Հայացք դեպի Չեստեր Բիատիի գանձարանը
«ՀԱՐՈՒՍՏ՝ բազմաթիվ կորած քաղաքակրթությունների գանձերով.... փայլում է իր մանրաքանդակների և նկարների գեղեցկությամբ»։ Ահա այսպես արտահայտվեց Իռլանդիայի Դուբլին քաղաքում գտնվող Չեստեր Բիատիի գրադարանի մասին նրա նախկին վարիչ Ռիչարդ Հեյզը։ Այստեղ են գտնվում անգնահատելի հնությունների, արվեստի նրբաճաշակ գործերի, հազվագյուտ գրքերի և ձեռագրերի մեծաքանակ հավաքածուներ, որոնք գրեթե գին չունեն։ Սակայն ո՞վ է եղել Չեստեր Բիատին, և ի՞նչ գանձեր է նա հավաքել։
Ալֆրեդ Չեստեր Բիատին ծնվել է 1875 թ.–ին ԱՄՆ–ի Նյու Յորք քաղաքում։ Ծագումով նա շոտլանդացու, իռլանդացու և անգլիացու սերունդներից էր։ Լինելով հանքանյութերի ինժեներ և խորհրդատու՝ մինչև երեսուներկու տարեկան դառնալը նա արդեն մեծ կարողություն էր ձեռք բերել։ Իր ամբողջ կյանքի ընթացքում այդ հարստությամբ նա հավաքեց գեղեցիկ և արժեքավոր առարկաներ։ Երբ 1968 թ.–ին իննսուներկու տարեկան հասակում Բիատին մահացավ, նա իր ողջ հավաքածուն թողեց Իռլանդիայի ժողովրդին։
Ի՞նչ էր նա հավաքում
Բիատիի հավաքածուները բազմաքանակ են և այլազան։ Ամեն անգամ նրա իրերի միայն մեկ տոկոսն է ցուցահանդես հանվում։ Նա հավաքել է հազարավոր տարիների ընթացքում գոյություն ունեցած տարբեր մշակույթների և տարբեր ժամանակաշրջանների պատկանող հազվագյուտ և բարձրարժեք շատ իրեր. իրեր՝ միջնադարյան և Վերածննդի դարաշրջանի Եվրոպայից, ինչպես նաև բազմաթիվ ասիական և աֆրիկյան երկրներից։ Ճապոնական փայտե փորագրանկարների նրա նրբագեղ հավաքածուն համարվում է լավագույններից մեկը աշխարհում։
Նրբաճաշակ արվեստի գործերից բոլորովին տարբեր մեկ այլ հետաքրքիր հավաքածու է Բիատիի ավելի քան հարյուր բաբելոնական և շումերական կավե սեպագիր տախտակների հավաքածուն։ Չորս հազար տարի առաջ Միջագետքում ապրող մարդիկ մանրազնին կերպով փորագրել են իրենց կյանքի պատմությունը կավե թաց տախտակների վրա, որից հետո դրանք թրծում էին վառարաններում։ Այդպիսի տախտակներից շատերը վերապրել են մինչև մեր օրերը՝ տալով մեզ հստակ ապացույց հին ժամանակների գրությունների մասին։
Հրապուրվում է գրքերով
Ինչպես երևում է, Չեստեր Բիատին հրապուրվում էր նաև բարձրորակ գրքերի արվեստով։ Նա հավաքում էր աշխարհիկ և կրոնական բնույթի հազարավոր գրքեր, որոնց թվում էին նաև մանրազնին կերպով նախշազարդված Ղուրանի օրինակներ։ Ինչպես նշում է մի գրող, «[նրան] գերում էին արաբական ձեռագրերի մաթեմատիկական համաչափությունները.... և գույների նրա զգացողությունը սրվում էր ոսկեթերթ, արծաթաթերթ և այլ շողշողուն հանքանյութեր պարունակող վայելչագեղ գեղագրությունների շնորհիվ»։
Ինչպես ավելի վաղ դարերի Չինաստանի կայսրերին, Բիատիին նույնպես հրապուրում էր ժադեիտ քարը։ Նրանց կարծիքով լավ ժադեիտը ամենաթանկագին հանքանյութն էր՝ շատ ավելի արժեքավոր, քան ոսկին։ Այս կառավարիչները պատվիրում էին արհեստավորներին ժադեիտի զանգվածից բարակ, հարթ շերտեր պատրաստել։ Այնուհետև շնորհալի վարպետները ոսկով նրբորեն գեղագրում և պատկերազարդ կերպով փորագրում էին այդ էջերը՝ այդպիսով պատրաստելով երբևէ գոյություն ունեցած ամենահրաշալի գրքերը։ Այսպիսի գրքերից բաղկացած Բիատիի հավաքածուն ամբողջ աշխարհին է հայտնի։
