։ Ասելով, որ ամեն մարմնական բան չար է՝ նրանք մերժում էին ամուսնությունն ու որդեծնությունը՝ պնդելով, թե դրանք Սատանան է սկիզբ տվել։ Նրանցից ոմանք հավատում էին, թե քանի որ բարին միայն այն է, ինչ առնչվում է ոգեղենին, ապա նշանակություն չունի, թե ինչպես է մարդը վարվում իր մարմնի հետ։ Նման հայացքները բերում էին նրան, որ մարդիկ ծայրահեղությունների մեջ էին ընկնում կենսաձևի հարցում՝ ճգնավորություն կամ մարմնական ամեն տեսակ ցանկություններին հագուրդ տալը։ Գնոստիկները պնդում էին, թե փրկության կարելի է հասնել միայն միստիկական գնոստիցիզմի՝ ինքնաիմացության միջոցով. դրանով նրանք տեղ չէին թողնում Աստծո Խոսքի ճշմարտության համար։

Ինչպե՞ս արձագանքեցին քրիստոնեություն դավանողները գնոստիցիզմից եկող վտանգին։ Գիտակ մարդկանցից ոմանք քննադատեցին այս սխալ ուսմունքը, այնինչ ուրիշները դրա ազդեցության տակ ընկան։ Իրենեոսը, օրինակ, ամբողջ կյանքում պայքարեց հերետիկոսական ուսմունքների դեմ։ Նա Պոլիկարպոսի աշակերտն էր. մի մարդ, որն առաքյալների ժամանակակիցն է եղել։ Պոլիկարպոսը խորհուրդ էր տալիս խստորեն հետևել Հիսուս Քրիստոսի և նրա առաքյալների ուսուցումներին։ Սակայն Իրենեոսի ընկերը՝ Ֆլորինոսը, թեև նույնպես Պոլիկարպոսի մոտ էր աշակերտել, ընկավ Վալենտինի ուսմունքների ազդեցության տակ. վերջինս գնոստիկական շարժման ամենակարկառուն առաջնորդն էր։ Հիրավի, փոթորկուն ժամանակներ էին։

Այդ ժամանակաշրջանում տիրող կրոնական մթնոլորտի վրա լույս են սփռում Տատիանոսի՝ երկրորդ դարի մի ականավոր գրողի աշխատությունները։ Ո՞վ էր Տատիանոսը։ Ինչպե՞ս նա սկսեց քրիստոնեություն դավանել։ Ինչպե՞ս նա հակազդեց գնոստիկական հերետիկոսությանը։ Նրա անչափ հետաքրքիր առարկությունները և հենց իր սեփական օրինակը արժեքավոր դասեր են պարունակում այն անձանց համար, ովքեր մեր օրերում փնտրում են ճշմարտությունը։

«Ինչ–​որ օտար գրությունների» է հանդիպում

Տատիանոսը բնիկ սիրիացի էր։ Նա շատ էր ճանապարհորդում և շատ կարդում, ինչի շնորհիվ խորը հասկացողություն ձեռք բերեց իր օրերի հունա–​հռոմեական մշակույթի վերաբերյալ։ Տատիանոսը Հռոմ եկավ որպես շրջիկ ճարտասան։ Սակայն այստեղ նրա ուշադրությունը գրավվեց քրիստոնեությամբ։ Նա սկսեց շփվել Հուստինոս Վկայի հետ և, ըստ երևույթին, դարձավ նրա աշակերտը։

Դեպի անվանական քրիստոնեություն իր դարձի մասին Տատիանոսը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում։ Նա ասում է. «Ես ուզում էի իմանալ, թե ինչպես կարելի է գտնել ճշմարտությունը»։ Մեկնաբանելով, թե ինչ է զգացել, երբ կարդացել է Սուրբ Գրությունները՝ նա ասում է. «Այնպես եղավ, որ ձեռքս ընկան ինչ–​որ օտար գրություններ, որոնք չափազանց հին էին՝ համեմատվելու համար հույների հայացքների հետ, և չափազանց աստվածային՝ համեմատվելու նրանց սխալների հետ։ Եվ ես հավատով լցվեցի այդ գրությունների հանդեպ, և այդ բանում իրենց դերը խաղացին լեզվի պարզությունը, գրողների անկեղծությունը, ապագա դեպքերի կանխագիտությունը, գերազանց պատվիրանները և մեկ Էության մեջ կենտրոնացած՝ տիեզերքի կառավարության հռչակումը»։

