Երկրի վրա դրախտ. հնարավո՛ր է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ընթացքում միլիոնավոր մարդիկ հավատացել են, թե մի օր նրանք թողնելու են երկիրը ու բարձրանալու են երկինք։ Ոմանց կարծիքով՝ մեր Արարիչը երբեք նպատակ չի ունեցել երկիրը հանձնել մարդկանց իբրև մշտական բնակավայր։ Ասկետական գաղափարախոսության կողմնակիցները իրենց պատկերացումների մեջ ավելի մեծ ծայրահեղությունների են դիմել։ Նրանցից շատերի կարծիքով՝ երկիրն ու ողջ նյութական աշխարհը չար բաներ են՝ արգելք՝ իսկական հոգևոր բավարարվածության հասնելու և Աստծուն մոտենալու ճանապարհին։
Հիշյալ գաղափարները առաջ են քաշել մարդիկ, ովքեր կամ անտեղյակ են եղել այն ամենին, ինչ Աստված հայտնել է երկրային դրախտի վերաբերյալ, կամ էլ նախընտրել են անտեսել դա։ Փաստ է, որ այսօր էլ շատերը չեն ցանկանում քննել այն տեղեկությունները, որ Աստծո ներշնչմամբ գրվել են այդ թեմայով նրա Խոսքում՝ Աստվածաշնչում (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Սակայն մի՞թե ավելի խելացի չի լինի Աստծո Խոսքին վստահել, քան որդեգրել մարդկանց կողմից առաջ քաշված տեսությունները (Հռովմայեցիս 3։4)։ Շատ կարևոր է այդպես վարվելը, քանզի Աստվածաշունչը մեզ զգուշացնում է, որ մի զորեղ չար էակ, որն անտեսանելի է, հոգևոր առումով կուրացրել է մարդկանց և հիմա զբաղված է ‘բովանդակ աշխարհքը մոլորեցնելով’ (Յայտնութիւն 12։9; Բ Կորնթացիս 4։4)։
Որտեղի՞ց է ծագել խառնաշփոթը
Հոգու վերաբերյալ հակասական պատկերացումները նպաստել են, որ մարդկանց գլխում խառնաշփոթ առաջանա այն հարցի կապակցությամբ, թե որն է եղել Աստծո նպատակը երկրի առնչությամբ։ Շատերի կարծիքով՝ մարդն ունի անմահ հոգի՝ մարմնից անջատ մի բան, որը շարունակում է ապրել նրա մահանալուց հետո։ Մարդիկ էլ կան, որոնց կարծիքով հոգին գոյություն է ունեցել դեռևս նախքան մարդու մարմնի ստեղծվելը։ Մի աշխատության մեջ ասվում է, որ ըստ հույն փիլիսոփա Պլատոնի՝ հոգին «բանտարկված է մարդու մարմնի մեջ՝ որպես պատիժ այն մեղքերի համար, որ կատարել է իր երկնային գոյության ընթացքում»։ Նույն ձևով էլ, երրորդ դարի աստվածաբան Օրիգենեսը ասում էր, որ «հոգիները մեղք գործեցին [երկնքում] նախքան մարմնի հետ միավորվելը» և «բանտարկվեցին [երկրի վրա գտնվող այդ մարմիններում] որպես պատիժ իրենց գործած մեղքերի համար»։ Եվ միլիոնավոր մարդիկ հավատում են, թե երկիրն ընդամենը ինչ–որ մի փորձատեղի է երկինք տանող ճանապարհին։
Բազմազան են գաղափարները նաև այն մասին, թե ինչ է պատահում հոգուն, երբ մարդ մահանում է։ Արևմտյան փիլիսոփայության վերաբերյալ մի գրքում գրված է, որ եգիպտացիները հավատում էին, որ «մահացածների հոգիները իջնում են անդրերկրային աշխարհ» («History of Western Philosophy»)։ Հետագայում փիլիսոփաները վիճարկեցին այդ գաղափարը՝ պնդելով, որ մահացածները ոչ թե իջնում են մութ անդրերկրյա տիրույթները, այլ բարձրանում են դեպի բարձր հոգևոր ոլորտներ։ Իր ժամանակակիցների վկայությամբ՝ Սոկրատեսը հավատում էր, որ մահվան պահին անհատը «հեռանում է դեպի [մի] անտեսանելի աշխարհ.... և իր գոյության մնացած մասը շարունակում աստվածների հետ»։
Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
Աստծո ներշնչմամբ գրված Խոսքում՝ Աստվածաշնչում, ոչ մի տեղ չկա այնպիսի միտք, թե մարդն անմահ հոգի ունի։ Կարդացեք Ծննդոց 2։7–ը։ Այնտեղ ասվում է. «Եհովայ Աստուածը հողի փոշուցը շինեց մարդը. եւ նորա ռնգացը մէջ կենդանութեան շունչ փչեց, եւ մարդը կենդանի հոգի եղաւ»։ Գրվածը միանգամայն պարզ է ու միանշանակ. երբ Աստված ստեղծեց առաջին մարդուն՝ Ադամին, նա չտեղադրեց նրա ներսում ինչ–որ աննյութ բան։ Ամենևի՛ն։ Աստվածաշունչն ասում է, որ «մարդը կենդանի հոգի եղաւ»։ Ոչ թե մարդու ներսում հոգի բնակեցվեց, այլ մարդն ինքն էր հոգի։
Երբ Աստված ստեղծեց երկիրն ու առաջին մարդկանց, նա բոլորովին չէր նախորոշել, որ մարդը մեռներ։ Աստված կամենում էր, որ մարդը հավիտենապես ապրի երկրի վրա դրախտային պայմաններում։ Ադամը մահացավ զուտ այն պատճառով, որ չհնազանդվեց Աստծո օրենքին (Ծննդոց 2։8, 15–17; 3։1–6; Եսայիա 45։18)։ Երբ առաջին մարդը մահացավ, նա գնա՞ց բնակվելու ինչ–որ հոգևոր ոլորտում։ Ո՛չ։ Այդ հոգին՝ Ադամ անունով մարդը, վերածվեց փոշու՝ անկենդան նյութի, ինչից որ ստեղծվել էր (Ծննդոց 3։17–19)։
Մեր նախահայր Ադամից ամենքս ժառանգել ենք մեղք և մահ (Հռովմայեցիս 5։12)։ Մահը գոյություն ունենալուց դադարելն է՝ ճիշտ այն, ինչ պատահեց Ադամի դեպքում (Սաղմոս 146։3, 4)։ Փաստ է, որ Աստվածաշնչի 66 գրքերից և ոչ մեկում «անմահ» կամ «հավիտենական» բառերը ոչ մի կերպ չեն առնչվում «հոգի» բառի հետ։ Ընդհակառակը՝ Գրությունները հստակ հայտնում են, որ հոգին՝ անձը, մահկանացու է։ Հոգին մեռնում է (Ժողովող 9։5, 10)։
Նյութական բաները ի բնե չա՞ր են
Իսկ ի՞նչ կարելի է ասել այն գաղափարի մասին, թե նյութական բաները, այդ թվում նաև երկիրը, չար բաներ են։ Նման հայացքներ ունեին մանիքեության կողմնակիցները։ Դա մի կրոնական շարժում էր, որ սկիզբ առավ Պարսկաստանում մ.թ. 3–րդ դարում Մանի անունով մի մարդու կողմից։ «Նոր բրիտանական հանրագիտարանում» (անգլ.) ասվում է, որ «մանիքեությունը ծնունդ է առել որպես բողոքի արտահայտություն մարդկային տառապանքի դեմ»։ Մանիի կարծիքով՝ մարդ լինելը «անբնական, անտանելի ու միանգամայն չար» բան է։ Նա գտնում էր, որ «տառապանքից» ազատվելու միակ միջոցն այն է, որ հոգին մարմնից ազատվի, երկիրը թողնի ու ոչ նյութեղեն գոյության հասնի ոգեղեն աշխարհում։
Ի հակադրություն դրա՝ Աստվածաշունչն ասում է, որ երկիրն ու մարդկությունը ստեղծելու ժամանակ «բոլորն, ինչ որ արել էր» Աստված, նրա տեսանկյունից «շատ բարի» էր (Ծննդոց 1։31)։ Այդ ժամանակ Աստծո և մարդկանց միջև գոյություն չուներ անջրպետ։ Ադամն ու Եվան անմիջական փոխհարաբերություններ էին վայելում Եհովայի հետ, ինչպիսի փոխհարաբերություններ որ կատարյալ մարդ Հիսուս Քրիստոսը վայելեց իր երկնային Հոր հետ (Մատթէոս 3։17)։
Եթե մեր նախածնողները՝ Ադամն ու Եվան, չբռնեին մեղքի ճանապարհը, նրանք Եհովա Աստծո հետ հավիտենապես սերտ փոխհարաբերություններ կվայելեին դրախտային պայմաններում։ Նրանց կյանքին սկիզբ տրվեց Դրախտում։ Գրությունները մեզ հայտնում են. «Եհովայ Աստուածը արեւելքի կողմը Եդէմի մեջ մի պարտէզ տնկեց, եւ իր շինած մարդը դրաւ այնտեղ» (Ծննդոց 2։8)։ Այդ դրախտային այգում էր, որ Եվան կյանք ստացավ։ Եթե Ադամն ու Եվան մեղք չգործեին, ապա նրանք, իրենց կատարյալ սերունդների հետ միասին ուրախ համագործակցելով, ողջ երկրագունդը կվերածեին դրախտի (Ծննդոց 2։21; 3։23, 24)։ Երկրային Դրախտը կլիներ մարդու մշտնջենական բնակավայրը։
Ինչո՞ւ են որոշ մարդիկ երկինք գնում
Գուցե հարցնեք. «Բայց չէ՞ որ Աստվածաշնչում խոսվում է այնպիսի մարդկանց մասին, ովքեր երկինք են գնալու»։ Այո, խոսվում է։ Ադամի մեղք գործելուց հետո Եհովան որոշեց երկնային Թագավորություն հաստատել, որի կազմում ընդգրկված էին լինելու Ադամի սերնդի որոշ ներկայացուցիչներ, որ Հիսուս Քրիստոսի հետ միասին «երկրի վերայ թագաւորութիւն» պիտի անեին (Յայտնութիւն 5։10; Հռովմայեցիս 8։17)։ Նրանք պետք է երկնային կյանքի հարություն և անմահություն ստանային։ Այդպիսի կյանքով ապրողների ընդհանուր թիվը կազմելու էր 144 000։ Նրանցից առաջինները ընտրվեցին Հիսուսի առաջին դարի հավատարիմ հետևորդներից (Ղուկաս 12։32; Ա Կորնթացիս 15։42–44; Յայտնութիւն 14։1–5)։
Սակայն Աստված սկզբնապես չի ունեցել այնպիսի նպատակ, թե արդար մարդիկ պետք է թողնեն երկիրը ու գնան երկինք։ Փաստն այն է, որ երբ Հիսուսը երկրի վրա էր, հայտնեց հետևյալը. «Ոչ ով վեր չ’ելաւ երկինքը, եթէ ոչ երկնքից իջնողը՝ մարդի Որդին՝ նա որ երկնքում է» (Յովհաննէս 3։13)։ Աստված ‘Մարդի Որդու’, այսինքն՝ Հիսուս Քրիստոսի միջոցով փրկանք է տվել, ինչի շնորհիվ հավիտենական կյանքը հնարավոր է դարձել այն մարդկանց համար, ովքեր հավատ են ընծայում Հիսուսի զոհաբերությանը (Հռովմայեցիս 5։8)։ Բայց այդ միլիոնավոր մարդիկ որտե՞ղ են ապրելու։
Աստծո սկզբնական նպատակը կիրականանա
Թեև Աստված որոշեց ընտրել մարդկային ընտանիքի որոշ ներկայացուցիչների՝ լինելու Հիսուս Քրիստոսի հետ որպես իշխանակիցներ երկնային Թագավորությունում, դա չի նշանակում, թե բոլոր լավ մարդիկ երկինք են գնում։ Աստված ստեղծել է երկիրը, որպեսզի այն լինի մարդկային ընտանիքի համար դրախտային տուն։ Շատ շուտով Աստված կիրագործի իր այդ սկզբնական նպատակը (Մատթէոս 6։9, 10)։
Հիսուս Քրիստոսի ու նրա իշխանակիցների կառավարության ներքո խաղաղությունն ու երջանկությունը կտիրեն ամբողջ երկրի վրա (Սաղմոս 37։9–11)։ Մահացածներից նրանք, ովքեր Աստծո հիշողության մեջ են մնացել, հարություն կստանան ու կապրեն կատարելապես առողջ (Գործք 24։15)։ Հնազանդ մարդկությունը, շնորհիվ Աստծո հանդեպ իր հավատարմության, կստանա այն, ինչ կորցրին մեր նախածնողները՝ հավիտենական կյանք և կատարելություն դրախտային երկրում (Յայտնութիւն 21։3, 4)։
Եհովա Աստված իր նպատակներն իրականացնելու հարցում երբեք անհաջողության չի մատնվում։ Եսայիա մարգարեի միջոցով նա հայտնեց. «Ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին, այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի» (Եսայիա 55։10, 11)։
Աստվածաշնչի «Եսայիա» գրքում նկարագրվում է, թե ինչպիսին է լինելու կյանքը երկրային Դրախտում։ Այնտեղի բնակիչներից ոչ մեկը չի ասելու. «Ես տկար եմ» (Եսայիա 33։24)։ Կենդանիները չեն վնասի մարդկանց (Եսայիա 11։6–9)։ Մարդիկ կկառուցեն գեղեցիկ տներ ու կբնակվեն դրանցում, վարուցանք կանեն ու կվայելեն իրենց աշխատանքի պտուղները։ Նրանք առատ սնունդ կունենան (Եսայիա 65։21–25)։ Դեռ ավելին, Աստված «պիտի կլանէ մահին յաւիտեան, եւ Եհովայ Տէրը պիտի ջնջէ արտասուքը ամեն երեսից» (Եսայիա 25։8)։
Շուտով Աստծուն հնազանդ մարդկությունը հնարավորություն կունենա ապրելու այսպիսի հիասքանչ պայմաններում։ Նրանք «ապականութեան ծառայութիւնիցը կ’ազատուին՝ Աստուծոյ որդկանց փառաւոր ազատութեան մէջ մտնելով» (Հռովմայեցիս 8։21)։ Որքա՜ն հրաշալի կլինի այդ խոստացյալ երկրային դրախտում հավիտենապես բնակվելը (Սաղմոս 37։29)։ Դուք ևս կարող եք լինել այնտեղ ապրողների թվում, եթե առաջնորդվեք սուրբգրային ճշգրիտ գիտելիքներով ու հավատ ընծայեք Եհովա Աստծուն և Հիսուս Քրիստոսին։ Կարող եք վստահ լինել. միանգամայն հնարավոր է, որ երկրի վրա դրախտ հաստատվի։
[նկար 5–րդ էջի վրա]
Ադամի ու Եվայի համար նախատեսված էր հավիտենական կյանք երկրի վրա
[նկարներ 7–րդ էջի վրա]
Երկրային դրախտում...
նրանք տներ կկառուցեն
նրանք կտնկեն խաղողի այգիներ
նրանք կստանան Եհովայի օրհնությունները
[նկար 4–րդ էջի վրա. թույլտվությամբ]
U.S. Fish & Wildlife Service, Washington, D.C./NASA