Աստվածաշնչի անգնահատելի ձեռագրերը
Աստվածաշունչ սիրողների համար Չեստեր Բիատիի ամենաթանկարժեք գանձը Աստվածաշնչի հնագույն և միջնադարյան ձեռագրերի նրա մեծաքանակ հավաքածուն է։ Հիանալիորեն նախշազարդված այդ բնագրերը արտացոլում են այն գրագիրների համբերությունն ու վարպետությունը, ովքեր ձեռքով կրկնօրինակել են դրանք։ Իսկ տպագրված գրքերը ցույց են տալիս կազմարարների և տպագրիչների ունակությունն ու հմտությունը։ Օրինակ՝ 1479 թ.–ին Նյուրնբերգում Անտոն Կոբերգերը տպագրեց «Բիբլիա Լատինան»։ Նա ապրել է Յոհան Գուտենբերգի օրոք և նկարագրվում է որպես «վաղ տպագրիչների մեջ՝ ամենակարևորներից ու ամենագործունյաներից մեկը»։
Չեստեր Բիատիի գրադարանի բացառիկ ցուցանմուշներից մեկն է IV դարի սիրիացի մատենագիր Եփրեմ Ասորու մագաղաթը։ Եփրեմը բազմաթիվ մեջբերումներ է կատարում երկրորդ դարի մի աշխատությունից՝ Տատիանոսի «Համաբարբառ Ավետարանից»։ Այդ աշխատության մեջ Տատիանոսը միացրել էր Հիսուսի կյանքի բոլոր չորս Ավետարանները և այն դարձրել մեկ ներդաշնակ պատմություն։ Ավելի ուշ ուրիշ գրողներ ևս մեջբերումներ են արել «Համաբարբառ Ավետարանից», բայց դրանից ոչ մի օրինակ չի պահպանվել մինչև մեր օրերը։ XIX դարի գիտնականներից ոմանք նույնիսկ կասկածում էին դրա գոյությանը։ Սակայն 1956 թ.–ին Բիատին հայտնաբերեց Եփրեմ Ասորու մեկնությունը այդ աշխատության վերաբերյալ, հայտնագործություն, որը մեկ անգամ ևս ապացուցեց արդեն գոյություն ունեցող Աստվածաշնչի վավերականությունն ու ճշմարտացիությունը։
Պապիրուսե ձեռագրերի գանձերի հավաքածուն
Բիատին հավաքում էր նաև թե՛ կրոնական, թե՛ աշխարհիկ բնույթի պապիրուսե ձեռագրեր։ Այդ հավաքածուի մեջ ավելի քան հիսուն ձեռագրեր պատկանում են մինչև մ.թ. IV դարն ընկած ժամանակահատվածին։ Պապիրուսների մի մասը դուրս է բերվել երկար դարեր չհայտնաբերված՝ Եգիպտոսի անապատում գտնվող պապիրուսների մի մեծ կույտի միջից, որը աղբ էին համարում՝ թղթերի թափոն։ Երբ ձեռագրերը վաճառքի հանվեցին, նրանցից շատերը կտրտված էին և ոչ լրիվ։ Առևտրականները բերում էին պապիրուսի թափոններով լեցուն արկղերը։ «Նրանք, ովքեր ցանկանում էին գնել, պարզապես իրենց ձեռքը գցում էին արկղի մեջ և վերցնում ամենամեծ կտորը, որը պարունակում էր ամենաշատ գրերը»,— ասում է Չարլզ Հորթոնը՝ Չեստեր Բիատիի գրադարանի Արևմտյան հավաքածուների վարիչը։
Ինչպես Հորթոնն է նշում, Բիատիի «ամենացնցող հայտնագործությունը» նրա ձեռք բերած՝ Աստվածաշնչի թանկարժեք ձեռագրերն էին, որոնք «պարունակում էին քրիստոնեական Հին և Նոր Կտակարանների մեզ հայտնի ամենաառաջին օրինակները»։ Առևտրականները, ովքեր գիտեին այդ ձեռագրերի արժեքը, կարող էին ավելի շատ դրամ աշխատել՝ պատռելով դրանք մասերի և ապա դրանց առանձին հատվածները վաճառելով տարբեր գնորդների։ Սակայն Բիատին կարողացավ գնել այդ ձեռագրերը մեծ քանակությամբ։ Բայց որքա՞ն կարևոր էին դրանք։ Ըստ Ֆրեդերիկ Քենյոնի՝ նրանց հայտնագործությունը «մինչ այդ կատարված ամենակարևոր» հայտնագործությունն էր 1844 թ.–ին Տիշենդորֆի կողմից Սինայի ձեռագրերի ժողովածուն հայտնաբերելուց հետո։
Այս ձեռագրերը պատկանում են մ.թ. II–IV դարերին, և նրանց մեջ կա հունարեն «Յոթանասնից» թարգմանության՝ Եբրայերեն Գրությունների «Ծննդոց» գրքից երկու կրկնօրինակ։ Ինչպես Քենյոնն է նշում, սրանք հատկապես արժեքավոր են, «քանի որ [Ծննդոց] գիրքը համարյա ամբողջությամբ բացակայում է Վատիկանի և Սինայի» IV դարի մագաղաթե ձեռագրերում։ Երեք ձեռագրերն էլ պարունակում են գրքեր Քրիստոնեական Հունարեն Գրություններից։ Նրանցից մեկում կա չորս Ավետարանների մեծ մասը և համարյա ամբողջ «Գործք առաքելոց» գիրքը, մյուսում (որը Բիատին ձեռք բերեց ավելի ուշ)՝ Պողոս առաքյալի գրած գրեթե բոլոր նամակները, այդ թվում նաև եբրայեցիներին ուղղած նամակը։ Իսկ երրորդ ձեռագիրը ընդգրկում է «Յայտնութիւն» գրքի մեկ երրորդը։ Քենյոնի խոսքերով՝ այս պապիրուսները «ուժգին կերպով զորացրին մինչև մեզ հասած Նոր Կտակարանի հանդեպ ունեցած մեր վստահության հիմքերը, որոնք արդեն իսկ շատ զորավոր էին»։
Չեստեր Բիատիի աստվածաշնչյան պապիրուսները վկայում են այն մասին, որ քրիստոնյաները, մեծածավալ մագաղաթե գլանաձև փաթեթների փոխարեն, շատ վաղ ժամանակներից՝ հավանաբար I դարի վերջերից, արդեն սկսել են գործածել միահյուսված թերթերով գրքեր։ Պապիրուսներից նաև երևում է, որ գրելու համար պետք եղած նյութերը չունենալու պատճառով գրագիրները հաճախ օգտագործել են հին պապիրուսներ։ Օրինակ՝ ղպտիերեն ձեռագրերից մեկի վրա Հովհաննեսի Ավետարանի մի մասը գրվել է «ակներևաբար հունական մաթեմատիկայի դպրոցական աշխատանքների տետրի վրա»։
Այս պապիրուսե փաստաթղթերը չեն փայլում գեղեցկությամբ, սակայն նրանք անգին են։ Դրանք տեսանելի և շոշափելի կերպով կապ են հաստատում մեր և ամենաառաջին քրիստոնյաների միջև։ «Այստեղ, հենց քո աչքերի առջև,— ասում է Չարլզ Հորթոնը,— դու կարող ես տեսնել այն գրքերը, որոնք գործածվում էին ամենավաղ քրիստոնեական համայնքների կողմից, գրքեր, որ նրանք անգնահատելի էին համարում» (Առակաց 2։4, 5)։ Եթե երբևիցե հնարավորություն ունենաք զննելու Չեստեր Բիատիի գրադարանի այս գանձերից մի քանիսը, չեք հիասթափվի։
[նկար 31–րդ էջի վրա]
Ճապոնական փայտե փորագրանկար՝ պատրաստված Կացուշիկա Հոկուսայի կողմից
[նկար 31–րդ էջի վրա]
«Բիբլիա Լատինան» Աստվածաշնչի առաջին տպագիր օրինակներից էր
[նկար 31–րդ էջի վրա]
Եփրեմ Ասորու մեկնությունը Տատիանոսի «Համաբարբառ Ավետարանի» վերաբերյալ մեկ անգամ ևս հաստատում է Աստվածաշնչի վավերականությունը
[նկար 31–րդ էջի վրա]
Չեստեր Բիատիի P45–ը. աշխարհի ամենահին ձեռագիրը, որը պարունակում է չորս Ավետարանների մեծ մասը և գրեթե ամբողջ «Գործք առաքելոց» գիրքը
[նկար 29–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Reproduced by kind permission of The Trustees of the Chester Beatty Library, Dublin
[նկար 31–րդ էջի վրա. թույլտվությամբ]
All images: Reproduced by kind permission of The Trustees of the Chester Beatty Library, Dublin