Տատիանոսը չհապաղեց իր ժամանակակիցներին հրավիրելու քննել իր օրերի քրիստոնեությունը և տեսնելու, թե որքան պարզ ու հստակ է այն՝ ի տարբերություն հեթանոսության խավարի։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա աշխատություններից։

Ի՞նչ են բացահայտում նրա աշխատությունները

Տատիանոսի աշխատությունները պատկերում են նրան որպես ջատագով (ապոլոգետ)՝ գրող, որը համարձակորեն պաշտպանում է իր հավատը։ Նա խիստ թշնամաբար էր տրամադրված հեթանոսական փիլիսոփայության հանդեպ։ Իր «Խոսք՝ հույներին» աշխատության մեջ Տատիանոսը շեշտում է հեթանոսության անարժեքությունը և անվանական քրիստոնեության ընդունելիությունը։ Հույների հայացքների մասին նա խոսում էր քամահրանքով ու ծայրաստիճան քննադատական ոճով։ Օրինակ՝ փիլիսոփա Հերակլիտի մասին նա հետևյալ կերպ է արտահայտվել. «Այդ մարդու մահը, սակայն, ցույց տվեց, թե որքան բթամիտ էր նա, որ հիվանդ լինելով ջրգողությամբ, իր մարմինը պատեց կովի աղբով (այն դեպքում, երբ բժշկություն և փիլիսոփայություն էր ուսումնասիրել), որը պնդանալով սեղմեց նրա ողջ մարմինը, այնպես որ նա կտոր–​կտոր եղավ ու մեռավ»։

Տատիանոսը շատ բարձր էր գնահատում հավատը մեկ Աստծո՝ ամեն ինչի Արարչի հանդեպ (Եբրայեցիս 3։4)։ «Խոսք՝ հույներին» աշխատության մեջ նա Աստծո մասին խոսում է որպես «մի Ոգու» և ասում է. «Միայն Նա է, որ սկիզբ չունի, և Նա Ինքն է ամեն ինչի սկիզբը» (Յովհաննէս 4։24; Ա Տիմոթէոս 1։17)։ Մերժելով երկրպագության մեջ պատկերների գործածումը՝ Տատիանոսը գրում է. «Ինչպե՞ս կարող եմ դիմել փայտի ու քարի կտորներին որպես աստվածների» (Ա Կորնթացիս 10։14)։ Նա հավատում էր, որ Բանը (Խոսքը)՝ Լոգոսը, երկնային Հոր արարչագործության առաջին պտուղն էր, որի միջոցով հետագայում ստեղծվեց նյութական տիեզերքը (Յովհաննէս 1։1–3; Կողոսացիս 1։13–17)։ Որոշված ժամանակին տեղի ունենալիք հարության մասին Տատիանոսը հետևյալն է ասում. «Մենք հավատում ենք, որ մարմինների հարություն է լինելու ամեն ինչի վախճանից հետո»։ Իսկ այն մասին, թե ինչու են մարդիկ մահանում, նա գրում է. «Մենք չէինք ստեղծվել մահանալու համար, բայց մահանում ենք մեր սեփական մեղքով։ Մեր ազատ կամքը կործանել է մեզ. մենք, որ ազատ էինք, դարձել ենք ստրուկներ. մենք վաճառվել ենք մեղքի միջոցով»։

Հոգու վերաբերյալ Տատիանոսի տված բացատրությունը շփոթության մեջ է գցում։ Նա ասում է. «Հոգին ինքնին անմահ չէ, ո՛վ հույներ, այլ մահկանացու է։ Բայցևայնպես, հնարավոր է, որ այն չմահանա։ Հոգին մեռնում է, եթե իհարկե չգիտի ճշմարտությունը, և տարրալուծվում է մարմնի հետ, բայց վերջիվերջո աշխարհի վերջում կրկին վեր է կենալու մարմնի հետ՝ մահ ստանալով անմահության պատժի միջոցով»։ Պարզ չէ, թե կոնկրետ ինչ էր Տատիանոսն ուզում ասել այս խոսքերով։ Գուցե նա հետևում էր Աստվածաշնչի որոշ ուսուցումների, բայցև փորձում էր արժանանալ իր ժամանակակիցների բարեհաճությանը, ու այդ պատճառով էլ սուրբգրային ճշմարտությունները խառնում էր հեթանոսական փիլիսոփայությունների հետ։

Հիշատակման է արժանի նաև Տատիանոսի «Դիաթեսարոն» կամ՝ «Չորս Ավետարանների ներդաշնակությունը» աշխատությունը։ Տատիանոսը առաջինն էր, որ Սիրիայի ժողովներին տվեց նրանց լեզվով գրված Ավետարանները։ Նրա աշխատությունը շատ բարձր էր գնահատվում, որն իր մեջ մեկ պատմության ձևով ամփոփում էր չորս Ավետարանները։ Այն օգտագործվում էր սիրիական եկեղեցու կողմից։

Քրիստոնյա՞, թե՞ հերետիկոս

Տատիանոսի աշխատությունները մանրազնին քննելով՝ տեսնում ենք, որ նա քաջածանոթ էր Աստվածաշնչին և մեծ հարգանքով էր վերաբերվում նրան։ Ահա թե ինչ է նա գրում Գրությունների՝ իր վրա թողած ազդեցության մասին. «Ես չեմ ձգտում հարուստ լինել. ես մերժում եմ զինվորական հրամանը. ես զզվում եմ պոռնկությունից. հարստության մոլուցքն ինձ չի ստիպում ծով դուրս գալ.... Ես չունեմ համբավ ձեռք բերելու խելահեղ ցանկություն.... Նույն արևը ծագում է բոլորի վրա, և մահը մեկ է բոլորի համար՝ անկախ այն բանից՝ մարդիկ հաճույքի մեջ են ապրում, թե չքավորության»։ Տատիանոսը հորդորում է. «Աշխարհի համար մեռած եղիր՝ մերժելով նրա մեջ եղած խելահեղությունը։ Ապրիր Աստծո համար, և ըմբռնելով Նրան՝ մի կողմ դիր քո հին բնությունը» (Մատթէոս 5։45; Ա Կորնթացիս 6։18; Ա Տիմոթէոս 6։10)։

Բայց ուշադրություն դարձնենք, թե ինչ է Տատիանոսն ասում իր «Կատարելության մասին՝ ըստ Փրկչի ուսմունքի» աշխատության մեջ։ Այս գործում նա ամուսնական կապը վերագրում է Սատանային։ Տատիանոսը խիստ դատապարտում է ամուսնությունը՝ ասելով, որ անհատը, ամուսնանալով, իր անձը կկապի կործանվող աշխարհին։

Հավանական է, որ մոտավորապես մ.թ. 166–ին՝ Հուստինոս Վկայի մահանալուց հետո, Տատիանոսը կա՛մ հիմնեց, կա՛մ էլ միացավ «էնկրատիտներ» կոչվող ճգնավորական աղանդին։ Աղանդի անդամները քարոզում էին ժուժկալություն և սեփական մարմնի նկատմամբ տիրապետում։ Նրանք ճգնավորի կյանքով էին ապրում, ինչը պահանջում էր հեռու մնալ գինուց, ամուսնությունից և ունեցվածքից։

Ինչ դաս ենք քաղում

Ինչո՞ւ Տատիանոսն այդքան շեղվեց Սուրբ Գրություններից։ Արդյո՞ք նա դարձել էր «մոռացուկ լսող» (Յակոբոս 1։23–25)։ Թերացա՞վ մերժել ‘առասպելները’, ինչի հետևանքով մարդկային փիլիսոփայության զոհ դարձավ (Կողոսացիս 2։8; Ա Տիմոթէոս 4։7)։ Հաշվի առնելով, որ նա շատ մեծ սխալների հետ է համաձայնվել՝ կարելի՞ է ասել, որ նա մտավոր խանգարում էր ունեցել։

Ամեն դեպքում Տատիանոսի աշխատությունները և օրինակը պատկերացում են տալիս, թե նրա օրերում ինչպիսին էր կրոնական մթնոլորտը։ Դրանք պարզորոշ ցույց են տալիս, թե որքան վտանգավոր կարող է լինել աշխարհի փիլիսոփայությունը։ Եկեք ականջ դնենք Պողոսի առաքյալի նախազգուշացմանը՝ ետ կենալու «պիղծ ունայնաբանութիւններից եւ սուտանուն գիտութեան հակառակութիւններից» (Ա Տիմոթէոս 6։20)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը