Ընդօրինակենք ճշմարտության Աստծուն
«Նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ» (ԵՓԵՍԱՑԻՍ 5։1)։
1. Ըստ որոշ մարդկանց՝ ինչպիսի՞ն է ճշմարտությունը, և ինչո՞ւ է այդպիսի տրամաբանությունը թերի։
«Ի՞ՆՉ է ճշմարտութիւնը» (Յովհաննէս 18։38)։ Մոտ 2 000 տարի առաջ այս հարցը ցինիկորեն տվեց Պոնտացի Պիղատոսը։ Նա ուզում էր ասել, որ ճշմարտությունն այնքան աղոտ է, որ չարժե դրան հետամուտ լինել։ Շատերն են այսօր այդ կարծիքին։ Բուն ճշմարտությունը քննադատության է ենթարկվում։ Գուցե լսել եք, երբ մարդիկ ասում են. «Ամեն ոք ինքն է որոշում ճշմարտությունը», կամ՝ «Ճշմարտությունը հարաբերական է», կամ էլ՝ «Ճշմարտությունը անընդհատ փոփոխության է ենթարկվում»։ Այսպիսի տրամաբանությունը թերի է։ Հետազոտությունների և ուսման նպատակը հենց դա է՝ սովորել փաստեր, այսինքն՝ ճշմարտությունը մեր շուրջը գտնվող աշխարհի մասին։ Ճշմարտությունը անձնական տեսակետի հարց չէ։ Օրինակ՝ մարդկային հոգին կամ անմահ է, կամ՝ ոչ։ Սատանան կամ գոյություն ունի, կամ՝ ոչ։ Կյանքը կամ նպատակ ունի, կամ՝ ոչ։ Այս դեպքերից յուրաքանչյուրում միայն մեկ ճշգրիտ պատասխան գոյություն ունի։ Մեկը ճիշտ է, իսկ մյուսը՝ սխալ. երկուսը միասին չեն կարող ճիշտ լինել։
2. Ի՞նչ առումով է Եհովան ճշմարտության Աստված, և ո՞ր հարցերն ենք այժմ քննարկելու։
2 Նախորդ հոդվածում մենք քննարկեցինք, որ Եհովան ճշմարտության Աստված է։ Նա գիտի ճշմարտությունն ամեն ինչի մասին։ Ամբողջովին տարբեր լինելով իր ստախոս հակառակորդից՝ Բանսարկու Սատանայից, Եհովան միշտ ճիշտն է ասում։ Դեռ ավելին, Եհովան առատաձեռնորեն ուրիշներին նույնպես հայտնում է ճշմարտությունը։ Պողոս առաքյալը հորդորեց իր հավատակիցներին. «Նմանող եղէք Աստուծուն ինչպէս սիրելի որդիներ» (Եփեսացիս 5։1)։ Որպես Եհովայի վկաներ՝ ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան ճշմարտությունը խոսելու և ճշմարտության համաձայն ապրելու մեջ։ Ինչո՞ւ է դա այդքան կարևոր։ Եվ ի՞նչ երաշխիք ունենք, որ Եհովան իր հավանությունն է տալիս նրանց, ովքեր ընթանում են ճշմարտությամբ։ Եկեք տեսնենք։
3, 4. Ինչպե՞ս են Պողոս և Պետրոս առաքյալները նկարագրել, թե ինչ էր տեղի ունենալու ‘հետի օրերի’ ժամանակ։
3 Մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամենուր կրոնական կեղծիք է տիրում։ Ինչպես կանխագուշակել էր Պողոս առաքյալը Աստծո ներշնչմամբ, այս «յետի օրերումը» շատերն ունեն աստվածապաշտության կերպարանքը, բայց ուրանում են նրա զորությունը։ Ոմանք ‘մտքով ապականված’ լինելու պատճառով հակառակում են ճշմարտությանը։ Դեռ ավելին, չար և խաբեբա մարդիկ առաջ են գնում չարության մեջ՝ մոլորեցնելով և մոլորվելով։ Թեպետ այսպիսի մարդիկ շարունակ սովորում են, սակայն նրանք երբեք չեն գալիս ճշմարտության գիտությանը (Բ Տիմոթէոս 3։1, 5, 7, 8, 13)։
