Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 8/1 էջ 29–31
  • Սովորենք նրբանկատ լինելու արվեստը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սովորենք նրբանկատ լինելու արվեստը
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է նրբանկատությունը
  • Հասկանանք դիմացինի զգացմունքները
  • Ցույց տուր, որ մտնում ես դիմացինի դրության մեջ
  • Իմացիր, թե ինչ չպետք է ասել
  • Բուժիչ խոսքեր
  • Նրբանկատ, բայց հաստատակամ
    Օգուտներ քաղիր Աստվածապետական ծառայության դպրոցից
  • Ողորմության դաս
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ներողամտության դաս
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ագահությունը կործանեց Գեեզիին
    2012 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 8/1 էջ 29–31

Սովորենք նրբանկատ լինելու արվեստը

ՓԵԳԻՆ նկատեց, թե ինչպես է իր որդին կոպտորեն խոսում կրտսեր եղբոր հետ։ «Ինչ ես կարծում, դու ճի՞շտ ձևով խոսեցիր քո եղբոր հետ,— հարցրեց նա։— Հապա նայիր, թե ի՜նչ տխուր տեսք ունի նա»։ Ինչո՞ւ Փեգին ասաց սա։ Նա փորձում էր իր որդուն սովորեցնել նրբանկատորեն վարվելու արվեստը ու հաշվի առնել ուրիշների զգացմունքները։

Պողոս առաքյալը հորդորեց իր երիտասարդ ուղեկից Տիմոթեոսին «ամենի հետ հեզահոգի [կամ «նրբանկատ»] լինել»։ Այսպես վարվելով՝ Տիմոթեոսը չէր ոտնահարի ուրիշների զգացմունքները (Բ Տիմոթէոս 2։24)։ Ի՞նչ է նրբանկատությունը։ Ինչպե՞ս կարող եք բարելավումներ անել այս հարցում։ Ինչպե՞ս կարող եք օգնել ուրիշներին, որ զարգացնեն այդ արվեստը։

Ի՞նչ է նրբանկատությունը

Նրբանկատությունը իրավիճակը գնահատելու և, ըստ դրա, բարյացակամորեն վարվելու կամ խոսելու ունակություն է։ Ինչպես որ նրբազգաց մատներն են կարողանում զգալ, երբ ինչ–​որ բան կպչուն է, փափուկ, ողորկ, տաք կամ թավամազ, այնպես էլ նրբանկատ մարդը կարողանում է զգալ դիմացինի զգացմունքները և պատկերացնել, թե իր խոսքերն ու արարքները ինչպես կազդեն նրա վրա։ Սակայն այսպես վարվելը միայն ունակություն չէ, այլ ավելին է. այն անկեղծ ցանկություն է՝ խուսափելու ուրիշ մարդկանց ցավ պատճառելուց։

Աստվածաշնչում արձանագրված մի պատմության մեջ, ուր խոսվում է Եղիսեի ծառա Գեեզիի մասին, մենք տեսնում ենք մի աննրբանկատ մարդու կերպար։ Սունամացի մի կին իր որդու մահից անմիջապես հետո եկավ Եղիսեի մոտ՝ մխիթարություն գտնելու։ Գեեզիի այն հարցին, թե ինչպես է նա իրեն զգում, կինը պատասխանեց՝ «ողջ առողջ»։ Բայց երբ նա մոտեցավ մարգարեին, «Գէեզին մօտեցաւ որ նորան ետ քաշէ»։ Իսկ Եղիսեն ասաց. «Թող տուր դորան. որովհետեւ սիրտը ցաւած է» (Դ Թագաւորաց 4։17–20, 25–27)։

Ինչպե՞ս կարող էր Գեեզին այդպես անխոհեմաբար ու աննրբանկատորեն վարվել։ Ճիշտ է, կինը իր զգացմունքները չարտահայտեց այն ժամանակ, երբ իրեն հարցրին այդ մասին։ Բայց չէ՞ որ ոչ բոլորն են ամեն մարդու ներկայությամբ ի հայտ բերում իրենց զգացմունքները։ Սակայն նրա հույզերը անպայման ինչ–​որ ձևով նկատվում էին։ Ըստ էության, Եղիսեն դա հասկացավ, բայց Գեեզին չհասկացավ կամ ուշադրություն չդարձրեց։ Սա վառ կերպով նկարագրում է աննրբանկատ վարմունք դրսևորելու հիմնական պատճառներից մեկը։ Երբ մարդը չափից ավելի մեծ նշանակություն է տալիս իր կատարած աշխատանքին, նա կարող է հեշտությամբ թերանալ հասկանալու կամ հոգ տանելու նրանց կարիքների մասին, ում հետ ինքը գործ ունի։ Նրան կարելի է նմանեցնել մի վարորդի, որն այնքան մտահոգված է ժամանակին տեղ հասնելու հարցով, որ կանգ չի առնում ուղևորներ վերցնելու համար։

Որպեսզի Գեեզիի պես աննրբանկատ չլինենք, հարկավոր է ջանքեր թափել մարդկանց հետ բարյացակամորեն վարվելու համար, քանի որ չգիտենք, թե նրանք իրականում ինչ են զգում։ Հարկավոր է միշտ զգոն լինել՝ տեսնելու համար այն արարքներն ու նշանները, որոնք ի հայտ են բերում անհատի զգացմունքները, և արձագանքել դրանց սիրալիր խոսքերով կամ վարմունքով։ Ինչպե՞ս կարող ես այս հարցում բարելավել քո ունակությունները։

Հասկանանք դիմացինի զգացմունքները

Հիսուսը աչքի էր ընկնում մարդկանց զգացմունքները հասկանալու հարցում, նաև գիտեր, թե որն է նրանց հանդեպ սիրալիր վերաբերմունք ցուցաբերելու լավագույն ձևը։ Մի անգամ, երբ նա ճաշում էր փարիսեցի Սիմոնի տանը, մի կին մոտեցավ իրեն, որը քաղաքում հայտնի էր որպես «մեղաւոր»։ Այս դեպքում ևս ոչ մի խոսք չարտասանվեց, բայց արարքներով շատ բան ասվեց։ «Նա.... մի շիշ անուշահոտ իւղ բերաւ։ Եւ նորա [Հիսուսի] ոտների մօտ նորա ետեւից կանգնած, լաց էր լինում, եւ սկսեց արտասունքով նորա ոտները թրջել, եւ իր գլխի մազերովը սրբում էր, եւ նորա ոտները համբուրում էր, եւ իւղովն օծում»։ Հիսուսը հասկացավ այս ամենի նշանակությունը։ Ու թեև Սիմոնը ոչինչ չասաց, բայց Հիսուսը կարողացավ տեսնել, թե ինչ էր նա ինքն իրեն մտածում. «Սա եթէ մի մարգարէ էր, ապա կ’գիտենար՝ թէ ով կամ ինչպիսի կին է նա, որ իրան մօտենում է, որովհետեւ մեղաւոր է» (Ղուկաս 7։37–39)։

Պատկերացրու, թե Հիսուսը ինչպիսի՜ ցավ կպատճառեր այդ կնոջը, եթե մի կողմ հրեր նրան, կամ էլ եթե Սիմոնին այսպես ասեր. «Ի՜նչ տգետ մարդ ես։ Չե՞ս տեսնում, որ նա զղջում է»։ Դրա փոխարեն՝ նա օրինակ բերեց՝ պատմելով մի մարդու մասին, որը ինչ–​որ անհատի մեծ պարտքը ներեց, իսկ մյուսի՝ շատ ավելի փոքր պարտքը։ «Նորանցից ո՞րն աւելի կ’սիրէ նորան, ասիր»,— հարցրեց Հիսուսը։ Եվ այսպես, Սիմոնին դատապարտելու փոխարեն՝ Հիսուսը կարողացավ գովել նրան իր տված ճիշտ պատասխանի համար։ Այնուհետև սիրալիր կերպով օգնեց նրան հասկանալու այն արարքները, որոնց ետևում կանգնած էին այդ կնոջ զգացմունքները ու նրա արտահայտած զղջումը։ Հիսուսը շրջվեց դեպի կինը ու բարյացակամորեն ցույց տվեց, որ ինքը հասկացել է նրա զգացմունքները։ Նա ասաց, որ կնոջ մեղքերը ներվում են, այնուհետև շարունակեց. «Քո հաւատքն ապրեցրեց քեզ. գնա խաղաղութիւնով»։ Նրբանկատորեն ասված այս խոսքերը ինչպե՜ս զորացրին նրա վճռականությունը անելու այն, ինչ–​որ ճիշտ է (Ղուկաս 7։40–50)։ Հիսուսին հաջողվեց լինել նրբանկատ, որովհետև նա նկատեց, թե մարդիկ ինչ են զգում և, համաձայն դրա, կարեկցանքով վարվեց։

Ինչպես որ Հիսուսն օգնեց Սիմոնին, այնպես էլ մենք կարող ենք սովորել և ապա օգնել ուրիշներին զգացմունքների լեզուն հասկանալու։ Երբեմն փորձառու ծառայողները կարող են սովորեցնել այս արվեստը նրանց, ովքեր նոր են սկսել իրենց քարոզչական ծառայությունը։ Բարի լուրը տարածելու ժամանակ իրենց կատարած այցից հետո նրանք կարող են վերլուծել այն նշանները, որոնց ետևում կանգնած էին այդ մարդկանց զգացմունքները։ Անձնավորությունը ամաչկո՞տ էր, կասկածամի՞տ, զայրացա՞ծ կամ գուցե զբաղվա՞ծ էր։ Ո՞րը կլիներ նրա հետ ամենասիրալիր կերպով վարվելու ձևը։ Երեցները նաև կարող են աջակցել եղբայրներին և քույրերին, ովքեր գուցե աննրբանկատորեն վիրավորել են մեկը մյուսին։ Օգնիր ամեն մեկին հասկանալու դիմացինի զգացմունքները։ Ինչպե՞ս է նա իրեն զգում. վիրավորվա՞ծ, արհամարհվա՞ծ, թե՞ նրան ճիշտ չեն հասկացել։ Ինչպե՞ս կարող ենք բարյացակամորեն օգնել, որ նա իրեն լավ զգա։

Լավ կլինի, որ ծնողներն օգնեն իրենց երեխաներին գթասրտություն զարգացնել, քանի որ դա է, որ կմղի նրանց նրբանկատորեն վարվելու։ Փեգիի որդին, որի մասին վերևում նշվեց, նայեց իր կրտսեր եղբոր կարմրած այտերին, կախ ընկած շրթունքներին ու արցունքակալած աչքերին և հասկացավ, որ իր եղբայրը ցավ էր զգում։ Ինչպես որ մայրը ակնկալում էր, որդին զղջաց ու որոշեց փոխվել։ Փեգիի երկու որդիներն էլ հաջողությամբ կիրառեցին այն, ինչ սովորեցին մանուկ հասակում. տարիներ անց նրանք շատ պտուղներ բերեցին աշակերտներ պատրաստելու գործում, նաև քրիստոնեական ժողովում դարձան երեցներ։

Ցույց տուր, որ մտնում ես դիմացինի դրության մեջ

Նրբանկատ լինելը կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ դու ինչ–​որ մեկից դժգոհ ես։ Դու շատ հեշտությամբ կարող ես վիրավորել նրա արժանապատվությունը։ Միշտ տեղին կլիներ նախևառաջ գովել նրան։ Նրան քննադատելու փոխարեն՝ ուշադրությունդ կենտրոնացրու պրոբլեմի վրա։ Բացատրիր, թե իր արարքը ինչպես է ազդում քեզ վրա և հատկապես ինչը կուզենայիր փոխված տեսնել։ Այնուհետև պատրաստ եղիր լսելու։ Գուցե դու սխալ ես հասկացել նրան։

Մարդկանց դուր է գալիս, երբ զգում են, որ հասկանում ես իրենց տեսակետը, անգամ եթե համաձայն չես դրան։ Հիսուսը նրբանկատորեն խոսեց՝ ցույց տալով, որ ինքը հասկանում է Մարթայի մտահոգությունը։ Նա ասաց. «Մարթա, Մարթա, դու հոգս ես քաշում եւ շատ բաներով զբաղուած ես» (Ղուկաս 10։41)։ Նմանապես, եթե դիմացինը խոսում է ինչ–​որ պրոբլեմի մասին, նախքան առանց նրան լսելու լուծում առաջարկելը նրբանկատորեն կվարվես, եթե ցույց տաս, որ հասկանում ես նրան՝ համաձայնվելով կամ այդ բանը հաստատելով քո խոսքերով։ Սա բարյացակամ մոտեցում է, որով ցույց ես տալիս, որ մտնում ես նրա դրության մեջ։

Իմացիր, թե ինչ չպետք է ասել

Երբ Եսթեր թագուհին ուզում էր իր ամուսնուն խնդրել, որ նա չեղյալ համարի հրեաներին վերացնելու մասին Համանի կազմած ծրագիրը, նա նրբանկատորեն այնպես արեց, որ ամուսինը նախ լավ տրամադրության մեջ լիներ։ Եվ միայն դրանից հետո սկսեց քննարկել այդ նուրբ հարցը։ Բայց նրանից սովորելու մեկ ուրիշ բան էլ ունենք. կար մի բան, որի մասին նա չասաց։ Եսթերը նրբանկատորեն չակնարկեց այն մասին, որ իր ամուսինը այդ չար ծրագրի մեջ իր բաժինն էր ունեցել (Եսթեր 5։1–8; 7։1, 2; 8։5)։

Նմանապես, երբ այցելում ես քրիստոնյա քույրերից որևէ մեկի անհավատ ամուսնուն, փոխանակ նրան անմիջապես ցույց տալու Աստվածաշունչը, ինչու չփորձես նրբանկատորեն տեղեկանալ նրա հետաքրքրությունների մասին։ Երբ Թագավորության սրահ է գալիս անծանոթ մեկը՝ անփութորեն հագնված, կամ երբ տեսնում ենք մեկին, որը երկար ժամանակ բացակայել է, ջերմորեն ողջունենք նրան՝ փոխանակ դիտողություններ անելու նրա հագուկապի կամ բացակայության մասին։ Եվ երբ նկատում ես, որ նորեկներից ինչ–​որ մեկը սխալ տեսակետ ունի, լավ կլինի անմիջապես չուղղել նրան (Յովհաննէս 16։12)։ Նրբանկատության մեջ է մտնում նաև բարյացակամություն դրսևորելը՝ հասկանալով, թե ինչ չպետք է ասել։

Բուժիչ խոսքեր

Նրբանկատորեն խոսելու արվեստը սովորելը կօգնի քեզ՝ մյուսների հետ լավ փոխհարաբերություններ ունենալու, նույնիսկ եթե մեկը քեզ սխալ է հասկացել, զայրացած է ու խիստ վիրավորված։ Օրինակ՝ Եփրեմյանները «նորա [Գեդեոնի] հետ սաստիկ վեճ արին»։ Գեդեոնը նրբանկատորեն պատասխանեց՝ ներկայացնելով իրավիճակը, և անկեղծորեն գնահատեց այն, ինչի որ հասել էին Եփրեմյանները։ Սա նրբանկատ վերաբերմունք էր, որովհետև նա հասկացավ, թե ինչու էին նրանք հուզված, և նրա համեստությունից այդ մարդիկ լավ զգացին իրենց (Դատաւորաց 8։1–3; Առակաց 16։24)։

Աշխատիր միշտ հաշվի առնել, թե քո խոսքերը ինչ ազդեցություն կթողնեն ուրիշ մարդկանց վրա։ Նրբանկատ լինելու համար ջանքեր թափելը կօգնի քեզ զգալու այն ուրախությունը, որ նկարագրված է Առակաց 15։23–ում. «Ուրախութիւն է մարդիս համար իր բերանի յարմար պատասխանը. եւ խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է»։

[նկար 31–րդ էջի վրա]

Ծնողները կարող են սովորեցնել իրենց երեխաներին կարեկցել ուրիշներին

[նկար 31–րդ էջի վրա]

Փորձառու քրիստոնյա ծառայողները կարող են սովորեցնել նորերին լինելու նրբանկատ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը