«Իմաստունին օրէնքը» կյանքի աղբյուր է
«Ո՜Վ ԱՍՏՈՒԾՈՅ մեծութեան եւ իմաստութեան եւ գիտութեան խորութիւնը. ինչպէ՜ս անքննելի են նորա դատաստանները, եւ անհասկանալի են նորա ճանապարհները»,— բացականչեց Պողոս առաքյալը (Հռովմայեցիս 11։33)։ Իսկ հավատարիմ նահապետ Հոբն ասաց. «[Եհովա Աստված] սրտով իմաստուն.... է» (Յոբ 9։4)։ Այո՛, երկնքի ու երկրի Արարիչը անզուգական իմաստություն ունի։ Ի՞նչ կարելի է ասել այդպիսի Արարչի հաստատած օրենքի, կամ՝ գրավոր Խոսքի մասին։
Սաղմոսերգուն երգեց. «Տիրոջ օրէնքը անարատ է, հանգստացնում է հոգիին. Տիրոջ վկայութիւնը ճշմարիտ է, իմաստուն է անում պարզամիտին։ Տիրոջ պատուիրանքները ուղիղ են, ուրախացնում են սիրտը. Տիրոջ հրամանները մաքուր են, լուսաւորում են աչքերը» (Սաղմոս 19։7, 8)։ Հին Իսրայելի թագավոր Սողոմոնը ամենայն հավանականությամբ խորապես հասկանում էր այս խոսքերի ճշմարտացիությունը։ Նա գրեց. «Իմաստունին օրէնքը կենաց աղբիւր է, մահուան որոգայթներիցը խոյս տալու համար» (Առակաց 13։14)։ «Առակաց» գրքի 13–րդ գլխի առաջին տասներեք համարներում Սողոմոնը ցույց է տալիս, թե Աստծո Խոսքում արձանագրված խորհուրդն ինչպես կարող է օգնել մեզ բարելավել մեր կյանքը և վտանգներից զերծ մնալ։
Սովորելու պատրաստ եղիր
«Իմաստուն որդին կ’լսէ իր հօր խրատը, բայց ծաղր անողը չի լսիլ կշտամբելը [‘հանդիմանությունը’, ԱԱ]»,— կարդում ենք Առակաց 13։1–ում։ Հոր խրատը կարող է լինել մեղմ կամ խիստ։ Այն կարող է սկզբում տրվել սովորեցնելու ձևով, իսկ երբ չընդունվի, արդեն պատժի ձևով։ Իմաստուն որդին ընդունում է իր հոր տված խրատը։
«Տէրը իրան սիրածին խրատում է,— ասում է Աստվածաշունչը.— նա ծեծում [«պատժում», ԷԹ] է ամեն որդի որ ընդունում է» (Եբրայեցիս 12։6)։ Այն կերպերից մեկը, որի միջոցով Եհովան մեզ խրատում է, իր գրավոր Խոսքն է՝ Աստվածաշունչը։ Երբ գնահատանքով կարդում ենք Գրությունները և կիրառում մեր սովորածը, Եհովայի Խոսքն իսկապես խրատում է մեզ։ Դա մեր օգտին է ծառայում, քանի որ Եհովայի ասած ամեն խոսք օգտակար է մեզ համար (Եսայիա 48։17)։
Խրատը՝ որպես ուղղում, կարող ենք ստանալ նաև հավատակցի կողմից, որը մտահոգված է մեր հոգևոր բարօրությամբ։ Ցանկացած օգտակար խորհուրդ, որը ներդաշնակ է Աստծո Խոսքին, կարող ենք ընդունել ոչ թե որպես մարդու խոսք, այլ ճշմարտության հզոր Աղբյուրից եկող խրատ։ Մեր կողմից իմաստության դրսևորում կլինի համարել այն Եհովայից տրված խորհուրդ։ Երբ այդպիսի վերաբերմունք ենք դրսևորում և թույլ ենք տալիս, որ այն ձևավորի մեր մտածելակերպը, բարելավի Գրությունները հասկանալու մեր կարողությունը և ուղղի մեր ընթացքը, մենք տրված խրատից օգուտներ ենք քաղում։ Նույնը կարելի է ասել քրիստոնեական հանդիպումներին և Աստվածաշնչի վրա հիմնված գրականությունից ստացված խորհրդի մասին։ Այդ ասված կամ գրված խոսքերին արձագանքելը ինքներս մեզ կրթելու հրաշալի միջոց է։
Մյուս կողմից՝ ծաղր անող անհատը խրատ չի ընդունում։ «Քանի որ, իր կարծիքով, ինքն ավելի լավ գիտի, թե ինչպես վարվի,— նշվում է մի աշխատության մեջ,— [նա] պատրաստ չէ սովորելու»։ Այդպիսի անհատը նույնիսկ մերժում է հանդիմանությունը՝ խրատի ավելի խիստ ձևը։ Բայց մի՞թե նա կարող է երբևիցե փաստել, որ մեր Հոր խրատը սխալ է։ Եհովան երբեք սխալ չի եղել և չի էլ լինի։ Խրատը մերժելով՝ ծաղր անողը միայն իրեն է ծաղրի առարկա դարձնում։ Ընդամենը մի քանի հատընտիր բառերով Սողոմոնը հրաշալի կերպով ցույց է տալիս սովորելու հարցում պատրաստ լինելու արժեքը։
Լեզուդ զսպիր
Որպեսզի ցույց տա մեր խոսքը Աստվածաշնչի օգնությամբ հսկելու կարևորությունը, Իսրայելի թագավորը բերանը նմանեցնում է պտղատու ծառի։ Նա ասում է. «Մարդս բերանին պտղիցը բարիքներ կ’ուտէ, բայց անօրէնների հոգին՝ բռնութիւն» (Առակաց 13։2)։ Բերանի պտուղը ասված խոսքերն են։ Մարդը հնձում է այն, ինչ ցանել է իր խոսքերով։ «Եթե նրա խոսքերը բարի դիտավորությամբ են ասվում և կոչված են դրացիների հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու,— ասում է մի գիտնական,— նա բարիքներ կուտի և ուրախ ու խաղաղ կյանք կվայելի»։ Բոլորովին այլ է անօրեն մարդու պարագան։ Նա ցանկանում է բռնություն գործել և վնաս հասցնել մարդկանց։ Նա բռնություն ցանում է, բռնություն էլ հնձում։ Մահվան որոգայթները նրա դռան շեմին են։
«Իր բերանը զսպողը կ’պահէ իր հոգին,— շարունակում է Սողոմոնը.— իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իրան համար» (Առակաց 13։3)։ Վատ համբավը, ծանր զգացումները, լարված հարաբերությունները և նույնիսկ ֆիզիկական վնասը կարող են անմիտ, հիմար խոսքի հետևանք լինել։ Լայն բաց արած շրթունքները կարող են նաև Աստծո տհաճությունն առաջ բերել, քանի որ նա յուրաքանչյուր անհատի պատասխանատվության է կանչում իր խոսքերի համար (Մատթէոս 12։36, 37)։ Իսկապես, լեզուն զսպելը կփրկի մեզ կործանումից։ Իսկ ինչպե՞ս կարող ենք մեր լեզուն զսպել սովորել։
Դա անելու պարզ կերպերից մեկն է չափից դուրս շատ չխոսելը։ «Շատախօսութեան մէջ յանցանք պակաս չի լինիլ»,— կարդում ենք Աստվածաշնչում (Առակաց 10։19)։ Մեկ այլ կերպը խոսելուց առաջ մտածելն է։ Ներշնչված գրողն ասում է. «Մարդիկ կան, որոնց անմիտ խօսքերը սուրի պէս կը խոցոտեն» (Առակաց 12։18, ԱԱ)։ Առանց մտածելու խոսելը կարող է վնաս բերել թե՛ խոսողին, թե՛ նրան լսողներին։ Հետևաբար Աստվածաշունչը մեզ այս գործնական խորհուրդն է տալիս. «Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ» (Առակաց 15։28)։
Եղիր աշխատասեր
«Ծոյլի հոգին փափաքում է,— գրում է Սողոմոնը,— եւ չ’ունի. բայց աշխատասէրների հոգին կը պարարտանայ» (Առակաց 13։4)։ «[Այս առակի] իմաստն այն է, որ միայն ցանկություն ունենալն անօգուտ է,— ասվում է մի աշխատության մեջ,— աշխատասիրությունն է կարևոր։ Ծույլ մարդիկ ցանկությունների զոհն են.... որ հյուծում են նրանց, և նրանք պարզապես ոչ մի արդյունք չեն բերում»։ Սակայն աշխատասերների հոգին պարարտանում է, այսինքն՝ ցանկությունը բավարարվում։
Ի՞նչ կարող ենք ասել նրանց մասին, ովքեր վարանում են Եհովային նվիրվել, քանի որ խուսափում են պատասխանատվություն վերցնելուց։ Թերևս նրանք ցանկանան ապրել Աստծո նոր աշխարհում, բայց արդյոք պատրա՞ստ են դրա համար որևէ բան անելու։ Այն մարդիկ, ովքեր «գալիս են այն մեծ նեղութիւնիցը», պետք է հավատ ընծայեն Հիսուսի քավիչ զոհաբերությանը, նվիրվեն Եհովային և իրենց նվիրումը խորհրդանշեն ջրի մկրտությամբ (Յայտնութիւն 7։14, 15)։
Տեսնենք նաև, թե ինչ է անհրաժեշտ ժողովում վերակացության ձգտելու համար։ Այդ գործին ձգտելու ցանկություն ունենալն, անշուշտ, շատ գովելի է, և Գրությունները խրախուսում են դա (Ա Տիմոթէոս 3։1)։ Սակայն միայն ցանկություն ունենալը բավական չէ։ Նման պատասխանատվություն ստանձնելու համար հարկավոր է անհրաժեշտ հատկություններ և ունակություններ զարգացնել։ Իսկ դա անհատից ժրաջանություն է պահանջում։
Արդարությունը պաշտպանություն է
Արդար անհատը աստվածային հատկություններ է զարգացնում իր մեջ և ճշմարտությունն է խոսում։ Նա գիտակցում է, որ ստելը դեմ է Եհովայի օրենքին (Առակաց 6։16–19; Կողոսացիս 3։9)։ Այս առնչությամբ Սողոմոնը գրում է. «Արդարը ատում է սուտ խօսքը, բայց ամբարիշտը այպանում ու խայտառակում է իրան» (Առակաց 13։5)։ Արդարը պարզապես չի խուսափում սուտ խոսելուց. նա իսկապես ատում է սուտը։ Նա գիտի, որ ինչքան էլ անվնաս թվա սուտը, այն փչացնում է մարդկային լավ հարաբերությունները։ Ավելին, ստող անհատին վստահելու հավանականությունը նվազում է։ Ամբարիշտը, ստելով կամ ուրիշ վատ գործեր անելով, ամոթալի վարք է դրսևորում և այդպես իր անվանը անպատվություն բերում։
Որպեսզի ցույց տա, որ Եհովայի աչքին ճիշտը անելը օգտակար է, իմաստուն թագավորն ասում է. «Արդարութիւնը կ’պահէ կատարեալ վարքը, բայց անզգամութիւնը [«չարութիւնը», ԱԱ] կ’կործանէ մեղաւորին» (Առակաց 13։6)։ Ինչպես ամրոց, արդարությունը պաշտպանում է մարդուն, մինչդեռ չարությունը կործանում է նրան։
Մի ձևացրու
Ցույց տալով, որ հասկանում է մարդու էությունը՝ Իսրայելի թագավորը հետևյալն է ասում. «Կան որ իրանց հարուստ են ձեւացնում եւ ոչինչ չ’ունին. իրանց աղքատ ձեւացնողներ էլ՝ որ շատ ստացուածք ունին» (Առակաց 13։7)։ Հնարավոր է, որ անհատն իրականում չլինի այնպիսին, ինչպիսին ներկայացնում է իրեն։ Որոշ աղքատ մարդիկ գուցե իրենց հարուստ ձևացնեն թերևս իրենց ցուցադրելու, հաջողակ մարդու տպավորություն թողնելու կամ պարզապես շրջապատում իրենց հեղինակությունը բարձր պահելու համար։ Իսկ հարուստ անհատը գուցե իրեն աղքատ ձևացնի հարստությունը թաքցնելու նպատակով։
Ո՛չ ցուցադրելն է ճիշտ, ո՛չ էլ թաքցնելը։ Եթե մեր նյութական միջոցները սուղ են, ու մեզ շռայլություններ ենք թույլ տալիս, որպեսզի հարուստ մարդու տպավորություն թողնենք, կարող ենք մեզ և մեր ընտանիքին զրկել կյանքի համար անհրաժեշտ բաներից։ Իսկ այն անհատը, որն իրեն աղքատ է ձևացնում, թեև իրականում նա ունևոր է, գուցե իրեն դրսևորի որպես ագահ անձնավորություն՝ զրկելով իրեն արժանապատվությունից և ուրախությունից, որ բերում է իր հետ առատաձեռնությունը (Գործք 20։35)։ Այս հարցում անկեղծ լինելն ավելի լավ կյանքի է առաջնորդում։
Համեստ եղիր ցանկություններիդ մեջ
«Մարդիս կեանքի փրկանքը իր հարստութիւնն է,— ասում է Սողոմոնը,— բայց աղքատը յանդիմանութիւն չի լսիլ» (Առակաց 13։8)։ Ի՞նչ դաս է բովանդակում այս իմաստուն առակը։
Հարուստ լինելն իր առավելություններն ունի, սակայն դա ինքնին օրհնություն չէ։ Այս դժվարին ժամանակներում, որոնցում ապրում ենք, հարուստներն ու իրենց ընտանիքները հաճախ կանգնում են վտանգի առջև. նրանց կարող են առևանգել և փրկագին պահանջել։ Երբեմն հարուստը կարող է գումար վճարել իր կամ իր ընտանիքի անդամներից մեկի կյանքը փրկելու համար։ Սակայն հաճախ առևանգվածին սպանում են։ Հարուստներին միշտ այսպիսի վտանգ է սպառնում։
Քիչ ունեցվածքի տեր մարդուն նման խնդիրները չեն անհանգստացնում։ Թեպետ նա գուցե չունենա այն հարմարություններից ու նյութական իրերից շատերը, որ ունի հարուստը, սակայն քիչ է հավանականությունը, որ նա առևանգման զոհ կդառնա։ Սա մեկն է այն օգուտներից, որ ունենում ենք՝ մեր ցանկությունների մեջ համեստ լինելով և մեր ժամանակն ու ուժը հարստություն կուտակելու վրա չվատնելով (Բ Տիմոթէոս 2։4)։
Ուրախացիր ‘լույսով’
Սողոմոնը շարունակում է ցույց տալ, որ Եհովայի ուղիներին ներդաշնակ վարվելն անչափ օգտակար է մեզ համար։ «Արդարների լոյսը պիտի զուարթանայ,— ասում է նա,— բայց ամբարիշտների ճրագը կը հանգչի» (Առակաց 13։9)։
Ճրագը խորհրդանշում է այն, ինչը ակնկալում ենք, որ կլուսավորի մեր կյանքի ուղին։ ‘Աստծո խոսքը ճրագ է արդարի ոտքերի համար և լույս նրա ճանապարհի համար’ (Սաղմոս 119։105)։ Այն բովանդակում է Արարչի անսպառ գիտությունն ու իմաստությունը։ Որքան շատ խորացնենք Աստծո կամքի ու նպատակների վերաբերյալ մեր հասկացողությունը, այնքան ավելի թանկարժեք կլինի մեզ համար հոգևոր լույսը, որ առաջնորդում է մեզ։ Ուրախության ինչպիսի՜ աղբյուր... Ինչո՞ւ մոլորվենք աշխարհիկ իմաստությամբ կամ «սուտանուն գիտութեա[մբ]» (Ա Տիմոթէոս 6։20; Ա Կորնթացիս 1։20; Կողոսացիս 2։8)։
Իսկ ինչ վերաբերում է ամբարշտին, անկախ այն բանից, թե նրա ճրագը որքան պայծառ կթվա, իսկ ինքը՝ հաջողակ, նրա ճրագը կհանգչի։ Նա կկորչի խավարում, ուր նրա ոտքը կսայթաքի։ Դեռ ավելին, ամբարիշտը ապագա չունի (Առակաց 24։20)։
Իսկ ինչպե՞ս պետք է վարվենք, երբ որոշակի իրավիճակում չգիտենք, թե ինչ ընթացք բռնենք։ Ի՞նչ կարելի է ասել այն պարագայի համար, երբ վստահ չենք՝ արդյոք տվյալ հարցում իշխանություն ունե՞նք ընդհանրապես որևէ բան անելու, թե՝ ոչ։ Առակաց 13։10–ը զգուշացնում է. «Միմիայն կռիւ կ’ծագէ ամբարտաւանութիւնից» (Առակաց 13։10)։ Առանց գիտելիքներ ունենալու կամ առանց լիազորության գործելը՝ ամբարտավանություն է և բախումներ է առաջ բերում։ Արդյոք ավելի լավ չի լինի խորհրդակցել նրանց հետ, ովքեր գործից տեղյակ են և խորաթափանցություն ունեն։ «Խրատուածների [«խորհրդակցողների», ՆԱ] մօտ իմաստութիւն կայ»,— ասում է իմաստուն թագավորը։
Զգուշացիր սխալ ակնկալիքներից
Փողը կարող է լավ նպատակի ծառայել։ Բավականաչափ ֆինանսական միջոցներ ունենալն ավելի լավ է, քան զրկանքի կամ աղքատության մեջ ապրելը (Ժողովող 7։11, 12)։ Սակայն անազնիվ ճանապարհով ձեռք բերված հարստության թվացյալ օգուտները կարող են խաբուսիկ լինել։ Սողոմոնը զգուշացնում է. «Ունայնութեամբ ժողովուած ստացուածքը կ’պակասուի, բայց քիչ քիչ [«իր աշխատութիւնով», ԱԱ] ժողովողը կ’շատացնէ» (Առակաց 13։11)։
Նկատի առնենք, օրինակ, մոլեխաղերով զբաղվելու գայթակղությունը։ Մոլեխաղերով զբաղվող անհատը գուցե իր քրտինքով վաստակած գումարը ներդնի այդպիսի խաղերի մեջ՝ հուսալով խոշոր գումար շահել։ Բայց ցավոք շատ հաճախ դա արվում է նրա ընտանիքի բարօրությունը զոհելով։ Իսկ եթե նա շահի՞։ Քանի որ նա գումարը ստացել է հեշտ ճանապարհով, գուցե քիչ գնահատանք ցույց տա դրա նկատմամբ։ Դեռ ավելին, գուցե չկարողանա ճիշտ տնօրինել իր այդ շահույթը։ Արդյոք նրա հարստությունը չի՞ անհետանա այնքան արագ, որքան արագ նա ձեռք է բերել այն։ Մյուս կողմից՝ աստիճանաբար հավաքված միջոցները՝ ստացված քրտնաջան աշխատանքով, մշտապես ավելանում են և կարող են լավ նպատակներով օգտագործվել։
«Ուշացած յոյսը սիրտը կ’հիւանդացնէ,— ասում է Սողոմոնը,— բայց կատարուած փափաքը կենաց ծառ է» (Առակաց 13։12)։ Չիրականացած հույսերը՝ ակնկալիքները, հիասթափություն են պատճառում, որը ‘հիվանդացնում է սիրտը’։ Դա պատահում է ամենօրյա կյանքում։ Սակայն նույնը չենք կարող ասել այն ակնկալիքների մասին, որոնք հիմնված են Աստծո Խոսքի վրա։ Մենք կարող ենք լիովին վստահ լինել, որ դրանք անպատճառ կկատարվեն։ Նույնիսկ եթե թվում է, թե այդ ակնկալիքների կատարումն ուշանում է, քիչ է հավանականությունը, որ դրանք մեզ հիասթափություն կպատճառեն։
Օրինակ՝ մենք գիտենք, որ Աստծո նոր աշխարհը անպայման կգա (Բ Պետրոս 3։13)։ Մենք մեծ ակնկալիքներով սպասում ենք Աստծո խոստումների կատարմանը։ Ի՞նչ ենք ստանում, երբ սպասման ժամանակն օգտագործում ենք «Տիրոջ գործումը» զբաղված լինելու, մեր հավատակիցներին քաջալերելու, ինչպես նաև Եհովայի հետ ավելի մտերիմ հարաբերություններ հաստատելու համար։ Այդպես վարվելով՝ փոխանակ ‘սրտով հիվանդանալու’՝ մենք ուրախությամբ ենք լցվում (Ա Կորնթացիս 15։58; Եբրայեցիս 10։24, 25; Յակոբոս 4։8)։ Իսկ երկար սպասված ցանկության կատարումը կյանքի ծառ է՝ իսկապես ոգևորիչ ու թարմացուցիչ։
Աստծո օրենքը՝ կյանքի աղբյուր
Օրինակով բացատրելով Աստծուն հնազանդվելու անհրաժեշտությունը՝ Առակաց 13։13–ն ասում է. «Խօսքն արհարմարհողն իրան է վնասում [«զրկում է իրեն գրավից», ՆԱ], իսկ պատուիրանքից վախեցողը կ’վարձատրուի»։ Եթե պարտապանը չպահի իր խոստումը՝ չվճարելով պարտքը, նա կզրկվի իր տված գրավից։ Մենք էլ կորուստ կունենանք, եթե չհնազանդվենք Աստծո պատվիրաններին։ Իսկ ի՞նչ ենք կորցնում։
«Իմաստունին օրէնքը կենաց աղբիւր է, մահուան որոգայթներիցը խոյս տալու համար» (Առակաց 13։14)։ Ապրել առանց իմաստության Աստծո՝ Եհովայի օրենքի նշանակում է զրկվել այն առաջնորդությունից, որն օգնում է մեզ ավելի երկար ու լավ կյանքով ապրել։ Ի՜նչ մեծ կորուստ... Ուստի իմաստության դրսևորում կլինի մեր կողմից լուրջ ուշադրություն դարձնել Աստծո Խոսքին և թույլ տալ, որ այն ազդեցություն գործի մեր մտքերի, խոսքերի և գործերի վրա (Բ Կորնթացիս 10։5; Կողոսացիս 1։10)։
[նկարներ 23–րդ էջի վրա]
Սուրբգրային խորհրդին արձագանքելը ինքներս մեզ կրթելու հրաշալի միջոց է
[նկարներ 24–րդ և 25–րդ էջերի վրա]
«Արդարի սիրտը մտածում է, թէ ինչ պատասխանէ»
[նկարներ 24–րդ և 25–րդ էջերի վրա]
«Տիրոջ գործումը» զբաղված մնալը մեր սիրտը ուրախությամբ է լցնում