4 Պետրոս առաքյալը նույնպես ներշնչվեց գրելու վերջին օրերի մասին։ Ճիշտ ինչպես կանխագուշակված էր, մարդիկ ոչ միայն մերժում են ճշմարտությունը, այլև ծաղրուծանակի են ենթարկում Աստծո Խոսքը, ինչպես նաև նրանց, ովքեր հռչակում են դրա ճշմարտացի լինելը։ ‘Իրենց ուզածի’ համեմատ՝ այս ծաղրողները անտեսում են այն փաստը, որ Նոյի օրերի աշխարհը ջրհեղեղով կորավ՝ հանդիսանալով նախօրինակը ապագա դատաստանի օրվա։ Նրանց այս ցանկությունը իրենց կործանման է տանելու, երբ գա Աստծո ժամանակը՝ վերացնելու աստվածամերժ մարդկանց (Բ Պետրոս 3։3–7, Արևմտ. Աստ.)։
Եհովայի ծառաները գիտեն ճշմարտությունը
5. Ըստ Դանիել մարգարեի՝ ի՞նչ էր պատահելու ‘վերջին ժամանակի’ ընթացքում, և ինչպե՞ս է կատարվել այդ մարգարեությունը։
5 ‘Վերջին ժամանակի’ մասին նկարագրություն տալիս Դանիել մարգարեն նախագուշակեց մի ուրիշ տեսակի առաջընթաց Աստծո ժողովրդի առնչությամբ՝ կրոնական ճշմարտության վերածնունդ։ Նա գրեց. «Շատերը պիտի քննեն, եւ գիտութիւնը պիտի շատանայ» (Դանիէլ 12։4)։ Եհովայի ժողովուրդը չի շփոթվում և չի մոլորվում մեծ Ստախոսի ստերից։ Աստվածաշնչին քաջածանոթ լինելով՝ նրանք ճշգրիտ գիտություն են ձեռք բերում։ Առաջին դարում Հիսուսը լուսավորեց իր աշակերտներին։ Նա «նորանց միտքը բացաւ, որ գրքերը իմանան» (Ղուկաս 24։45)։ Մեր օրերում նույն կերպով է վարվել և Եհովան։ Իր Խոսքի, ոգու և կազմակերպության միջոցով նա ամբողջ աշխարհում օգնել է միլիոնավոր մարդկանց հասկանալու այն, ինչը նա արդեն գիտի՝ ճշմարտությունը։
6. Աստծո ժողովուրդն այսօր աստվածաշնչյան ինչպիսի՞ ճշմարտություններ է հասկանում։
6 Որպես Աստծո ժողովրդի անդամներ՝ մենք շատ բաներ ենք հասկանում, որոնք այլ կերպ չէինք կարող իմանալ։ Մենք գիտենք պատասխանները այնպիսի հարցերի, որոնց վրա հազարավոր տարիներ է, ինչ գլուխ են կոտրում աշխարհի իմաստունները։ Օրինակ՝ մենք գիտենք, թե ինչու գոյություն ունի տառապանքը, ինչու են մարդիկ մահանում, և ինչու մարդիկ ի վիճակի չեն հասնելու համաշխարհային խաղաղության և միասնության։ Մենք նաև առանձնաշնորհումն ունենք «տեսնելու», թե ապագան ինչ է վերապահել մեզ համար՝ Աստծո Թագավորությունը, դրախտ–երկիրը և հավիտյան կատարյալ կյանքով ապրելու հնարավորությունը։ Մենք ճանաչել ենք Եհովային՝ տիեզերքի Գերագույն էակին։ Մենք սովորել ենք նրա գրավիչ հատկությունների մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ է հարկավոր անել՝ վայելելու իր տված օրհնությունները։ Ճշմարտությունն իմանալը օգնում է մեզ տեսնել, թե ինչը ճիշտ չէ։ Կիրառելով ճշմարտությունը՝ մենք զերծ ենք մնում անպտուղ գործեր կատարելուց, այն օգնում է կյանքից լավագույնը քաղել և տալիս է մեզ հիասքանչ մի հույս ապագայի համար։
7. Ո՞ւմ են մատչելի աստվածաշնչյան ճշմարտությունները և ո՞ւմ՝ ոչ։
7 Դու գիտե՞ս Աստվածաշնչի ճշմարտությունը։ Եթե այո, ուրեմն մեծապես օրհնված ես։ Առհասարակ երբ գրողը որևէ գիրք է գրում, նա այնպես է անում, որ գիրքը գրավիչ լինի որոշակի մարդկանց համար։ Որոշ գրքեր գրված են բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց համար, որոշ գրքեր՝ երեխաների համար, իսկ այլ գրքեր էլ գրված են հատուկ մասնագիտություն ունեցող մարդկանց համար։ Թեև Աստվածաշունչը մատչելի է բոլորին, սակայն նրա գրվելու նպատակն էր, որ այն հասկանալի լիներ և գնահատվեր մարդկանց որոշակի խմբի կողմից։ Եհովան նախատեսել է այն երկրի խոնարհ և հեզ մարդկանց համար։ Այդպիսի մարդիկ կարող են ըմբռնել Աստվածաշնչի իմաստը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի կրթություն ունեն, ինչ մշակույթի են պատկանում, ինչպիսի դիրք ունեն հասարակության մեջ կամ էլ որ էթնիկական խմբից են ծագում առել (Ա Տիմոթէոս 2։3, 4)։ Սակայն մյուս կողմից՝ Աստվածաշնչի հասկացողությունը փակ է նրանց համար, ովքեր ճիշտ կերպով չեն տրամադրված, որքան էլ խելացի կամ կրթված լինեն նրանք։ Մեծամիտ, հպարտ մարդիկ չեն կարող ըմբռնել Աստծո Խոսքի թանկարժեք ճշմարտությունները (Մատթէոս 13։11–15; Ղուկաս 10։21; Գործք 13։48, ՆԱ)։ Միայն Աստված կարող է լինել այսպիսի գրքի հեղինակը։
Եհովայի ծառաները ճշմարտացի են
8. Ինչո՞ւ էր Հիսուսը ճշմարտության մարմնացումը։
8 Եհովայի նման, նրա ծառաները ևս ճշմարտացի են։ Հիսուս Քրիստոսը՝ Եհովայի ամենաակնառու Վկան, պաշտպանեց ճշմարտությունը իր ուսուցումներով, իր կենսակերպով և մահով։ Նա հաստատեց Եհովայի խոսքի ու խոստումների ճշմարտացիությունը։ Հետևաբար Հիսուսը, ինչպես ինքն անձամբ նշեց, հանդիսանում է ճշմարտության մարմնացումը (Յովհաննէս 14։6; Յայտնութիւն 3։14; 19։10)։
9. Ի՞նչ են ասում Գրությունները ճշմարտությունը խոսելու վերաբերյալ։
9 Հիսուսը լի էր «շնորհքով եւ ճշմարտութիւնով» և «խաբէութիւն չ’կար նորա բերանումը» (Յովհաննէս 1։14; Եսայիա 53։9)։ Ճշմարիտ քրիստոնյաները հետևում են Հիսուսի օրինակին, որը նա թողեց՝ ճշմարտացի լինելով մարդկանց հետ։ Պողոսը խորհուրդ տվեց իր հավատակիցներին. «Իւրաքանչիւրը թող իր ընկերոջն ասի ճշմարտութիւնը, որովհետեւ միմեանց անդամներ ենք» (Եփեսացիս 4։25, ԷԹ)։ Ավելի վաղ Զաքարիա մարգարեն գրել էր. «Ճշմարտութիւն խօսեցէք ամեն մէկդ իր ընկերի հետ» (Զաքարիա 8։16)։ Քրիստոնյաները ճշմարտության կողմնակիցներ են, քանի որ նրանք ուզում են Աստծուն գոհացնել։ Եհովան ճշմարտության Աստված է և գիտի այն վնասների մասին, որ բերում է սուտը։ Ուստի նա արդարաբար ակնկալում է իր ծառաներից, որ ճշմարտությունը խոսեն։
10. Ինչո՞ւ են մարդիկ ստում, և ի՞նչ վնասաբեր հետևանքներ ունի սուտը։
10 Շատերին գուցե հարմար թվա սուտ խոսելը որոշ օգուտներ ձեռք բերելու համար։ Մարդիկ ստում են պատժից խուսափելու համար, որոշ եկամուտ ձեռք բերելու կամ էլ ուրիշների գովքին արժանանալու համար։ Մինչդեռ ստախոսությունը վատ սովորություն է։ Ավելին, ստախոս մարդը չի կարող Աստծո հավանությանն արժանանալ (Յայտնութիւն 21։8, 27; 22։15)։ Երբ մենք ճանաչված ենք որպես ճշմարտախոսներ, ուրիշները հավատում են մեր խոսքերին և վստահում են մեզ։ Բայց երբ բռնվենք նույնիսկ մի սուտ խոսելիս, մարդիկ կսկսեն կասկածել դրանից հետո մեր ասած յուրաքանչյուր բառի վրա։ Աֆրիկական մի ասացվածք ասում է. «Մի սուտը փչացնում է հազար ճշմարտություն»։ Մեկ ուրիշ ասացվածք էլ ասում է. «Ստախոսին չեն հավատա նույնիսկ երբ նա ճշմարտությունն է ասում»։
11. Ի՞նչ իմաստով է ճշմարտացիությունն ավելին, քան սոսկ ճիշտն ասելը։
11 Ճշմարտացիությունն ավելին է, քան սոսկ ճիշտն ասելը։ Այն կյանքի ընթացք է։ Այն շատ բան է ասում այն մասին, թե ով ենք մենք իրականում։ Մենք ուրիշներին ճշմարտությունն ենք ասում ոչ միայն մեր խոսքերով, այլև մեր արարքներով։ «Դուն որ ընկերիդ կը սորվեցնես, քու անձիդ չե՞ս սորվեցներ,— հարցնում է Պողոս առաքյալը,— որ կը քարոզես չգողնալ, բայց դուն կը գողնա՞ս. որ կ’ըսես շնութիւն մի՛ ըներ, շնութիւն կ’ընե՞ս» (Հռովմայեցիս 2։21, 22, Արևմտ. Աստ.)։ Եթե ցանկանում ենք ուրիշներին ճշմարտությունը սովորեցնել, ապա մենք պետք է ճշմարտացի լինենք մեր կյանքի բոլոր բնագավառներում։ Ճշմարտախոս և ազնիվ մարդու մեր համբավը մեծ ազդեցություն կունենա այն բանի վրա, թե ինչպես մարդիկ կարձագանքեն մեր ուսուցանածին։
12, 13. Ի՞նչ գրեց մի պատանի աղջիկ ճշմարտացի լինելու մասին, և ո՞րն էր նրա բարձր բարոյական չափանիշներ ունենալու պատճառը։
12 Եհովայի ժողովրդի մեջ գտնվող պատանիները նույնպես հասկանում են ճշմարտացի լինելու կարևորությունը։ Երբ դպրոցում շարադրություն գրելու հանձնարարություն տրվեց Ջենիին, որն այդ ժամանակ դեռ 13 տարեկան էր, նա հետևյալը գրեց. «Ազնվությունը այնպիսի հատկություն է, որը ես իսկապես գնահատում եմ։ Ցավոք, այսօր ոչ բոլորն են ամեն ինչում ազնիվ վարվում։ Ես ինձ խոսք եմ տալիս, որ իմ կյանքում միշտ ազնիվ կլինեմ։ Ես նույնիսկ ազնիվ կլինեմ այն դեպքում, երբ ճիշտն ասելը անմիջական օգուտ չի բերի ինձ կամ իմ ընկերներին։ Ես ձգտում եմ, որ իմ ընկերները այնպիսի մարդիկ լինեն, ովքեր ազնիվ են և ճշմարտությունն են խոսում»։
13 Խոսելով Ջենիի շարադրության մասին՝ նրա ուսուցչուհին նշեց. «Թեպետ դու դեռ շատ պատանի ես, սակայն զարգացրել ես այդպիսի զորեղ բարոյական և էթիկական չափանիշներ։ Ես գիտեմ, որ դու կպահես քո խոսքը, քանի որ բարոյական ուժ ունես»։ Ո՞րն էր այս դպրոցական աղջնակի բարոյական զորության պատճառը։ Իր շարադրության առաջաբանում Ջենին նշել էր, որ իր կրոնն է «հաստատում [իր] կյանքի չափանիշները»։ Յոթ տարի է անցել այն ժամանակից, երբ Ջենին գրեց այդ շարադրությունը։ Ինչպես կռահել էր նրա ուսուցչուհին, Ջենին դեռ շարունակում է իր կյանքում դրսևորել բարձր բարոյական չափանիշներ՝ որպես Եհովայի վկա։
Եհովայի ծառաները հայտնում են ճշմարտությունը
14. Ինչո՞ւ հատկապես Աստծո ծառաները մեծ պատասխանատվություն ունեն պաշտպանելու ճշմարտությունը։
14 Իհարկե, Եհովայի վկաներից բացի ուրիշներն էլ գուցե ասեն ճշմարտությունը և փորձեն լինել ազնիվ։ Այնուհանդերձ, որպես Աստծո ծառաներ, մենք հատկապես մեծ պատասխանատվություն ունենք պաշտպանելու այն, ինչ ճշմարտություն է։ Մեզ է վստահվել աստվածաշնչյան ճշմարտությունները. ճշմարտություններ, որ կարող են առաջնորդել հավիտենական կյանքի։ Ուստի մեր պարտականությունն է պատմել մարդկանց այդ գիտության մասին։ Հիսուսն ասաց. «Նրան, ում շատ է տրուած, նրանից շատ էլ կ’ուզուի» (Ղուկաս 12։48, ԷԹ)։ Իսկապես շատ է ‘ուզվում’ նրանցից, ովքեր օրհնված են՝ իմանալով Աստծո թանկագին գիտությունը։
15. Ինչպիսի՞ ուրախություն ես գտնում՝ ուրիշներին ճշմարտությունը սովորեցնելով։
15 Ուրախություն կա ուրիշներին աստվածաշնչյան ճշմարտությունները պատմելու մեջ։ Առաջին դարի՝ Հիսուսի աշակերտների նման, մենք էլ ենք բարի լուրը՝ սիրտ ջերմացնող հույսի պատգամը, հռչակում նրանց, ովքեր ‘հոգնած են և ցրված, ինչպես ոչխարներ, որոնք հովիվ չունեն’, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր կուրացած են ու շփոթված ‘դևերի վարդապետություններից’ (Մատթէոս 9։36; Ա Տիմոթէոս 4։1)։ Հովհաննես առաքյալը գրում է. «Սորանից աւելի մեծ ուրախութիւն չ’ունիմ, որ լսում եմ թէ իմ որդիները ճշմարտութեան մէջ են գնում» (Գ Յովհաննէս 4)։ Հովհաննեսի ‘որդիների’ հավատարմությունը (հավանաբար նրանց, ում ինքն էր ծանոթացրել ճշմարտությանը) իրեն մեծ ուրախություն պատճառեց։ Մեզ էլ է ուրախություն պատճառում, երբ տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ գնահատանքով արձագանքում Աստծո Խոսքին։
16, 17. ա) Ինչո՞ւ բոլորը չէ, որ ընդունում են ճշմարտությունը։ բ) Ինչպիսի՞ ուրախություն կարող ես ունենալ՝ հռչակելով աստվածաշնչյան ճշմարտությունը։
16 Իհարկե, ոչ բոլորն են ընդունելու ճշմարտությունը։ Հիսուսը խոսեց ճշմարտությունը Աստծո մասին, նույնիսկ երբ դա չէր վայելում ժողովրդի համակրանքը։ Իր հրեա հակառակորդներին նա ասաց. «Ինձ ինչո՞ւ չէք հաւատում։ Ով Աստծուց է, Աստծու խօսքերն է լսում, իսկ դուք չէք լսում նրա համար, որ Աստծուց չէք» (Յովհաննէս 8։46, 47)։
17 Մենք էլ, Հիսուսի նման, չենք վարանում խոսել թանկագին ճշմարտությունները Եհովայի մասին։ Մենք չենք ակնկալում, որ բոլորը կընդունեն մեր խոսքերը, քանի որ նույնն էր պարագան Հիսուսի դեպքում՝ ոչ բոլորը ընդունեցին նրա խոսքերը։ Այնուամենայնիվ, մենք ուրախ ենք, քանի որ գիտենք, որ անում ենք այն, ինչ ճիշտ է։ Իր ողորմությամբ Եհովան ցանկանում է, որ ճշմարտությունը հայտնի լինի ամբողջ մարդկությանը։ Որպես ճշմարտությունն ունեցողներ՝ քրիստոնյաները լուսակիրներ են այս խավար աշխարհում։ Թույլ տալով, որ ճշմարտության լույսը շողա մեր խոսքերով ու գործով՝ մենք կարող ենք օգնել ուրիշներին փառաբանել մեր երկնային հորը (Մատթէոս 5։14, 16)։ Մենք հանրորեն բոլորին հայտնում ենք, որ մերժում ենք Սատանայի կեղծ ճշմարտությունը և պաշտպանում ենք Աստծո անարատ, զուլալ Խոսքը։ Ճշմարտությունը, որ մենք գիտենք ու տանում ենք մարդկանց, ի զորու է ազատագրել նրանց, ովքեր կընդունեն այն (Յովհաննէս 8։32)։
Հետամուտ եղիր ճշմարտացիությանը
18. Ինչո՞ւ և ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ հավանում է Նաթանայելին։
18 Հիսուսը սիրում և խոսում էր ճշմարտությունը։ Երկրի վրա իր ծառայության ընթացքում նա ցույց տվեց, որ հավանում է այն մարդկանց, ովքեր սիրում են ճշմարտությունը։ Նաթանայելի մասին Հիսուսն ասաց. «Ահա ճիշդ Իսրայէլացի. որի մէջ նենգութիւն չ’կայ» (Յովհաննէս 1։47)։ Հետևաբար Նաթանայելը, որին հավանաբար կոչում էին նաև Բարդուղիմեոս, ընտրվեց 12 առաքյալներից մեկը դառնալու (Մատթէոս 10։2–4)։ Ինչպիսի՜ պատիվ։
19–21. Ճշմարտությունը քաջաբար խոսելու համար ինչպե՞ս օրհնվեց այն մարդը, որ մի ժամանակ կույր էր։
19 Աստվածաշնչի մի ամբողջ գլուխ («Հովհաննէս» գրքից) պատմում է մեկ այլ ազնիվ մարդու մասին, որը օրհնվեց Հիսուսի կողմից։ Մենք չգիտենք նրա անունը, բայց գիտենք, որ նա ի ծնե կույր մի մուրացկան էր։ Մարդիկ հիացան, երբ Հիսուսը տեսողություն տվեց նրան։ Այս՝ հրաշքով կատարված բուժման լուրը ընկավ որոշ փարիսեցիների՝ ճշմարտությունն ատողների ականջը, ովքեր նախապես իրենց միջև համաձայնության էին եկել ժողովարանից վտարել ու ցանկացած մարդու, ով կհավատա Հիսուսին։ Իմանալով նրանց պլանները՝ այդ նախկին կույր մարդու վախեցած ծնողները ստեցին փարիսեցիներին՝ ասելով, թե չգիտեն՝ որն է պատճառը, որ իրենց որդին այժմ տեսնում է ու չգիտեն նաև, թե ով է պատասխանատու դրա համար (Յովհաննէս 9։1–23)։
20 Բուժված մարդուն նորից կանչեցին փարիսեցիների մոտ։ Անտեսելով հետևանքները՝ նա խիզախորեն ասաց ճշմարտությունը։ Նա բացատրեց նրանց, թե ինչպես էր բուժվել, և այն, որ Հիսուսն էր իրեն բուժողը։ Զարմանալով, որ այդ կրթված և հեղինակավոր մարդիկ չեն ընդունում, որ Հիսուսն Աստծո կողմից է ուղարկված՝ այս մարդն անվախորեն հորդորեց նրանց ընդունել բացահայտ կատարված փաստը. «Եթէ այդ մարդը Աստծուց չլինէր, որեւէ բան անել չէր կարող»։ Պատասխան տալու ոչ մի խոսք չգտնելով՝ փարիսեցիները մեղադրեցին նրան որպես ամբարտավանի և դուրս հանեցին (Յովհաննէս 9։24–34, ԷԹ)։
21 Երբ Հիսուսն իմացավ այս մասին, նա սիրով ժամանակ տրամադրեց և գնաց փնտրելու այդ մարդուն։ Ապա նրա արդեն ունեցած ու ցուցաբերած հավատը ավելի զորացրեց։ Հիսուսը բացահայտ կերպով իրեն ներկայացրեց որպես Մեսիա։ Որքա՜ն օրհնվեց այդ մարդը ճշմարտությունը խոսելու համար։ Իսկապես, Աստծո հավանությունը նրանց հետ է, ովքեր խոսում են ճշմարտությունը (Յովհաննէս 9։35–37)։
22. Ինչո՞ւ պետք է հետամուտ լինենք ճշմարտացիությանը։
22 Ճշմարտությամբ ապրելը մի ընթացք է, որին պետք է լրջությամբ նայել։ Այն մարդկանց և Աստծո հետ լավ փոխհարաբերություններ հաստատելու ու դրանք պահպանելու հարցում առանցքային դեր է խաղում։ Ընթանալ ճշմարտությամբ նշանակում է՝ լինել ազատ, անկեղծ, մատչելի և վստահելի, ու այդպիսի ընթացքը բերում է Եհովայի հավանությունը (Սաղմոս 15։1, 2)։ Չընթանալ ճշմարտությամբ նշանակում է՝ խաբել, լինել անվստահելի և կեղծավոր, ու այդ ընթացքը բերում է Եհովայի բարկությունը (Առակաց 6։16–19)։ Ուրեմն՝ վճռեք հետամուտ լինել ճշմարտացիությանը։ Իրոք որ, ընդօրինակելու համար ճշմարտության Աստծուն մենք պետք է իմանանք ճշմարտությունը, խոսենք այն ու ապրենք այդ ճշմարտության համաձայն։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչո՞ւ պետք է շնորհապարտ լինենք, որ գիտենք ճշմարտությունը։
• Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Եհովային ճշմարտացի լինելու մեջ։
• Ո՞րոնք են ուրիշներին ճշմարտությունը հայտնելու օգուտները։
• Ինչո՞ւ է կարևոր հետամուտ լինել ճշմարտացիությանը։
[նկարներ 17–րդ էջի վրա]
Քանի որ նրանց վստահված է աստվածաշնչյան ճշմարտությունը, քրիստոնյաները նախանձախնդրաբար պատմում են այն ուրիշներին
[նկարներ 18–րդ էջի վրա]
Կույր մարդը, որին բուժեց Հիսուսը, մեծ օրհնություններ ստացավ ճշմարտությունը խոսելու համար