Ճշմարտությունը խոսիր քո մերձավորի հետ
«Հիմա, երբ ձեր վրայից հանել եք ստությունը, ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ» (ԵՓԵՍ. 4։25)։
1, 2. Շատերն ի՞նչ կարծիք ունեն ճշմարտության մասին։
ԴԱՐԵՐ շարունակ «ճշմարտություն» հասկացությունը բանավեճերի թեմա է եղել։ Մ.թ.ա. 6–րդ դարում հույն բանաստեղծ Ալկայոսն ասել է. «Գինու մեջ ճշմարտություն կա»։ Նա ուզում էր ասել, որ ճշմարտությունը բացահայտվում է միայն այն բանից հետո, երբ մարդը շատ գինի է խմում և ավելի է հակվում խոսելու։ Առաջին դարում հռոմեական կառավարիչ Պոնտացի Պիղատոսը, որը Հիսուսին թերահավատորեն հարցրեց, թե ինչ է ճշմարտությունը, նույնպես աղավաղված տեսակետ ուներ ճշմարտության մասին (Հովհ. 18։38)։
2 Մեր օրերում ճշմարտության վերաբերյալ իրարամերժ շատ տեսակետներ կան։ Շատերի կարծիքով՝ «ճշմարտություն» հասկացությունը իմաստային տարբեր երանգներ ունի, և ամեն մարդ յուրովի է ընկալում այն։ Կան մարդիկ, ովքեր ճիշտը ասում են միայն այն դեպքում, երբ իրենց հարմար է կամ ձեռնտու է։ «Ստելու կարևորությունը» վերնագրով մի գրքում ասվում է. «Ազնվությունը գուցեև վեհ նպատակ է, բայց գոյության և ապահովության համար մղվող կենաց ու մահու պայքարում այն համարյա արժեք չունի։ Մարդը ընտրության հնարավորություն գրեթե չունի. նա պետք է ստի, որ ապրի» (The Importance of Lying)։
3. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսը հիանալի օրինակ է ճշմարտախոս լինելու հարցում։
3 Որքանո՜վ են նրանցից տարբերվում Քրիստոսի աշակերտները։ Հիսուսը փիլիսոփայական տեսակետ չուներ ճշմարտության վերաբերյալ։ Նա միշտ ճշմարտությունն էր ասում։ Նույնիսկ թշնամիներն էին դա ընդունում. «Ուսուցի՛չ, գիտենք, որ դու ճշմարտախոս ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես սովորեցնում» (Մատթ. 22։16)։ Ճշմարիտ քրիստոնյաները հետևում են Հիսուսի օրինակին և համոզված են, որ պետք է ճշմարտախոս լինեն։ Նրանք լիովին համաձայն են Պողոս առաքյալի հետ, որն իր հավատակիցներին հորդորեց. «Հիմա, երբ արդեն ձեր վրայից հանել եք ստությունը, ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ» (Եփես. 4։25)։ Իսկ ո՞վ է մեր մերձավորը։ Ի՞նչ է նշանակում խոսել ճշմարտությունը։ Ինչպե՞ս կարող ենք մեր առօրյայում ճշմարտախոս լինել։ Եկեք քննենք այս երեք հարցերը։
Ո՞վ է մեր մերձավորը
4. Ի տարբերություն առաջին դարի հրեա առաջնորդների՝ Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց, որ Եհովայի տեսակետն ունի այն հարցի վերաբերյալ, թե ով է մեր մերձավորը։
4 Առաջին դարում որոշ հրեա առաջնորդներ սովորեցնում էին, որ միայն իրենց ազգակիցներն են արժանի կոչվելու «մերձավոր»։ Սակայն Հիսուսը, որ կատարելապես ընդօրինակում էր իր Հոր հատկությունները և մտածելակերպը, ուրիշ տեսակետ ուներ (Հովհ. 14։9)։ Նա իր աշակերտներին ցույց տվեց, որ Աստված խտրականություն չի դնում ռասաների կամ ազգերի միջև (Հովհ. 4։5–26)։ Նաև, սուրբ ոգին Պետրոս առաքյալին հայտնեց, որ «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով որ վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան» (Գործ. 10։28, 34, 35)։ Հետևաբար, մենք պետք է բոլոր մարդկանց համարենք մեր մերձավորը՝ սիրելով նույնիսկ նրանց, ովքեր թշնամու պես են վարվում մեզ հետ (Մատթ. 5։43–45)։
5. Ի՞նչ է նշանակում ճշմարտությունը խոսել մերձավորի հետ։
5 Իսկ ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ ասելով, որ ճշմարտությունը խոսենք մերձավորի հետ։ Խոսել ճշմարտությունը նշանակում է հայտնել փաստացի տեղեկություն, այնպիսի տեղեկություն, որում կեղծիքի նշույլ անգամ չկա։ Ճշմարիտ քրիստոնյաները փաստերը չեն աղավաղում և դրանք չեն ներկայացնում այնպես, որ մարդիկ մոլորության մեջ ընկնեն։ Քրիստոնյաները «զզվում են չարից» և «բարուն են կառչում» (Հռոմ. 12։9)։ Ընդօրինակելով «ճշմարտության Աստծուն»՝ մենք պետք է ձգտենք ազնիվ ու շիտակ լինել մեր բոլոր գործերում (Սաղ. 15։1, 2; 31։5 ՆԱ)։ Եթե ճիշտ բառեր ընտրենք, կարող ենք, առանց խորամանկության դիմելու, նրբանկատ լինել նույնիսկ անհարմար իրավիճակներում (կարդա՛ Կողոսացիներ 3։9, 10)։
6, 7. ա) Արդյոք ճշմարտախոս լինել նշանակո՞ւմ է ամեն մի մանրամասնություն հայտնել ցանկացած մարդու, ով մեզնից տեղեկություն է հարցնում։ Բացատրիր։ բ) Ո՞ւմ կարող ենք վստահաբար ասել ճշմարտությունը։
6 Արդյոք ճիշտն ասել նշանակո՞ւմ է ամեն մի մանրամասնություն հայտնել ցանկացած մարդու, ով մեզնից տեղեկություն է հարցնում։ Ո՛չ։ Հիսուսը ցույց տվեց, որ ոմանք արժանի չեն ստանալու կոնկրետ պատասխան կամ տեղեկություն։ Երբ կեղծավոր կրոնական առաջնորդները նրան հարցրին, թե ինչ զորությամբ կամ իշխանությամբ է նշաններ ու հրաշքներ անում, նա ասաց. «Մի հարց տամ ձեզ։ Դուք պատասխանեք ինձ, ես էլ ձեզ կասեմ, թե ինչ իշխանությամբ եմ անում այս բաները»։ Երբ դպիրներն ու երեցները չցանկացան պատասխանել, Հիսուսն ասաց. «Ես էլ ձե՛զ չեմ ասի, թե ինչ իշխանությամբ եմ անում այս բաները» (Մարկ. 11։27–33)։ Քանի որ նրանք անհավատ էին և հոգևորապես ապականված, նա իրեն պարտավորված չզգաց պատասխանելու նրանց հարցին (Մատթ. 12։10–13; 23։27, 28)։ Նմանապես, Եհովայի ժողովուրդը այսօր պետք է զգուշանա հավատուրացներից և մյուս ամբարիշտներից, ովքեր իրենց եսասիրական նպատակներին հասնելու համար դիմում են խորամանկության ու խաբեության (Մատթ. 10։16; Եփես. 4։14)։
7 Պողոսը նույնպես նշեց, որ որոշ մարդիկ թերևս իրավունք չունեն ստանալու իրենց հարցի սպառիչ պատասխանը։ Նա ասաց, որ «բամբասողները և ուրիշների գործերին խառնվողները» «խոսում են այնպիսի բաներ, որ չպետք է խոսեն» (1 Տիմոթ. 5։13)։ Այն մարդիկ, ովքեր իրենց քիթը խոթում են ուրիշի գործերի մեջ, կամ նրանք, ովքեր չեն կարող գաղտնիք պահել, գուցե զգան, որ մյուսները խուսափում են անձնական հարցերի շուրջ իրենց հետ խոսելուց։ Որքա՜ն լավ կլինի, եթե հետևենք Պողոսի ներշնչյալ խորհրդին. «Նպատակ դրեք հանգիստ կյանք վարել, ձեր գործով զբաղվել» (1 Թեսաղ. 4։11)։ Սակայն երբեմն գուցե կարիք լինի, որ ժողովի երեցները անձնական բնույթի հարցեր տան մեզ, որպեսզի կարողանան կատարել իրենց պարտականությունները։ Նման դեպքերում մենք համագործակցած կլինենք նրանց հետ, եթե ճշմարտությունը խոսենք։ Այսպիսի համագործակցությունը մեծ օգնություն է երեցների համար և անչափ գնահատելի է (1 Պետ. 5։2)։
Ճշմարտությունը խոսիր ընտանիքում
8. Ճշմարտախոս լինելն ինչպե՞ս է նպաստում ընտանեկան կապերի ամրացմանը։
8 Սովորաբար մենք ամենից շատ մտերիմ ենք մեր ընտանիքի անդամների հետ։ Որպեսզի ընտանեկան կապերն ամրանան, շատ կարևոր է ճշմարտախոս լինել։ Բազմաթիվ խնդիրներ և թյուրիմացություններ կարող են ընդհանրապես չլինել, եթե ընտանիքի անդամները լինեն անկեղծ, ազնիվ և բարյացակամ։ Արդյոք պատրաստակամորեն խոստովանո՞ւմ ենք մեր սխալը մեր կողակցին, երեխաներին և հարազատներին։ Անկեղծորեն ներողություն խնդրելը նպաստում է ընտանիքի խաղաղությանն ու միասնությանը (կարդա՛ 1 Պետրոս 3։8–10)։
9. Ինչո՞ւ ճշմարտախոս լինել չի նշանակում լինել կոպիտ ու անտակտ։
9 Ճշմարտախոս լինել չի նշանակում լինել կոպիտ ու անտակտ։ Կոպտությունը ճշմարտությունն ավելի արժեքավոր կամ տպավորիչ չի դարձնում։ Պողոսն ասաց. «Ամեն չարասիրտ դառնություն, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք թող հեռացվի ձեզանից՝ ամեն չարության հետ մեկտեղ։ Բայց դուք մեկդ մյուսիդ հանդեպ եղեք բարի, խորապես կարեկից՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ձեզ ներեց» (Եփես. 4։31, 32)։ Երբ մեղմորեն ու հարգալից ենք խոսում դիմացինի հետ, մեր խոսքերը արժեք են ստանում, և այդպիսով մենք պատվում ենք նրան (Մատթ. 23։ 12)։
Ճշմարտությունը խոսիր ժողովում
10. Ի՞նչ կարող են երեցները սովորել Քրիստոսից ճշմարտախոս լինելու վերաբերյալ։
10 Հիսուսն իր աշակերտների հետ պարզ ու շիտակ էր խոսում։ Նա միշտ սիրալիր կերպով էր խորհուրդներ տալիս, թեև, մյուս կողմից, չէր մեղմացնում ճշմարտությունը՝ իր ունկնդիրներին հաճելի լինելու նպատակով (Հովհ. 15։ 9–12)։ Օրինակ՝ երբ նրա առաքյալները մի քանի անգամ վիճեցին, թե ով է իրենցից մեծը, Հիսուսը հաստատակամորեն, բայցև համբերատար կերպով օգնեց նրանց հասկանալու խոնարհության կարևորությունը (Մարկ. 9։33–37; Ղուկ. 9։46–48; 22։24–27; Հովհ. 13։14)։ Նմանապես, ժողովի երեցները հաստատակամ են արդարությանը հետամուտ լինելու հարցում, բայցև չեն տիրում Աստծու հոտի վրա (Մարկ. 10։42–44)։ Նրանք ընդօրինակում են Քրիստոսին՝ «լինելով բարի [և] խորապես կարեկից»։
11. Սերը հավատակիցների հանդեպ կմղի մեզ ինչպե՞ս օգտագործելու մեր լեզուն։
11 Եթե մեր հավատակիցների հանդեպ լինենք անկեղծ, բայցև ոչ անհարկի անմիջական, ապա կկարողանանք մեր մտքերն արտահայտել՝ առանց նրանց վիրավորելու։ Այո՛, մենք երբեք չենք ցանկանա, որ մեր լեզուն դառնա «սուր ածելի», որը վիրավորական ու նվաստացուցիչ խոսքեր է ասում և ցավոտ վերքեր առաջացնում դիմացինի սրտում (Սաղ. 52։2; Առակ. 12։18)։ Եղբայրների և քույրերի հանդեպ ունեցած սերը կմղի մեզ, որ «պահենք մեր լեզուն չարությունից, և մեր շրթունքները նենգություն [«սուտ», ՆԱ] խոսելուց» (Սաղ. 34։13)։ Այս կերպով կպատվենք Աստծուն և կնպաստենք ժողովի խաղաղությանը։
12. Ո՞ր ստի դեպքում է իրավական կոմիտե կազմվում։ Բացատրիր։
12 Երեցները մեծ ջանքեր են գործադրում՝ ժողովը պաշտպանելու նրանցից, ովքեր չարամիտ ստեր են ասում (կարդա՛ Հակոբոս 3։14–16)։ Չարամտորեն ստող մարդու նպատակն է վնասել մեկ ուրիշին, նրան ցավ պատճառել, վշտացնել։ Չարամիտ սուտը ավելին է, քան պարզապես ոչ էական, մոլորեցնող բաներ ասելը կամ փաստերը չափազանցնելը։ Ինչ խոսք, ցանկացած սուտ դատապարտելի է, բայց ամեն մի ստի դեպքում չէ, որ իրավական կոմիտե է կազմվում։ Ուստի երեցներին անհրաժեշտ է հավասարակշռվածություն, ողջախոհություն և առողջ դատողություն, երբ ուզում են պարզել, թե արդյոք անհատը, ով ոչ ճիշտ բաներ է ասել, ստել է կանխամտածված, չարամտորեն ու սովորության համաձայն, սուտ, որը պահանջում է իրավական կոմիտե կազմել։ Թե՞ բավական է պարզապես Աստվածաշնչի հիման վրա սիրալիր կերպով հորդորել։
Ճշմարտախոս եղիր գործարար հարաբերություններում
13, 14. ա) Ինչպե՞ս են ոմանք անազնվորեն վարվում իրենց գործատիրոջ հետ։ բ) Ի՞նչ լավ արդյունքներ է բերում ազնիվ և ճշմարտախոս աշխատող լինելը։
13 Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ անազնվությունը սովորական բան է դարձել, ուստի գուցե գայթակղություն առաջանա անազնվորեն վարվելու գործատիրոջ հետ։ Շատերը բացահայտորեն ստում են, երբ դիմում են աշխատանքի ընդունվելու համար։ Նրանք, օրինակ, գուցե ոչ ճիշտ տվյալներ ներկայացնեն իրենց աշխատանքային ստաժի կամ կրթության վերաբերյալ, որպեսզի հարմար կամ լավ վարձատրվող աշխատանք գտնեն։ Իսկ ովքեր աշխատանք ունեն, գործի ժամին զբաղվում են անձնական գործերով, չնայած, որ դա հակասում է ընկերության կանոններին։ Նրանք, հնարավոր է, կարդում են բաներ, որոնք կապ չունեն իրենց աշխատանքի հետ, կատարում են անձնական հեռախոսազանգեր, ուղարկում են անձնական բնույթի էլեկտրոնային հաղորդագրություններ կամ Ինտերնետում փնտրտուքներ են անում։
14 Ճշմարիտ քրիստոնյաների համար ազնիվ և ճշմարտախոս լինելը քննարկման ենթակա հարց չէ (կարդա՛ Առակաց 6։16–19)։ Պողոսն ասաց. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբր. 13։18)։ Ուստի քրիստոնյան աշխատում է այնքան ժամանակ, ինչքան սահմանված է, և դրանից ոչ պակաս. չէ՞ որ գործատերը աշխատավարձ է վճարում որոշակի ժամանակ աշխատելու դիմաց (Եփես. 6։5–8)։ Բարեխղճորեն աշխատող քրիստոնյան փառք է բերում իր երկնային Հորը (1 Պետ. 2։12)։ Օրինակ՝ Ռոբերտոյի (Իսպանիա) գործատերը գովեց նրան ազնիվ և պատասխանատու աշխատող լինելու համար։ Եղբոր գերազանց վարքը տեսնելով՝ գործատերը աշխատանքի ընդունեց ուրիշ Վկաների։ Վերջիններս նույնպես բարի անուն վաստակեցին։ Տարիների ընթացքում Ռոբերտոն աշխատանքի է տեղավորել 23 մկրտված եղբայրների և 8 ուսումնասիրողների։
15. Ինչպե՞ս է քրիստոնյա գործարարը ցույց տալիս, որ ճշմարտախոս է։
15 Եթե ունենք մեր սեփական բիզնեսը, արդյոք ճշմարտախո՞ս ենք մեր բոլոր գործարքներում, թե՞ երբեմն ճիշտը չենք ասում մերձավորին։ Քրիստոնյա գործարարը, հանուն իր բիզնեսի, չպետք է իր արտադրանքը կամ ծառայությունը ներկայացնի կեղծ լույսի ներքո։ Նա նաև չպետք է կաշառք տա կամ վերցնի։ Մենք ուզում ենք ուրիշների հետ վարվել այնպես, ինչպես ակնկալում ենք, որ մեզ հետ վարվեն (Առակ. 11։1; Ղուկ. 6։31)։
Ճշմարտությունը խոսիր իշխանությունների հետ
16. Ի՞նչ են տալիս քրիստոնյաները՝ ա) պետական իշխանություններին, բ) Եհովային։
16 Հիսուսն ասաց. «Կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. 22։21)։ Իսկ ի՞նչ պետք է տանք Կայսրին, այսինքն՝ պետական իշխանություններին։ Հիսուսն այս խոսքերն ասաց այն ժամանակ, երբ քննարկվում էր հարկեր վճարելու հարցը։ Աստծու և մարդկանց առաջ մաքուր խիղճ ունենալու համար քրիստոնյաները հնազանդվում են պետության օրենքներին, այդ թվում նաև հարկերին վերաբերող օրենքներին (Հռոմ. 13։5, 6)։ Այդուհանդերձ, մենք գիտակցում ենք, որ Եհովան է Գերիշխանը, միակ ճշմարիտ Աստվածը, ում սիրում ենք ամբողջ սրտով, հոգով, մտքով և ուժով (Մարկ. 12։30; Հայտն. 4։11)։ Ուստի մենք Եհովա Աստծուն ենք անվերապահորեն հնազանդվում (կարդա՛ Սաղմոս 86։11, 12)։
17. Ի՞նչ պետք է հիշենք պետության կողմից տրվող օգնության առնչությամբ։
17 Շատ երկրներում գործում են սոցիալական ծրագրեր և ծառայություններ՝ նյութապես անապահով մարդկանց օգնելու նպատակով։ Ոչ մի սխալ բան չկա, եթե քրիստոնյան ստանում է նման օգնություն, եթե, իհարկե, համապատասխանում է այդ օգնությունը ստանալու համար սահմանված չափանիշներին։ Սակայն նա, եթե ճշմարտությունն է խոսում մերձավորի հետ, կեղծ և շփոթեցնող տեղեկություններ չի ներկայացնի իշխանություններին՝ նման օժանդակությունից օգտվելու նպատակով։
Ճշմարտախոս լինելը օրհնություններ է բերում
18–20. Ի՞նչ օրհնություններ է բերում մերձավորի հետ ճշմարտությունը խոսելը։
18 Ճշմարտախոս լինելը շատ օրհնություններ է բերում։ Օրինակ՝ մեր խիղճը մնում է մաքուր, ինչի շնորհիվ մտքի խաղաղություն և հանդարտ սիրտ ենք ունենում (Առակ. 14։30; Փիլիպ. 4։6, 7)։ Աստված անչափ կարևորում է մաքուր խիղճ ունենալը։ Բացի դրանից, եթե բոլոր հարցերում ճշմարտախոս լինենք, չենք վախենա, որ ինչ–որ մեկը կբռնի մեզ սուտ խոսելիս (1 Տիմոթ. 5։24)։
19 Նշենք մեկ ուրիշ օրհնություն։ Պողոսն ասաց. «Բոլոր առումներով ինքներս մեզ երաշխավորում ենք որպես Աստծու ծառայողների.... ճշմարտացի խոսքերով» (2 Կորնթ. 6։4, 7)։ Մեծ Բրիտանիայում ապրող մի Վկա այս խորհրդին ներդաշնակ վարվեց։ Նա պետք է մեքենա վաճառեր։ Երբ մի մարդ հետաքրքրվեց, եղբայրը ներկայացրեց մեքենայի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, այդ թվում նաև այն թերությունները, որոնք տեսանելի չէին։ Մեքենան փորձնական քշելուց հետո գնորդը եղբորը հարցրեց, թե արդյոք նա Եհովայի վկա է։ Ինչի՞ց նա դա կռահեց։ Գնորդը նկատել էր մեր հավատակցի ազնվությունը և կոկիկ հագուկապը։ Արդյունքում՝ եղբայրը լավ վկայություն տվեց։
20 Մենք է՞լ ենք փառք բերում մեր Արարչին՝ միշտ ազնվորեն վարվելով և ճշմարտությունը խոսելով։ Պողոսն ասաց. «Մերժել ենք գաղտնի բաները, որոնցից ամաչել է պետք, [և] խորամանկությամբ չենք քայլում» (2 Կորնթ. 4։2)։ Ուստի եկեք ամեն ջանք գործադրենք, որ ճշմարտությունը խոսենք մերձավորի հետ։ Այդպես վարվելով՝ փառք կբերենք մեր երկնային Հորը ու նրա ժողովրդին։
Ինչպե՞ս կպատասխանես
• Ո՞վ է մեր մերձավորը։
• Ի՞նչ է նշանակում խոսել ճշմարտությունը մերձավորի հետ։
• Ինչպե՞ս է ճշմարտախոս լինելը փառք բերում Աստծուն։
• Ի՞նչ օրհնություններ է բերում ճշմարտախոս լինելը։
[նկար 17–րդ էջի վրա]
Պատրաստակամորեն խոստովանո՞ւմ ես փոքր սխալներդ
[նկար 18–րդ էջի վրա]
Ճշմարտությո՞ւնն ես խոսում, երբ դիմում ես աշխատանքի ընդունելու համար